- Ողջույն Քրիստինե։ 3 երեխաների մայր, մշտապես ինքնակրթվող և բազմակողմանի զարգացած․․․ Իսկ ինչպիսին էիք երեխա ժամանակ Քրիստինե ջան։
- Բարև, Աննա ջան։ Նախ շնորհակալ եմ Ձեր ժամանակի և ընձեռած հնարավորության, ինչպես նաև իմ կյանքին անդրադառնալու համար։
Դեռ փոքր հասակից սիրում էի շատ կարդալ, նոր բաներ սովորել, քայլել և մարզվել։ Իմ դպրոցը գտվում էր մեր շենքի բակում, 3 րոպե հեռավորության վրա, որտեղ հենց դպրոցի բացօթյա մարզասրահն էր։ Առավոտյան շուտ, մինչև դասերի սկսվելը, իջնում էի, մարզվում, հետո հետ գալիս, արագ պատրաստվում և գնում դպրոց։ Եղել է դեպք, երբ շտապելուց դպրոց եմ հասել առանց պայուսակ))
Շաբաթ-կիրակի օրերն էլ շատ քայլում էի, Օրբելի փողոցից քայլելով անցնում էի Կիևյան կամուրջը, հասնում Մարզահամերգային Համալիր ու հետ դառնում տուն։ Մի խոսքով, օրս միշտ էլ շատ շուտ է սկսվել։
Տանը ունեիք փոքր գրադարան, ամեն օր մի նոր գիրք էի բացում և ասում՝ «կարդալու եմ այս բոլոր գրքերը»։ Մայրս երբեք չի թողել տան գործերով զբաղվեմ, ոչ ինձ, ոչ էլ փոքր քրոջս, միշտ ասում էր՝ հիմա դուք միմիայն սովորեք, կամուսնանաք, հետո նոր տան գործ կանեք։ Հիմա նույնը աղջիկներիս եմ ասում ))
Շատ էին ծնողներս կարևորում կրթությունն ու ուսումը։ Այդպես էլ եղավ․ հիմա շատ եմ սիրում խոհանոցը, մեծ հաճույքով եմ պատրաստում, հաց թխում, ուտեստներ «հորինում»։
- Մի քիչ կպատմե՞ք Ձեր պատանեկությունից։ Ինչպիսի կրթություն եք ստացել, հետագայում ինչո՞ւ եք շարունակել կրթությունը և այժմ ի՞նչ մասնագիտությունների եք տիրապետում։
- Նախ մի հետաքրքիր պատմություն պատմեմ․ մի օր քայլում էինք Խանջյան, Ալեք-Մանուկյան փողոցով։ Մորս հայրական տունն այդտեղ էր, ու ես լավ հիշում էի տատիկիս հետ անցկացրած օրերը, քույրերիս հետ խաղերն ու զբոսանքներն այդ այգում։ Մի խոսքով հասանք Երևանի Պետական Համալսարանի շենքի մոտ, նայեցի և «սիրահարվեցի»։ Ասեցի․ «ես պետք է այստեղ սովորեմ»։ Չեմ հարցրել ինչ համալսարան է, թե ինչ ֆակուլտետներ կան, պարզապես նպատակ դրեցի մեծանալ ու սովորել այդ շենքում։
Մի քանի տարի անց, երբ արդեն բավականին շատ ինֆորմացիա ունեի այդ շենքի մասին, որոշեցի՝ ընդունվելու եմ ԵՊՀ և դառնալու եմ անգլերենի մասնագետ։
Այդպես էլ եղավ, ընդունվեցի, գերազանց առաջադիմությամբ էլ ավարտեցի՝ ստանալով բակալավրի աստիճան անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Չեմ շարունակել կրթությունս մագիստրոսի աստիճանի համար, քանի որ պետական քննություններին սպասում էի իմ առաջնեկին և արդեն աշխատում էի։
Երկրորդ կրթությունս՝ ֆինանսներ և բանկային գործ, ստացել եմ շատ ավելի ուշ, երբ արդեն ունեի բավականին աշխատանքային փորձ տարբեր բնագավառներում և, աշխատելով բանկային ոլորտում, զգացի կարիք վերապատրաստման ֆինանսական ոլորտում։
Այս բոլոր տարիների ընթացքում չեմ դադարել սովորել, մասնակցել եմ տարբեր դասընթացների, սեմինարների, վերապատրաստումների։
Երրորդ մասնագիտությունս՝ իրավագիտությունը, արդեն մեծ տարիքում եմ ստացել։ Դա էլ ունի իր պատմությունը կարճ ասած, որոշեցի իրավունք ուսումնասիրել, իմանալ իմ իրավունքները կյանքում, ձեռք բերել ինքնավստահություն և պայքարել անարդարության դեմ (այս ամենին վատ ձևով «նպաստեց» բանկում իմ ղեկավարներից մեկը։ Մանրամասներին կարծում եմ կարիք չկա անդրադառնալու)։
- Հիշո՞ւմ եք այն պահը, երբ ստացաք Ձեր առաջին աշխատանքը։ Ի՞նչ զգացողություններ ունեիք այդ պահին, և ի՞նչ դասեր քաղեցիք, որոնք մինչ օրս ուղեկցում են Ձեզ։
- Իհարկե, շատ լավ եմ հիշում։ 1-ին կուրսի ուսանող էի։ Մեր հարևանը գործարար կին էր, տուրիստական գործակալություն, թերթի հրատարակչություն ուներ։ Խնդրեցի հնարավորության դեպքում կամավոր աշխատել։ Մի քանի շաբաթ հետո կամավորությունը փոխվեց աշխատանքի։ Օգնում էի նաև տուրիստական ամսագրի հրատարակչությունում՝ հոդվածներ էի խմբագրում, ամսագրի համար խաչբառեր կազմում։ Հասկացա, որ ճիշտ է աշխատել սկսելը վաղ տարիքից, քանի որ դառնում ես ինքնուրույն և ինքնավստահ։
- Ի՞նչ կարծրատիպերի եք հանդիպել աշխատանքում, և աշխատող կնոջ համար ինչ տարբերություններ կան Հայաստանում և Ամերիկայում։
- Սա երկար քննարկման կարիք ունի, Աննա ջան, կարծում եմ այս թեմայով կարող ենք մի առանձին հարցազրույց ունենալ ))
Ամեն ինչն է տարբեր Հայաստանում և Ամերիկայում, ամեն ինչը, բառիս բուն իմաստով։ Ես եկել եմ այստեղ և ամեն ինչ սկսել 0-ից, սկսած կրթությունից։ Ճիշտ է, ինձ շատ է օգնում իմ 20 տարիների մասնագիտական և կրթական փորձառությունը, սակայն այստեղ միևնույն է, պետք է նորից սովորես։
- Շատերը դժվարանում են սովորել օտար լեզուներ։ Դուք ինչպե՞ս կարողացաք հասնել նման պրոֆեսիոնալ մակարդակի։ Կիսվեք մեզ հետ Ձեր գաղտնիքով ))
- Անգլերեն լեզուն միշտ եմ սիրել։ 4րդ դասարանում էի սովորում, երբ իմ բակի ընկերուհիներից մեկը, ով պարզապես պաշտում էր անգլերենը և բավականին լավ էր տիրապետում, առաջարկեց պարապել ինձ հետ։ Նա իմ առաջին ուսուցիչն է, ում շնորհիվ հիմա անգլերեն լեզվին տիրապետում եմ հայերեն լեզվին հավասար, ով իմ մեջ սեր արթնացրեց սովորելու, ինքնակրթվելու։ Մինչ օրս էլ նա ինձ օգնում է իր խորհուրդներով թարգմանչական բնագավառում․ Նյու Յորքում է ապրում, արարում, բազմաթիվ գրքերի թարգմանության հեղինակ է։
Ինչ վերաբերվում է գերմաներեն լեզվին, համալսարանում սովորելու տարիներին չէի ուզում գերմաներեն սովորել․ այն բարդ ու անհարկի էր թվում։ Բայց շնորհիվ իմ դասախոսի՝ Lussineh Shahramanian-ի, ով այն հետաքրքիր ու դյուրին դարձրեց, ես սկսեցի սիրել այդ լեզուն։
Մի քանի տարի առաջ, երբ աշխատում էի German Sparkassenstiftung Armenia-ում, Lussineh Shahramanian-ի օգնությամբ ավելի խորացրեցի գերմաներենի գիտելիքներս՝ արդեն ազատ շփվելով գրասենյակում ղեկավարիս և գործընկերներիս հետ։
Այսօր, տարիներ անց ԱՄՆ-ում, ուր անհնարին էր թվում այս լեզվի գործածումը, գերմաներենը դարձավ իմ մասնագիտական գործիքը՝ օգնելով ինձ թարգմանել իրավական փաստաթղթեր։
Կյանքը միշտ ապացուցում է, որ յուրացրած ամեն հմտություն մի օր կարող է անգնահատելի դառնալ։
- Որն է Ձեր էներգիայի և մոտիվացիայի աղբյուրը։
- Թող տարօրինակ չթվա, բայց ծանրաբեռնվածությունը։ Ես նոր շունչ եմ ստանում, երբ «քիթ սրբելու» ժամանակ չունեմ։ Երբ զգում եմ, որ օգտակար եմ դիմացինիս։ Երբ ինձ կարևոր եմ զգում։
- Որն է Ձեր ամենահամարձակ քայլը, որը նաև շրջադարձային էր Ձեր համար։
- Մի քանիսն են․ առաջինը, երբ 11 տարի բանկում աշխատելուց հետո, երբ թվում էր, թե ամեն ինչ լավ է, ստանում եմ բավականին նորմալ աշխատավարձ, ունեմ նորմալ պաշտոն, համարձակություն հավաքեցի, և մի քանի օրվա մեջ դուրս եկա աշխատանքից։
Երկրորդ քայլը, երբ որոշեցի այլևս չաշխատել ոչ մի ընկերությունում, այլ ֆրիլանս գործունեություն ծավալել․ արդեն ստացել էի մագիստրոսի աստիճան իրավագիտության մասնագիտությամբ, համագործակցում էի Հայաստանում փաստաբանների հետ, կազմում էի պայմանագրեր, ՄՌ (Մարդկային ռեսուրսների) քաղաքականության և ընթացակարգեր մշակում և թարգմանում, կատարում էի իրավաբանական փաստաթղթերի խմբագրում։
Եվ ամենավերջին շրջադարձային քայլը՝ այստեղ, Միացյալ Նահանգներում, սկսեցի նորից ծավալել ֆրիլանս գործունեություն, որը շատ ավելի բարդ էր, որի համար պանաջվեց շատ երկար և բարդ 1,5 տարի։
- Ի՞նչ է նշանակում լինել 3 երեխաների մայր և համատեղել կրթությունը, աշխատանքը ․․․
- Ինձ համար իմ երեխաները կյանքիս իմաստն են։ Ես ապրում եմ նրանցով, նրանք ինձ ուժ են տալիս ապրելու, դժվարությունները հաղթահարելու։ Երեխան երբեք չի կարող խանգարել աշխատելուն կամ արարելուն, ընդհակառակը, օգնում է առաջ գնալ, ինքնավստահություն ձեռք բերել։ Երեխաներիս տարիքային տարբերությունը շատ է։ Բայց երեքի ժամանակ էլ աշխատել եմ, մայրս միշտ օգնել է։ Տղաս արդեն 4 տարեկան է, այստեղ՝ ԱՄՆ-ում շատ հոգատար ձեռքերում է, Hovhannisyan Child Care է հաճախում։
Առաջնեկիս սպասելով ավարտում էի ԵՊՀ-ն, երրորդիս սպասելով՝ 20 տարի անց ավարտում էի Եվրասիա Միջազգային Համալսարանը։
Եթե մարդ ունի ցանկություն մի բան անելու, հավատացեք, նրան երբեք և ոչինչ չի կարող խանգարել։
- Ներկա պահին միայն ԱՄՆ-ում եք գործունեություն ծավալում?
- Ոչ, աշխատում եմ նաև Հայաստանի համար, համագործակցում եմ հայ փաստաբանների հետ, օգնում եմ կազմել պայմանագրեր, կատարում եմ իրավաբանական փաստաթղթերի խմբագրում:
- Երեխաների համար ի՞նչ է նշանակում ունենալ մայր, ով չի հանձնվում և միշտ շարժման մեջ է։
- Ինչպես աղջիկներս են ասում, Super Mom! Ես օրինակ եմ նրանց համար։
- Առհասարակ, ըստ Ձեզ, ինչո՞ւ պետք է կինը աշխատի և միշտ լինի ժամանակին համաhoonch)))
- Կինը միշտ պետք է աշխատի․ նախ ամուսնուն օգնելու և սատարելու համար։ Ո՞վ է ասում, որ պետք է միայն ամուսինը աշխատի։ Չկա նման բան։ Նաև ինչու ոչ, որոշ դեպքերում անկախ լինելու համար։
- Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, մայրիկներին մեր օրերում հաջողությունների հասնելու համար:
- Մի բան կասեմ․ յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում իր կյանքի ճանապարհը։ Սխալ կլինի ասել, որ պետք է սա կամ նա անի հաջողության հասնելու համար։ Բայց արդյոք այս հաջողությունը, որին օրինակ ես եմ հասել, պետք է նրան։ Միգուցե նա այլ ձև է դա պատկերացնում։ Կլինեն մարդիկ, որ հաջողակ են իրենց համարում ուղղակի չաշխատելով, և պետք չէ նրանց մեղադրել։ Ամեն մեկը ինքն է իր համար իր հաջողությունն ընդունում և ընտրում։
Պարզապես կուզեմ, որ բոլորն էլ հասնեն իրենց պատկերացրած հաջողությանը։
Սիրեն և լինեն սիրված և ամենակարևորը՝ առողջ, քանի որ կյանքը շատ կարճ է։
Մեկնաբանել