Լինում է, չի լինում՝ մի թագավոր. սա ունենում է երեք տղա: Օրերից մի օր թագավորը տղաներին ասում է.- Մեր տները հնացել են, բերեք նորոգենք:
Տղաները քանդում են տները, նորից շինում:
Թագավորը ժողովրդին հավաքում է, պալատները ցույց տալիս, հարցնում.- Լավ ե՞նք շինել:
Մարդիկ էս ու էն կողմից ասում են.- Շա՜տ լավն են, դրանց նմանը չկա:
Մի պառավ գալիս է, ասում.- Թագավորն ապրած կենա, լավ եք շինել, համա մի բան պակաս է:
Պառավը որ ասում է՝ «մի բան պակաս է», թագավորը հրամայում է.- Քանդեցե՛ք, նորը շինեցեք:
Էդ տները քանդում են: Նորից են շինում ուրիշ տեսակ, դրանից ավելի լավը:
Ժողովրդին հավաքում Է, հարց ու փորձ անում՝ հավանում են:
Բայց էլի էն պառավը գալիս է, ասում.- Շատ լավ Է շինված, համա մի բան պակաս է:
Թագավորը հրամայում, էլի քանդել է տալիս, ասում.- Դե որ էդպես է, էն տեսակ շինեցեք, որ պակասություն չունենա:
Թագավորը երրորդ անգամ պալատները շինել է տալիս՝ մարմար քարով, ամեն սարք ու կարգը տեղը, մի զարմանալու բան: Իրեն երկրում ինչքան մարդ կար հավաքվում են նայում, հիանում:
Պառավը գալիս է, ասում.- Թագավորն ապրած կենա, էլի մի բան պակաս է: Սրա միջին Հազարան բլբուլը պետք է ըլի, որ հազար տեսակ ծլվլա ու երգի, խաղ ասի, խոսի, էն ժամանակ քո քեֆին քեֆ չի հասնի:
Թագավորը առավոտը իր նազիր-վեզիրին կանչում է, հրամայում.- Գնացեք Հազարան բլբուլը բերեք:
Նազիր-վեզիրն ասում են.- Թագավորն ապրած կենա, մենք ո՛չ Հազարան բլբուլ լսել ենք, ո՛չ էլ տեսել, որտեղի՞ց գնանք բերենք:
Թագավորի երեք տղաներն առաջ են գալիս, ասում.- Այ հե՛ր, մենք կգնանք Հազարան բլբուլը կբերենք:
Տղերքը ճամփա են ընկնում: Շատ են գնում, թե քիչ, շատն ու քիչը իրենք գիտեն, գնում են մի այգեպանի են պատահում: Դրա այգու կողքից երեք ճամփա էր գնում:
Այգեպանին հարցնում են.- Էս ճամփեքը ո՞ւր են տանում:
Ասում է.- Վերինը գնում է Բաքի, միջինը գնում է Շաքի, էս ներքին ճամփան էլ Գնացող-ետ չդարձողինն է:
Փոքր եղբայրը կարգադրում է, որ մեծ եղբայրը վերի ճամփով գնա, միջնեկը միջին ճամփով, իսկ ինքը ներքին ճամփան է ընտրում:
Եղբայրներին ասում է.- Ախպերտի՛նք, գնում ենք, համա որս որ շուտ գանք, էստեղ՝ էս այգեպանի մոտ կսպասենք, որ երեքս էլ միատեղ վեր կենանք ետ գանք մեր տուն:
Էդտեղ բաժանվում են, ամեն մինը մի ճամփով գնում է: Մեծ եղբայրը գնում է դուրս գալիս մի քաղաք, միջնեկ եղբայրն էլ՝ մի ուրիշ քաղաք, ինքն էլ, Գնացող-ետ չդարձողի ճամփան բռնած՝ գնում է, հա՛ գնում:
Շատ է գնում, թե քիչ, ինքը գիտի, գնում է տեսնում՝ մի Ծերունի, մի մեծ պալատի դռանը նստած: «Բարով» է տալիս, անց կենում: Ծերունին պատասխան չի տալիս: Էդ տղան էլ նրա վրա իսկի ուշք չի դարձնում, անց է կենում, գնում:
Ծերունին նոր նրա ետնից ձեն է տալիս.- Ա՛յ տղա, ետ արի:
Գալիս է, Ծերունին հարցնում է.- Էդ ո՞ւր ես գնում:
- Գնում եմ Հազարան բլբուլը բերեմ:
- Հազարան բլբուլի պահապանը ես եմ: Տեսնո՞ւմ ես Գնացող-ետ չդարձողի ճամփան, ինչքան մարդ էս ճամփով եկել է՝ ետ չի դառել, բոլորին վնասել եմ: Համա քեզ շատ հավանեցի, պետք է օգնեմ: Լա՛վ ականջ դիր, ինչ որ կասեմ՝ չըլնեմ-չիմանամ խոսքիցս դուրս գաս: Ա՛ռ էս Քեչա-քյուլլահը: Որ գնաս Հազարան բլբուլի տիրոջ պալատը հասնես, էս Քեչա-քյուլլահը կդնես գլխիդ՝ էլ քեզ ոչ ոք չի տեսնի: Տուն կմտնես, Հազարան բլբուլը կվերցնես, կբերես, համա ուրիշ բանի ձեռ չտաս:
Տղան գնում է հասնում թագավորի պալատը, Քեչա-քյուլլահը դնում է գլխին, տուն մտնում ու մի պուճախում կանգնում: Թագավորը գալիս է պալատականներով, իրիկնահաց են բերում, սեղան բացում, ուտում-խմում:
Տղա ու աղջիկ իրար են անցնում, հա՛մ տղաներն են սպասարկում, հա՛մ աղջիկները: Հետո աղախինները թագավորին իր տեղում պառկեցնում են, իրենք վեր կենում, գնում:
Անցուդարձը որ հանդարտվում է, էն տղան տեսնում է, որ հրեն մի պսպղուն Խանչալ պատիցը կախ արած. վերցնում է կապում գոտուց: Հետո թագավորի ոսկի Չիբուխն է վերցնում՝ դնում ծոցը: Մոտենում է քնած թագավորին, տեսնում է սաթի Տերողորմեն կողքին ընկած, էն էլ է վերցնում, դնում գրպանը: Հետո Հազարան բլբուլը վերցնում ու ճամփա է ընկնում: Գալիս հասնում է էն Ծերունուն:
Տղան Ծերունուն հարցնում Է.- Պատճառն ի՞նչ էր, որ դու էս ճամփով եկողներին բոլորին քո ձեռքով կորցրել ես, իսկ ինձ վնաս չտվիր, դեռ հլա ամեն բան էլ սովորեցրիր:
Ծերունին ասում է.- Դու որ եկար աներկյուղ «բարև» տվիր, անց կացար, իմ քեֆն եկավ, տեսա, որ դու սրտոտ տղա ես, դրա համար էլ քեզ ճամփա ցույց տվի ու ամեն բան սովորեցրի:
Հետո տղային հարցնում է.- Հո ուրիշ բան չվերցրի՞ր:
Տղան ասում է.- Չէ՛, մենակ Հազարան բլբուլն եմ բերել, մին էլ՝ քո տված Քեչա-քյուլլահը: Ա՛ռ, ախպեր, քո Քեչա-քյուլլահը, շատ շնորհակալ եմ, որ դու ինձ էս մեծ լավությունն արիր:
Տղան Ծերունու ձեռքը համբուրում Է, «մնաս բարով» ասում, Հազարան բլբուլը վերցնում է ու ճամփա ընկնում:
Գալիս է հասնում այգեպանի մոտ, հարցնում է.- Քեռի՛, իմ ախպորտանցից եկող չէլա՞վ:
Ասում է.- Չէ՛։
Տղան ասում է.- Քեռի, էս Խանչալը քեզ փեշքեշ, փետ կկտրես, վազան մատը կտաս: Էս Հազարան բլբուլն էլ կպահես, ես գնում եմ ախպորտանցս գտնելու, մինչն իմ ետ գալը՝ Հազարան բլբուլը քեզ ամանաթ:
Տղան միջի ճամփան բռնում է ու գնում: Գնում հասնում է մի քաղաք, տեսնում է՝ միջնեկ եղբայրը մի փալան շալակին համբալություն է անում: Մի ծանր ջվալի տակ տնքալով, չոքին-պռկին անելով տանում է:
Եղբորն ասում է.- Ա՛յ տղա, էդ ի՞նչ բանի ես. թագավորի կարողությունը հատացրել, համբալություն ես անում: Վե՛ր գցի էդ ջվալն ու ետևիցս արի:
Եղբորը տանում Է, նոր շորեր առնում, հագցնում՝ ոտ ու գլուխը նորոգում: Գալիս են քաղաքի ծայրին մի խանութում հաց են ուտում: Դուրս գալու ժամանակ տղան խանութպանին հարցնում է.- Ի՞նչ պիտի տանք:
- Հինգ մանեթ,- ասում է խանութպանը:
Տղան սաթի Տերողորմեն հանում Է տալիս խանութպանին, ասում.- Ա՛ռ, հինգ մանեթի տեղ քեզ ամանաթ, որ փողը բերինք՝ Տերողորմեն ետ կտաս:
Սա էլ վերցնում է Տերողորմեն, պատից կախ անում:
Եղբոր հետ գալիս է այգեպանի մոտ, ասում է.- Էս ախպորս Հազարան բլբուլի հետ կպահես, մինչն գնամ մեկել ախպորս գտնեմ, բերեմ:
Ընկնում է վերին ճամփան, մեծ եղբոր ետևից գնում: Գնում է մի քաղաք մտնում, տեսնում է՝ մեծ եղբայրը, երկու էշ առաջն արած, աղբը բարձած գալիս է: Սա էլ եկել էր մի այգեպանի մոտ մշակ վարձվել, մենակ մի վերնաշապիկ կար հագին, քամին որ փչում էր, փեշերը ետ տանում՝ թև ու թիկունքը բացվում էր:
Եղբորը ասում է.- Դու թագավորի մեծ տղեն ըլնես ու էդ օրո՞ւմ: Թո՛ղ էշերը ու ետևիցս արի:
Ախպորը վերցնում է, նոր շորեր առնում, հագցնում, տանում մի հյուրատուն, լավ ուտեցնում, խմեցնում: Դուրս գալու ժամանակ տանտիրոջը հարցնում է.- Ի՞նչ պիտի տամ:
- Հինգ մանեթ,- ասում է տանտերը:
- Ա՛ռ էս Չիբուխը, երբ որ քո փողը կղրկեմ՝ Չիբուխը ետ կտաս:
Էն մարդն էլ ասում է.- Լա՛վ:- Վերցնում է Չիբուխը, պատիցը կախ անում:
Տղան մեծ ախպորն էլ առնում, գալիս է այգեպանի մոտ: Երեք եղբայրները միանում են, Հազարան բլբուլը վերցնում ու ճամփա ընկնում:
Գալիս են, գալիս, շատն ու քիչը իրենք գիտեն, ճամփին փոքր եղբայրը ետ է մնում: Էս մեծ ու միջնեկ եղբայրները գալիս են հասնում մի ջրհորի, խալիչեն գցում են հորի բերանին ու ամեն մեկը մի ծայրին նստում:
Փոքր եղբայրը բեզարած, հոգնած գալիս է հասնում նրանց:
Ասում են.- Ա՛յ ախպեր ջան, արի՛, արի նստի՝ դինջացի:
Նա էլ գալիս է մեջտեղը նստում: Եղբայրները վեր են կենում թե չէ, նա՝ խալիչեն տակին, ընկնում Է ջրհորը:
Ասում են.- Խալիչեն մեզ տուր, քեզ էդտեղից հանենք:
Ասում է.- Որ դուք հանող լինեիք, ինձ էս հորը չէիք գցի. առե՛ք ձեր խալիչեն, գնացեք, կորեք:
Եղբայրները գալիս են տուն հասնում: Հազարան բլբուլը տալիս են իրենց հորը: Հայրն էլ վերցնում է Հազարան բլբուլը, կախ անում պատից: Ի՛նչ անում, չեն անում՝ Հազարան բլբուլը չի երգում, ձեն չի հանում:
Սրանց թողնենք էստեղ, լուր տանք փոքր եղբորից: Մի վաճառական է գալիս էդ ջրհորի գլխին կանգնում, քարավանը տանելիս միշտ էդտեղից ջուր է վերցնում: Ուզում է, որ ջուր հանի, տեսնում է՝ ջրհորում մի մարդ կա: Պարանը կախում է, դուրս հանում, տեսնում մի սիրուն, շնորհքով տղա, ասում է.- Ա՛յ տղա, էստեղ ի՞նչ ես շինում:
- Գիշերը ճամփա էի գալիս, մթնագիշեր էր, էկա ու հանկարծ ընկա էս հորի մեջ:
Վաճառականն ասում է.- Ա՛յ որդի, ես զավակ չունեմ, դու կըլնես իմ տղան:
Վաճառականը նրան որդեգրում Է ու տանում գործի դնում իր խանութում: Էս տղան սկսում է իրեն համար կարգին առևտուր անել:
Հիմի էլ լուր տանք Հազարան բլբուլի տեր թագավորից: Թագավորը առավոտը վեր է կենում, տեսնում` Խանչալը չկա, Չիբուխը չկա, Տերողորմեն չկա, Հազարան բլբուլը չկա, կանչում է նազիր-վեզիրին, հրամայում, որ կռվի պատրաստություն տեսնեն:
Զորքը հավաքում են ու ճամփա ընկնում: Գալիս են հասնում են Ծերունու մոտ:
Թագավորն ասում է.- էսքան ժամանակ ինձ պահպանել ես, էս ո՞նց է պատահել, որ հիմի իմ ունեցվածքը թալանել ես տվել:
Հալիվորն ասում է.- Թագավորն ապրած կենա, քու աշխարհի չորս կողմովը ճամփա կա, բալքի ուրիշ ճամփով են տարել, ես ի՞նչ իմանամ:
Թագավորն իրեն զորքով հասնում է այգեպանին: Տեսնում են՝ այգեպանը թագավորի Խանչալը ձեռին փայտ է կտրում, ծայրերն էլ՝ սրում:
Նազիր-վեզիրը այգեպանին ծեծում են, ասում.- Էս Խանչալը քեզ որտեղի՞ց, ո՞վ է տվել քեզ:
- Ախպե՛ր,- ասում է,- ինձ ինչի՞ եք սպանում, թողե՛ք ասեմ. մի տղա բերեց ինձ տվեց ու ինքը գնաց. ես էլ աղքատ մարդ եմ, ցաքատս' կոտրել է, կացին էլ չունեմ, էս խանչալով փետ եմ կտրում:
Թագավորը հարցնում է.- Խանչալի գինն ի՞նչ է:
- Հինգ մանեթ,- պատասխանում է այգեպանը:
Թագավորը հանում է հինգ մանեթը տալիս այգեպանին, Խանչալը վերցնում, հետո հարցնում է, թե.- էն տղեն ո՞ւր գնաց:
Այգեպանն ասում է.- էս միջի ճամփովը գնաց:
Թագավորը զորքը քշում է, էն միջի ճամփան բռնում՝ գնում հասնում է մի քաղաք, մտնում են էն խանութը, որտեղ որ թագավորի տղաները հաց էին կերել: Տեսնում է՝ իր Տերողորմեն էնտեղ կախ արած, հարցնում է.- Դրա գինն ի՞նչ է:
Խանութպանն ասում է.- Հինգ մանեթ:
Հանում է հինգ մանեթը տալիս, Տերողորմեն վերցնում, ետ գալիս այգեպանի մոտ, հարցնում.- էն տղեն հետո ո՞ւր գնաց:
- Էս վերի ճամփով գնաց:
Վերի ճամփով գնում են հասնում են քաղաքը, էն հյուրատունը, որտեղ թագավորի տղաները հաց էին կերել, հանգստացել: Մտնում են հյուրատուն՝ հաց ուտելու, տեսնում են՝ թագավորի Չիբուխը էնտեղ կախ արած:
Թագավորը հարցնում է.- Էս Չիբուխի գինն ի՞նչ է:
- Հինգ մանեթ,- ասում է տանտերը:
Հինգ մանեթը տալիս է, Չիբուխը վերցնում ու ետ դառնում:
Գալիս են նորից այգեպանի մոտ, հարցնում, թե.- Էն տղեն հետո ո՞ւր գնաց:
Այգեպանը ճամփան ցույց է տալիս: Հազարան բլբուլի տեր թագավորը զորքով գալիս հասնում է է՛ն քաղաքը, որտեղ Հազարան բլբուլն էր: Լուր է տալիս էդ երկրի թագավորին.- Հազարան բլբուլը ղրկի, թե չէ՝ քաղաքդ տակն ու վրա եմ անում:
Թագավորը տղաներին կանչում է, ասում.- Որդի՛ք, Հազարան բլբուլի տերը եկել է՝ Հազարան բլբուլն ուզում է, գնացեք պատասխան տվեք:
Տղաները վեր են կենում, գալիս Հազարան բլբուլի տիրոջ մոտ, ասում են.- Հազարան բլբուլը մենք ենք բերել:
-Ո՞նց եք բերել,- հարցնում է թագավորը:
Ասում են.- Տուն մտանք, վերցրինք բերինք:
Հազարան բլբուլի տերն ասում է.- Սո՛ւտ եք ասում, Հազարան բլբուլը դուք չեք բերել, գնացեք աչքիցս հեռացեք:- Ասում է ու ծեծելով վռնդում:
Թագավորի տղաները ամոթով ետ են գնում:
Հազարան բլբուլի տերը նորից է լուր տալիս թագավորին.- Իմ Հազարան բլբուլը ղրկի, թե չէ՝ քաղաքդ տակն ու վրա եմ անում:
Լուրը գնում, հասնում է վաճառականի տղային:
Սա հորն ասում է.- Ապի՛, արի գնանք տեսնենք էդ ի՞նչ բան է:
- Ա՛յ որդի,- ասում Է,- ինչի՞դ է պետք, քո բանին կաց:
- Չէ,- ասում է,- ապի, գնա՛նք, բալքի ձեռներիցս մի բան է գալիս:
Հայր ու տղա գնում են թագավորի մոտ:
Տղան ասում է.- Թագավորն ապրած կենա, ինձ ի՞նչ կտաս, որ Հազարան բլբուլի տիրոջը էստեղից հեռացնեմ։
- Ի՛նչ կուզես կտամ,- պատասխանում է թագավորը:
Էդ տղան գալիս է Հազարան բլբուլի տիրոջ մոտ ու ասում.- Թագավորն ապրած կենա, ինչի՞ ես եկել ժողովրդին լեղաճաք անում: Հազարան բլբուլ բերողը մի մարդ կըլի: Հիմի էս սաղ քաղաքն ի՞նչ մեղավոր է, որ ուզում ես տակն ու վրա անես: Քո Հազարան բլբուլը ես եմ բերել, ինչ ուզում ես՝ արա ինձ:
- Ո՞նց բերեցիր,- հարցնում է բլբուլի տերը:
- Ես Գնացող-ետ չդարձող ճամփով եկա, տեսա՝ ճամփի կողքին մի պալատ, մոտը մի Ծերունի նստած: «Բարով» տվի անց կացա, նա ինձ ետ կանչեց. «Ո՞ւր ես գնում»: Ասի. «Գնում եմ Հազարան բլբուլը բերեմ», Ծերունին ինձ մի Քեչա-քյուլլահ տվեց: Գլխիս դրի, մտա քու պալատը: Իրիկնահացը կերաք, քնեցիք: Վեր կացա Խանչալդ, Չիբուխդ, Տերողորմեդ ու Հազարան բլբուլդ վեր կալա ու եկա Ծերունու մոտ: Քեչա-քյուլլահը ետ տվի, հարցրեց. «Հո ուրիշ բան չվերցրի՞ր»: Ասի. «Չէ՛, մենակ Հազարան բլբուլն եմ բերել»:
Հազարան բլբուլի տերը տեսնում է, որ ամեն բան էդ տղան տեղը-տեղին պատմեց, ասում է.- Էդ բոլորը ճիշտ ես ասում, իմ Հազարան բլբուլը բերողը դու ես: Հիմի ես ու դու պիտի կռիվ անենք, թե դու հաղթեցիր՝ Հազարան բլբուլը քոնն է, թե ես հաղթեցի՝ գլուխդ կտրելու եմ ու Հազարան բլբուլը տանեմ:
Սրանք կոխ են բռնում: Էդ տղան Հազարան բլբուլի տիրոջը վեր է գցում ու բկին չոքում: Հազարան բլբուլի տերն ասում է.- Ա՛յ տղա, ինձ ձեռ մի տալ, ես աղջիկ եմ. ես ուխտ էի արել, ով որ ինձ հաղթի՝ նրան ուզեմ: Էս ամբողջ աշխարհքում մենակ դու էիր, որ ինձ հաղթեցիր, սրանից հետո դու իմն ես, ես քոնը:
Սրանք վեր են կենում, իրար ձեռք բռնած գնում են թագավորի պալատը: Հենց պալատ են մտնում` Հազարան բլբուլը խոսում է, ծլվլում, երգում է:
Թագավորն ասում է.- Էս ի՞նչ բան է, Հազարան բլբուլը խոսեց:
Տղան ասում է.- Իհարկե կխոսա, հա՛մ տերն է էստեղ, հա՛մ բերողը: Բերողը ես եմ, քո պուճուր տղան:- Ու պատմում է ամբողջ եղելությունը:
Թագավորն էդ րոպեին հրամայում է մեծ ու միջնեկ տղաներին հեռացնել իր երկրից: Բերում է փոքր տղային ու էդ աղջկան փառքով-պատվով պսակում, հարսանիք անում:
Նրանք հասնում են իրենց փափագին, դուք էլ հասնեք ձեր փափագին:
Հազարան բլբուլ
- Հայ գրականություն
- 12.06.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել