• 10 դեկտեմբեր, 2024
     Քրիստինե Սիրադեղյան, Christel Accessories, «Jack Tekeyan» ակադեմիայի համահիմնադիր

    Քրիստինե Սիրադեղյան, Christel Accessories, «Jack Tekeyan» ակադեմիայի համահիմնադիր

    - Ողջույն Քրիստինե։ Մեր ձևաչափին հավատարիմ մնալով, սկսենք հարցազրույցը Ձեր մանկության մասին խոսելով։ Ինչպիսի երեխա եք եղել, ինչպիսի նախասիրություններ եք ունեցել։ 

    - Ողջույն, նախ և առաջ շնորհակալություն եմ ուզում հայտնել հարցազրույցին հրավիրելու համար։ Հարազատներիս պատմածից ելնելով՝ կարող եմ ասել, որ մանուկ հասակում եղել եմ շատ հանգիստ ու մեղմ բնավորությամբ երեխա։ Սիրել եմ երգել, պարել, հաճախել եմ դաշնամուրի, ավարտել եմ Սարաջևի, այժմ՝ Սարաջյանի անվան երաժշտական դպրոցը։ Մանկուց սիրել եմ երգել, ինչը հետագայում դրսևորվեց Գերմանիայում ուսանելու ժամանակ, ուր երգել եմ եկեղեցական երգչախմբում, քանի որ շատ սիրում եմ հոգևոր երաժշտությունը։ Այն ինձ համար մեկ այլ հարթակ է, այն ինձ տալիս է հոգևոր սնունդ և միևնույն ժամանակ ուժ անհնարինը հնարավոր դարձնելու։

     

    - Մի քիչ կպատմեք Ձեր պատանեկությունից։ Ինչպիսի կրթություն եք ստացել, ինչ մասնագիտությունների եք տիրապետում։

    - Նախորդ հարցի պատասխանը շարունակելով հավելեմ, որ կրթություն եմ ստացել Երևանի պետական համալսարանի «Աստվածաբանության ֆակուլտետում», ունեմ մագիստրոսի աստիճան, մասնագիտությամբ կրոնագետ-աստվածաբան եմ։ Կրթությունս շարունակել եմ Գերմանիայի Էռլագեն քաղաքի Ֆրիդրիխ Ալեքսանդրի անվան համալսարանում։ Այժմ, ապրելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սովորում եմ Գլենդելի Քըմյունիթի Քոլեջում, ուր կատարելագործում եմ լեզվական գիտելիքներս, որից հետո որպես երկրորդ մասնագիտություն ընտրել եմ գրաֆիկ դիզայնը։ Շատ եմ ուսումնասիրել նաև մարքեթինգի ոլորտը, հաճախել եմ տարբեր կուրսերի և վարպետաց դասերի։ 

    - Քանի լեզուների եք տիրապետում։

    - Եթե խոսենք կիրառվող լեզուներից, ապա վստահաբար հայերենից բացի ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, գիտական ոլորտում կիրառվողներից՝ լատիներեն, հին հունարեն, գրաբար։ 

     

    - Երբ և ինչպես եք ծանոթացել Ձեր ամուսոնու, Ջեք Թեքեյանի հետ։

    - Ջեքին հանդիպել եմ օնլայն հարթակում և դա դարձավ ճակատագրական, ամբողջական փոխեց կյանքս ու ապագաս։

     Քրիստինե Սիրադեղյան, Ջեք Թեքեյան, hoonch, հունչ

    - Իսկ ինչո՞ւ ընտրեցիք բնակվել և բիզնես հիմնել Հայաստանում։

    - Ջեքը ինչպես գիտեք լիբանանահայ է, ապրել և ստեղծագործել է Բեյրութում և իր մասնագիտությունը ստացել Անգլիայի ”Tony&Guy” վարսահարդարման ակադեմիայում։ Հայրենիքի հանդեպ սերը ստիպեց նրան հայրենադարձ լինել, ապրել և աշխատել Հայաստանում և ինչու չէ, գեղեցկության ամբասադորը լինել հենց հայրենիքում։ 

     

    - Ինչպես գիտեմ, արդեն Հայաստանում, Դուք՝ Ջեքի հետ համատեղ, հիմնել եք գեղեցկության սրահ և ակադեմիա։ Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը։

    - Քանի որ Ջեքը իր գործի վարպետ է և շատ տաղանդավոր անձնավորություն, բիզնեսը տեղափոխեցինք Հայաստան, ուր սկզբում բացեցինք իր սալոնի հայաստանյան մասնաճյուղը, ապա հիմնեցինք վարսահարդարների միջազգային ակադեմիա, որը մինչ օրս գործում է և ուր կրթվում ու վերապատրաստվում են ապագա վարսահարդարները։ Դրան հաջորդեց մոդելային դպրոցը և գործակալությունը։  

    Քրիստինե Սիրադեղյանի և Ջեք Թեքեյանի հարսանիքը 

    - Ինչպես գիտեմ, հիմա, երեխաների հետ գտնվում եք ԱՄՆ-ում։ Ի՞նչն է պատճառը, ինչ գործունեություն եք այնտեղ ծավալում և երբ եք պատրաստվում վերադառնալ։

    - Այո, այժմ գտնվում ենք ԱՄՆ-ում, երեխաներս այնտեղ հաճախում են դպրոց։ Քանի որ առհասարակ կրթությունը ինձ համար առաջնային է և սկզբունքային, ես փորձում եմ այդ հնարավորությունը տալ իմ երեխաներին, որպեսզի նրանք լավ գիտելիքներ ստանան ԱՄՆ-ի լավագույն համալսարաններից մեկում և դառնան կրթված ու խելացի մարդ, որպեսզի կարողանան ճիշտ ծառայել իրենց հայրենիքին։ 

     

    - Նաև ունեք մոդելային դպրոց։ Ի՞նչ առանցքային կարևորություն ունի մոդելային ոլորտը զարգացնելը, և որն է Ձեր առաքելությունը այս ասպարեզում։ 

    - Ինչպես վերը նշեցի, ունենք նաև մոդելային դպրոց և գործակալություն, ուր մոդելային կրթություն կարող են ստանալ բոլոր ցանկացողները։ Դպրոցը բաց է թե՛ պրոֆեսիոնալ և թե՛ սիրողական նկատառումներով։ Մոդելային ոլորտը մեր երկրում զարգացման և առաջխաղացման կարիք ունի։ Վերջին տարիներին ակնառու փորձեր են կատարվում այդ ուղղությամբ, ինչը և դրական հետևանք է ունեցել այդ ասպարեզում։ 

     Քրիստինե Սիրադեղյան,«Jack Tekeyan» ակադեմիայի համահիմնադիր

    - «Miss Gold Model» շքեղ մրցույթ-ծրագրի իրականացման ժամանակ ինչ դժվարությունների հանդիպեցիք, ինչպես հաղթահարեցիք և, ըստ Ձեզ, այն ինչ հետ թողեց մոդելային ոլորտում։

    - «Միսս Գոլդ Մոդել» մրցույթի կազմակերպման մտահղացումը առաջացավ շատ պատահական։ Քանի որ կային բազմաթիվ մրցույթներ գեղեցկության ոլորտում, ես և Ջեքը որոշեցինք կազմակերպել տարբերվող մի մրցույթ, ուր շեշտը կդրվեր ոչ թե աղջիկների գեղեցկության վրա, այլ` նրանց ինքնատիպության և մոդելային առավելությունների։ Մրցույթի նպատակն էր զարգացնել մոդելինգը Հայաստանում, և հայտնաբերելով նոր կերպարներ՝ հնարավորություն տալ լավագույններին դուրս գալ միջազգային ասպարեզ։ 

     Քրիստինե Սիրադեղյան,«Jack Tekeyan» ակադեմիա, Miss Gold Model

    - «Miss Gold Model» մրցույթում համագործակցում էիք մի շարք ընկերությունների հետ, նաև մեզ հետ: Ինչպես եք գնահատում բիզնեսների համագործակցությունները ընդհանուր ոլորտի զարգացման գործում։ 

    - Մրցույթի շրջանակներում մենք ձեռք բերեցինք նոր ընկերների, որոնք սիրով մեզ հովանավորեցին, առանց որոնց օգնության մեզ շատ դժվար կլիներ կյանքի կոչել մի պրոյեկտ, որը շատ ջանք և եռանդ պահաջեց, սակայն իր բոլոր դժվարություններով հանդերձ այն դարձավ շատ սիրված մի նախագիծ, որը կարծում եմ կլինի շարունակական։ Որպես մեդիա հովանավոր մեր կողքին էիք նաև դուք, hoonch.am-ը, որի հետ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս և կարծում եմ դեռ կունենանք նորանոր նախագծեր միասին։

     

    - Ի՞նչ մարտահրավերների եք հանդիպել Ձեր հաջողության ճանապարհին և ինչպե՞ս եք դրանք հաղթահարել:

    - Մեր այս լայնածավալ գործունեության ընթացքում ունեցել ենք շատ դժվարություններ, քանզի ոլորտը շատ հագեցած է և հնարավորությունները շատ սահմանափակ են։ Բայց այսօր չէի ուզենա խոսել դժվարություններից, որովհետև դրանք միշտ էլ եղել, կան ու կլինեն, առանց դրանց չենք հասնի հաջողության։ Մի շատ լավ արտահայտություն կա լատիներենում «per aspera ad astra», սա մի կարգախոս է, որը յուրահատուկ է բոլոր նրանց, ովքեր միշտ փորձում են հույսը դնել սեփական ուժերի վրա և հաղթահարելով դժվարությունները հասնել ավելիին։ 

    Քրիստինե Սիրադեղյան,«Jack Tekeyan» ակադեմիայի համահիմնադիր 

    - Ի՞նչ նորամուծություններ եք ներառում Ձեր բիզնեսում:

    - Նորամուծություններից մեկը մեր մազի շամպունների և դիմակների տեղական արտադրությունն է, որն արդեն իսկ երկու տարվա պատմություն ունի մազի խնամքի շուկայում։ Մեր պրոդուկտները նախատեսված են տարբեր տիպի և որակի մազերի համար։ 

    Իսկ հաջորդը կլինի ամուսնուս նկարների ցուցահանդեսը, որը նախատեսում ենք կազմակերպել մոտ ապագայում։ 

     Ջեք Թեքեյան, Քրիստինե Սիրադեղյան, հունչ, hoonch.am

    - Երեք երեխաների մայր և մի քանի բիզնեսներ․․․ ինչպես եք համատեղում ընտանիքը, երեխաների խնամքը և բիզնես-գործունեությունը․․․ 

    - Բացի վերը նշված գործունեությունից ունեմ նաև սեփական բրենդ «Christel Accessories», որը ավելի քան ութ տարվա պատմություն ունի։ Ինքս եմ նախագծում իմ բրենդի ոճային աքսեսուարները, որոնք արդեն երկար տարիներ են, ինչ սիրված են շատ կանաց կողմից որպես ոճային տարբերվող զարդեր։ Հիմա ունեմ նաև օնլայն խանութ և ավելի շատ վաճառքներով զբաղվում եմ ԱՄՆ-ում։

    Ժամանակը շատ թանկ է ինձ համար և գրեթե ազատ ժամանակ չեմ ունենում։ Բիզնեսը և ընտանիքը համատեղելը շատ մեծ ջանք է պահանջում, բայց ես սիրում եմ իմ աշխատանքը, առանց որի ես ինձ ամբողջական երջանիկ չեմ զգա։ 

     Քրիստինե Սիրադեղյանի ընտանիքը, հունչ, hoonch.am

    - Ի՞նչ սկզբունքների հիմքում է ընկած թիմ կառուցելու և ղեկավարելու Ձեր մոտեցումը:

    - Թիմը աշխատանքի կարևորագույն մասնիկն է․ թիմդ պրոֆեսիոնալ է, կհասնես ամեն ինչի, կհաղթահարես ամեն ինչ, կաշխատես ավելի վստահ և կունենաս էլ ավելի հաջողություններ։ Թիմ ղեկավարելը դյուրին գործ չէ, թիմ ղեկավարելու համար պետք է ունենալ համբերություն, մարդկանց ճանաչելու և ընտրելու կարողություն, լավ հոգեբանություն, պետք է լինես խելացի և ճիշտ դատող։ Ես ու ամուսինս լավ թիմակիցներ ենք, շատ տարբեր ենք, բայց միևնույն ժամանակ շատ նման։ Մենք միշտ քննարկում ենք մեր բոլոր խնդիրները միասին և տեպետ շատ անգամներ մեր կարծիքները ռադիկալ տարբեր են լինում, բայց միևնույն ժամանակ լուծումը գոհացնում է երկուսիս։ 

     Քրիստինե Սիրադեղյան,«Jack Tekeyan» ակադեմիայի համահիմնադիր, hoonch.am

    - Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ բիզնեսի աշխարհում հաջողություն փնտրող կանանց:

    - Կինը միշտ պետք է ձգտի հասնել ավելիին, կինը պետք է լինի ինքնավստահ, հույսը իր վրա դնող և երբեք չպետք է դադարի ինքնակրթվել։ Դա նրա հաջողության գրավականն է։ Խելացի կնոջ կողքին միշտ կլինի կնոջը հարգող, գնահատող և սիրող տղամարդ։ Իսկ ի՞նչ է պետք մեզ՝ կանանց, ամուր ընտանիք, սիրող ամուսին, լավ երեխաներ և սիրված աշխատանք։ 

     

    Սիրով hoonch.am թիմ՝

    Հարցազրույցը պատրաստեց՝ Աննա Տեր-Հովհաննիսյանը

     Հարցազրույցների կազմակերպում, անձնական բրենդ

     

     

     

    Հասմիկ Հակոբյան, լուսանկարիչ

    Հասմիկ Հակոբյան, լուսանկարիչ

    Նախորդը

    Լիլիթ Հովհաննիսյան, «Lilevents» միջոցառումների կազմակերպման ընկերության հիմնադիր

    Լիլիթ Հովհաննիսյան, «Lilevents» միջոցառումների կազմակերպման ընկերության հիմնադիր

    Հաջորդը

    Մեկնաբանել