• 21 դեկտեմբեր, 2024
     Իմաստուն մանուկը - Աթաբեկ Խնկոյան

    Իմաստուն մանուկը - Աթաբեկ Խնկոյան

    Արևելքի թագավորը պատճառ էր փնտրում, որ արևմուտքի թագավորի հետ կռվի: Գիր ուղարկեց ու միջին էսպես գրեց.
    «Արևմուտքի թագավոր, քո ձին որ էդտեղ խրխնջաց, իմ ձին էստեղ վախեցավ»:
    Արևմուտքի թագավորը չհասկացավ արևելքի թագավորի միտքը: Կանչեց իր նազիր-վեզիրներին, որ բացատրեն, թե ի՞նչ է ուզում ասի արևելքի թագավորը: Բայց ոչ ոք չկարողացավ բացատրել:
    Տեսավ, որ չի լինի, դեսպաններ ուղարկեց գյուղ ու քաղաք, որ մի այնպիսի իմաստուն մարդ գտնեն, որը կարողանա արևելքի թագավորի միտքը իմանա:
    Դեսպանները շատ ման եկան, դես ու դեն ընկան, բայց մի մարդ չգտան, որ արևելքի թագավորի միտքը իմանա: Վերջը՝ մի գյուղի մոտով անցնելիս տեսան, որ մի մանուկ քարի վրա նստած է:
    - Այ տղա,- հարցրեց դեսպանը,- ո՞ւր է հայրդ:
    - Հայրս,- պատասխանեց մանուկը,- վեճ է ցանում:
    - Ինչպես թե՝ վեճ է ցանում, այդ ի՞նչ է նշանակում, բացատրի,- խնդրեցին դեսպանները:
    - Այ, էս ճամփի վրա,- շարունակեց մանուկը,- հայրս բոստան է դրել: Անցնող-դարձողը մտնում գազար է հանում, վարունգ է քաղում, սոխ է պոկում: Հայրս էլ նրանց հետ շարունակ վիճում է ու կռվում:
    - Մայրդ ո՞ւր է:
    - Մայրս էլ արցունք է փոխ տալիս:
    - Էդ ի՞նչ է նշանակում:
    - Ա՛յ, թե ինչ է նշանակում: Գյուղում մեկը մեռնելիս, մայրս գնում է մեռելատերերի հետ լաց է լինում, արցունք փոխ տալիս:
    Դեսպանները տեսնում են, որ այդ տղան շատ սրամիտ է և իմաստուն տղա է, մտքներում ասում են. «Կա, չկա էս տղան կբացատրի արևելքի թագավորի առաջարկությունը»: Վեր են առնում մանկանը տանում թագավորի մոտ ու պատմում թագավորին հալ-հեքիաթ, էսպես, որ էսպես:
    - Մանուկ ասում է թագավորը,- թե որ կարողանաս արևելքի թագավորի միտքը բացատրես, իմ թագավորության կեսը քեզ կտամ: Արևելքի թագավորը ինձ գիր է գրել, թե քո ձին էդտեղ որ խրխնջաց, իմ ձին էստեղ վախեց. սա ի՞նչ է նշանակում, էդպես բան կարելի՞ է:
    - Թագավորն ապրած մնա,- ասում է մանուկը,- արևելքի թագավորը պատճառ է փնտրում, որ քեզ հետ կռվի: Ուղարկիր երեք հարյուր ձիավոր. թող նրանք գնան մտնեն թագավորի մայրաքաղաքը ու շներին կոտորեն: Գանգատը անշուշտ կհասնի թագավորին: Թագավորը նրանց կկանչի իր մոտ. թող ձեր ձիավորներն ասեն. «Մեր թագավորի ոչխարի հոտի մեջ մտան գայլերն ու կոտորում են թշվառ ոչխարներին: Մենք որքան ձայն տվինք հովիվների հետ, օգնության կանչեցինք ձեր շներին, ձեր շները չեկան ու չեկան, դրա համար էլ եկանք ու կոտորեցինք նրանց»: Թագավորը կզարմանա և կասի. «Այդ ինչպե՞ս կարելի է, էնտեղից էստեղ ձա՞յն կհասնի»: Թող ձեր մարդիկ էլ ասեն. «Էդ ինչպես է, որ մեր թագավորի ձին էնտեղ խրխնջալիս ձեր ձին էստեղ կվախենա, ու ձեր շները մեր ու հովիվների ձայնը չեն լսի»:
    Արևմուտքի թագավորը այդպես էլ արավ: Երեք հարյուր ձիավոր գնացին արևելքի թագավորի քաղաքը և կոտորեցին շներին: Թագավորը նրանց կանչեց և բացատրություն պահանջեց:
    Ձիավորներն ասացին.
    - Թագավորն ապրած մնա, է՞դ ինչպես է, որ մեր թագավորի ձիու խրխնջոցը ձեր ձին կլսի ու մեր հովիվների ձայնը ձեր շները չեն լսի, որոնք չեկան թշվառ ոչխարներին գայլերից ազատեին:
    Արևելքի թագավորը էստեղ մատը կծում է ու հասկանում, թե բանն ինչումն է: Ձիավորներն ազատ վերադառնում են իրենց թագավորի մոտ:
    Միառժամանակ անցնելուց հետո արևելքի թագավորը ուղարկում է արևմուտքի թագավորին երկու աղավնի, երկուսն էլ միատեսակ. մեկը իրենն է լինում, մյուսը՝ գյուղական և պահանջում է, որ իմանա, թե ո՞րն է թագավորականը և ո՞րը ՝գյուղականը:
    Թագավորը, նազիր-վեզիրները չեն կարողանում իմանալ, թե որ աղավնին է թագավորինը, որը՝ գյուղականը:
    Դարձյալ դիմում են մանկանը: Մանուկը այսպես է ջոկում աղավնիները: Ասում է. «Մի տան մեջ կրակ արեք, թող ծուխը բարձրանա, որ աղավնին, որ ուշաթափվեց գետին ընկավ, իմացեք, որ նա է թագավորինը»: Ինչպես մանուկն է ասում, այնպես էլ անում են: Արքունական աղավնին ծխին անսովոր է լինում, չի դիմանում, ծխից ուշաթափվում է ու ընկնում գետին: Գյուղացու տանը մեծացող աղավնուն ծուխը չի ազդում:
    Արևելքի թագավորը տեսնում է, որ չի լինում, մի երկաթե տախտակ է ուղարկում արևմուտքի թագավորին, որ սա մի վերարկու կարի և ուղարկի իրեն:
    Արևմուտքի թագավորը, իմաստուն մանկան խորհրդով, ուղարկում է իր թշնամուն մի մեծ ժայռի կտոր, որ սա թել պատրաստի այդ ժայռից վերարկուն կարելու համար:
    Արևելքի թագավորը, նորից մի առաջարկություն է անում, արևմուտքի թագավորին, ահա թե ինչ:
    - Ուղարկիր ինձ մի այնպիսի եզ, որ ոչ սև լինի, ոչ սպիտակ, ոչ կարմիր, ոչ մոխրագույն, վերջապես ոչ մի գույն չունենա:
    Արևմուտքի թագավորը, դարձյալ իմաստուն մանկան խորհրդով, գրում է արևելքի թագավորին.
    «Արևելքի թագավոր, ուզածդ եզը պատրաստ է, մի մարդ ուղարկի, որ գա եզը տանի: Միայն այնպիսի ժամանակ գա, որ ոչ առավոտ լինի, ոչ կեսօր, ոչ երեկո, ոչ գիշեր և ոչ կեսգիշեր, ոչ լույս և ոչ մութ»:
    Արևելքի թագավորը իմանում է, որ ուժի դեմ ուժ կա, էլ կռվի չի գալիս արևմուտքի թագավորի վրա:
    Արևմուտքի թագավորն էլ իր թագավորության կեսը տալիս է իմաստուն մանկանը, նրան անում է իր առաջին խորհրդատուն, հորն ու մորն էլ մոտն է բերել տալիս:

    Կատուն, աքլորն ու աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Կատուն, աքլորն ու աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Ծիտն ու որբերը - Աթաբեկ Խնկոյան

    Ծիտն ու որբերը - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: