• 21 նոյեմբեր, 2024
     Իտալացի աղջկա երգը - Միքայել Նալբանդյան

    Իտալացի աղջկա երգը - Միքայել Նալբանդյան

    1859 թվականից

    «Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
    Մեր թշնամուց ոտնակոխ,
    Յուր որդիքը արդ գանչում է
    Հանել յուր վրեժ, քեն ու ոխ:

     

    Մեր հայրենիք շղթաներով
    Այսքան տարի կապկապած,
    Յուր քաջ որդոց սուրբ արյունով
    Պիտի լինի ազատված:

     

    Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ,
    Որ իմ ձեռքով գործեցի,
    Գիշերները ես քուն չեղա,
    Արտասուքով լվացի։

     

    Նայի՛ր նորան, երեք գունով,
    Նվիրական մեր նշան,
    Թո՛ղ փողփողի թշնամու դեմ,
    Թո՛ղ կործանվի Ավստրիան:

     

    Ինչքան կին մարդ, մի թույլ էակ,
    Պատերազմի գործերում
    Կարե օգնել յուր եղբորը,
    Զանց չարեցի քո սիրուն:

     

    Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ,
    Շուտ ձի հեծի՛ր քաջի պես,
    Գնա՛ փրկել մեր հայրենիք,
    Պատերազմի վառ հանդես»:

     

    Ամենայն տեղ մահը մի է,
    Մարդ մի անգամ պիտ մեռնե.
    Բայց երանի՜, որ յուր ազգի
    Ազատության կըզոհվի:

     

    Գնա՛, եղբայր, աստված քեզ հույս,
    Ազգի սերը քաջալեր,
    Գնա՛, թեև չեմ կարող գալ,
    Բայց իմ հոգին քեզ ընկեր:

     

    Գնա՛ մեռիր դու քաջի պես,
    Թող չտեսնե թշնամին
    Քո թիկունքը, թող նա չասե
    Թե վատ է իտալացին:

     

    Ասաց. տվեց օրիորդը
    Յուր եղբորը մի դրոշ,
    Մետաքսից էր, ազնիվ գործած,
    Ուր երեք գույն կան որոշ:

     

    Եղբայրն առավ և ողջունեց
    Յուր սիրական քնքուշ քույր,
    Առավ զենքը, սուր, հրացան,
    Հեծավ յուր ձին սևաթույր:

     

    - Քույրի՜կ,- գանչեց քաջ պատանին,-
    Մնա՛ս բարյավ, սիրական,
    Այս դրոշակին պիտի նայի
    Ամբողջ բանակ իտալյան:

     

    Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտված
    Արտասուքով ու կնքած,
    Դու հանձնեցիր ինձ հիշատակ,
    Հայրենիքի նվիրված:

     

    Թե մեռանիմ, դու մի՛ սգար,
    Իմացի՛ր որ տարեցի
    Դեպի մահու արքայություն
    Իմ հետ քանի թշնամի:-

     

    Ասաց. վազեց դեպի հանդես
    Ավստրիացոց հանդիման,
    Յուր արյունով գնել հավերժ
    Ազատություն իտալյան:

     

    Ո՛հ, իմ սիրտը կտրատվում է
    Տեսանելով այսպես սեր
    Դեպի թշվառ մի հայրենիք,
    Որ ոտնակոխ եղած էր:

     

    Սորա կեսը, կեսի կեսը,
    Գեթ երևեր մեր ազգում.
    Բայց մեր կանայք... ո՜ւր Եղիշե,
    Ո՜ւր մեր տիկնայք փափկասուն:

     

    Ո՛հ... արտասուք ինձ խեղդում են,
    Այլ չեմ կարող բան խոսել.
    Չէ՛... թշվառ չէ Իտալիան,
    Եթե կանայք այսպես են:

    Մանկության օրեր - Միքայել Նալբանդյան

    Մանկության օրեր - Միքայել Նալբանդյան

    Նախորդը

    Ապոլլոնին - Միքայել Նալբանդյան

    Ապոլլոնին - Միքայել Նալբանդյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: