1.
Մի անգամ աստղերը հավաքվեցին իմի, և նրանցից ամենածերերն ասացին.
Մենք բազում ենք ու շատ: Ուրեմն ինչո՞ւ չենք կարողանում լուսավորել ցերեկն ու գիշերը արեգակի ու լուսնի նման:
-Որովհետև միաբանությամբ չենք վարվում,- պատասխանեց մեկը:
Եվ որոշեցին նախ հալածել ու փախցնել արեգակին. բայց երբ լուսինը ծագեց, հաղթվելով նրանից՝ աստղերն ասացին.
-Եթե մենք լուսնի լույսից այսպես աղոտացանք, ապա ի՞նչ կլինենք, երբ արևը ծագի:
Զղջացին աստղերը և խոստովանեցին իրենց պարտությունը:
2.
Մի անմիտ մարդ հունապի ծառը դժնիկ կարծելով՝ հարված տվեց նրան:
Ծառը զայրացավ և ասաց.
-Ո՛վ անագորույն, ծառը իր պտղից պետք է ճանաչել և ոչ թե տեսքից:
3.
Նռնենին և թզենին միմյանց հետ սեր անել կամեցան և քաղցրությամբ համեմատվեցին. բայց նռան թթվայնությունից խորշեց թզենին, և լուծվեց նրանց դաշինքը:
4.
Ծովի գորտերը խորհուրդ անելով՝ ասացին.
-Ինչու ենք դեղնած ու փորներս ուռած խեղդվում ջրի մեջ, դուրս գանք ցամաք և կյանք վարենք, ինչպես ուրիշները:
Մի ծեր գորտ ասաց.
-Հայրս պատվիրել է ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ վախկոտ ենք.
Գուցե դուրս գանք ու վախենալով ետ դառնանք և մեր վախկոտությունն ուրիշներին հայտնի դարձնենք:
Բայց գորտերը չլսեցին ծերունուն ու դուրս եկան, սակայն ոտնաձայն լսելով՝ փախան իսկույն ու ծովը սուզվեցին դարձյալ:
5.
Առյուծի ոտքը կոտրվեց. Նա սկսեց տրտնջալ բոլոր կենդանիների վրա և ասաց.
-Դուք իմ հարկատուներն եք, որովհետև գազանների իշխանն եմ ես, ինչո՞ւ ինձ համար զոհաբերություններ չեք անում, որ առողջանամ:
-Այն պատճառով,- պատասխանեցին կենդանիները,- որ մենք քեզանից պաշտպանություն չտեսանք ոչ արջի ձեռքից, ոչ գայլի և ոչ էլ այլ գազանների ձեռքից և մինչև անգամ դու ինքդ չխնայեցիր մեզ:
Մենք աստծուն պետք է զոհաբերություն անենք, որ այդպիսի փորձանքի բերեց քեզ:
6.
Իմաստուններից մեկը հարցում արավ ծառերին և ասաց.
-Ի՞նչն է պատճառը, որ դուք ինչքան բարձրանում եք, այնքան էլ խորը արմատներ եք գցում: Եվ ծառերը այսպես պատասխանեցին.
-Ինքդ իմաստուն լինելով, ինչպե՞ս է որ չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրելով մեզ վրա, դիմանալ հողմերի բռնությանը, եթե խորը արմատներ չգցենք:
Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որոնք թեպետ և բազմաճյուղ չեն, բայց դարձյալ քամիններին ընդդիմադրել չեն կարող, որովհետեև խորը արմատներ չունեն:
7.
Զատիկի տոնին հավատացյալները հաղորդվելու եկան: Մի հովվի էլ համոզեցին, որ նա ևս հաղորդվի, բայց հովիվը երբ հաղորդությունը տեսավ, փախավ, ասելով. «Ոչ ճաշ է, որ ուտեմ, և ոչ ընթրիք»:
Ու չհավանելով՝ թողեց ու գնաց:
8.
Ձկներին մեղադրում էր իրենց թագավորը, ասելով, թե ինչու եք ուտում ձեզանից մանր կենդանիներին: Եվ ձկները համարձակվելով ասացին. «Քեզանից ենք սովորում, որովհետև շատերը գալիս են քեզ երկրպագելու, և դու, կուլ տալով նրանց, կերակուր ես դարձնում քեզ համար: Ուստի և մենք քեզանից սովորելով, հանդգնում ենք»:
9.
Առյուծը, արջը և գայլը միասին ասացին մի անգամ.
-Մենք ինչո՞ւ ենք հում ուտում մեր որսը: Մարդկանցից մեկին բռնենք, որ իրենց օրենքին համաձայն, կերակուր պատրաստի մեզ համար մեր որսից:
Եվ բռնեցին մեկին ու կարգեցին խոհարար:
Մարդը նեղվելով նրանց ձեռքի տակ մնալուց՝ հնար մտածեց նրանցից ազատվելու:
Ճեղքեց մի մեծ գերան և նրա ամեն կեղմում սեպեր դնելով, ասաց առյուծին և մյուսներին.
-Օգնեցեք ինձ ճեղքելու այս փայտը: Դրեք ձեր ձեռքերը ճեղքվածքի մեջ և ձգեցեք: Երբ նրանք դրին ձեռքերը, մարդը դուրս քաշեց սեպերը:
Գազանները մնացին կաշկանդված: Այդ ժամանակ մարդը կացինն առավ և ասաց.
-Նախ առյուծից սկսենք:
Ասաց և ջարդեց բոլորին:
10.
Մի անգամ վար անելիս եզը փախավ լծի տակից, բայց մշակը բռնելով նրան՝ կալը բերեց: Այստեղից էլ եզը փախավ: Մշակը բերեց և այս անգամ սայլին լծեց: Սայլից էլ փախավ: Մշակն ամեն անգամ բերեց շատ բանի լծեց: Վերջապես երբ եզը տեսավ, որ փախուստ տալն անհնար է, հնազանդվեց և թողեց իր փախչելու սովորությունը:
Մեկնաբանել