Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը գալիս է հազարամյակների խորքից:
Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում Վարդավառի տոնը կապվում էր հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ:
Վարդավառին մեծ տոնակատարություններ էին կատարվում, Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում, զոհաբերություններ անում և միմյանց վրա ջուր ցողում: Տոնը ուղեկցվում էր երգ ու պարով, խաղերով: Մարդիկ վարդեր էին նվիրում միմյանց, և ըստ ավանդության երիտասարդ տղաները աղավնիներ էին թռցնում, ու թե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, ապա նրան նույն աշնանը հարսնության էին տանում:
Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում:
Հենվելով պատմական տվյալների վրա, որոշ ուսումնասիրողների պնդում են, որ Աստղիկը անվանվում նաև էր «Վարդամատն», Վարդավառ բառը կապում էր նաև վարդ արմատին:
Տոնը սկսվում էր շաբաթ երեկոյան, ուխտավորները գիշերային խարույկներ էին վառում, մատաղ էին անում: Խարույկ վառելու և տոնը կեսգիշերին դիմավորելու սովորույթը լավ է պահպանվել լեռնային շրջաններում և գյուղերում:
Քրիստոնեության ընդունումից հետո եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի այլակերպության և պայծառակերպության տոնով:
Վարդավառի համն ու հոտը համատարած ջրցանություններն են:
Վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, դեմ առ դեմ կամ պատահական իրար վրա ջուր են լցնում բոլորը, առանց հաշվի առնելու տարիք, սեռ, հասարակական դիրք, հաշվի չեն առնում նաև ծանոթ լինելու կամ չլինելու հանգամանքը...
Եվ ոչ ոք չէր դժգոհում...
Վարդավառի ջուրը համարվում է զորեղ և բուժիչ:
Վարդավառը իր մեջ նաև պտղաբերության և սիրո խորհուրդն է կրում: Դրա մասին կան բազմաթիվ ասույթներ, որոնցից է Վահագն դիցի և Աստղիկ դիցուհու սերը:
Պտղաբերության խորհրդի մասին է վկայում Նախիջևանում ընդունված «խնդում տօքի» սովորույթը. մի ամանում ցորեն կամ գարի էին ծլեցնում նշանված աղջիկները, հետո այն զարդարում էին խնձորով, տանձով, վարդերով... Մի տարեց կին «խնդումը» պտտեցնելով տանում էր հրապարակ, և դրա շուրջը բոլորը պարում էին, ուրախանում, իսկ վերջում օգտվում էին մրգերից ու վերցնում էին ծաղիկները: Որոշ հետազոտողների կարծիքով, խնդումը պտտեցնող կինը մարմնավորում էր Անահիտ աստվածուհուն, և նրան սիրաշահում էին տոնի օրը առաջին անգամ վարդավառյան խնձոր կամ տանձ ուտելով:
Վարդավառի տոնը գալով հեթանոսական ժամանակներից, այսօր էլ համարվում է ամենասիրելի տոներից մեկը և սիրով նշվում է ամբողջ Հայաստանում: Այս հինալի տոնին մասնակցելու համար մեր երկիրը ամեն տարի ընդունում է բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք զարմանքով և հիացմունքով միանում են մեզ...
Մեկնաբանել