- Բարի օր Սաթենիկ, մի քիչ պատմեք Ձեր մանկությունից։ Ինչ էիք սիրում ամենից շատ անել երեխա ժամանակ։
- Բարև Ձեզ սիրելի Աննա, մանկությունս անցել է շատ վառ ու լուսավոր, քանի որ ծնվել և մեծացել եմ շատ ջերմ ընտանիքում, և որպես տան ամենափոքր միշտ վայելել եմ ընտանիքիս կողմից մեծ ուշադրությունը և սերը։
- Ինչ կրթություններ եք ստացել։
- Կրթությանս մեջ շատ մեծ է ծնողներիս դերը, քանի որ երբեք չեն արգելել կրթվել և զարգանալ, այլ միշտ ոգևորել և օգնել են, որպեսզի ստանամ որակյալ կրթություն, հասնեմ նպատակներիս։
Սովորել եմ Խաչիկ Դաշտենցի անվան 114, այն ժամանակ դեռ միջնակարգ դպրոցում, ստացել եմ 8-ամյա կրթություն: Եվ քանի որ ցանկանում էի ուսումս շարունակել բժշկական ոլորտում, ծնողներիս հետ որոշեցինք դիմել Երևանի Պետական Հենակետային Բժշկական Քոլեջ։
Ընդունելության քննությունները հանձնելուց հետո, ընդունվեցի անվճար քույրական գործ բաժինը։ 4 տարի սովորելուց հետո ստացա գերազանցության կարմիր դիպլոմ և ընդունվեցի Երևանի Պետական համալսարանի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետի 2-րդ կուրս։ Ավարտելուց հետո որոշեցի սովորել նաև դիմահարդարում, սովորեցի ոլորտում լավագույնների մոտ՝ Գոհար Ավետիսյան, Ալինա Սարգյսան և ևս 4 մասնագետների մոտ։
Սովորել եմ նաև գրաֆիկ և վեբ դիզայն, ինչպես նաև ավարտել եմ Երգի և Պարի Պետական թատրոնները)))
- Ինչպես որոշեցիք ընտրել մազահեռացման մասնագիտությունը։
- Կարելի է ասել ես չեմ որոշել։ Կյանքի իրադարձությունները, հանդիպումներն իրենք իրենցով ասես, մեկը մյուսին հաջորդելով, ինձ համար ինչ-որ ճանապարհ են ստեղծել, և ես գնացել եմ առաջ։ Ինձ համար կյանքի և աշխատանքի համար սկզբունքային է, որ այսօր պետք է լինեմ ավելի լավը, քան երեկ էի, իսկ վաղը լինեմ ավելի լավը, քան այսօր։ Այսինքն, մշտապես աշխատեմ ինքս ինձ վրա, և ես վստահ եմ, որ պատրաստվածությունն է ստեղծում հնարավորություն։ Եթե դու պատրաստ ես, եթե դու աշխատում ես ինքդ քեզ վրա և ինչ-որ մի ձիրք կարողանում ես հղկել և կատարելագործել, այդ ժամանակ էլ համապատասխան հնարավորությունն է թակում քո դուռը, որպեսզի դու կարողանաս այդ հմտությունդ որևէ տեղ, որևէ ոլորտում կիրառել։ Իմ պարագայում այդպես է եղել։
- Ո՞րն է Ձեր մասնագիտությունների կապը։
- Իմ յուրաքանչյուր մասնագիտություն շատ մեծ դեր ունի գրագետ աշխատանքի և պացիենտների հետ շփման մեջ: Օրինակ, բժշկական կրթությունս օգնում է գրագետ աշխատել, հոգեբանությունն օգնում է պացիենտների հետ շփման հարցում, դիմահարդարի մասնագիտությունն օգնում է տեսնել գեղեցիկը և ավելի ընդգծել այն, գրաֆիկ և վեբ դիզայն մասնագիտություններն օգնում են ուշադրություն դարձնել անգամ ամենափոքր դետալներին։ Բոլոր մասնագիտությունները յուրովի են։
- Ինչ կարևոր հատկանիշ պետք է ունենա մազահեռացման մասնգետը։
- Կարծում եմ, ինչպես բոլոր մասնագիտություններում, այնպես էլ այս դեպքում շատ կարևոր է, որ մասնագետը ունենա համապատասխան բարձրորակ կրթություն և շատ մեծ պատասխանատվության զգացում, ինքնակրթվելու ձգտում և սիրով կատարի իր աշխատանքը։
- Ինչ սարքով եք իրականացնում մազահեռացումը։
- Մեզ մոտ գործում է 2024 թվականի Գերմանական արտադրության InoDerm քառալիք դիոդային լազերային մազահեռացման սարքը:
- Ինչ ծառայություններ են Ձեզ մոտ գործում։
- Մեզ մոտ գործում են հետևյալ ծառայությունները՝ մազահեռացում (դիոդային լազերային և ոսկով), դեմքի խնամքներ, բժիշկ մաշկաբանների խորհրդատվություն և բուժում, դեմքի և ամբողջ մարմնի մերսումներ:
- Ինչ միֆեր կան մազահեռացման մեջ ))
Միֆերը շատ են, նշեմ ամենատարածվածներից երկուսը.
Լազերային մազահեռացումը կարող է առաջացնել օնկոլոգիական հիվանդություններ (քաղցկեղ) – հարկ եմ համարում նշել որ քաղցկեղածին կարող է լինել ուլտրամանուշակագույն ճառագայթը, իսկ բժշկական լազերային սարքավորումները, որոնք հաստատված են միջազգային առողջապահական համակարգի կողմից որպես անվտանգ, ոչ մի կապ չունեն ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ, ուստի չեն կարող առաջացնել նաև օնկոլոգիական հիվանդություններ
Լազերային մազահեռացումը առաջացնում է անպտղություն – դիոդային լազերային մազահեռացումը չի կարող առաջացնել անպտղություն, քանի որ օպտիկական էներգիան չի կարող թափանցել մաշկի շատ խորը շերտեր, առավել ևս մինչև ներքին օրգաններ, իսկ մազահեռացման մեջ օպտիկական էներգիան ջերմային էներգիայի վերածվելու համար անհրաժեշտ է միայն 1 քրոմոֆոր, որը մելանինն է:
- Որ եղանակն է ավելի բարենպաստ դիոդային մազահեռացման համար:
- Որպես այդպիսին բարենպաստ և անբարենպաստ եղանակներ դիոդային լազերային մազահեռացման համար չկան, պարզապես կան մի քանի գործոններ, որոնք հեշտացնում կամ դժվարացնում են մազահեռացման կուրսի ընթացքը։ Օրինակ՝ ամռանը արևայրուքը կարող է խանգարել կանոնավոր հաճախմանը, իսկ ձմռանը արևայրուքի խնդիր չենք ունենում, դե իհարկե բացառություններ ևս լինում են։
- Ինչպես խորհուրդ կտաք պատրատվել դիոդային մազահեռացմանը։
- Անհրաժեշտ է նախապես 12-24 ժամ առաջ ածելիով սափրել այն հատվածները, որտեղ անհրաժեշտ է կատարել մազահեռացում, բացառությամբ դեմքի, ինչո՞ւ 12-24, քանի որ ածելիի օգտագործումից կարող է վնասվել մաշկի ամբողջականությունը կամ ունենանք մաշկի գրգռվածություն, ինչը միջամտության ընթացքում կարող է առաջացնել տհաճ զգացողություններ։ Չի կարելի օգտագործել մազահեռացումից առաջ մարմնի լոսյոններ, քսուկներ, թևատակերի դեզոդորներ, իսկ օգտագործելու դեպքում պարտադիր զգուշացնել մասնագետին, որպեսզի մաշկը մաքրի։
- Ինչու ընտրել Ձեզ որպես մազահեռացնող մասնագետ։
- Դժվարանում եմ պատասխանել այս հարցին, քանի որ չեմ սիրում ինքս ինձ գովաբանել, միայն կնշեմ, որ ես և իմ թիմը մատուցում ենք բարձրորակ ծառայություններ անմիջական և ջերմ միջավայրում, որոնց որակը պայմանավորված է կրթված և մասնագիտական հմտություններ ունեցող անձնակազմով։ Մեզ մոտ վերադառնում են)))
- Ի՞նչ խորհուրդ կտաք հաճախորդներին, որպեսզի մազահեռացումը ավելի արդյունավետ լինի։
- Ամենակարևոր և առաջնային պայմանը, դա այցելությունների միջակայքերի կանոնավոր պահպանումն է։ Շատ կարևոր է պացիենտների հետևողական և պատասխանատու վերաբերմունքը տվյալ պայմանին, քանի որ յուրաքանչյուր այցելության ժամանակ ջերմային էներգիան ազդեցություն է ունենում միայն այն մազերի վրա, որոնք գտնվում են աճման անագեն փուլում, իսկ թերապիայի ընթացքում անագեն փուլում գտնվում են մազերի մոտ 20-40%-ը, ուստի լավ արդյունքի համար շատ կարևոր է կանոնավոր հաճախումը։
Հաջորդ կարևոր պայմանն այն է, որ անհրաժեշտ է թերապիայից 12-24 ժամ առաջ սափրել այն հատվածները, որտեղ պետք է իրականցվի մազահեռացում, բացառությամբ դեմքի (դեմքի հատվածում մազերը կարճացնում է մասնագետը հատուկ սարքի միջոցով)։ Հարկ եմ համարում նշել, որ պետք է հենց ածելիով սափրել և ոչ թե էպիլյատորով, ոսկով կամ այլ նմանատիպ ձևով հեռացնել մազերը, քանի որ նման եղանակներով մազերը քաշելուց մաշկից դուրս է գալիս նաև մազարմատը և դիոոդային լազերային մազահեռացումը դառնում է անարդյունավետ, քանի որ աշխատում ենք առանց մազարմատների մաշկի հետ։
Որպես առաջնային կնշեմ վերոնշյալները։
- Կարելի է արդյոք դիոդային մազահեռացումը հղիության կամ կերակրման ժամանակ։
- Այո, կարելի է, բայց միայն բժշկի խիստ ցուցումով։ Հղիների դեպքում պարտադիր կերպով շրջանցելով որովայնի, բիկինիի, փոքր կոնքի, երբեմն նաև կրծքավանդակի շրջանի հատվածները։ Հղիների հետ աշխատանքի ընթացքում կարևոր է զգոն աշխատանքը ցավային զգացողությունը հասցնելով մինիմալի։ Իսկ եթե ցավային զգացողությունը բարձր է, ապա անհապաղ դադարեցնել թերապիան։
Կրծքով կերակրման դեպքում շրջանցում ենք միայն կրծքավանդակի, երբեմն թևատակերի հատվածը և վերջ)))
- Ինչ հակացուցումներ կան այս ոլորտում։
- Մենք հետևում ենք միջազգային FDA (Food and Drug Administration)-ի չափորոշիչներին և յուրաքանչյուր մազահեռացման թերապիայից առաջ մանրամասն անամնեզ ենք հավաքագրում, լրացնելով պացիենտի անհատական թերթիկ և որևիցէ հակացուցման դեպքում միջամտությունը չեղարկվում է։ Իսկ որպես առօրյա հակացուցումներ կնշեմ մի քանիսը․ հակացուցված է ինտենսիվ արևայրուքով կատարել լազերային մազահեռացում կամ լազերային մազահեռացումից հետո ընդունել արևայրուք (սոլյարի)։ Հատկապես ամառային ամիսներին պարտադիր է SPF-ի կիրառումը և արևի ուղիղ ճառագայթներից խուսափումը, որպեսզի խուսափենք պիգմենտացիաներից։
Հակացուցում է սրոհունդի թեյի (зверобой), հակաբիոտիկների կիրառումը, քանի որ կարող են առաջանալ այրվածքներ, հակացուցում է ակնեի սուր շրջանը, արևային ալերգիան և այլն։
- Դե իհարկե դեմքի հիանալի խնամքներ եք անում։ Ինչ նյութերով եք աշխատում։
- Աշխատում ենք Կորեական Histolab ապրանքանիշի պրոֆեսիոնալ խնամքի միջոցներով։ Կարևորում եմ նշել, որ ունեն ամբողջությամբ բուսական ծագում, հակաալերգիկ են և ստեղծման ընթացքում կենդանիների վրա չեն փորձարկվել։
- Նաև դեմքի ու մարմնի մերսումներ եք իրականացնում կենտրոնում։
- Այո, մեր բժշկուհին կատարում է բուժական, հակացելյուլիտային, նիհարեցնող, լիմֆոդրենաժային, ռելաքսային և այլ մերսումներ դեմքի և ամբողջ մարմնի շրջանում։ Կատարում ենք նաև դեմքի բուկալ մերսում, որը նախատեսված է այն կանանց և տղամարդկանց համար, ովքեր խուսափում են հակատարիքային և երիտասարդեցնող ներարկումներից։
- Ինչու պետք է կինը աշխատի ու զարգանա։
- Շատ կարևորում եմ իմ կյանքում այս հանգամանքը, սակայն նաև չեմ քննադատում այն կանանց, ովքեր չեն աշխատում։ Կարևորում եմ կանանց ինքնակրթության ձգտումը և զարգացումը, քանի որ ապագա սերունդների դաստիարակման մեջ շատ մեծ է հենց կանանց դերը։
- Ինչ խորհուրդ կտաք կանանց։
- Սիրելի կանայք, եղեք խնամված անկախ տարիքից և եղանակից։ Խնամքը սիրո դրսևորում է, իսկ մեր կենտրոնում մենք Ձեզ սիրում և սպասում ենք։
- Շնորհակալություն Սաթենիկ գեղեցիկ, խորհուրդներով լեցուն հարցազրույցի համար։ Ձեզ բազում հաջողություններ ենք մաղթում մեր ամբողջ թիմով։
Հեռ․/ WhatsApp +374 96 447096
Սիրով hoonch.am թիմ՝
Հարցազրույցը պատրաստեց՝ Աննա Տեր-Հովհաննիսյանը
Մեկնաբանել