• 21 դեկտեմբեր, 2024
     Ծիտն ու որբերը - Աթաբեկ Խնկոյան

    Ծիտն ու որբերը - Աթաբեկ Խնկոյան

    1

     

    Մի աղքատ այրի երկու որբ ուներ մի սովի տարի:
    Երկու որբ ուներ՝ Հրաչ ու Հեղուշ,
    Վեց-յոթ տարեկան, մեկ-մեկից անուշ:
    - Սոված ենք, սոված, նանի՛, մի ճոթ հաց…
    Լաց էին լինում, մոր փեշից բռնում, հետևից գնում:
    Հաց չունի նանը, որտեղի՞ց բերի,
    Ինքն էլ է քաղցած, մի փորի գերի:
    Սովի տարին է, էլ ինչ դուռ-դրկից,
    Էն խղճուկ այրին չունի կարեկից:
    Մի օր ճարահատ սովատանջ մերը,
    Հետևից գցած իրեն որբերը,
    Լացով ու թացով մտնում է ձորը:
    Իր երկու անգին սիրասուն ձագին
    Առնում է ծնկան, չի թողնում, որ լան:
    Ու խորը ձորում, իրենց մոր գրկում,
    Քնում են մուշ-մուշ Հրաչ ու Հեղուշ…

     

    2

     

    Երկնքի հավքե՜ր,- ասում է մերը,-
    Էս երկու բալիս արեք ձեզ ընկեր,-
    Ասում է, լալիս,- խղճացե՜ք սրանց,
    Մի՛ թողեք սոված:
    - Դաշտի գազաննե՛ր, դուք էլ մայրեր եք,
    Էս սովի տարին դուք էլ խղճացեք
    Էս իմ որբերին:
    Ասում է նանը, երեխանց պաչում
    Ու վեր է կենում, ձորիցը փախչում:
    Թե շատ են ննջում, թե քիչ են ննջում
    Հրաչն ու Հեղուշն էն ձորամիջում,
    Մեկ էլ զարթնում են, որ նանը չկա:
    Ու վեր են կենում, բռնում մի ճամփա,
    Մի ոլոր ճամփա, մի մոլոր ճամփա,
    Գնում են, գնում ու նանի՜ կանչում…
    Մեկ էլ մի թռչուն էսպես է ասում.
    - Ինչո՞ւ կուլաք հոնգուր-հոնգուր,
    Փունջ մանուշակ ախպեր ու քուր:
    Եկեք գնանք գիշերն ինձ հյուր,
    Ձեզ տեղ կտամ ծառիս տակին,
    Ձեզ հաց կտամ արևծագին…

     

    3

     

    Առավոտը արևածագին՝
    Ծիտիկն իջավ ծառի տակին.
    - Գնանք,- ասավ,- անթև ձագեր,
    Հրաչ, Հեղուշ անհեր, անմեր:
    Եկեք գնանք ծառի տակից,
    Եղեք դուք մեզ սեղանակից:
    Ունենք մենք մի բարի տատիկ,
    Որ ամեն օր խաշած հատիկ
    Փեշը լիքը հանդն է գալիս
    Ու մեր առաջ շաղ է տալիս:

     

    Հրաչ ու Հեղուշ,
    Քաղցած ու անուժ,
    Ելան գնացին ծտի հետ սեղան,
    Տատի հատիկին մասնակից եղան:
    Տատը որ տեսավ երկու երեխին,
    Վազեց ու ասավ.- Մատա՛ղ ձեր գլխին,
    Երկու թոռնիկ ես ունեի…
    Նրանց ցավը ես տանեի…
    Հիվանդացան ծոցիս միջին:
    Հիվանդացան ու ննջեցին:
    Չեմ հավատում՝ նրանք մեռան,
    Այլ ծտերից թևեր առան,
    Թևեր առան, ծտեր դառան,
    Ծտե՛ր դառան, դես-դեն թռան…
    Գնանք, եղեք դուք ինձ թոռներ,
    Ձեզ չեմ թողի սովից մեռնեք:

     

    5

     

    Որ անցկացավ սովի տարին,
    Բալի կարոտ էն խեղճ այրին
    Ելավ ընկավ սար ու ձորեր,
    Լացեց, կանչեց,- Ա՜յ իմ որբեր,
    Հրաչ, Հեղուշ, ո՞ւր եք դուք, ո՞ւր,
    Ազիզ բալեք, ախպեր ու քուր:
    Մնացել եմ ձեր կարոտով,
    Հրաչ, Հեղուշ համով-հոտով:
    Մի լուր տվեք, նախշուն հավքեր:
    Իմ որբերին անտուն, անտեր,
    Գազաննե՞րը գտան կերան,
    Թե՞ գետերը առան տարան:
    Գուցե՝ մեկը իր հոր խերին
    Հա՞ց է տալիս իմ որբերին:

     

    6

     

    Ծիտը վերից ասավ.- Նանի՛,
    Էդքան էլ շատ սուգ մի՛ անի,
    Հրաչ, Հեղուշ, երկու գառնիկ,
    Բարի տատիս եղան թոռնիկ:
    Արի տանեմ որբերիդ մոտ,
    Էլ մի՛ մնա բալի կարոտ:
    Ծիտը իջավ տատի կտրան,
    Նանը կանգնեց տատի դռան,
    Ծիտը երգեց.- Ախպեր ու քուր,
    Հրա՛չ, Հեղո՛ւշ, ձեզ բարի լուր,
    Ձեր մերն եկավ բոբիկ ոտով,
    Ձեր մերն եկավ ձեր կարոտով:
    Եկե՛ք, տեսեք դուք ձեր մորը,
    Մի՛ մոռոցեք էն սև օրը,
    Ծառի տակի ձեր ծիտիկին
    Ու մեզ պահող ծեր տատիկին:
    Հենց որ երգեց տան կտրանը,
    Իր որբերին գտավ նանը,
    Իր որբերին՝ Հրաչ, Հեղուշ,
    Փունջ մանուշակ, անուշ, մեղուշ:

     

    Իմաստուն մանուկը - Աթաբեկ Խնկոյան

    Իմաստուն մանուկը - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Գյուղացին ու արջը - Աթաբեկ Խնկոյան

    Գյուղացին ու արջը - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: