• 28 հոկտեմբեր, 2025
     Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ

    Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ

    - Ողջույն Լիլիթ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու և մեր հարցազրույցների շարքին մասնակից լինելու համար։ Ի՞նչ հիշողություններ ունեք Ձեր մանկությունից, որոնք այսօր էլ ոգեշնչում են Ձեզ։

    - Մանկությանս մասին մտածելով առաջինը հիշեցի վառվող, բայց խոնավ փայտի ծխի հոտով, 90-ականների մութ ու ցուրտ տարիներով, բայց նաև ծնողական ջերմությամբ, որը թույլ է տվել երազել, սովորել, փորձել, ձգտել ու հասնել: 

     

    - Ձեր առաջին մեծ երազանքը ո՞րն էր, և ինչպե՞ս այն ձևավորվեց։

    - Ամեն տարիքում էլ երազանքներ ունեցել եմ: Փոքր ժամանակ դա մի ամբողջ տուփ Love Is մաստակ ունենալն էր (20+ տարի անց ունեցա): Հետո համալսարան ընդունվելն ու առաջին ճամփորդությունը, որին սրտատրոփ էի սպասում: Անձի աճին զուգահեռ երազանքներն ու նպատակները փոխվում են: Հետ նայելով կարող եմ ասել, որ տարիներ առաջ մասնակցելով Ծաղկաձորում գիտական միջոցառմանը մնացել էի ապշած, երբ հասկացա, որ մեր գիտական մտքի առաջնային նպատակն էր միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրվելը և ոչ թե գաղափարները կյանքի կոչելն ու շուկա հանելը:

    Լավ ազդակ էր՝ ուժեղ ապտակի նման, որ ինչ որ բան սխալ է գնում այս կյանքում ու դա պետք է փոխվի: Հայը արարող է, ստողծագործ, մտքի ճկունությամբ ու դա պետք է զարգացնել և ոչ թե կաղապարների ճնշման տակ սպանել:

     

    - Ի՞նչ կրթություն եք ստացել։ Ինչպե՞ս ընտրեցիք մասնագիտություն։ 

    - 60 հնարավոր բալից ունենալով շուրջ 55 բալ ընդունվեցի Բրյուսով: Հումորով միշտ ասում էի, որ այո, Բրյուսով եմ ընդունվել ու տանեցիք գիտեք այդ մասին: Առաջին լեզուս՝ իտալերեն, հետո անգլերեն ու լեզվաբանություն: Բուհը տվել է դիպլոմ, որով ասում եմ, որ բարձրագույն ավարտ եմ:

    4-րդ կուրս էի, երբ անցա առաջին աշխատանքիս ու գիտակցեցի, որ անգամ պրինտ / սքան անել չգիտեմ: Փափուկ հմտություններիս պակասը շատ խորն է, սկսեցի ինքնակրթվել: Դրանից հետո մասնակցել եմ ոչ ֆորմալ տարատեսակ կրթական միջոցառումների, վերապատրաստումների՝ հաշվապահությունից, մարքեթինգից սկսած մինչև ստարտափ ինկուբատորներ ու աքսելերացիոն ծրագրեր:

    Քովիդը մեզ համար բացեց դռնել դեպի առցանց կրթություն՝ անցա միջազգային վերապատրաստումների ու դեռ շարունակում եմ: Վերջին դասընթացս (ամիսներ առաջ) ԵՄ ծրագրերից մեկի շրջանակներում էր՝ արհեստական բանակության մասով:

    Lilit-Guroghlyan-Interview-hoonch-am3.jpg

    - Հիշում եք առաջին աշխատանքը, ինչ կարևոր փորձառություն այն թողեց Ձեր հետագա կյանքի վրա։

    - Դեռ դիպլոմ չունեի, երբ աշխատանքի ընդունվեցի: Այդ շրջանում 80.000 դրամը համարվում էր լավ աշխատավարձ, մինչդեռ ես ստանում էի 750 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Իհարկե դա կարճ տևեց՝ մի քանի ամիս, քանի որ միջազգային կառույց էր՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ու գործունեության ավարտից հետո սկսեցի աշխատանքի նոր փնտրտուքներ: Հասկացա մի բան՝ պետք է զարգացնել գործնական հմտությունները, եթե ցանկանում ես լինել պահանջված մասնագետ ու լավ վարձատրվել: Շատ ամաչկոտ, չխոսկան ու փակ էի, ինքնամփոփ, կոմպլեքսավորված: Սկսեցի քայլ-քայլ կոտրել կարծրատիպերս ու հավատալ ուժերիս: Այս ամենում անմասն չեն եղել ընկերներս, ովքեր ավելի փորձառու էին ու կյանք տեսած, ովքեր օգնում էին ինձ առաջ գնալ ու հավատալ ուժերիս:

     

    - Ի՞նչն է Ձեզ պարբերաբար մղում դեպի կրթություն և գիտելիքներ․․․

    - Բոլոր այն հնարավորությունները, որ տեսում եմ, որ կան այս կյանքում: Գումար միշտ կա, շատ գումար կա, պետք է հասնել դրան: Գիտելիքը ուժ է, դռներ բացող ուժ:

    Lilit-Guroghlyan-Interview-hoonch-am2.jpeg

    - Քանի՞ տարի եք ոլորտում։ Ի՞նչ ծառայություններ եք իրականացնում։

    - Ֆոնդհայթայթման, դրամաշնորհների ոլորտում առաջին քայլերս արել եմ շուրջ 10 տարի առաջ, երբ մասնակցեցի թեմատիկ դասընթացի: Այն ժամանակ դասախոսները ունեին դրամաշնորհային հաջողության օրինակ, որ հասել էին: Խոսքը գնում էր շուրջ 30.000 եվրոյի ծրագրի մասին (եթե հիշողությունս չի դավաճանում), որ հաղթել էին ու ներկայացնում էին իրենց անցած ուղին:

    Ինձ համար դա անհասանելի գումար էր թվում, երազանքի նման մի բան: Հետ նայելով ու ամփոփելով այս տարիների ընթացքում իմ հաջողած ծրագրերը, ժպիտով փաստում եմ, որ 1 մլն ԱՄՆ դոլարի շեմը վաղուց անցել եմ փակված ծրագրերով ու դեռ քանի միլիոնի դրամաշնորհային հայտեր ունեմ, որ գործընթացներով ու փուլերով ընթանում են:

    Հիմել եմ LiGuro Academy-ն, իրականացնում եմ «Դրամաշնորհներ, ֆոնդհայթայթում» թեմայով հեղինակային դասընթացներ, դրամաշնորհների կրթական ոլորտն եմ զարգացնում և առաջ տանում, քանի որ անչափ շատ մեծ հնարավորություններ ու գումարներ կան դրսում, որ կարող են ծրագրերի վերածվել և կյանքի կոչվել Հայաստանում:

     

    - Ինչպե՞ս ծնվեց LiGuro Academy-ի գաղափարը։

    - Հարցին հարցով պատասխանեմ՝ իսկ դուք ի՞նչ կանեյիք, եթե տեսնեիք շուրջ 500 դրամաշնորհային բաց հայտեր ամեն ամիս, որ կարող ենք Հայաստանից դիմել ու մասնակցել, հաղթել, բյուջեներն էլ 1.000$ մինչև 10.000.000$ (այո, այսքան փոքրից մինչև այսքան մեծ) ու հասկանայիք, որ շատերը բաց են թողնում հնարավորությունները, քանի որ չգիտեն դրանց մասին, չգիտեն ոնց աշխատեն դրամաշնորհների ու դոնորների հետ, չգիտեն, որ կարող են իրանց երազանք / նպատակները կյանքի կոչել դրամաշնորհներով, այսինքն՝ գումարներով, որ հետ չեն վերադարձնելու դոնորներին:

    Ոլորտի բացը ինձ ստիպեց սկսել ակադեմիայի գործունեությունն ու ոչ ֆորմալ կրթական ծրագրերի առաջ տանելը: 2 տարի է, ինչ գործում է ակադեմիան, բոլոր խմբերիս մեջ էլ հաղթանակած սաներ ունեմ, տասնյակավոր հաջողություններ ունեմ սաների հաջողությունների տեսքով:

     

    - Ի՞նչ խորհուրդ ունի «Ինչպես գրել դրամաշնորհային հաղթող ծրագիր» դասընթացը։

    - Կրթվել, ստանալ գիտելիք, ունենալ ամենաթանկը՝ տեղեկատվություն դոնորների մասին, թե որտեղ դիմել ու ստացած գիտելիքը, հմտությունը կիրառելով սկսել աշխատել դրամաշնորհային հայտերի պատրաստման մասով: Դիմել-դիմել-դիմել, որից հետո էլ հաղթանակած ծրագրերը պատվով կյանքի կոչել:

    Lilit-Guroghlyan-Interview2-hoonch-am.jpeg

    - Ո՞րն է այն հիմնական սխալը, որը մարդիկ անում են դրամաշնորհների հայտեր գրելիս։

    - Օ՜, սխալներ շատ կան: 5, 10, 30 և ավել հաճախ հանդիպող սխալներ: Ամենատարրականը՝ սխալ կոնտակտային տվյալից մինչև բյուջեի սխալ ձևակերպում, կամ թիմի ոչ ճիշտ ներկայացում: Ամենը կարևոր է: 

     

    - Երբ մարդիկ մտածում են դրամաշնորհ ստանալու մասին, շատերը չեն հասկանում՝ որտեղից սկսել։ Ո՞րն է առաջին քայլը, որը Դուք կխորհուրդ տայիք։

    - Սկսել դասընթացից կամ ինքնակրթվելուց, տեղեկատվություն ստանալուց, վերլուծությունից ու ամենապարզը՝ կարդալուց, քանի որ սա թույլ կտա խուսափել հետագա հիասթափություններից:

     

    - Դուք նաև մասնակցել եք էքսպոների` թե տեղական, թե միջազգային, ինչ փորձառություն եք ձեռք բերել այս ոլորտում։ 

    - Եղել են և՛ էքսպոներ, և՛ մրցույթներ, և՛ փակ միջոցառումներ: Հայաստան, ՌԴ, ԱՄԷ, Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան և էլի շատ ուղղություններով: Առաջինը՝ գնալ պատրաստված (հոգեպես ու ֆիզիկապես), հետո թիմը, մարդիկ, որոնց հետ գնում եք, վստահելի լինեն ու գործի ընկեր: Մի վախեցեք նոր միջավայերից, դրանք նոր հնարավորություններ են:

    Lilit-Guroghlyan-Interview-hoonch-am1.jpeg

    - Առհասարակ, բիզնեսի, գաղափարի ստեղծման ու զարգացման ընթացքում, ինչ դեր ունեն կապերը, համագործակցությունները։

    - Առաջնային: Հայաստանում գումարը ձեռքիդ կարող է հարցդ ավելի դժվար լուծվի, քան եթե ունենաս լայն կապեր ու նեթվորքինգ: Նեթվորքինգը գաղտնիք ունի՝ սկզբից պետք է տաք, որ հետո ստանաք: Չեք կարող միայն պահանջել, դա երկար կյանք չունի: Ինչ էլ անեք՝ սրտանց արեք: Կարող եք՝ օգնեք, չեք կարող՝ օգնեք չխանգարելով )) 

     

    - Ինչպե՞ս կարող է փոքր բիզնեսը կամ սկսնակ ձեռնարկատերը գտնել իրեն համապատասխան դրամաշնորհային ծրագիր և մրցունակ դառնալ։

    - Ոլորտից ոլորտ ուղիները տարբեր կարող են լինել: Սիրով առաջնային անվճար խորհրդատվություն կմատուցեմ դիմորդներին:

     

    - Ինչպե՞ս եք տեսնում ֆոնդհայթաթման ոլորտի ապագան Հայաստանում։

    - Զարգացող և նոր հնարավորություններով: Ուրախանում եմ, երբ միջազգային դոնորների ռեսուրսները հասնում են Հայաստան ու ստեղծվում են նոր հնարավորություններ, աշխատատեղեր, նպաստում տնտեսական և սոցիալական աճին, օգնում բիզնեսին: Սակայն նշեմ, որ այս զարգացման մեջ ինքս էլ ունեմ տաբուներ, թեմաներ կան, որտեղ նախընտրում եմ չլինել (օրինակ՝ քաղաքական կամ կրոնական ծրագրեր): 

    Lilit-Guroghlyan-Interview-hoonch-am4.jpeg

    - Որպես կին ձեռներեց՝ ի՞նչ մարտահրավերների եք բախվել, և ինչպես եք հաղթահարել դրանք։

    - Մարտահրավերները բիզնեսում միշտ կան՝ անկախ սեռից: Դրամաշնորհների ոլորտում էլ կին լինելը ավելի խրախուսվող և առավելություն տվող դիրք է: 

     

    - Ինչ խորհուրդ կտաք կանանց։

    - Լինել անդավաճան իրենց ես-ին ու չմոռանան կին լինել:

    Ձգտել, հասնել, ստեղծել, արարել...

    Միշտ չէ, որ ամենը հեշտ է տրվում, բայց և դժվարություններով ենք զարգանում ու կոփվում: Հասունությունը գալիս է պատասխանատվություն վերցնելով, վերցրեք ձեր կյանքի պատասխանատվությունը և ձգտեք այն կյանքին, որը կուզեք ապրել: 

     

    - Շնորհակալություն գեղեցիկ հարցազրույցի համար, սրտանց մաղթում եմ մեծ հաջողություններ թե անձնական, թե աշխատանքային ասպարեզներում։ Եվ ինչու չէ, մե՜ծ դրամաշնորհներ )))

    Սիրով hoonch.am թիմ՝

    Հարցազրույցը պատրաստեց՝ Աննա Տեր-Հովհաննիսյանը

    hoonch-harcazruycner.jpg

    Նաիրա Խառատյան, ընտանեկան և քվանտային հոգեբան

    Նաիրա Խառատյան, ընտանեկան և քվանտային հոգեբան

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: