- Բարև Ձեզ Հայուհի։ Մի պահ ժամանակը հետ տանք, հայտնվենք Ձեր մանկության տարիներին․․․ Ինչպիսի՞ երեխա էր փոքրիկ Հայուհին )))
- Մանկությունն ամենասիրուն բանն է, որ լինում է մեր կյանքում։ Նախ սկսեմ իմ անունից, մեծ հպարտությամբ եմ այն կրում։
Ծնվել եմ Լոռիում, այնուհետև տեղափոխվել ենք Տավուշ, որտեղ էլ անցել են կյանքիս ամենալուսավոր օրերը։
Փոքրիկ Հայուհին բավականին ակտիվ, կյանքով լցված երեխա էր։ Ապրել եմ լիարժեք 90-ականների մանկություն, դրսում խաղեր, լիքը չարաճճիություններ և իհարկե "մինի" կռիվներ։ Դեռ փոքրուց սիրել եմ լինել տարբերվող։ Այն ժամանակ չկար հագուստի մեծ ընտրություն, բայց ես ունեի հայրիկ, ով իմ համար կարում էր այն, ինչ ես պատկերացնում էի։
Իմ մանկության ամենավառ հիշողությունը դա իմ դասական կարմիր ժիլետը և տաբատն էր, որը հայրիկս էր կարել։ Հիշում եմ, թե ինչ հպարտությամբ էի այն կրում, քանի որ այդ ժամանակ այդ ոճի մեջ միայն ես էի հագնվում։ Տաբատի ամբողջ երկայնքով կոճակներ էին։ Դեռ մանկուց թուլություն եմ ունեցել կոճակների նկատմամաբ, ինչը հիմա կնկատեք իմ արտադրանքի մեջ։
- Մի քիչ կպատմեք Ձեր պատանեկությունից, որոնք են ամենավառ հիշողությունները։
- Պատանեկությունս շատ գերակտիվ է անցել։ Դպրոցում բավականին ակտիվ և լավ սովորող երեխա եմ եղել։ Բայց միշտ խնդիրներ էի ունենում դասղեկիս և տնօրինության հետ, կապված ոճիս և հագուստիս հետ։ Չէի սիրում հագնվել միանման, ինչի պատճառով միշտ խնդիրներ էի ունենում։
Ցանկացած նոր հագուստի վրա պարտադիր պիտի ձևափոխություն անեի)) Չնայած ամենօրյա կռիվներին, երբեք չեմ կոտրվել, ու հստակ իմացել եմ, որ եթե ես դա չեմ ուզում հագնեմ, ապա ոչ մեկ չի կարող ինձ պարտադրել։
Երևի դա կախված էր նրանից, որ տան փոքրը լինելով, ինձ բոլորը երես էին տալիս)))
Բարձր ինքնագնահատականս իմ մոտ ձևավորվել է դեռ վաղ տարիքից։ Որպես վառ հիշողություն չեմ կարող առանձնացնել, քանի որ ամեն օրս յուրովի վառ է անցել։
- Ինչպես կողմնորոշվեցիք մասնագիտության մեջ։ Ինչ կրթություն եք ստացել։
- Մասնագիտության հարցում երկար չեմ մտածել, քանի որ հստակ գիտեի, ինչ եմ ուզում։ Ավարտել եմ Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջի հագուստի մոդելավորում-նախագծում բաժինը։ Կյանքիս լավագույն տարիներն էին։
Դասախոսներս իմ ամենամեծ մոտիվացիան էին։ Հիմա կարոտով եմ հիշում այդ տարիները։
- Ձեր առաջին աշխատանք, հասուն կյանքի առաջին փորձությունը։
- Քոլեջը գերազանց ավարտելուց անմիջապես հետո ինձ հրավիրեցին Նոյեմբերյանի մշակույթի տանն աշխատելու, որպես գլխավոր դիզայներ։ Աշխատեցի մոտ երկու տարի, որից հետո տեղափոխվեցի Աբխազիա։ Հասուն կյանքիս ամենամեծ փորձությունը դա իմ առաջին ցուցադրությունն էր։
- Ինչ նշանակություն ուներ Ձեր առաջին ցուցադրությունը։ Ինչ տվեց այն Ձեզ որպես մարդ և մասնագետ։
- Իմ համար մեծ փորձություն էր Նոյեմբերյանի նման փոքր քաղաքում մեծ ցուցադրություն կազմակերպելը, այն էլ համարձակ ոճի մեջ։ Իրականում շատ մեծ ռեսուրսներ օգտագործվեցին, որ ամեն ինչ կատարյալ լինի։ Այդ ժամանակ ես 19 տարեկան էի։ Դա իմ առաջին ցուցադրությունն էր, որտեղ ներկայացնում էի իմ "HayLizard" հավաքածուն։
Փոքր քաղաքի համար դա մեծ ու ցնցող իրադարձություն էր, որի համար արժանացա քննադատությունների, բայց գովեստի խոսքերն այնքան շատ էին, որ կարողացա հաղթահարել։
Այդ ցուցադրության շնորհիվ ավելի կայացա։ Հասկացա, որ այս կյանքում ոչինչ հեշտությամբ չի տրվում, ու ես ընտրել եմ մի մասնագիտություն, որը կարող է նաև քննադատվել։ Այդ տարիքում ավելի զգացմունքային էի, և ամեն մի փոքր քննադատություն բուռն էի արձագանքում։ Բայց քանի որ դրականն ավելի շատ էր, քան բացասականը, ժամանակի ընթացքում դա ինձ օգնեց, ավելի հասուն մտածել և կայանալ։
- Իսկ երբ և ինչպես ստեղծվեց Ձեր առաջին բրենդը։
- Մոտ յոթ տարի ապրել եմ դրսում, այնտեղ ունեի փոքրիկ բիզնես, արտադրում էի հայկական տարազով տիկնիկներ, պատրաստում էի զարդեր։ Օտարերկրացիներին պատմում էի մեր մշակույթի և առհասարակ հայի մասին։
Սիրում էի իմ գործը, բայց սրտի գողտրիկ մի անկյունում մտածում էի, որ վերջապես կգա մի օր, որ ես կարարաեմ իմ հայրենիքում։ Եվ այդպես էլ եղավ։ 2020 թվականին, երբ կորոնավիրուսի պատճառով փակվեցին ճանապարհները, մենք մնացինք Հայաստանում։ Եվ այդ ժամանակը ես օգտագործեցի որպես հնարավորություն։ Ստեղծեցի "Gabi Asatryans" մանկական բրենդը։
- Կին ձեռներեց, ինչպես է այն ընկալվում հասարակության մեջ տարիներ առաջ և հիմա։
- Կարծում եմ եթե հետ նայենք 10 տարի առաջ և հիմա, իրականում շատ մեծ տարբերություն կտեսնենք։ Եվ ուրախ եմ, որ գնալով ավելի է արժևորվում կնոջ դերը հասարակական կյանքում։ Իրականում արդեն իսկ կոտրվել է այն կարծրատիպը, որ կինը չի կարող լինել ձեռներեց։ Եվ սա ինչ խոսք, գովելի է։
- Հայկական արտադրանք ստեղծող ընկերության, անհատի համար ի՞նչ տարբերություն կա Հայաստանյան և Ռուսական շուկաների մեջ։
- Իրականում տարբերությունը բավականին մեծ է։ Ռուսական շուկայում շատ ավելի մեծ տեղ ունի ձեռքի աշխատանքը, ինչը Հայաստանում այնքան էլ չի գնահատվում, ցավոք սրտի։ Հիմա էլ մենք աշխատում ենք ռուս և ռուսաստանաբնակ հայ փոքրիկների հետ, ունենք հայտնի ռուս փոքրիկներ, ովքեր բացառապես օգտվում են մեր բրենդից։
- Առհասարակ, ի՞նչ է նշանակում արարել երեխաների համար։
- Դա լրիվ ուրիշ աշխարհ է։ Երեխաները ամենամաքուր էակներն են, և նրանց հետ աշխատելը և նրանց համար արարելը բավականին բարդ և պատասխանատու գործ է։ Յուրաքանչյուր նոր հավաքածու ստեղծելիս, նախ այդ աշխատանքի մեջ առաջին հերթին մեծ սեր ենք ներդնում։
- Յուրահատուկ ոճ ունի «Գաբի Ասատրյան» բրենդը, ինչպե՞ս է ստացվում նոր մտքեր ստեղծել։
- Յուրաքանչյուր նոր հավաքածու ստեղծման իր պատմությունն ունի։ Եթե նկատել եք, ունենք հավաքածու, որտեղ դետալների վրա գրված է Նժդեհի և մեծանուն բանաստեղծների գործերից հատվածներ։ Նպատակը մեկն է, որ դեռ փոքրուց երեխաները ճանաչեն մեր մեծություններին։ Իսկ հիմնականում իմ մոտիվացիայի աղբյուրը իմ աղջիկն է, որի անունով էլ անվանակոչվել է բրենդը։
- Իսկ ինչո՞վ է տարբերվում Ձեր բրենդը։
- Gabi Asatryans-ը տարբերվում է իր ուրույն ոճով, մենք ունենք կոնկրետ չափանիշներ, և երբեք չենք խախտում։ Կարծում եմ դա կփաստեն մեր հաճախորդները։
- Որոնք են հիմնական թրենդները երեխաների համար 2024 թվականին։
- 2024 թվականին ակտուալ են վառ գույները, արտահայտված գրվածքները և պատկերները։ Ամեն դեպքում, որպես դիզայներ, խորհուրդ եմ տալիս երեխային հագցնել այն, ինչի մեջ նա իրեն հարմար է զգում, իհարկե հաշվի առնելով երեխայի կազմվածքը և նախասիրությունները։
Խորհուրդ եմ տալիս մաքսիմալ շատ հագցնել վառ գույներ, քանի որ այն մեծ ազդեցություն ունի երեխայի տրամադրության վրա։
- Կին, մայր, ինչպես եք կարողանում համատեղել ու արարել։
- Իրականում հեշտ չի համատեղել, բայց անհնարին ոչինչ չկա, հատկապես երբ դու քո գործից հաճույք և հանգստություն ես ստանում։
Փորձում եմ անել մաքսիմալը, որ դուստրս շատ չնկատի իմ բացակայությունը։ Ազատ օրերին անում եմ ամեն ինչ, որ լրացնեմ այդ բացը։
- Ըստ Ձեզ, ինչո՞ւ պետք է կինը աշխատի։
- Կարծում եմ աշխատանքը ինքնահաստատվելու և ինքդ քեզ կարևոր զգալու հնարավորություն է։ Եվ ցանկացած կին, պետք է օգտվի այդ հնարավորությունից։ Սա շատ ծավալուն թեմա է, և հետ նայելով հասկանում եմ, որ այս հարցում առաջխաղացում ունենք, ինչը գովելի է։
- Իսկ ի՞նչ է նշանակում երեխայի համար, երբ մայրը աշխատում է։
- Իմ համար սա շատ նուրբ թեմա է։ Ես ինքս չեմ կարողացել շատ ժամանակ տրամադրել փոքրիկիս, ինչի համար հիմա շատ եմ ափսոսում։ Բայց փոխարենը հիմա փորձում եմ լրացնել այդ բացը։
- Հայուհի, որպես դիզայներ, ինչ եք կարծում, ինչո՞ւ պետք է երեխան փոքր տարիքից ոճային լինի։
- Ճաշակը ձևավորվում է վաղ տարիքից։ Եվ կարծում եմ յուրաքանչյուր ծնող մեծ աշխատանք ունի տանելու այս առումով։ Բայց ոչ մի դեպքում չի կարելի պարտադրել երեխային հագնել այն, ինչը չի ուզում։
Յուրաքանչյուր երեխա ունի իր ներաշխարհը, իր նախասիրությունները և ինչու չէ սիրելի կերպարները։ Հիմա երեխաներն իրենք են ընտրում իրենց ոճը և դա գովելի է։ Ամեն դեպքում պետք է հաշվի առնենք, որ վաղ տարիքում ձևավորված ճաշակը ուղեկցելու է երեխային իր ամբողջ կյանքում։
- Ձեր համար, ինչ է նշանակում երազանքը վերածել իրականության։
- Ցանկացած երազանք մինչ նպատակ դառնալը երկար ճանապարհ է անցնում։ Անցնում է հիասթափությունների, դժվարությունների փուլեր, որտեղ միայն ուժեղներն են մնում։
Երբեք չեմ երազել, քանի որ ինձ միշտ թվացել է, որ երազանքը խանգարում է մարդուն, և անիմաստ ժամանակի կորուստ է։ Դեռ փոքրուց նպատակ եմ դրել, և գնացել եմ դրա հետևից։
Ես տեսակով անկոտրուն եմ, և եթե իմ առջև նպատակ եմ դրել, ուրեմն ոչ մի փոթորիկ չի կանգնեցնի։
- Ինչ դժվարությունների եք հանդիպել, և ինչպես եք հաղթահարել դրանք։
- Ցանկացած բնագավառում կան դժվարություններ, բայց ամեն ինչ հաղթահարելի է, երբ ունես ամուր թիկունք։ Իմ համար այդ թիկունքն Աստված է, և նա միակն է, որի հետ կարողացել եմ հաղթահարել դժվարություններս։
Չկա այդպիսի բնագավառ, որտեղ դու չունենաս դժվարություններ, ուղղակի պետք է ամուր կամք, և նպատակին հասնելու մեծ ցանկություն։
- Ինչ տեսլական ունեք։
- Չեմ սիրում խոսել ապագայի մասին, ապրում եմ ներկայով։ Ամեն ինչ Աստծո ձեռքերում է։
- Ինչ կմաղթեք կանանց և աղջիկներին։
- Առաջին հերթին խաղաղություն և հաղթանակած Հայաստան։ Կարծում եմ այս պահին մենք բոլորս ամենաշատը դրա կարիքն ունենք։
Մենք կանայքս իրականում որքան էլ ուժեղ լինենք, սրտի խորքում շատ փխրուն էակներ ենք, ու կնոջ ամենամեծ մոտիվացիան դա կանացի երջանկությունն է։ Բոլորին մաղթում եմ լինել սիրված, երբեք չկոտրվել և հիշել, որ մենք բնության ամենագեղեցիկ ստեղծագործությունն ենք։
- Անչափ շնորհակալ ենք Հայուհի, գեղեցիկ հարցազրույցի համար։ Ձեզ մաղթում ենք բազում հաջողություններ, ինչպես նաև "Gabi Asatryans" մանկական բրենդին մեծ տարածում ու հաղթական պոդիումներ նաև արտերկրում, բարձր պահելով հայկական բրենդի անունը։
Instagram` Gabi Asatryans
Հասցե՝ Սմբատ Զորավար 11/1 Երևան տոնավաճառ 3րդ հարկ, 216տաղավար
Հեռ․ +374 94 52 30 56
Սիրով hoonch.am թիմ՝
Հարցազրույցը պատրաստեցին՝ Աննա Տեր-Հովհաննիսյանը և Կարինե Հակոբյանը
Մեկնաբանել