Երբ երկու տարի առաջ ստեղծվեց «ԱրևՄոդելս» ներառական մոդելային գործակալությունը, նպատակը միայն գեղեցիկ լուսանկարներ կամ նորաձևության ցուցադրություններ կազմակերպելը չէր։ Գաղափարն ավելի մեծ էր՝ փոխել մարդկանց մտածելակերպը, կոտրել կարծրատիպերը և ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա, անկախ իր առանձնահատկություններից, հնարավորություն կունենա երևալու, ստեղծագործելու և հավատալու սեփական ուժերին։

IMG_4552.jpeg

Հուլիսի 8-ին, երկու տարի անց, «ԱրևՄոդելսը» դարձել է մի հարթակ, որտեղ հանդիպում են սոցիալական պատասխանատվությունը, արվեստը, նորաձևությունը և բիզնեսը։ Այստեղ համագործակցությունները պարզապես գործընկերային պայմանավորվածություններ չեն, այլ ընդհանուր արժեքների շուրջ ձևավորված հարաբերություններ, որոնք կարող են փոխել մարդկային ճակատագրեր։

ArevModels-hoonch.jpg

Այս տարվա հոբելյանական միջոցառումը կրում էր «Հավատա ինձ» խորագիրը։ Այն պարզապես գեղեցիկ անվանում չէր։ Դա ուղերձ էր յուրաքանչյուր ծնողի, յուրաքանչյուր գործատուի, յուրաքանչյուր կազմակերպության և ամբողջ հասարակությանը՝ հավատացե՛ք հնարավորություններին, ոչ թե սահմանափակումներին։

«ԱրևՄոդելսի» համար ծննդյան օրը երբեք չի եղել միայն տոնական միջոցառում։ Այն ամեն տարի դառնում է նոր գաղափարների, նոր գործընկերությունների և նոր նախագծերի մեկնարկի հարթակ։ Սա այն օրն է, երբ նույն արժեքները կիսող մարդիկ հավաքվում են մեկ վայրում՝ միասին ստեղծելու վաղվա ավելի ներառական Հայաստանը։

ArevModels-hoonch1.jpg

Այդ արժեքների շուրջ ձևավորված ամենագեղեցիկ համագործակցություններից մեկը սկսվել է դեռևս երկու տարի առաջ՝ հայկական MRUG ընկերության հետ։

Շատերը MRUG-ը ճանաչում են որպես մանկական հագուստի բրենդ, սակայն ընկերության գործունեությունը շատ ավելի լայն է։ Այն ունի նաև գիպսե դեկորատիվ արձանների արտադրություն, որտեղ արդեն տարիներ շարունակ աշխատում է Դաունի համախտանիշ ունեցող աշխատակից։ Սա պարզապես աշխատանքի տեղ չէ. սա ապացույց է, որ ներառականությունը կարող է լինել ոչ թե խոսք, այլ ամենօրյա գործելակերպ։

ArevModels-mrug-hoonch1.jpg

Հենց այդ ընթացքում էլ ծնվեց «ԱրևՄոդելսի» և MRUG-ի համագործակցության առաջին գաղափարը։ Երկու կազմակերպությունները շատ արագ հասկացան, որ իրենց միավորում է ոչ միայն ստեղծագործելու ցանկությունը, այլև նույն արժեքները՝ մարդուն գնահատել իր հնարավորություններով, ոչ թե առանձնահատկություններով։

Այդ օրվանից սկսած համագործակցությունը շարունակաբար զարգացավ՝ վերածվելով իրական գործընկերության։ Այս տարվա «Հավատա ինձ» միջոցառման ընթացքում «ԱրևՄոդելսի» փոքրիկ մոդելները բեմ բարձրացան  MRUG-ի հագուստով՝ ներկայացնելով ոչ միայն նոր հավաքածուն, այլև երկու կազմակերպությունների ընդհանուր գաղափարը, որ գեղեցկությունն ու ներառականությունը կարող են լինել նույն բեմի վրա։

ArevModels-mrug-meri-griroryan-hoonch22.jpg

«Հավատա ինձ»-ը մեկ օրվա միջոցառում չէր։ Այն դարձավ հասարակությանը հասցեագրված կոչ՝ հավատալ երեխաներին, հավատալ ընտանիքներին, հավատալ այն գործատուներին, որոնք պատրաստ են ստեղծել հավասար հնարավորություններ, և հավատալ, որ ներառականությունը բարեգործություն չէ, այլ առողջ հասարակության կարևոր նախապայման։

«ԱրևՄոդելսի» երկրորդ տարեդարձը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ բիզնեսը, հասարակական նախաձեռնություններն ու մարդիկ միավորվում են ընդհանուր արժեքների շուրջ, ծնվում են ոչ միայն գեղեցիկ միջոցառումներ, այլ իրական փոփոխություններ։

ArevModels-mrug-meri-griroryan-hoonch1.jpg

Երկու տարին ընդամենը սկիզբն է։ Առջևում նոր համագործակցություններ են, նոր բեմեր, նոր երեխաներ և նոր պատմություններ։

Որովհետև յուրաքանչյուր մեծ փոփոխություն սկսվում է ընդամենը մեկ նախադասությունից. «Հավատա ինձ»։

IMG_4536.jpeg

Միջոցառմանը ներկա էին Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչներ՝ տնօրեն Նարինե Կոստումյանը և կենտրոնի հոգեբան Նազելի Սողոմոնյանը, ովքեր որպես մասնագետներ բարձր գնահատեցին նախաձեռնությունն ու կարևորեցին հետագա համագործակցության հեռանկարները։

Նախաձեռնությանը միացել էին նաև Սոնա Մելիքյանը՝ Soul բրենդի հիմնադիրը, ում հետ հենց միջոցառման ընթացքում սկիզբ դրվեց նոր համագործակցության, ինչպես նաև Սոնա Ավետիսյանը՝ «AVETISYANS Natural Stones» բրենդի հիմնադիրը, որը նույնպես պատրաստակամություն հայտնեց հետագա համատեղ նախաձեռնությունների իրականացման հարցում։

ArevModels-Special-Olimpic-Ayaqs-football.jpeg

Ներկա Էին նաև «Հայկական հատուկ օլիմպիադաների» նախագահը՝ Արտակ Ստեփանյանը, «Ayaqs» ներառական ֆուտբոլային ակումբի տնօրեն և մարզիչ՝ Աննա Սարգսյանը, Մերի Ալեքսանյանը Քայլենք միասին ՀԿ-ի հիմնադիրը, Նունե Աբրահամյանը, մեր արևների լողի մարզիչը։

"ԱրևՄոդելս" ներառական մոդելային գործակալությունը նշում է իր 2 ամյակը