• 30 դեկտեմբեր, 2024
     Հոր տված երեք խրատը

    Հոր տված երեք խրատը

    Ժամանակին լինում է, չի լինում՝ մի մարդ, ունենում է մի մինուճար տղա: Էդ մարդը շատ էր ծերացել, հա՜յ-հա՜յը գնացել, վա՜յ-վա՜յն էր մնացել: Սա ուզում է, քանի ողջ ու կենդանի է, տղային մի արհեստի տա, գուցե իրենից հետո մի կտոր հացի տեր դառնա, գլուխը պահի: Բայց արի տես՝ խեղճ հայրը ինչ բանի դնում է, ինչ արհեստի տալիս՝ բան չի դուրս գալիս, ոչ մի տեղ էլ չի մնում, թողնում է՝ պարապ-սարապ ընկնում փողոցները, ման գալիս:
    - Ջըհանդամը-գյո՜ռ,- ասում է հայրը,- արի դուքան դնեմ, տեսնեմ, գուցե էնտեղ նստում է:- Բերում է տղային խանութում դնում:
    Անց է կենում մի ամիս, երկու ամիս, երեք ամիս, վեց ամիս, մի տարի, էս մարդը հանկարծ հիվանդանում Է, տեղով-բարձով թեք ընկնում: Կանչում է տղային:
    - Ա՛յ որդի,- ասում է,- տեսնում ես՝ հրես մեռնում եմ. ինձնից հետո ի՞նչ պիտի անես. դեռ ջահել ես, աշխարհի խերն ու շառը չես իմանում: Որդի՛,- ասում է,- քեզ ուզում եմ երեք խրատ տալ։ Կլսես՝ դու գիտես, չես լսի՝ էլի դու գիտես, մեղքն ու վարձքը քո շլինքը:
    - Ա՛յ հեր,- ասում է տղան,- կլսեմ, խի՞ չեմ լսի:
    - Ա՛յ որդի,- ասում է,- որտեղ ըլնես, ինչ բանի էլ որ ծառայես, հենց որ ժամի ձենը լսեցիր՝ ձեռիդ ի՛նչ վռազ բան ըլնի, թո՛ղ, գնա ժամ, աղոթք արա. էս՝ մին: Մարդ է, որդի՛, կպատահի՝ ճամփա կգնաս, որ վարար ջուր ռաստ գա՝ առանց ծանոթ մարդի չմտնես, անցկենաս. մի քանի օր էլ ետ ընկի, բան չկա, մինչև սրան-նրան հարցնես, հարցուփորձ անես, մարդ գտնես՝ գա քեզ անփորձանք անցկացնի. էս էլ՝ երկու: Վրա երեքն էլ՝ որդի՛, ինձանից քեզ խրատ, գիշերը իսկի ճամփա չգնաս, հենց որտեղ մթնեց՝ վեր արի, կաց մինչև լուսանա. մի՛ ասի, թե՝ այսինչ գեղը մոտիկ է, գնամ հասնեմ, չէ՛: Հրե՛ս, էս է իմ երեք խրատը. սրանից դենը դու գիտես, կլսես՝ դու գիտես, չես լսի՝ էլի դու գիտես, մեղքն ու վարձքը քո շլինքը:
    Ասում է ու հոգին տալիս: Տղան տանում Է հորը առոք-փառոք՝ ոնց որ կարգն է, թաղում, թողնում գալիս տուն:
    Անց է կենում էսենց մի շաբաթ, երկու շաբաթ, օրեն մի օր էս տղայի ընկերները, որ իր նման առևտրական էին, ճամփի պատրաստություն են տեսնում, ասում են. «Գնանք Թիֆլիս ապրանքի, դուքանի համար ճոթ-մոթ առնենք, բերենք»: Էդ տղան էս որ իմանում է՝ միտք է անում. ինքն էլ հետները վեր կենա գնա, հա՛մ աշխարք տեսնի, հա՛մ էլ՝ նոր ապրանք բերի, խանութը լցնի, ծախի:
    Գալիս է ընկերներին ասում.- Ես էլ եմ ուզում գամ ապրանքի, չե՞ք տանի:
    - Գալիս ես, արի՛,- ասում են,- խի՞ չենք տանի:
    - Ե՞րբ եք ճամփա ընկնում,- հարցնում է:
    - Այսինչ օրը,- ասում են:
    Լա՛վ: Էս տղան ճամփի պատրաստություն է տեսնում, մի ամսվա պաշար վերցնում, քոչ ու բարխանա անում, ընկերների հետ վեր կենում, ընկնում ճամփա դեպի Թիֆլիս:
    Գալիս են, գալիս, հասնում են Թիֆլիս: Էստեղ ամեն մարդ իր առուտուրն անում է, պրծնում, հետո բոլորը վեր են կենում բեռները կապոտում, քոչ ու բարխանա անում, քրեհդարներ բռնում, ետ դառնում գալիս իրենց երկիրը: Բոլորից վերջը մնում է էդ տղան: Դա էլ որ իր առևտուրն անում է պրծնում, ինչ որ խանութի համար պետք էր՝ առնում է, գնում քրեհդարներ կանչում: Գալիս են նրա ապրանքը բարձում ձիերին, հենց որ լույսը բացվում է՝ ընկնում են ճամփա:
    Գալիս են, գալիս են, գալիս են՝ մի օր, երկու օր, երեք օր, մի շաբաթ՝ ճամփին մի վարար ջրի են հանդիպում, էնքա՜ն վարար, էնքա՜ն վարար, հենց իմանաս՝ հետը արյուն էր բերում: Խեղճերը մնացել էին գլխների վրա շիվարած, չէին իմանում ինչ անեն, ինչ չանեն, ո՞նց ջուրն անց կենան: Քրեհդարներն ուզում են անց կենան էն կողմը, տղան չի թողնում, հոր խրատը միտն է բերում, թե. «Վարար ջուր ռաստ գալիս՝ առանց ծանոթ մարդու չանցկենաս»:
    - Չէ՛, ախպեր,- ասում է տղան,- էստեղ բեռները վեր դրեք, գնանք հարցուփորձ անենք, գուցե մի ծանոթ մարդ գտնենք, գա մեզ անփորձանք գետն անցկացնի:
    Քրեհդարներից մեկը էն կողմից ինքն իրեն պարծենում է.- Ի՜նչ կա,- ասում է,- տնաշեննե՜ր, որ էդքան վախենում եք: Էս տեսակ պուճուր, մարմանդ ջրից էլ մարդ վախենա՞: Ուզո՞ւմ եք, առաջ ես ջուրը մտնեմ, հետո դուք:
    Ասում Է ու ձին քշում: Ջուրը մտնելն ու կորչելը մեկ է լինում:
    - Հարա՜յ, մադա՜թ, խեղդվեցի՛՜, հասե՜ք,- ձեն է տալիս էդ քրեհդարը:
    Համա էլ ո՜ւր, բանը բանից անց էր կացել: Ընկերները ի՛նչ անում, չեն անում՝ չեն կարողանում օգնության հասնել: Իրեն էլ, իր ձիուն էլ ջուրը վերցնում քշում, տանում է: Դե հիմի արի տես՝ էն մեկելները ո՜նց են ուրախանում, ո՜նց են ուրախանում, որ տղայի խոսքին ականջ արին, ջուրը չմտան, թե չէ՝ պիտի խեղդվեին:
    Նոր էդ տղան ձին նստում է, քշում գնում մոտիկ գյուղերը, սրան, նրան հարցուփորձ անում, մի ծանոթ մարդ է գտնում, բերում, լավ-լավ նվերներ, շատ փող խոստանում, որ իրենց գետն անցկացնի, հանի էն կողմը: Էդ մարդը դե ջրի ծանծաղ տեղերը գիտեր՝ ոնց որ իր հինգ մատը, ձին նստում ընկնում է առաջ՝ ողջ-առողջ դրանց ջուրն անցկացնում, թողնում գնում իր բանին:
    Թիֆլիսից որ նոր էին դուրս եկել՝ էդ տղային ճամփին մի վաճառական է հանդիպում: Էս վաճառականը իր առևտուրն արել, գնում էր Գյանջա: Էդ տղի խելքն ու շնորքը որ տեսնում է՝ շատ է հավանում:
    - Տղա՛,- հարցնում է վաճառականը,- որդիանցի՞ ես:
    - Այսինչ գեղից եմ,- ասում է տղան:
    - Ինձ հետ ընկեր չե՞ս ըլնի:
    - Խի՞ չեմ ըլնի,- ասում է,- համա հերս մեռնելիս ինձ խրատ է տվել, չեմ իմանում՝ դու էլ համաձայն կըլնե՞ս, թե՞ չէ:
    - Ի՞նչ խրատ է, ասա՝ տեսնեմ. թե ինձ խեր է՝ ձեռ կտա, ի՛նչ պիտի ասեմ, որ համա-
    ձայն չլինեմ:
    - Որտեղ ըլնեմ,- ասում է տղան,- ինչքան վռազ բան էլ ըլնի ձեռիս, հենց որ ժամի զանգը տվին՝ պիտի վեր գցեմ, թողնեմ գնամ ժամ, աղոթք անեմ. էս՝ մի՛ն: Ճամփա գնալիս,- ասում է,- որտեղ մթնի, էնտեղ պիտի վեր գամ, կենամ մինչև լուսանա. էս՝ երկո՛ւ: Վրա երեքն էլ՝ որ,- ասում է,- վարար ջուր ռաստ գալիս՝ առանց ծանոթ մարդի չանց կենամ, ոնց որ դու քո աչքովը տեսար:
    - Տնաշե՛ն,- ասում է վաճառականը,- բան գիտես՝ բան ասա՛, թե չէ՝ էդ տեսակ խելոք խրատներին ո՞վ չի համաձայն ըլնի:
    - Լավ, որ համաձայն ես՝ բաս ես էլ եմ համաձայն: Արի՛ ընկերանանք:
    Ընկերանում են: էստեղ բեռները բաց են թողնում, իրար ապրանք համրում, հաշիվ անում, տղայի ապրանքը վաճառականի ապրանքից քիչ է դուրս գալիս: Դրա համար էլ տղան դառնում է վաճառականի չարեքդարը, այսինքն՝ ինչ որ աշխատեն, չորս բաժնից մեկը նրանը պիտի լինի:
    - Տղա՛,- ասում է վաճառականը,- բաս որ էտենց է, դու վե՛ր, առաջուց գնա Գյանջա՝ պատրաստություն տես, մինչև ես գամ: Հրես քեզ նշան կտամ,- ասում է,- կտանես կտաս կնկանս, կնիկս դուքանի բանալիքը կտա, կգնաս բաց կանես, ավլել կտաս, կմաքրես, որ ես գամ թե չէ՝ հազիր ըլնի, բերենք ապրանքը դարսոտենք, մեր բանին կենանք:
    - Լավ,- ասում է տղան,- կգնա՛մ:Վաճառականը նշանը տալիս է տղային, տղան վերցնում է դնում ծոցը, նստում ձին, յալլա՜ դեպի Գյանջա:
    Գնում է, գնում, շատն ու քիչը ինքը գիտի, գնում է հասնում Գյանջա: Գնում է սրան-նրան հարցուփորձ անում:- Այսինչ վաճառականի տունը ո՞րն է,- ասում է:
    - Հրե՛ս, էս է,- ասում են:- Տղան գնում է դուռը ծեծում, վաճառականի կինը դուրս է գալիս, տեսնում՝ մի ջահել, սիրուն, բոյով-բուսով տղա հրեն էնտեղ կանգնած: Կինը տղային տեսնելուն պես խելքամաղ է լինում, մնում:
    - Ո՞ւմ ես ուզում,- հարցնում է կինը:
    - Այսինչ վաճառականի տունը է՞ս է,- հարցնում է:
    - Հա՛, էս է,- ասում է կինը,- խի՞ որ:
    Տղան նշանը ծոցից հանում է, տալիս կնոջը ու մեկ-մեկ ասում, թե ինքը ով է, ինչ բանի համար է եկել: Կինը որ իմանում է բանն ինչումն է՝ տղային ուրախ-ուրախ կանչում է, տանում տուն:
    - Ա՜յ դու բարով, հազար բարին ես եկե՜լ,- ասում Է կինը,- ամեն ճամփեդ սալամաթ, ո՞նց ես, լա՞վ ես: Ախար, ես մեռա քո ճամփեն պահելով, խի՞ էսքան եդացար:
    Տղան մնում է սառած՝ մտիկ անելով կնոջ երեսին. «Ախպե՛ր,- ասում է ինքն իրեն,- ես ո՞վ, էս կնիկը ո՞վ, որ էսքան հարցուփորձ է անում, խնդում, ծիծաղում, աշխարքով մին ըլնում»:
    Ճիշտ է, կնոջ միտքը ծուռն էր, համա խեղճ տղան միամիտ, սիրտը մաքուր, նրան էնենց էր մտիկ տալիս, ոնց որ իր հարազատ քրոջը:
    Կինը տեսնում է, որ սա իր ասածը չի, էլ ձեն-ծպտուն չի հանում, ոխ է պահում, իր մեջ ասում. «Թող մի մարդս գա, էն վախտը ես գիտեմ, դու»: Գնում է խանութի բանալիքը բերում տալիս տղային, տղան տանում է խանութը բաց անում, պուճախե-պուճախ լավ, սիրուն ջրջրհանում, սրբում, պատրաստում:
    Անց է կենում մի օր, երկու օր, երեք օր, վաճառականը գալիս է տեսնում խանութը սիրուն ջրջրհանած, ավլած, ամեն բան իրա տեղը սարքին-կարգին՝ ուրախանում է, աշխարքով մին լինում, որ էս տեսակ ղոչաղ տղա է ընկել ձեռը: Բերում են էրկուսով բեռները քանդում, ապրանքը լցնում խանութը, ոնց որ կարգն էր՝ դարսոտում են, իրենց առևտուրին, իրենց բանին կենում:
    Անց է կենում միառժամանակ, մի ամիս, երկու ամիս, երեք ամիս, օրեն մի օր վաճառականի կինը կպչում է մարդու օձիքից.- Ա՛յ մարդ,- ասում է.- քեզ մի գաղտնիք պիտի ասեմ:
    - Ասա՛,- ասում է,- ա՛յ կնիկ, ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ասում:
    - Պիտի էդ տղին,- ասում է,- հեռացնես, որ նրա երեսը էլ չտենամ:
    - Խի՞, ա՛յ կնիկ, քեզ ի՞նչ է արել,- ասում է մարդը:
    - Բա չե՞ս ասի,- ասում է,- ըսե՜նց, ըսե՜նց բան, ուզում էր իմ «հալալը հարամի»,- նստում է մարդին մեկ-մեկ պատմում, մեկին երկու ավելացնում:
    - Ղո՞րթ:
    - Ղո՛րթ:
    - Բա ո՞նց անեմ, ա՛յ կնիկ, էս տեսակ աչքաբաց, զալում տղին ո՞նց դուրս անեմ, գիտե՞ս, էս մի քանի ամսում ինձ աշխարքի խեր է տվել: Բացի էդ,- ասում է,- մի տարով եմ պայման դրել, որ դուրս էլ անեմ, պիտի սաղ տարվա հախը տամ:
    - Դու գիտես, ա՛յ մարդ,- ասում է կնիկը,- դուրս կանես՝ լա՛վ, չես դուրս անի՝ ես գլուխս կառնեմ, մոտիցդ կկորչեմ:
    Խեղճ մարդը մնացել էր երկու ջրի արանքին, չէր իմանում ինչ անի, ինչ չանի: Տղային դուրս աներ՝ պիտի ամբողջ տարվա վարձը տար, դուրս չաներ՝ չէր լինի, կնոջ ձեռիցը չպիտի պրծներ:
    Միտք Է անում, միտք է անում, վերջն ասում է.- Գուցե կարենամ էդ տղին մի կողմով կորցնեմ, կամ սպանել տամ, թե չէ՝ էլ ուրիշ ճար, հնար չկա:
    Էդ վաճառականը իրենց տանը մի փուռ ուներ: Վեր է կենում գնում փռնչու մոտ, ասում.- Փռնչի՛, քեզ մի բան կասեմ, պիտի ականջ անես:
    - Աչքիս վրա՛, աղա ջա՛ն, էրկուսն ասա՛,- ասում է փռնչին:
    - Էգուց առավոտ շուտ, մեկին կղրկեմ մոտդ, կգա կհարցնի, թե. «Աղաս ասում էր՝ ինչ որ հրամայեցի, արեցի՞ր, թե՞ չէ»: Էս որ կասի, էլ մտիկ չես տա, էն սհաթը վեր կունես
    դրան սաղ-սաղ կկոխես փուռը:
    - Լա՛վ, - ասում Է փռնչին,- դու ղրկի, նրանից դենը ե՛ս գիտեմ:
    Իրիկունը տղան խանութից գալիս է տուն, վաճառականը նրան, որ ասես, բան չի ասում, իբր թե բանից տեղյակ չէ: Կինը բերում է սեղան բացում, նստում են ուտում, կշտանում, հետո դեսից-դենից ասում, խոսում են, զրից անում, մինչև քնելու ժամանակը:
    Քնելու ժամանակը որ գալիս է՝ վաճառականը տղային ասում է.- էգուց առավոտ շուտ կգնաս մեր փռնչու մոտ, դուռը կծեծես, կհարցնես. «Աղես ինչ որ հրամայել է՝ արել ե՞ս, թե՞ չէ», կասես ու կգնաս քո բանին:
    - Լա՛վ,- ասում է տղան,- կգնամ կասեմ:
    Պառկում են քնում: Տղան, որ բանից տեղյակ չէր, առավոտը շուտ վեր է կենում, շորերը հագնում, երեսը լվանում, գնում փռնչու մոտ, որ վաճառականն ինչ ապսպրել էր՝ ասի: Քարը վերցնում է, որ դուռը ծեծի, մին էլ տեսնում է. ծը՜նգ, ծը՜նգ՝ եկեղեցու զանգերը տվին: Իսկույն քարը ձեռիցը վեր է գցում, հոր խրատը միտն է ընկնում, ասում է. «Գնամ ժամ, կենամ մինչև ժամը դուրս գա, էն ժամանակ էլ փուռը բաց կըլնի, կգամ կասեմ»: Թողնում է գնում եկեղեցի:
    Վաճառականի կինը առավոտը շուտ վեր է կենում, նոր շորերը հագնում, լավ, սիրուն զուգվում-զարդարվում, աղոթք անում (աղոթքը գլխին խռով կենա), ասում. «Գնամ մի փռնչուն հարցնեմ, տեսնեմ՝ մարդիս ասածը արե՞լ է, թե՝ չէ»: Մի քանի անգամ ծունր է դնում, երեսին խաչ հանում, դուրս գալիս գնում փռնչու մոտ, դուռը ծեծում:
    - Էդ ո՞վ է,- ձեն է տալիս փռնչին:
    - Ես եմ,- ասում է,- դուռը բա՛ց արա:
    Փռնչին դուռը բաց է անում, տեսնում՝ իր տիրոջ կինը:
    - Հը՜,- հարցնում է կինը,- աղեդ քեզ բան էր հրամայել, արեցի՞ր, թե՞ չէ:
    Փռնչին էլ ձեն-ծպտուն չի հանում, իսկույն վեր է կենում կնոջը սաղ-սաղ կոխում թեժ փուռը: Խեղճը հենց իմանում Է, թե աղեն դրա համար է պատվիրել: «Ո՞վ գիտի,- միտք է անում ինքն իրեն,- գուցե մի մուխանաթություն է արել մարդուն, նա էլ ուզում է դրան կորցնի»:
    Եկեղեցուց դուրս է գալիս պրծնում, տղան գալիս է փռնչու մոտ:
    - Փռնչի՛,- ասում է, -- աղեդ ինչ որ պատվիրել էր՝ արեցի՞ր, թե՞ չէ:
    - Հա՛,- ասում է փռնչին,- արեցի՛:
    Տղան թողնում է գալիս տուն, վաճառականին պատասխան տանում, թե փռնչուն ինչ որ հրամայված էր՝ արել է: Ասում է, ետ գալիս գնում խանութը բաց անում, իր առևտուրին, իր բանին կենում:
    Վաճառականը որ տեսնում է՝ տղան սաղ-սալամաթ ետ էկավ, տեղնուտեղը մատը կծում է. «Կա-չկա,- ասում է,- էստեղ մի բան կա», վեր է կենում գալիս փռնչու մոտ:
    - Փռնչի՛,- ասում է վաճառականը,- էդ ո՞ւմ ես կոխել փուռը:
    - Աղա՛,- ասում է փռնչին,- դու չասեցի՞ր՝ առավոտը ով կգա մոտդ, ըսենց-ըսենց կասի, վեր կունես կկոխես փուռը: Առավոտը կնիկդ եկավ, ոնց որ ասել էիր, էնենց հարցրեց, ես էլ անսաս վեր կալա գցեցի թեժ փուռը:
    - Ա՜յ-հարա՜յ,- ձեն է տալիս վաճառականը,- քո տունը քանդվի, ոնց որ իմ տունը քանդեցիր, թողիր:
    Խեղճը շատ է գլխին տալիս, լաց լինում, համա էլ ո՞ւր, բանը բանից անց էր կացել: Թողում է փոր-փոշման, դառը-տխուր գալիս տուն:
    Իրիկունը տղան խանութից գալիս է տուն:
    - Տղա՛,- ասում է վաճառականը,- քեզ մի բան պիտի հարցնեմ, համա որ դրուստը չես ասել՝ էլ ձեռիցս չես պրծնի:
    - Ասա՛,- ասում է տղան,- կասեմ, խի՝ չեմ ասի:
    - Դու արի դրուստն ասա՝ քո ու կնկանս արանքը ի՞նչ է անցկացել:
    Տղան առաջ չեմ ու չում է անում, չի ուզում խոսք բացի, մտածում է՝ գուցե թաքցնի, համա որ տեսնում է՝ չէ՛, բանը ուրիշ տեսակ է, տերը ամեն բան գիտի, էլ չի կարողանում պահի, ասում է. «Հալ-նաղլ՝ ըսե՜նց, ըսե՜նց, ըսե՜նց բան»: Նստում է մեկ-մեկ պատմում է, ոնց որ ես ձեզ պատմեցի:
    - Լավ,- ասում է վաճառականը,- ես քեզ հավատում եմ. համա որ դու իմ կնկա կորչելու պատճառն էլար, սրանից դենը քո աշխատանքը ինձ հարամ է կացել: Որ ոտից մինչև գլուխ ոսկի էլ դառնաս՝ ինձ պետք չես: Հրե՛ս,- ասում է,- էս քո ողջ տարվա թամամ հախը, ապրանքից էլ ինչ որ քեզ կհասնի՝ վեր կունես կգնաս քո երկիրը: Աստոծ քեզ էլ բարին տա, ինձ էլ:
    - Լա՛վ,- ասում է տղան,- որ ուզում ես՝ ըտենց կանեմ:
    Հաց են ուտում պրծնում, պառկում են քնում: Առավոտը լուսը բացվում է թե չէ՝ տղան վեր է կենում գնում խանութ, դուռը բաց է անում, ապրանքից ինչ որ իրեն հասնում էր՝ չորսից մեկը վերցնում է, նորից դուռը փակում, բերում բանալիքը տալիս վաճառականին, մնաս բարով անում, գալիս քրեհդարներ բռնում, ապրանքը բարձել տալիս, ընկնում ճամփա՝ դեպի իրենց գյուղը:
    Գալիս է, գալիս է, գալիս է, հենց էն է՝ հասվեհաս է լինում, գյուղի մոտ մութը գետինը կոխում է:
    - Քրեհդարնե՛ր,- ասում է տղան,- բեռները վեր դրեք էստեղ, վրան խփենք՝ կենանք, մինչև լուսանա, նոր վեր կենանք ճամտա ընկնենք:
    - Տնաշե՛ն,- ասում են քրեհդարները,- էլ էստեղ ի՞նչ կա, որ կենանք, հրեն գեղը երևում է:
    - Չէ՛, որ չէ՛,- ասում է տղան,- հերս խրատ է տվել, որ գիշերը ճամփա չգնամ:
    Ինչ անում, չեն անում՝ չի լինում, տղան չի համաձայնում: Դե նրանք էլ ինչ պիտի ասեին. բերում են բեռները իջեցնում, վրան խփում, մնում: Գիշերվա մի ժամանակ տղան վեր է կենում, ասում. «Տենամ՝ քրեհդարները քնե՞լ են, թե՞ չէ, հո գող, հարամի չկա՞»: Բեռների չորս բոլորը ման է գալիս, է՛ս կողմ գնում, է՛ն կողմ գնում, մին էլ տեսնում է՝ հրեն գյուղից մի մարդ լապտերը ձեռին, մի բան էլ ուսին, վազում է դեպի գերեզմանները: Ասում է. «Արի հետևեմ, տեսնեմ՝ էս մարդը էս գիշերվա կեսին ո՞ւր է գնում»: Էդ օրն էլ էնպես մի զուլում մթնագիշեր է լինում, որ մատդ մարդու աչքը կոխեիր՝ չէր իմանա: Տեսնում է՝ էդ մարդը գալիս է, գալիս, հասնում է գերեզմաններին: Էնտեղ դե՛ս է ընկնում, դե՛ն է ընկնում,
    մի քար է գտնում: Էդ քարը բարձրացնում է, բահով տակը փորում, ուսի բանը դնում փոսում, հորում, քարն էլ զգույշ գցում վրան, թողնում, գյուղի ճամփան բռնում, գնում: Տղան էս որ տեսնում է, ուրախանում է՝ աշխարքով մին լինում: Խեղճը հենց գիտեր՝ էն մարդը գանձ կամ ապրանք է բերել, էն քարի տակին հորել, ասում է. «Գնամ կհարստանամ, մալ ու դովլաթի տեր կըլնեմ»: Դե՛ս է մտիկ տալիս, դե՛ն է մտիկ տալիս, տեսնում է՝ քրեհդարները էնենց խռմփալեն քնած են, որ ոտներիցը բռնեիր դեն գցեիր՝ չէին իմանա: Նրանց թողնում է էնտեղ քնած, լապտերը վառում, կամաց-կամաց գնում դեպի գերեզմանները: Ման է գալիս, էն քարը գտնում, զգույշ բարձրացնում է, տակը մի քիչ տեղ քանդում, էնտեղ պահված բանը հանում, դնում ուսին, բերում վրանը: Բաց է անում, ի՜նչ տեսնի՝ մի սիրուն, նախշուն հուրի-փերի աղջիկ, թագավորի աղջկան վայել շորեր հագին, վիրավորված՝ արյունաշաղախ, դաշույնն էլ կողքին դրած: Ձեռը դնում է սրտին, տեսնում է, ըհը՜, սիրտը խփում է: «Բաս լավ է,- ասում է,- դեռ սաղ է, շուտ սրան մի ճար անեմ»:
    Դե, քրեհդարներին ի՜նչ, նրանք իրենց քրեհի տերն էին, ձիերը բարձում են ընկնում
    ճամփա:
    Գալիս են, գալիս են, մի օր, երկու օր, երեք օր, մի շաբաթ՝ գալիս են հասնում մի ուրիշ քաղաք: Էստեղ տղան իր ապրանքը բոլորը ծախում է, փող շինում, քրեհդարների վարձը տալիս, ճամփու դնում, առանձին սենյակ վարձում, ապրում: Հետո էդ քաղաքում ինչքան հեքիմ կար, բոլորին էլ կանչում է. «Ի՛նչ ուզեք՝ կտամ,- ասում է,- միայն թե՝ էս աղջկան մի ճար անեք»:
    Էդ հեքիմները խելք խելքի են տալիս, դեղ ու դիր են անում, հա՛յ դես, հա՛յ դեն, գիշեր-ցերեկ չարչարվում են մի ամիս, երկու ամիս, երեք ամիս, կամաց-կամաց հիվանդը լավանում Է, վեր կենում,  ման գալիս, դառնում ոնց որ մորեն մեկ: Հեքիմներին բոլ փող է տալիս, ճամփու դնում, գնում են: Մինչև այդ տղան չէր իմանում՝ էդ աղջիկն ո՞վ է, ո՞վ չի, ծնողներ ունի՞, չունի՞, կամ ո՞նց է պատահել, որ սրան վիրավորել են, բերել են գերեզմանաքարի տակ դրել, թողել գնացել: Որ լավ լավանում է պրծնում, նոր՝ աղջկան հարցուփորձ է անում:
    Աղջիկը նստում է մեկ-մեկ, տեղը-տեղին պատմում իր գլխով անց կացածը:
    - Ես,- ասում է,- թագավորի աղջիկ եմ: Հերս մի սառաֆ ուներ: Էդ սառաֆի տղեն աչք էր դրել վրես, ուզում էր ինձ առնի: Դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ, մարդիկ մեջ գցեց, ինչ արեց-չարեց՝ չէլավ, հերս համաձայն չեղավ: Էդ օրվանից սառաֆի տղեն հետս ինադ ընկավ: Օրեն մի օրը իմ ղարավաշների հետ գնացել էի գեղից դուրս ման գալու: Հենց գեղիցը մի քիչ հեռացանք, մին էլ էն տեսանք՝ մի քանի ձիավոր էն կողմիցը դուրս եկան, ձիանոց գլուխը բաց թողեցին ու յալլա՜ դեպի մեզ: Էս որ տեսան՝ ղարավաշներս թողին փախան, ես մնացի մեն-մենակ: Էդ ձիավորները եկան հասան, տեսա՝ դրանցից մինը էն սառաֆի տղեն է: Ձիանոցից վեր եկան, ձեռ ու ոտս կապեցին, վեկալան տարան: Ես ուշաթափ էլա, մնացի: Էլ միտս չի՝ ո՞ւր տարան, ի՞նչ արին, ի՞նչ չարին, մենակ էս է միտս, որ աչքս բաց արի՝ տեսա քո մոտ եմ:
    - Ղո՞րթ ես ասում, աղջի՛, թե՞ սուտ,- հարցնում է տղան:
    - Ղո՛րթ:
    - Բա որ էտենց է, դու իմն ես, ես քոնը,- ասում է տղան:
    Գնում է էն րոպեին տերտեր կանչում: Տերտերը դրանց պսակում է՝ դառնում են մարդ ու կին: Էդտեղ մի քանի ժամանակ մնում են, հետո միտք են անում, ասում են. «Վեր կենանք գնանք մեր քաղաքը, տեսնենք՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա»: Համա կնկա միտքն ուրիշ էր, նա ուզում էր սառաֆի տղայից ոխը հանի,մոր սիրտը հովանար: Պատրաստություն են տեսնում, ինչ ունեին-չունեին կապոտում են, ընկնում ճամփա՝ դեպի իրենց քաղաքը:
    Գալիս են, գալիս են, մի օր, երկու օր, երեք օր, մի շաբաթ՝ հասնում են իրենց քաղաքը: Էստեղ աղջկա ծնողներից թաքուն առանձին մի սենյակ են վարձում, ապրում: Անց է կենում միառժամանակ: Տղայի ձեռքի փողը հատնում է, չի իմանում՝ ի՞նչ անի, ի՞նչ չանի, ո՞ւմ դուռը գնա մի քիչ փող ուզի, որ յոլա գնան: Ըսենց օրեն մի օր տղան դառը-տխուր նստել էր մտքի հետ ընկել:
    - Ա՛յ մարդ,- ասում Է թագավորի աղջիկը,- ի՞նչ ես միտք անում, ասա տեսնեմ դարդդ ի՞նչ է, խի՞ ես ըտենց դառը-տխուր նստել, չըլնի՞ ձեռիդ ծախսի փողը պրծել է, դրա համար ես միտք անում:
    - Հա՛,- ասում է,- ա՛յ կնիկ, քեզանից պահեմ, Ասսանից ինչ պահեմ, ամեն ինչ վերջացել է, ո՛չ փող կա, ո՛չ բան: Միտք եմ անում, թե՝ մեր վերջը ի՞նչ պըտի ըլնի: 
    Թագավորի աղջիկն էս որ լսում է՝ էն րոպեին ձեռը տանում է մազերի միջից մի ակն է հանում տալիս նրան:
    - Ա՛ռ,- ասում է,- էս ակը կտանես բազար, կտաս թագավորի սառաֆի տղին:- Ի՞նչ արժի,- կհարցնես: Կասի. «Հազար էրկու հարիր մանեթ»:- Բաս որ ըտենց է,- կասես,- վեց հարիր մանեթ տուր, էն վեց հարիրն էլ՝ քեզ փեշքեշ:- Սրանից բացի,- ասում է,- ով գիտե, եթե սառաֆի տղեն քեզ կանչի ասի. «Գնանք մեր տուն հյուր», կգնաս, համա ընենց կանես, որ էգսի օրն էլ դու նրան բերես մեր տուն: Իմացա՞ր:
    - Իմացա՛,- ասում է տղան,- ոնց որ ասեցիր՝ էնենց Էլ կանեմ:
    Ակը ձեռիցն առնում է, վեր կենում գնում շուկա: Դե շորը-մորը փոխել էր, ուրիշ կերպարանք մտել, որ ասես՝ մարդ չի ճանաչում նրան: Տանում Է ուղիղ թագավորի սառաֆի տղայի մոտ, ակը հանում է ցույց տալիս:
    - Էս ակն ի՞նչ արժի,- հարցնում է:
    - Հազար էրկու հարիր մանեթ,- ասում է սառաֆի տղան:
    - Բաս որ էտենց է,- ասում է,- վեց հարիր մանեթ տու, վեց հարիրն էլ՝ քեզ փեշքեշ. համաձայն ե՞ս:
    - Համաձա՛յն եմ,- ասում է սառաֆի տղան: Էն սհաթը ուրախ-ուրախ հանում է վեց հարյուր մանեթը նաղդ համրում, ակը ձեռիցն առնում, դեռ իր միջին էլ ծիծաղում նրա վրա, թե՝ էս մարդը գիժ է, ի՜նչ Է, որ էս տեսակ թանկ ակը բերել է կեսգին ծախում: Իրիկունը որ գալիս է տուն՝ հորը մեկ-մեկ պատմում է.- Բա չես ասի,- ասում է,- ա՛յ հեր, ըսե՜նց-ըսե՜նց բան, էսօր մի տղա բերեց հազար էրկու հարիր մանեթանոց ակը վեց հարուրով ծախեց, ես էլ՝ առա:
    - Ա՛յ որդի,- ասում է հայրը,- բա խի՞ չէիր էն տղին կանչում բերում տուն, որ լավ պատիվ տայինք, ընենց ճամփու դնեինք: Որդի՛, դեռ հլա ջահել ես, չես իմանում, որ էդ տեսակներից մարդ տեղն ընկած վախտը շատ խեր կտենա:
    - Լա՛վ, ա՛յ հեր,- ասում է,- որ մին էլ ռաստ գա՛ կբերեմ:
    Անցնում է միառժամանակ, օրեն մի օրը թագավորի աղջիկը տղային էլի ուղարկում է շուկա, ասում.- Է՛ս առ, է՛ն առ, է՛ս բեր, է՛ն բեր,- մի խոսքով՝ ինչ որ պետք էր, փող է տալիս, որ գնա առնի:
    Էս տղան էլի շորերը փոխում է, դուրս գալիս գնում շուկա: Դե՛ս է ման գալիս, դե՛ն է ման գալիս, ինչ որ կինը պատվիրել էր՝ առնում է, թողնում գալիս տուն: Ճամփին սառաֆի տղանմսրան պատահում է, ասում.- Այ բարո՜վ, հազար բարի՜ն, քեֆը՜դ, հալը՜դ, ո՞նց ես, լա՞վ ես:
    - Փառք Ասսո՛ւ,- ասում է,- կանք, էլի՜:
    - Ի՞նչ կըլնի,- ասում է սառաֆի տղան,- արի էսօր գնանք մեր տուն, շատ ժամանակ է իրար չենք տեսել, դեսից-դենից կխոսենք, զրից կանենք, մինչև օր է՝ կմթնի, էլի՛:
    - Լավ,- ասում է,- սառաֆի տղա, էսօր որ ես ձեր տունը գամ՝ խոսք տալի՞ս ես, որ էգուց էլ դու գաս մեր տուն:
    - Խոսք եմ տալիս,- ասում է սառաֆի տղան:
    - Դրո՞ւստ:
    - Դրո՛ւստ:
    - Բաս որ էտենց է՝ գնա՛նք:
    Վեր է կենում գալիս սառաֆի տունը: Գալիս են տուն, նստում են դեսից-դենից խոսում, զրույց անում՝ մինչև ճաշի ժամանակը գալիս է: Բերում են սեղան բաց անում՝ նստում են հացի: Սառաֆի տղան իր հյուրին լավ պատիվ է ցույց տալիս: Ուտում են, խմում, էնենց որ հալից ընկնում են: Դե տղան էլ էդ հալին հո վեր չէր կենա գնա իրենց տուն, հենց էդտեղ գիշերը մնում է:
    Մնում է, առավոտը վեր է կենում, սառաֆի տղային ասում.- Սառաֆի տղա, հիմի ի՞նչ ես ասում, գալիս ե՞ս մեր տունը հյուր, թե՞ չէ:
    - Գալիս եմ,- ասում է սառաֆի տղան,- գնանք:- Վեր են կենում գալիս:
    Գալիս են տուն: Թագավորի աղջիկը տղային տեսնելուն պես իսկույն ճանաչում է, գնում է թաքնվում, ասում է. «Վա՜յ թե ինձ տեսնի՝ բան հասկանա»: Երկուսով նստում են, ասում, խոսում, զրույց անում: Մինչ այդ թագավորի աղջիկը կերակուր է եփում, սեղան պատրաստում: Տղան տանում է սփռոցը փռում, կերակուր ածում, բերում դնում իրենց առաջ: Նստում են ուտում, խմում՝ քեֆ անում, ջա՜ն ասում, ջա՜ն լսում մինչն կեսգիշեր: Սրանք որ շատ խմում են, գինովանում՝ հենց տեղնուտեղը թեք են ընկնում, քնում: Դե հո՛ գինովը, հո՛ մեռելը մեկ է, որ ոտից բռնես քաշ տաս՝ չի իմանա:
    Գիշերվա մի ժամանակ թագավորի աղջիկը վեր է կենում, էն արյունոտ դաշույնը վերցնում, գնում սառաֆի տղայի գլխավերնը կանգնում: Տեսնում է՝ խռմփալեն քնած է, դաշույնը որ չի կոխում փորը, մի քանի անգամ էլ պտույտ տալիս, աղիք-մաղիք խառնում, տեղնուտեղը հոգին տալիս է: Նոր՝ մարդուն բոթում է վեր կացնում: Մարդը վեր է կենում տեսնում ի՛նչ՝ սառաֆի տղայի դիակը կողքին երկեն մեկնված, արյունի մեջ կորած:
    - Ա՛յ կնիկ,- ասում է,- էս ի՜նչ զուլում բերիր մեր գլուխը: Հիմի հո մենք հոգեց-հոգի կորանք:
    - Բան չկա,- ասում է կինը,- դրան տեղն է, ես հո վրեժս հանեցի, սրանից դենը ինչ ուզում է՝ ըլնի: Մի շորի մեջ էդ դիակը կփաթաթես,- ասում է,- կտանես գերեզմանները ման կգաս, էն գերեզմանաքարը կգտնես, որտեղ ինձ բերել էին հորել, տակը լավ կքանդես, կդնես էնտեղ, կթողնես կգաս:
    Մարդն էլ տեսնում է, որ հնար չկա, կնոջ ասածը պիտի անի, բերում է էդ դիակը մի շորի մեջ փաթաթում, դնում ուսին, տանում գերեզմանները՝ դես-դեն ընկնում, ման գալիս, էն քարը գտնում, բարձրացնում, տակը քանդում, դիակը դնում էնտեղ, հողը վրա տալիս, քարը նորից գցում վրան, թողնում գալիս տուն:
    Առավոտը լույսը բացվում է թե չէ՝ կինն ասում է մարդուն.- Ա՛յ մարդ, սրանից դենը էստեղ մնալը հարամ է, պըտի գլուխներս առնենք գնանք ուրիշ երկիր, թե չէ՝ որ իմացան, բանը բացվեց, վայն եկել է մեզ տարել: Կգնաս,- ասում է,- ինձ համար մի ձեռք տղամարդի շոր կառնես, թուր, զենք, մի հատ էլ լավ քյահլան ձի, ճամփի համար ինչ պետք է կառնես, վեր կենանք գնանք Ստամբոլ, էնտեղ կենանք, տեսնենք՝ վերջներս ինչ է ըլնում:
    - Լա՛վ, ա՜յ կնիկ,- ասում է մարդը,- թող էտենց ըլնի, գնամ առնեմ:
    Էս մարդն էլ շորերը փոխում է, վեր կենում գնում շուկա, դես է ման գալիս, դեն է ման գալիս, կնկա համար մի լավ ձեռք տղամարդի շոր է առնում, զենք է առնում, երկու էլ լավ ձի, թողնում գալիս է տուն:
    Էդ գիշեր էդտեղ մնում են, ճամփի պատրաստություն տեսնում, ինչ ունեին-չունեին բերում պատրաստում, առավոտը դեռ լուսնումութը չբաժանված՝ մարդ ու կնիկ վեր են կենում ձիերը նստում ու գնում:
    Գնում են, գնում, մի օր, երկու օր, երեք օր, գալիս են մի չայիր-չիման տեղ, մի աղբրի մոտ վեր գալիս, մի քիչ հանգստանում, որ հաց-մաց ուտեն, նորից վեր կենան գնան իրենց ճամփեն: Թագավորի աղջկա վրան էլ հալ չէր մնացել՝ բեզարել էր, թուլացել մնացել: Հաց որ ուտում են պրծնում՝ աղջիկը գլուխը դնում է տղայի ծնկանը, ասում. «Մի քիչ աչքս կպցնեմ, հանգստանամ»: Տղան տեսնում է, որ քնում է, ինքն էլ իրա դարդի հետ է ընկնում:
    -Հրե՛ս,- ասում է ինքն իրեն,- ձեռներիս փողը պրծնում է, սրանից դենը ի՞նչ պիտի անենք: Կնիկս,- ասում է,- էն անգամ, որ մի ակը տվեց տանեմ ծախեմ, իրա մազերի միջիցը հանեց: Արի մի ման գամ, տեսնեմ՝ նրանից է՞լ կա, թե՞ հենց էն էր, որ տվեց:
    Ականջ է դնում, տեսնում է՝ խռմփալեն քնած է, զգույշ ձեռը տանում է մազերը՝ դե՛ս քրքրում, դե՛ն քրքրում, մին էլ ի՜նչ տեսնի՝ մի կարմիր մահուդի կտոր, վրան յոթ-ութ ակը շարած, էնենց էլ մի շողշողում են, ֆռֆռահար գալիս, որ քիչ է մնում՝ մարդի աչքը կուրացնեն:
    Էս որ տեսնում է՝ նոր մի քիչ սիրտը հանգստանում է, տեղն ընկնում: Քրտնած մատներով որ բռնել էր՝ ակները մի քիչ սևացել էին, ասում է. «Դնեմ արևը չորանա, վերցնեմ պահեմ»: Մահուդի կտորը վերցնում դնում է արևը: Որտեղից որտեղ մի ագռավ վեր է գալիս՝ հենց իմանում է միս է, մահուդի կտորը կտցում է, թռչում: Տղան ընկնում է հետևից, թը՜ռ, հա թը՜ռ, թը՜ռ, հա թը՜ռ, համա էլ ո՞ւր, տարավ՝ տարավ: Շատ է գլխին վա՜յ տալիս, լաց լինում, բայց էլ ինչ՝ բանը բանից անց էր կացել: Մնում է շվարած, չի իմանում՝ ի՞նչ անի, ինչպե՞ս կնկա երեսին երևա: Միտք է անում, միտք անում, վերջն ասում է. «Լավն էն է՝ գլուխս վերցնեմ գնամ մի տեղ աշխատանք անեմ, մի քիչ փող հավաքեմ, նոր՝ էնտեղից
    գնամ Ստամբոլ»: Գիտեր, որ ետ ու առաջ թագավորի աղջիկն էլ կգա Ստամբոլ, ասում է. «էնտեղ իրար կգտնենք»: Էսենց էլ անում է, կնոջ գլուխը ծնկան վրայից զգույշ իջեց-
    նում դնում է գետնին, բերում է ձին թամքում, նստում ու գնում:
    Գնում է, գնում Է, գնում՝ մի օր, երկու օր, երեք օր, մի շաբաթ, լույս է գնում, մութ է գնում՝ դուրս է գալիս Թիֆլիսա քաղաքը: Էստեղ իր ձին, զենքերը բոլորը ծախում է, փող շինում, որ նրանով մի քանի օր ապրի, մինչն մի աշխատանք ճարելը: Դե՛ս է ընկնում, դե՛ն է ընկնում, սրա՛ն հարցնում, նրա՛ն հարցնում՝ վերջը մի հարուստ մարդու է հանդիպում:
    - Ախպեր,- հարցնում է էդ հարուստ մարդը,- այգեպան չե՞ս ըլնի:
    - Խի՞ չեմ ըլնի, աղա՛,- ասում է տղան,- զաթի ես էլ՝ գեղացի, ռանչպար մարդ, հենց էդ իմ սիրած փեշակն է:
    Խոսում են, պայման կապում՝ տարեկան երեսուն մանեթ, վրան էլ մի ձեռք շոր:
    Էս մեր այգեպանը Թիֆլիսա քաղաքումը մնում է, էդ հարուստ մարդու այգին մշակում, ժամանակին ջրում, քաղհանում, էտում, թաղում, բացում, գլուխներդ ինչ ցավացնեմ, այգումն ինչ չարչարվում էր՝ չարչարվում, իրիկունն էլ գալիս էր նրանց տան բանին հասնում, առաջները ծառայում: Էնենց որ բոլորն էլ նրան շատ են սիրում: Էսենց մի քանի տարի ապրում է սրանց մոտ, մի քիչ փող է աշխատում, վերջը միտք է անում, ասում. «Գնամ կնկանս հավարին, աշխարհե-աշխարհ, երկրե-երկիր ման գամ, գուցե գտնեմ»:
    Էդ հարուստ մարդը շատ է խնդրում, թե՝ մի տարի էլ կաց, մի գնա:
    Չի լինում, ասում է.- Չեմ կարող, որ չեմ կարող, մուրազ ունեմ, պիտի գնամ:
    Դե հարուստն էլ ինչ պիտի ասեր. տեսնում է, որ չի լինում, բերում է նրա փողը տալիս, մի ձեռք էլ լավ շորեր առնում, հագցնում, ճամփու դնում: Այգեպանը հենց նոր էր ոտը շեմքից դուս դրել՝ հարուստը ձեն է տալիս:
    - Տղա՛,- ասում է,- մտիցս ընկել էր, մեր այգումը մի չոր բարդի կա, մի գնա կտրի, կոտորի, ցախ արա, լցրու սելը, բեր տուն, հետո գնում ես՝ գնա՛, Աստոծ քեզ հետ:
    - Աչքիս վրա՛, աղա՛,- ասում է այգեպանը,- էստեղ ի՞նչ կա, որ քո խաթրը կոտրեմ, էսօր չեմ գնա, էգուց կգնամ, մին չի՞:
    Ետ է դառնում գալիս տուն, սայլը լծում, կացինը վերցնում, պարանը գցում վրան, քշում դեպի այգին: Մտնում է այգին, կացինը վերցնում գնում տիրոջ բարդին կտրում, կոտորում, բարձում սայլը, հետո ուզում է ծառի մանրուքը հավաքի, տեսնում Է, ըհը՜, ագռավի տարած մահուդի կտորը՝ ակները բոլորը վրան, էդ մանրունքի մեջ: Դու մի՛ ասի՝ էն ագռավի բույնը էդ բարդու ծայրին է եղել, մահուդի կտորը որ կտցել է, բերել է իր բույնը:
    - Փառքդ շա՜տ ըլնի,- ասում Է,- Աստո՛ծ, որ իմ ապրանքը նորից ինձ ղսմաթ արիր: Էս անգամ պարզերես կգնամ կնկանս մոտ:
    Ակները շորի մեջ պինդ փաթաթում է, գիշերն էլ էնտեղ մնում, նոր մյուս առավոտը ծեգին վեր է կենում, ուրախ-ուրախ ճամփա ընկնում դեպի Ստամբոլ:
    Սրան թողնենք գնա, գանք լուր տանք թագավորի աղջկանից:
    Թագավորի աղջիկն էլ որ աչքը բաց է անում, տեսնում է՝ ոչ ոք չկա, մարդու ձին էլ էնտեղ չի: Նստում է հոնգուր-հոնգուր լաց լինում: Ձեռը տանում է մազերը, տեսնում է՝ խճճված, ու ակներն էլ միջին չեն:
    - Հե՜յ գիտի աչքածակ մարդ,- ասում է,- քնած վախտս ակները հանել է, գլուխը առել, փախել:
    Խեղճը մնում է, մնում, ասում է. «Ո՞վ գիտե, գուցե մարդս գալիս է»:
    Սպասում է մի ժամ, երկու ժամ, երեք ժամ, վերջը էնքան մնում է, որ մութը գետինը կոխում է: Տեսնում է՝ ո՛չ մարդ կա, ո՛չ բան: Նոր վեր Է կենում, դառը-տխուր ձին նստում, ընկնում ճամփա: Գալիս է, գալիս, հասնում է Ստամբոլա քաղաքը: Ձեռին էլ շատից-քչից փող է մնացած լինում, բերում է էստեղ էդ փողովը մի փուռ է բաց անում, հաց ծախում, բացի դրանից՝ մի հատ էլ քարվանսարա է շինել տալիս, որ քաղաքում ինչքան քյասիբ-քյուսուբ օտար մարդ լինի, գա էդտեղ ապաստան գտնի: «Գուցե,- ասում է,- էսպիսով կարենամ մարդիս գտնել»:
    Մեր այգեպանն էլ որ մի քանի տարուց հետո ոտը դնում է Ստամբոլա քաղաքը՝ գնում է սրան-նրան հարցնում, թե.- էնտեսակ էժան քարվանսարա չե՞ք իմանում, գնամ վեր գամ:
    - Հրեն ֆլան տեղն,- ասում են,- ֆլան մարդը ղարըբանոց է շինել: Քյասիբ-քյուսուբ ղարիբ մարդիկ գնում են էնտեղ, կենում. ո՛չ փող են տալի, ո՛չ բան: Ուզում ես՝ դու էլ գնա:
    Նա էլ էս տեսակ բանի էր ման գալիս, ուրախ-ուրախ վեր է կենում, գնում։ Հարցնելով-հարցնելով ման է գալի, էդ քարվանսարան գտնում։
    - Ղարիբ եմ, անճար եմ,- ասում է այգեպանը,- չի՞ ըլնի՝ մի տեղ տաք, հանգստանամ։
    - Խի՞ չի լինի,- ասում են։ Բերում են սրան մի սենյակ տալիս, որ կենա։
    Թագավորի աղջիկը սրան տեսնելուն պես իսկույն մատը կծում է։ Ինքն իրան ասում է.- Էս նա է, որ նա՛։
    Համա ծանոթություն չի տալիս, ասում է. «Տեսնեմ՝ սրա վերջը ի՛նչ է լինում»։  Տղան հո, ո՛ր ասես, չի ճանաչում կնոջը, հենց իմանում է՝ իսկապես փռնչի է։
    Սրանց թողնենք էստեղ, գնանք լուրն ումի՞ց տանք՝ սրանց երկրի թագավորից ու նրա սառաֆից։
    Որ լուր են բերում թագավորին, թե՝ աղջկադ փախցրին, տարան, էն րոպեին թագավորը ձիավորներ է ղրկում հետևներից, որ գնան բռնեն ետ բերեն։ Համա մինչև գնալները նրանք իրենց ճամփան անցել էին։ Ձիավորները դատարկ ետ են դառնում գալիս։ Հետո թագավորը նորից  մարդիկ է ղրկում, իր երկրումը էլ տեղ չեն թողնում՝ ման են գալիս, սա՛ր, քա՛ր, քո՛լ ոտնատակ են տալիս, էլ մարդ չեն թողնում, հարցնում են՝ աղջկանը չեն գտնում։ Էդպես էլ թագավորի սառաֆն է ման գալիս։ Դես է ընկնում, դեն է ընկնում, սրան-նրան հարցնում՝ տղային չի գտնում։ Էն կորչելն էր որ կորավ, ո՛չ իզն է երևում, ո՛չ թոզը։
    Անց է կենում էսպես մի տարի, երկու տարի, երեք տարի, հինգ տարի, թագավորը որ շատ դեսուդեն է ընկնում, էլ տեղ չի թողնում, ման է գալիս, աղջկան չի կարողանում գտնի, օրեն մի օրը կանչում է իր սառաֆին։
    - Ախպե՛ր,- ասում է,- ըսենց բան չի լինի։ Իմ աղջիկն է ոտով-գլխով կորել, քո էլ՝ տղան։ Կա-չկա՝ մի բան կա։ Արի,- ասում է,- երկուսով էլ շորներս փոխենք, աղքատի կերպարանք մտնենք, գնանք աշխարհե- աշխարհ, երկրե-երկիր ման գանք, բալի գտնենք, բերենք։
    - Լա՛վ ես ասում, թագավորն ապրած կենա,- ասում է սառաֆը,- գնա՛նք։
    Թագավորն ու սառաֆը խոսքերը մեկ են անում, աղքատի շորեր հագնում, մի քանի տարվա պաշար վերցնում, ընկնում ճամփա։ Դե՛ս են գնում, դե՛ն են գնում, է՛ս քաղաքը, է՛ն քաղաքը, էլ տեղ չեն թողնում՝ տակն ու վրա են անում, չեն գտնում։ Վերջն ասում են. «Գնանք Ստամբոլա քաղաքը, մի էնտեղ էլ հարցուփորձ անենք, տեսնենք»։
    Ճամփեքը ծռում են դեպի Ստամբոլ։ Գալիս են քաղաքի մեջ սրան-նրան հարցնում են՝ թե.- Չե՞ք իմանում էնտեսակ էժան քարվանսարա, գնանք վեր գանք։
    - Խի՞ չենք իմանում,- ասում են։- Հրեն ֆլան տեղը, ֆլան մարդը ղարըբանոց է շինել. ո՛վ ասես գնում է վեր գալիս, ո՛չ փող է տալիս, ո՛չ բան։
    Թագավորին ու սառաֆին բերում են էդ քարվանսարան։
    - Ղարիբ ենք,- ասում են թագավորն ու սառաֆը,- չի՞ լինի՝ մի տեղ տաք, հանգստանանք։
    - Խի՞ չի լինի,- ասում են։ Բերում են դրանց մի սենյակ տալիս, որ իրենց համար կենան։
    Փռնչին թագավորին ու սառաֆին տեսնելուն պես՝ իսկույն ճանաչում է. համա որ ասես՝ ձեն-ծպտուն չի հանում, ասում է. «Տեսնեմ՝ սրա վերջը ի՛նչ է լինելու»։
    Թագավորն ու սառաֆը, որ ասես, փռնչուն չեն ճանաչում։ Դե, ախր, որտեղից-որտեղ. ո՞ւմ մտքով կանցկենար, որ թագավորի աղջիկը կգար Ստամբոլ, փռնչու շոր կմտներ, քարվանսարա բաց կաներ, նրանց կհանդիպեր։
    Անց է կենում էսպես մի օր, երկու օր, երեք օր, մի շաբաթ, օրերից մի օր փռնչին բերում է հյուրասիրություն սարքում, թագավորին, սառաֆին ու այգեպանին կանչում հյուր: Դե նրանք էլ ի՞նչ պիտի ասեին՝ ուրախ-ուրախ վեր են կենում գալիս: Փռնչին էս երեքին, էնե՜նց մի լավ քեֆ, էնե՜նց մի լավ ուրախություն է ցույց տալիս, որ էլ ասել չի ուզի:
    Գլուխները մի լավ տաքացնում է գինուց, փռնչին խոսք է բացում:
    - Ի՞նչ մարդ եք,- հարցնում է,- ի՞նչ բանի համար եք եկել էստեղ:
    Թագավորն ու սառաֆը պատասխան չեն տալիս, մնում են իրար երեսի մտիկ անելով: Այգեպանը, որ տեսնում է՝ սուս են արել, վեր է կենում մեկ-մեկ իր գլխովն անցկացածը պատմում, ոնց որ ես ձեզ պատմեցի:
    Ասում է.- Ըսե՜նց-ըսե՜նց բան. էսքան ժամանակ էլ ես աշխարքե-աշխարք, երկրե-երկիր եմ ընկել, իմ կնկա հավարին եմ ման գալիս:
    Թագավորը էս որ լսում է թե չէ՝ էն կողմից ձեն է տալիս.- Տղա՛,- ասում է,- էն թագավորը հենց ես եմ, որ կամ: Բաս որ էտենց է,- ասում է,- հախը՝ հախ, իմ աղջիկը ես քեզանից կուզեմ, էլի դու խաբար կըլնես նրանից, մարդ չէ՛։
    - Ես էլ թագավորի սառաֆն եմ,- ձեն է տալիս էն մյուս կողմից սառաֆը,- ես էլ իմ տղին կուզեմ քեզանից:
    Նոր էստեղ փռնչին (թագավորի աղջիկը) մեջ է ընկնում:
    - Թագավորի սառա՛ֆ,- ասում է փռնչին,- դու քո տղեն ես ուզում, էնենց չի՞:
    - Հա՛,- ասում է սառաֆը:
    - Տղիդ ինչ արել են,- ասում է փռնչին,- տեղն է. խի՞ էր ուզում թագավորի աղջկանը սպանի, որ վերջն էն փորձանքը իր գլուխը գար: էդ արդար դատաստան է,- ասում է:- Թագավորն ապրած կենա, դու էլ քու աղջկան ես ուզում, էնենց չի՞:
    - Հա՛,- ասում է թագավորը:
    - Կաց,- ասում է,- գնամ բերեմ:- Գնում է իր սենյակը, փռնչու շորերը հանում, աղջկա շորերը հագնում, գլուխը կապում, կոկվում, զուգվում-զարդարվում, գալիս էնտեղ կանգնում:
    Աղջկանը տեսնելուն պես թագավորը մի կողմից, տղան մի կողմից վազում են փաթաթվում վզովը, ուրախությունից լաց լինում:
    Նոր նստում են՝ նորից քեֆ, ուրախություն, մինչն լուսաբաց ուտում, խմում, ջա՜ն ասում, ջա՜ն լսում, իրար գլխով անցկացածը պատմում, հին դարմանը քամուն տալիս, դեսից-դենից զրուցում:
    Մի քանի օր էլ մնում են Ստամբոլում, նոր էստեղ ինչ ունեին-չունեին հավաքում են, կապոտում, քոչ ու բարխանա անում, պատրաստություն տեսնում, չորսով ընկնում ճամփա դեպի իրենց երկիրը:
    Գալիս են, գալիս են, գալիս են, շատն ու քիչը իրենք գիտեն, հասնում են իրենց երկիրը: Նոր էստեղ թագավորը բերում է իր աղջկան նորից նշան դնում, պսակում տղայի հետ: Յոթն օր, յոթը գիշեր հարսանիք են անում. ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախություն, ի՜նչ դափ ու զուռնա, որ էլ հաշիվ ու համար չկար:
    Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին: 

    Աշխարհի գեղեցկուհին

    Աշխարհի գեղեցկուհին

    Նախորդը

    Անմահական խնձոր

    Անմահական խնձոր

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: