• 21 նոյեմբեր, 2024
     Անմահական խնձոր

    Անմահական խնձոր

    Լինում է, չի լինում՝ մի թագավոր. սա ունենում է երեք տղա:
    Էս թագավորի պալատի առաջ մի խաս-այգի է լինում՝ մեջը անմահական խնձորի ծառ:
    Թագավորը ինչ անում է, չի անում՝ չի կարենում էդ անմահական խնձորի ծառի պտուղն ուտի: Այգեպանները էդ ծառը պահում են, պահպանում, հենց գալիս է խնձորի հասնելու ժամանակը՝ տեսնում են ծառի վրա ո՛չ խնձոր կա, ո՛չ էլ մի բան:
    Էդպես տարիներ են անցնում:
    Մի օր թագավորի մեծ տղան գալիս է հորն ասում.
    -Ա՛յ հեր, էս տարի թող ե՛ս պահեմ ծառը, գուցե կարենամ էդ խնձորի գողին բռնեմ:
    - Դու գիտես, ա՛յ որդի,- ասում է հայրը,- թե կարաս՝ գնա պահի:
    Հենց որ գալիս է խնձորի հասնելու ժամանակը՝ թագավորի մեծ տղան վեր է կենում, նետ ու աղեղը վերցնում, գնում է անմահական խնձորի ծառի տակին գիշեր-ցերեկ պահապան կանգնում: 
    Խնձորները հասնում են: Տղան գիշերը չի քնում: Հենց էն էր՝ առավոտը որ լուսանար, պիտի քաղեր, տաներ տար հորը՝ լուսադեմին քունը տանում է: Էն կողմից մի դև գալիս է շուլալվում ծառին, խնձորներն ուտում, գնում:
    Տղան աչքը բաց է անում, մտիկ տալիս ծառին, տեսնում է՝ ծառը դատարկ, ո՛չ խնձոր կա, ո՛չ էլ մի բան:
    Շատ է գլխին, ծնկներին խփում, համա էլ որտե՞ղ:
    Գալիս Է հորը պատմում:
    - Ա՛յ հեր,- ասում է,- էսքան ժամանակ խնձորի ծառը պահեցի, որ ոչ ոք չմոտենա, հենց եկավ քաղելու ժամանակը՝ էդ գիշերը սատանի պես մի քիչ աչքս կպցրի. մին էլ վեր կացա տեսա՝ ո՛չ խնձոր կա, ո՛չ էլ մի բան:
    Մեկել տարին միջնեկ տղան է գալիս:
    - Ա՛յ հեր,- ասում է,- թող էս տարի էլ ե՛ս գնամ պահապան կանգնեմ. մարդ է, ո՞վ գիտի, գուցե կարենամ խնձորի գողին բռնեմ:
    - Ա՛յ որդի, դու գիտես,- ասում է հայրը,- գնա պահապան կանգնի:
    Միջնեկ տղան էլ նետ ու աղեղը վերցնում գնում է խնձորի ծառի տակին պահապան կանգնում: Էն է՝ գիշերը պիտի մնար, առավոտը քաղեր, տաներ թագավորին՝ լուսադեմին քունը տանում է: Էն կողմից էլի դևը գալիս, շուլալվում է ծառին, խնձորներն ուտում, գնում: Տղան հանկարծ վեր է թռչում, ծառին մտիկ տալիս, տեսնում՝ դատարկ. ո՛չ խնձոր կա, ո՛չ էլ մի բան: Փոր-փոշման գալիս է տուն, հորը պատմում, որ խնձորի գողին չկարաց բռնի:
    Էն մեկել տարին էլ՝ գալիս է փոքր տղան:
    - Ա՛յ հեր,- ասում է,- էս տարի էլ թող ես գնամ:
    - Ա՛յ որդի, մեծ ախպերդ, միջնեկ ախպերդ գնացին՝ ի՞նչ արին, որ դու էլ գնաս:
    Փոքր տղան որ շատ զոռում է՝ հայրն ասում է.
    - Լա՛վ, թե որ էդքան սրտով ուզում ես՝ գնա՛, էս տարի էլ դու պահի:
    Փոքր տղան նետ ու աղեղը վերցնում, գնում է խնձորի ծառի տակին պահապան կանգնում: Մի շաբաթ, երկու շաբաթ է անցնում, քիչ է մնում, որ խնձորները հասնեն: Ասում է. «Թող էս մի գիշերն էլ մնա, լավ հասնի՝ առավոտը քաղեմ, տանեմ հորս»: Էդ գիշերն էլ, որ ասես, աչքը չի կպցնում: Լուսադեմին քունը որ զոռում է՝ դանակը հանում է մատը կտրում, աղ ցանում, որ մատը մրմռա՝ քունը չտանի:
    Հենց էն է՝ լուսը բացվելու վրա էր. տղան տեսնում է՝ էն կողմից մի աժդահա դև եկավ, բարձրացավ ծառին, որ խնձորներն ուտի: Տեսնելու պես տղան նետ ու աղեղը քաշում է, տուր թե կտաս դևին. դևը ծառից թրմփալով ցած է ընկնում: Տղան վրա է հասնում, որ մին էլ տա՝ դևը վեր է կենում, էդպես վիրավոր փախչում: Տղան էլ ընկնում է դրա հետնից:
    Դնը գնում՝ դրմփալով ընկնում Է մի խոր հորի մեջ: Տղան գալիս է տեսնում, որ էդ հորը ո՛չ ծեր ունի, ո՛չ տակ: Էդտեղ նշան է անում, ինքը գալիս է անմահական խնձորները քաղում, տանում հորը:
    Հայրը խնձորները տեսնում է թե չէ՝ թախտից վեր է գալիս, տղայի ճակատը պաչում:
    Տղան ասում է. 
    - Ա՛յ հեր, խոսքն էն չի, որ էս տարի խնձորները պահեցի, խոսքն է՛ն է, որ էն դևին սպանենք: Ես նրան վիրավորեցի, թողեց փախավ, հետևից գնացի տեսա՝ ընկավ մի խոր հորի մեջ, էնտեղ նշան եմ արել. թող մեկել ախպերտինքս էլ հետս գան, գնանք էդ դևին սպանենք:
    Թագավորն ասում է.- Գնացե՛ք, ա՛յ որդիք, լավ կանեք, որ կարենաք էդ դևի հախիցը գալ, թե չէ՝ էլի կգա եկող տարի, մեր խնձորները կտանի:
    Երեք ախպերով խոսքները մին են անում՝ վեր կենում գնում:
    Գնում են, գնում, շատն ու քիչը իրենք գիտեն, հասնում են հորին: Պարանը մեջքից կապում, առաջ մեծ ախպորն են փորձում: Մի քիչ որ ներքև են կախում՝ ձեն է տալիս.
    - Ա՜յ հարա՜յ, ես էրվեցի, քաշե՜ք:
    Ետ են քաշում, հանում: Հետո միջնեկ ախպորն են փորձում: Սա էլ որ մի քիչ իջնում է՝ ձեն է տալիս.
    - Ա՜յ հարա՜յ, էրվեցի-խաշվեցի, քաշե՜ք:
    Ախպերտինքը քաշում են հանում: Հետո փոքր ախպերն է փորձում: Ասում է. «Որ կասեմ՝ էրվեցի, խորովվեցի, դուք ականջ չանեք. հա՛ կախ կտաք, մինչև հասնեմ հորի տակը»:
    Փոքր ախպորը կախ են տալիս: Ինչքան ձեն է տալիս «Ա՜յ հարա՜յ, էրվեցի՜, փոթոթվեցի՜», ախպերտինքը ականջ չեն դնում, հա՛ կախ են տալիս, մինչև որ հորի տակն է հասնում:
    - Ախպերտի՛նք,- ասում է,- թոկը հետ քաշեք, հասա. ես հիմի գնամ դևի հետևից:
    Տղան աչք է ածում էս կողմ, էն կողմ, տեսնում է առաջը մի դուռ. բաց է անում՝ սուս ու փուս ներս մտնում: Տեսնում է մի հուրի-փերի աղջիկ էնտեղ նստած՝ թել է մանում, առաջին էլ մի ոսկե սինի է դրած՝ միջին ոսկե աղվես, ոսկե թազի. թազին աղվեսի հետևիցն է ընկել, որ բռնի: Յոթգլխանի դևն էլ գլուխը դրել է աղջկա ծնկան, քնել: Աղջիկն ասում է.
    - Հը՞, ա՛յ տղա, օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարացել էստեղ գալ, դու ո՞նց ես սիրտ արել, եկել:
    - Քո սերն է բերել,- ասում է տղան:
    - Սերում կենաս,- ասում է աղջիկը:- Բա չե՞ս վախենում, որ օխտըգլխանի դևը վեր կենա, քեզ կտոր-կտոր անի:
    - Ինչի՞ պիտի վախենամ, ես հենց նրա համար եմ եկել:
    Տղան էդ ասելու հետ թուրը քաշում է, տալուն պես դևի յոթ գլուխն էլ մի անգամից թռցնում: Դևն ասում է.
    - Տղա՛, մեկ էլ տուր:
    - Մորիցս մի անգամ եմ ծնվել,- ասում է տղան,- մի անգամից ավել չեմ տա:
    Դևը տեղն ու տեղը սատկում է:
    - Ա՛յ տղա,- ասում է աղջիկը,- դու որ էդքան կտրիճ ես՝ բաս գնա դևի ախպոր մոտ, հրեն կողքի օթախումն է: Միջնեկ քույրս էլ նրա ձեռին է:
    Տղան վեր է կենում գնում կողքի սենյակը: Դուռը բաց է անում, տեսնում մի հուրի-փերի աղջիկ, մեծ քրոջից ավելի սիրուն՝ նստել թել է մանում: Առաջին ոսկե սինի՝ միջին ոսկե հավը, ոսկե աքլորը ֆռֆռում են: Տասներկուգլխանի դևն էլ գլուխը դրել է աղջկա ծնկան, քնել: Աղջիկն ասում է.
    - Ա՛յ տղա, դու էստե՞ղ: Օձն իր պորտով, հավքն իր թևով մինչև հիմի սիրտ չի արել էստեղ մտնի, դու ո՞նց ես սիրտ արել, եկել:
    - Քո սերն Է բերել,- ասում է տղան:
    - Սերում կենաս: Բա էս տասներկուգլխանի դևիցը չե՞ս վախում. էս է, որտեղ որ է վեր կկենա՝ քո մեծ կտորը ականջդ կթողնի: Գնա՛, մեղք ես, քանի շուտ է՝ փախիր, թե չէ՝ որ վեր կացավ, էլ նրա ձեռիցը չես պրծնի:
    - Ես էլ հենց դրա համար եմ եկել. ինչի՞ պիտի վախենամ, մին նա է, մին ես:
    Էս ասելուն հետ տղան թուրը քաշում է՝ դևի տասներկու գլուխն էլ մի անգամից թռցնում: Դևն ասում է.- Տղա՛, մեկ էլ տուր:
    - Չէ՛,- ասում է,- ես մի անգամ եմ ծնվել մորիցս:
    Էս դևն էլ էստեղ է սատկում, մնում: Աղջիկն ասում է.
    - Ա՛յ տղա, դու որ էդքան ուժով ես եղել՝ բաս գնա էս դևի ախպոր մոտ. կողքի օթախումն է: Իմ պուճուր քույրն էլ նրա ձեռին է:
    Տղան գնում մտնում Է մեծ դևի օթախը: Դուռը բաց է անում, տեսնում մի սիրուն-նախշուն աղջիկ, որ յոթն օր, յոթը գիշեր չուտես, չխմես՝ հենց նրա պատկերին մտիկ անես. նստել թել է մանում, առաջին էլ ոսկե սինի դրած՝ միջին ոսկե կաքավն իր արուի հետ ինչպե՜ս են խաղ անում, ֆռֆռում՝ որ դռնիցը մտնողի խելքը տանում են: Քսանչորսգլխանի դևն էլ գլուխը դրել է աղջկա ծնկան, քնել: Աղջիկն ասում է.
    - Ա՛յ հողածին, դու էստե՞ղ. օձն իր պորտով, հավքն իր թևով մինչև օրս չի կարացել էստեղ ոտ դնի, դու ո՞նց ես սիրտ արել, եկել:
    - Քո սերն է բերել,- ասում է տղան:
    - Սերում կենաս: Բա չե՞ս տեսնում, հրես քսանչորսգլխանի դևը քնել է. որ վեր կենա, էլ նրա ձեռիցը կպրծնե՞ս: Մեղք ես, ջահել-ջիվան ես. քանի շուտ է՝ փախիր, գլուխդ պրծացրու:
    - Ինչի՞ փախչեմ. ես հենց դրա համար եմ եկել, որ սպանեմ: Մի հոգի նա է, մի հոգի՝ ես, էլ ինչի՞ պիտի վախենամ:
    Էս ասելուն պես տղան թուրը հանում է, ո՛ր չի շեպում դևի գլխի մեջտեղը՝ քսանչորս գլուխն էլ մի անգամից ֆռռում, էն կողմն են ընկնում: Դևն ասում է.- Տղա՛, մեկ էլ տուր:
    - Չէ՛,- ասում է,- էլ չեմ տալ, մորիցս մի անգամ եմ ծնվել:
    Էս դևն էլ էստեղ է չորանում մնում:
    Աղջիկը, որ տեսնում է տղայի քաջությունը՝ վազում ընկնում է վզովը: Ասում է. «Ես քոնն եմ, դու՝ իմը»: Նոր սրանք նստում են էստեղ, իրար հետ զրույց անում: Աղջիկն ասում է.
    - Մենք երեք քույր ենք. էս դևերը եկան մեզ փախցրին: Քանի տարի է՝ մենք տանջվում ենք էդ գազանների ձեռին: Դու էլ որ չգայիր մեզ ազատեիր՝ մենք հո կորա՜ծ էինք ու կորա՛ծ:
    Տղան ասում է.- Մենք էլ երեք ախպեր ենք, երեքս էլ՝ չամուսնացած. մեծ քրոջդ՝ մեծ
    ախպերս կառնի, միջնեկ քրոջդ՝ միջնեկ ախպերս, դու էլ իմ բախտն ես:
    Աղջիկը տղային մի թալիսման է տալիս:
    - Ա՛ռ,- ասում է,- ինչ ժամանակ պետք գա՝ չախմախին կտաս, էն մեր երեք քույրերիս ոսկե սինիքն էլ, նրանց ամեն սարք ու կարգովը կգան առաջիդ կկանգնեն:
    Հետո տղային տանում է գոմը:
    - Հրե՛ս, տեսնում ե՞ս, էս երեք ձին. մինը՝ սև, մինը՝ սպիտակ, մինն էլ՝ կարմիր. ամեն մեկից մի-մի մազ պոկիր, պահիր մոտդ: Ո՛ր մազը կրակին տաս՝ էն ձին իրա ամեն սարք ու կարգով կգա առաջդ կկանգնի, երբ ուզենաս՝ կթողնես կգնա:
    Էլի գոմի դուռը փակում է, բանալիքը տալիս տղային:
    Նոր էդտեղից երկուսով վեր են կենում գալիս մյուս քույրերի մոտ. նրանց էլ վերցնում են հետները, դևերի գանձը կրում հորի բերանը: Տղան ձեն է տալիս.
    - Դե՛, ախպերտի՛նք, թոկը կախ արեք, երեք դևին էլ սպանել եմ: Նրանց ունեցած-չունեցածն էլ բոլորը հավաքել եմ բերել, երեք հատ էլ սիրուն, ձեր հավան կացած աղջիկ եմ գտել, մարդիս՝ մինը:
    Եղբայրները ուրախ-ուրախ թոկը կախ են տալիս, գանձը դուրս քաշում: Մնում են աղջիկներն ու տղան:
    Տղան ամենից առաջ մեծ քրոջն է թոկից կապում:
    - Էս քեզ,- ասում է,- մեծ ախպեր, քաշե՛ք:
    Եղբայրները քաշում են:
    Հետո միջնեկ քրոջն է կապում:
    - Էս էլ՝ քեզ, միջնեկ ախպեր:
    Սրան էլ են քաշում:
    Մնում են փոքր քույրն ու տղան: Աղջիկն ասում է. «Առաջ դու դուրս արի», տղան ասում է. «Չէ՛, դու առաջ դուրս արի»: Վերջը որ տղան շատ է զոռում՝ աղջիկն ասում է.
    - Ինձ ականջ չես անում, համա տես, քո ախպերտինքը քեզ պիտի դավաճանեն: Մարդ է, ո՞վ գիտի, թե որ էդպես մի բան պատահի՝ չես վախենա, ուրբաթ օրը, էստեղ մի աղբյուր կա, կգնաս էդ աղբրի մոտ կնստես: Մին էլ կտեսնես՝ երեք ոչխար եկան. մինը՝ սև, մինը՝ սպիտակ, մինն էլ՝ կարմիր, որ էդ աղբրից ջուր խմեն: Դու քեզ կգցես առաջ սևի վրա, սևը կգցի կարմրի վրա, կարմիրն էլ՝ սպիտակի վրա, սպիտակն էլ քեզ լույս աշխարհ կհանի: Համա չըլնեմ-չիմանամ՝ առաջ սպիտակի վրա ընկնես, թե չէ՝ սպիտակը քեզ կգցի կարմրի վրա, կարմիրը՝ սևի վրա, սևն էլ քեզ մութ աշխարհ կհանի:
    Եղբայրները թոկը կախ են տալիս: Տղան փոքր քրոջը կապում է թոկից:
    - Էս էլ՝ ինձ,- ասում է,- ախպերտինք, քաշե՛ք:
    Եղբայրները քաշում են տեսնում, որ էս փոքր քույրը բոլորից էլ սիրուն է: Իրար մեջ միտք են անում, թե՝ մեր փոքր ախպերը էսքան քաջություն արեց, էս տեսակ էլ սիրուն աղջիկ է տանում. բա մենք ի՞նչ երեսով գնանք մեր հոր մոտ. բա մեզ համար ամոթ չի՞: Եկեք թոկը կտրենք, նրան հորում թողնենք, գնանք ասենք, թե երեք դևին էլ մենք ենք սպանել, էսքան գանձն էլ՝ բերել: Մեր փոքր ախպորն էլ, կասենք, դևերը կերել են:
    Իրար մեջ խոսքը մին են անում, թոկը կախ տալիս: Փոքր ախպերը թոկը կապում է մեջքից:
    - Ախպերտի՛նք,- ձեն է տալիս,- դե հիմի ինձ քաշեք:
    Մի քիչ տեղ քաշում են, քաշում ու հանկարծ թոկը կտրում: Փոքր ախպերը դրմփալով ընկնում է հորը: Երկու ախպերով իրենց ունեցածը հավաքում են, երեք քույրերին էլ վերցնում, գալիս հոր քաղաքը:
    - Ա՛յ որդիք, բա ձեր պուճուր ախպերն ո՞ւր է,- հարցնում է թագավորը:
    - Բա չես ասի, ա՛յ հեր, նրան դևերը կերան: Էսքան գանձ ու հարստությունն էլ՝ էն դներինն է, մենք երկուսով նրանց սպանեցինք, ունեցած-չունեցածն էլ վեր կալանք բերինք:
    Խեղճ հայրն էլ միամիտ՝ սրանց խոսքին հավատում է:
    Սրանց թողնենք էստեղ, գանք լուր տանք փոքր ախպորից:
    Փոքր ախպերը մնում է հորում մենակ: Դես է ընկնում, դեն է ընկնում՝ դուրս գալու ճար չի գտնում: Վերջը՝ աղջկա ասածը միտն է ընկնում:
    Ուրբաթ օրը գալիս է աղբյուրի մոտ նստում, մի քիչ սպասում. տեսնում է՝ երեք ոչխար եկան. մինը՝ սև, մինը՝ սպիտակ, մինն էլ՝ կարմիր. էնքա՜ն էլ սիրուն, էնքա՜ն էլ նախշուն, որ տեսնողի խելքը կգնա: Ջուր են խմում, պրծնում, ուզում են ետ գնալ, տղան իրեն գցում է, ուզում է սևի վրա ընկնի, շշկլվում սպիտակի վրա է ընկնում: Սպիտակը գցում է կարմրի վրա, կարմիրը՝ սևի, սևն էլ տանում է գցում մութ աշխարհ:
    Խեղճ տղան էդ մութ աշխարհքում ման է գալիս էս կողմ, էն կողմ, տեղ չի գտնում, որ մի քիչ շունչ քաշի, հանգստանա: Մի պառավ է պատահում:
    - Ա՛յ մեր,- ասում է,- հյուր չե՞ս ուզի:
    - Ինչի՞ չեմ ուզի, ա՛յ որդի, եկել ես, գալուստդ հազար բարի:
    Պառավը տղային կանչում է, տանում տուն: Խեղճ տղան երեք օր էր՝ ծարավ:
    - Ա՛յ մեր,- ասում է,- մի քիչ ջուր տաս՝ խմեմ, էս երեք օր է ծարավ՝ թուքս կպել է:
    Պառավը գնում է մի թաս պղտոր ջուր բերում՝ էնքան պղտոր, որ կասես ցեխ լիներ: Տղան հարցնում է.
    - Մե՛րս, ձեր ջուրը ինչի՞ է էսքան պղտոր:
    - Ա՛յ որդի,- ասում է,- մեր ջուրը տարին տասներկու ամիս պղտոր է լինում, մենք իսկի պարզ ջրի երես տեսնո՞ւմ ենք որ... Մեր աղբրի ակնումը մի օխտը գլխանի վիշապ է նստել, չի թողնում, որ ջուր գա: Շաբաթը մի երեխա ենք տանում տալիս վիշապին, ուտում է՝ նոր մի պուճուր ջուր է թողնում, որ ինչ է՝ խալխը ծարավ չկոտորվի: Էգուց էլ թագավորի աղջկա հերթն է, պիտի տանեն վիշապին տան, որ ջուրը բաց թողնի:
    - Ա՛յ մեր, բա չեք կարո՞ւմ էդ վիշապին սպանեք:
    - Ա՛յ որդի, նրան իսկի սպանելու ճար կըլնի՞. սաղ աշխարհքը դողում է: Քանի անգամ է թագավորը մեծ զորքով գնացել կռիվ՝ բան չի կարացել անի:
    Առավոտը որ լուսանում. է, տղան տեսնում է՝ հրեն թագավորի աղջկան սև շորեր հագցրած տանում են վիշապի մոտ: Ինքն էլ թաքուն աղջկա հետևից գնում է:
    Վիշապը հեռվից տեսնում է, որ էսօր մի հոգու տեղ երկուսն են գալիս, ուրախանում է. ատամները սրում է, որ երկուսին էլ միանգամից կուլ տա: Տղան վիշապին մոտենում է թե չէ՝ թուրը հանում է, ո՛ր չի տալիս՝ յոթը գլուխն էլ թռչում, էն կողմն են ընկնում:
    - Տղա՛, մեկ էլ տուր,- ձեն է տալիս վիշապը:
    - Չէ՛,- ասում է տղան,- ես մորիցս մի անգամ եմ ծնվել, երկու անգամ չեմ ծնվել:
    Վիշապը արյունկոլոլ՝ աղբրի ակնում վեր է ընկնում, սատկում: Աղբրի ջուրը վարարում է, ժողովուրդը կուշտ խմում, լիանում է: Թագավորի աղջիկն էլ ուրախ-ուրախ գալիս է տուն, հորն ու մորը պատմում, որ մի անճանաչ տղա եկավ վիշապին սպանեց, իրեն էլ նրա ձեռքիցն ազատեց:
    - Էն տղին որ տեսնես՝ չե՞ս ճանաչի,- հարցնում է թագավորը:
    - Որ տեսնեմ, ինչի՞ չեմ ճանաչի,- ասում է աղջիկը:
    Թագավորը հրաման է տալիս, որ իր ձեռի տակ ինչքան մարդ կա՝ բոլորը հավաքվեն պալատի առաջ: Նրա երկրումն է՛լ մարդ չի մնում, բոլորն էլ գալիս են:
    - Դե՛, լավ մտիկ արա,- ասում է թագավորը աղջկանը,- տես, էն տղին կճանաչե՞ս:
    Աղջիկը աչքը դես-դեն է ման ածում՝ հետնուհետը էն տղին գտնում է:
    - Հրե՛ն, հրե՛ն, էն տղեն է,- ձեն է տալիս հորը:
    Թագավորը հրամայում է իր նազիր-վեզիրին, որ էն տղային բերեն իր մոտ: Նազիր-վեզիրը գնում են, տղային բերում:
    - Տղա՛, ինչ սիրտդ ուզում է, ասա՝ տամ,- ասում է թագավորը:
    - Թագավորն ապրած կենա, ես բան չեմ ուզում, միայն թե՝ ինձ լուս աշխարհ գցես,- ասում է տղան:
    - Լուս աշխարհ ղրկելը դժվար է, ա՛յ որդի, էդ իմ բանը չի: Համա ֆլան անտառումը՝ ֆլան ծառի վրա, մի Զմրուխտ հավք կա, թե կարենա՝ նա կտանի: Էս քանի տարի է՝ էդ ղուշը գալիս է ինձ գանգատ, թե՝ ես ամեն տարի, խեղճ ու կրակ, ճուտ եմ հանում, մեծացնում՝ մի վիշապ կա, գալիս է ճուտերս ուտում, գնում: Դու կգնաս էն ծառի տակին պահապան կկանգնես, կտեսնես՝ վիշապն եկավ, որ ճուտերն ուտի, կտաս վիշապին կսպանես: Զմրուխտ հավքը որ գա տեսնի քո արած լավությունը՝ կհարցնի, թե՝ ի՞նչ ես ուզում. դու կասես, թե՝ ես բան չեմ ուզում, մենակ թե՝ ինձ լուս աշխարհ տար: Նա էն րոպեին կդնի քեզ թևերի վրա՝ կտանի:
    Թագավորի ասածը տղայի խելքում մտնում է. վեր է կենում, գնում էդ անտառը: Դես է ման գալիս, դեն է ման գալիս՝ էն ծառը գտնում է: Նստում է էդ ծառի տակին՝ վիշապի ճամփեն պահում:
    Մի քիչ հետո տեսնում է՝ հրես մի աժդահա վիշապ եկավ, բարձրացավ ծառը, որ Զմրուխտ հավքի ճտերն ուտի. հանում է թուրը, վիշապին սպանում, կտոր-կտոր անում, գցում ճտերի առաջը, որ ուտեն: Ինքն էլ շատ բեզարել էր, պառկում է էդ ծառի տակին, քնում:
    Էն կողմից Զմրուխտ հավքը գալիս է տեսնում՝ մի մարդ հրես ծառի տակին քնած:
    - Ա՜յ հարա՜յ,- ասում է,- կա-չկա՝ սա է իմ ճտերին ուտողը:
    Վրա է պրծնում, որ ձվիկ-ձվիկ անի՝ ճտերը չեն թողնում, ասում են, որ սա է իրենց ազատել վիշապի ձեռից: Զմրուխտ հավքը էլ ձեռ չի տալիս, դեռ հլա թևերը փռում է՝ շվաք անում, որ դինջ քնի:
    Տղան զարթնում է, տեսնում՝ Զմրուխտ հավքը թևերը վրան փռել, շվաք է արել:
    - Ա՛յ հողածին,- ասում է Զմրուխտ հավքը,- ինչ կուզես՝ ասա տամ: Դու որ ինձ էս տեսակ լավություն արիր՝ ես էլ պիտի քեզ մի լավություն անեմ:
    - Բան չեմ ուզում քեզնից, Զմրուխտ հավք,- ասում է տղան,- մենակ թե՝ ինձ գցես լուս աշխարհ:
    - Ափսո՜ս, ծեր ժամանակս ես պատահել, թե չէ՝ լուս աշխարհ տանելը ինձ համար խաղ ու պար էր: Համա ինչ արած. ինչքան էլ ծերացած ըլնեմ, ճարս ինչ, պիտի տանեմ, բալքի սրանով քո լավության տակից դուրս գամ: Կգնաս թագավորից կուզես քառասուն տիկ ջուր, քառասուն հատ էլ՝ գառան դմակ, ոնց էլ ըլնի՝ քեզ լուս աշխարհ կգցեմ:
    Տղան գնում թագավորից քառասուն տիկ ջուր է ուզում, քառասուն հատ էլ՝ գառան դմակ, բերում Զմրուխտ հավքի մոտ:
    - Դե հիմի նստիր մեջքիս,- ասում Է Զմրուխտ հավքը,- էդ քառասուն տիկ ջուրը, քառասուն հատ գառան դմակն էլ դիր վրաս: Որ «բո՜ւ» անեմ՝ ջուր կտաս, «ղի՜» անեմ՝ դմակը կգցես, մինչև հասնենք լուս աշխարհ:
    Տղան նստում Է Զմրուխտ հավքի մեջքին՝ քառասուն տիկ ջուրը, քառասուն հատ դմակն էլ դնում է վրան: Սա «բո՜ւ» է անում՝ ջուրն է տալիս, «ղի՜» է անում՝ դմակը: Էսպես գալիս են հասնում լուս աշխարհ: Զմրուխտ հավքը էստեղ տղին վեր է դնում, ինքն էլ՝ թռչում էլի մութ աշխարհ:
    Էս տղան էլ ճամփա է ընկնում դեպի հոր քաղաքը: Գալիս է, գալիս, շատ է գալիս, քիչ է գալիս՝ ճամփին մի հովիվ է պատահում: 
    - Բարո՛վ,- ասում է,- չոբան ախպեր:
    - Աստծո՜ւ բարին, թագավորի ցեղ:
    - Ի՞նչ տամ, որ քո ոչխարներից մի հատը մորթես:
    - Ինչ որ քեֆդ տալիս է, ես ի՞նչ ասեմ:
    Հովիվը բերում է ոչխարներից մինը վեր գցում մորթում: Տղան ոչխարի մորթին վերցնում, միսը թողնում է հովվին: 
    Չոբան ախպեր,- ասում է,- բեր մեր շորերն էլ փոխենք, քո շորերն ինձ տուր, իմը տամ քեզ:
    Հովիվը ուրախ-ուրախ իրեն քրչոտ-մրչոտ շորերը հանում է, տալիս նրան, նրա լավ-լավ շորերն առնում: Տղան հովվի շորերը հագնում է, նրան էլ բոլ փող բաշխում, իր ճամփան շարունակում:
    Գալիս է, գալիս, շատ է գալիս, քիչ է գալիս, գալիս հասնում է հոր քաղաքը՝ էն ոչխարի մորթին հանում է անցկացնում գլուխը, դառնում է իսկական քաչալ. էսպես մտնում է հոր քաղաքը: Շուկայի մեջ դես է ման գալիս, դեն է ման գալիս, գնում է էս խանութի առաջ կանգնում, էն խանութի առաջ կանգնում՝ աչք ածում: Վերջը գալիս է թագավորի ոսկերչի խանութի առաջ երկար կանգնում, մտիկ անում. ոսկերիչը հարցնում է.
    - Ա՛յ քաչալ, ի՞նչ ես ուզում, ի՞նչ մարդ ես. էստեղ ի՞նչ ես շինում:
    - Իսկի՛, ուստա, ղարիբ տղա եմ. եկել եմ էստեղ մի արհեստի, մի բանի կպչեմ, բալքի վերջը մի կտոր հացի տեր դառնամ:
    - Կգա՞ս, քեզ վերցնեմ ինձ աշկերտ:
    - Ինչի՞ չեմ գա, ուստա ջան, դեռ ձեռքդ էլ չեմ պաչի՞:
    Թագավորի ոսկերիչը էս քաչալին վերցնում է իրեն աշկերտ:
    Գնանք հիմի լուր տանք սրա ախպորտանցից:
    Նրանք որ գալիս թագավորին ասում են, թե իրենց փոքր ախպորը դևերը կերել են՝ թագավորը առաջ հավատում է, հետո ինքն իրեն միտք է անում, թե՝ չլինի սրանք նրա գլխին մի խաղ են խաղացել, սուտ են ասում, թե դևերը կերել են: Մարդ է ուղարկում, որ երկրե երկիր ման գան, հարցուփորձ անեն՝ գուցե գտնվի. նրանց էլ չի թողնում, որ պսակվեն մինչև գտնվելը:
    Անց է կենում մի տարի, երկու տարի, երեք տարի. որտեղ հարցնում են, որտեղ ման գալիս՝ փոքր տղային չեն գտնում: Վերջը թագավորի նազիր-վեզիրը գալիս են, ասում.
    - Թագավորն ապրած կենա, ախր, մինչև ե՞րբ պիտի տղերանցդ չպսակես, չէ՝ որ նրանք էլ մեղք են: Էս է՝ երեք տարին անց է կենում. խալխը ի՞նչ կասի. չէ՞ որ քո անունին էլ ամոթ է:
    - Լավ,- ասում է թագավորը,- եկեք պսակենք:
    Բերում պսակում են: Մեծ տղան մեծ քրոջն է առնում, միջնեկ տղան՝ միջնեկ քրոջը, փոքր քույրը մնում է: Հարսանիքից հետո թագավորը փոքր քրոջը կանչում է իր մոտ՝ հարցնում.
    - Աղջիկս,- ասում է թագավորը,- ասա տեսնենք՝ դու ո՞ւմն ես ուզում: Տեսնում ես՝ նշանածդ քո բախտից էսքան տարի է կորել է. ո՞վ գիտի ի՛նչ փորձանք է պատահել. էլ նոր գա՞, չգա: Դու էլ մեղք ես, էս երեք տարի է՝ նրա խաթեր մնացել ես: Հիմի ասա, ում որ սիրտդ ուզում է՝ բերեմ պսակեմ:
    - Թագավորն ապրած կենա,- ասում է աղջիկը,- ում տալիս ես, տուր, ես համաձայն եմ:
    - Իմ նազրի տղին կուզե՞ս:
    - Դո՛ւ գիտես, թագավորն ապրած կենա, ում էլ ասես՝ ես համաձայն եմ:
    - Որ համաձայն ես՝ բաս քեզ իմ նազրի տղին եմ տալիս:
    - Լա՛վ, թող նազրի տղեն լինի, թագավորն ապրած կենա, համա ես քեզանից երեք բան կուզեմ. մինչև բերել չտաս՝ չեմ պսակվի:
    - Աչքի՛ս վրա, որդի, ասա տեսնենք՝ ի՞նչ ես ուզում:
    - Թագավորն ապրած կենա, քեզանից կուզեմ երեք հատ ոսկե սինի՝ մի սինու միջին ոսկե կաքավն ու իր արուն ֆռֆռան. մեկի միջին էլ՝ ոսկե հավն ու ոսկե աքլորը, էն մյուսի միջին էլ՝ ոսկե թազի, ոսկե աղվես, որ թազին աղվեսի հետևից վազելիս լինի: Թագավորն ապրած կենա, իմ ուզած երեք բանը սրանք են:
    - Լա՛վ, աղջիկս, դրանցից էլ հեշտ բա՞ն: Հրես իմ ոսկերչին կանչել կտամ, կշինի:
    Թագավորը կանչել է տալիս իր ոսկերչին, հրամայում է, որ աղջկա ուզած երեք բաները շինի:
    - Թե չշինեցիր,- ասում է,- իմաց կաց՝ գլուխդ թռցնել կտամ:
    - Թագավորն ապրած կենա,- ասում է ոսկերիչը,- ինձ մի ամիս ժամանակ տուր, միտք անեմ, չկարացի շինել՝ արինս քեզ հալալ է:
    - Լա՛վ, քեզ մի ամիս ժամանակ եմ տալիս, գնա շինի,- ասում է թագավորը:
    Ոսկերիչը քիթ-մռութը կախ, տխուր-տրտում գալիս է տուն:
    - Հը՜, ուստա, ի՞նչ կա. ի՞նչ ես էդպես նոթերդ կիտել,- հարցնում է քաչալը:
    - Կորի՛, քաչալ,- բարկանում է ոսկերիչը,- դու էլ իմ դարդիցը չես հարցնում:
    Քաչալը ինչ անում է, չի անում՝ ոսկերիչը չի ասում իրեն դարդը: Ոսկերիչը վեր է կենում գնում խանութ: Միտք է անում, միտք է անում. շինում՝ քանդում, շինում՝ քանդում, բան չի դուրս գալիս: Ամսից էլ մնացել է մի հինգ օր, որ լրանա: Մի օր էլ, որ էսպես մտքի հետ էր ընկել՝ քաչալը էլի մոտենում է, հարցնում.
    - Ուստա ջա՛ն, ուստա՛, մի ասա տեսնենք՝ ախար, ինչի՞ ես էդքան միտք անում, հալբաթ մի բան կա:
    Վերջը քաչալը որ շատ է զոռում՝ ոսկերիչը մին-մին պատմում է թագավորի ուզածը:
    - Լա՜վ, դրանում ի՞նչ կա, ուստա, որ դու էսքան միտք ես անում,- ասում է քաչալը,- ուզում ես՝ էս սհաթին շինեմ: Ինձ մի ջվալ ընկույզ տուր, մի ջվալ էլ՝ կաղին, որ հետը ջարդեմ ուտեմ, հետը շինեմ. էս գիշեր էլ թող դուքանումը քնեմ. առավոտը արի տես՝ պատրա՞ստ է, թե՞ չէ:
    Ոսկերիչը, ասենք, չէր հավատում, որ քաչալի ձեռքիցը էդ տեսակ բան դուրս գա. համա մտածում է՝ մարդ է, արի փորձեմ, գուցե շինում է:
    Մի ջվալ ընկույզ է տալիս, մի ջվալ էլ՝ կաղին: Քաչալը առնում է, մտնում խանութը, ոսկերիչն էլ դուռը վրան փակում է, գնում:
    Էդ գիշեր քաչալը կաղինն ու ընկույզը ջարդում է, ուտում: Որ լուսանում է՝ հանում է էն թալիսմանը, կայծքարին խփում թե չէ՝ երեք սինին էլ, իրենց սարք ու կարգով, գալիս են առաջին կանգնում:
    Խեղճ ոսկերիչը վաղուց խանութի դռանը կանգնել, չորացել էր, տեսնի՝ քաչալը ե՞րբ պիտի ձեն տա, որ դուռը բաց անի:
    - Ուստա՜,- ձեն է տալիս քաչալը,- դուռը բա՛ց արա, թագավորի ուզած սինիները՝ երեքն էլ պատրաստ են:
    Ոսկերիչն ուրախ-ուրախ խանութի դուռը բաց է անում: Որ աչքը չի ընկնում ոսկե սինիներին՝ խելքը գլխիցը թռչում է. էն րոպեին վազում է քաչալի ճակատը պաչում:
    - Զորանա՜ս դու, քաչալ,- ասում է,- զորանա՜ս, ո՛ր էս տեսակ հունար ունեիր, բա ինչի՞ չէիր շուտ ասում: Ես էսքան ժամանակ մեռա չարչարվելով, իսկի խելքս բան չկտրեց, ասում էի՝ պիտի թագավորը գլուխս կտրի. հիմի ով գիտի, դեռ բոլ էլ փող բաշխի ու ճամփու դնի:
    Ժամանակը լրացել էր, ոսկերիչը ոսկե սինիքը վերցնում տանում է թագավորի պալատը: Թագավորը մնում է զարմացած: Հրամայում է, որ ոսկերչին առատ փող բաշխեն, ճամփու դնեն: Հետո կանչում է աղջկանը:
    - Աղջի՛կս,- ասում է,- էս էլ՝ քու ուզած սինիքը:
    - Էդ է, թագավորն ապրած կենա. հիմի ինչ կասե՜մ:
    Աղջիկը սինիքը որ տեսնում է՝ մատը կծում է, ասում. «Երևում է՝ նշանածս եկել է. թե չէ՝ էս սինիքը նրանից բացի մարդ չէր կարող շինել»: Աղջկա սիրտը հազիվ մի քիչ հանդարտվում է:
    Սրանից հետո թագավորը բերում է աղջկան նշան դնում, որ երկու օրից հարսանիք անի: Նշանդրեքից հետո նորափեսան իր ընկերներով դուրս է գալիս թագավորի պալատի առաջ ջիրիդ խաղալու: Սրանց թողնենք էստեղ ջիրիդ խաղան, գանք լուր տանք մեր քաչալից:
    Էդ նշանդրեքի օրը քաչալը գնում է հանդը, մի շալակ ցախ բերելու: Դուրս է գալիս հանդը, կարմիր մազը կրակին է տալիս թե չէ՝ կարմիր ձին իրեն ամեն սարք ու կարգով գալիս առաջին կանգնում է: Քաչալը մորթին գլխիցը հանում է, շորերը փոխում, նստում ձին, գալիս ջիրիդ խաղալու:
    Քաչալի ձիուն էլ ձի՞ կարող է հասնել. էնպես էր թռչում, հենց գիտենաս երկնքի աստղերի հետ էր խաղում: Մի քանի գլուխ հրապարակի մեջ դես է քշում, դեն է քշում. ում հասնում էր, որ ջիրիդով չէ՜ր տալիս՝ տեղն ու տեղը երեսի վրա փռվում էր, վեր ընկնում: Ջիրիդավորները բոլորն էլ հրապարակը թողնում փախչում են:
    Լուր են տալիս թագավորին, թե՝ էսպես մի կարմիր ձիավոր է եկել, ջիրիդավորներին խառնվել: Թագավորը դուրս է գալիս, ասում է՝ տեսնեմ էդ ի՞նչ ձիավոր է, որ էդքան քաջություններ է անում:
    Քաչալը թագավորին տեսնում է թե չէ՝ էն սհաթը ձիուց վեր է գալիս, գնում ձեռը պաչում:
    - Ի՞նչ մարդ ես,- հարցնում է թագավորը:
    Տղան նստում է էստեղ՝ մին-մին, ինչ որ գլխովն անց էր կացել, թագավորին պատմում:
    - Դահի՜ճ,- ձեն է տալիս թագավորը:
    Դահիճները գալիս են գլուխ տալիս, ասում.
    - Ի՞նչ ես հրամայում, թագավորն ապրած կենա:
    - Էս սհաթին կգնաք իմ երկու տղերքին էլ կբերեք էստեղ, հենց իմ աչքի առաջ կախա-
    ղան կհանեք:
    Էստեղ փոքր տղան ընկնում է թագավորի ոտքերը, աղաչանք-պաղատանք անում:
    - Բան չկա, ա՛յ հեր,- ասում է,- իմ խաթեր պիտի ախպորտանցս բաշխես, նրանք վատություն արին, ես չեմ անի:
    - Լա՛վ,- ասում է թագավորը,- դու որ ասում ես՝ քու խաթեր նրանց բաշխում եմ:
    Թագավորն իր թախտից վեր է գալիս, փոքր տղային նստեցնում: Էն խեղճ աղջիկն էլ էսքան տարի տղայի ճամփեն էր պահում: Թագավորը նազրի տղայի նշանը քանդում է, բերում նորից նշան դնում իր տղային. յոթն օր, յոթը գիշեր հարսանիք անում: Ի՜նչ դափ ու զուռնա, ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախություն՝ որ էլ հաշիվ չկար:
    Նրանք հասան իրենց փափագին, դուք էլ հասնեք ձեր փափագին:

    Հոր տված երեք խրատը

    Հոր տված երեք խրատը

    Նախորդը

    Մեռած խիղճը

    Մեռած խիղճը

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: