• 21 դեկտեմբեր, 2024
     Սանամ, ինչո՞ւ չարթնացրիր,- Մհեր Մկրտչյան

    Սանամ, ինչո՞ւ չարթնացրիր,- Մհեր Մկրտչյան

    Հայրս մշեցի էր, մայրս՝ վանեցի. հրաշքով փրկված եղեռնից, ծվարած Լենինականի որբանոցներից մեկում: Հայրս գեղեցկադեմ, առնական տղամարդ էր, մայրս՝ հակառակը:

    Նա ծնվել էր պարզապես մայր դառնալու համար:

    Մայրս եղել, և մնում է իմ պաշտամունքը: Նա հիմա՝ որպես առաքինի մի հրեշտակ, Աստծո կողքին է նստած:

    Շատ բան եմ սովորել իմ մորից: Խեղճ, անգրագետ կին էր Սանամը, հազիվ էր ստորագրում, բայց ինձ ապշեցնում էր նրա խոհուն պահվածքը, հասուն տրամաբանությունը:

    Լիովին պաշտպանված զգում ես քեզ միայն այն ժամանակ, երբ մորդ կողքին ես: Հիշում եմ՝ ամեն անգամ՝ քնելուց առաջ, ասում էի. «Մամ, առավոտյան անպայման ժամը 8-ին կարթնացնես, որովհետև 9-ի պետք է լինեմ ստուդիայում»: Նա կամացուկ ծիծաղում էր:

    Լույսը բացվում էր: Ժամը 8-ն է, ոչ ոք ինձ չի արթնացնում: Մոտակայքում լսվում է Սանամի երգի ձայնը: Ես ինձ այնքան լավ էի զգում՝ տաքուկ, հանգիստ: Կախարդական երազներ էի տեսնում: Բայց երազներն այնքանով են վտանգավոր, որ դրանց հաջորդում է դաժան իրականությունը:

    Ժամացույցի սլաքները ցույց էին տալիս 11-ը: «Սանամ, ինչո՞ւ չարթնացրիր»:

    «Ֆրունզ ջան, չէի՞ր լսում, ախր ժամը 7-ից քեզ եմ արթնացնում»: Սանամն ինձ երգով էր արթնացնում:

    Բայց արդեն քանի՜ տարի է՝ ես արթնանում եմ զարթուցիչի ահավոր ճչոցից ու ամեն անգամ մտածում՝ ինչո՞ւ կտրվեց Սանամիս երգը:

    Բայց ինչո՞ւ եմ սա ասում: Չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրի տանը կան ու պիտի լինեն ՍԱՆԱՄՆԵՐ:

    Թող որ նրանք կոչվեն Անահիտ կամ Շուշանիկ, թող որ նրանք անգիր իմանան Թումանյան, գիտենան Հովնաթանյանի ներկապնակի բոլոր գույները, թող մեկը լինի վաստակավոր, մյուսը՝ մեդալների ու պարգևների արժանացած, երրորդը չունենա ոչինչ, միևնույնն է, նրանց բոլորին տրված է երկրի բարձրագույն կոչումը՝ մայր:

    Ու քանի դեռ նա կա, դու միշտ երեխա ես...


    Մհեր Մկրտչյան

    Սևան, գեղեցկագույնը՝ ջրերի մեջ

    Սևան, գեղեցկագույնը՝ ջրերի մեջ

    Նախորդը

    Մոնթեի ու տարեց կնոջ զրույցը

    Մոնթեի ու տարեց կնոջ զրույցը

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: