• 15 հոկտեմբեր, 2024
     Մարիա Քալաշյան, Ֆրանսիա

    Մարիա Քալաշյան, Ֆրանսիա

    - Բարև Ձեզ Մարիա։ Շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար։ Կպատմեք, ինչպես հայտնվեցիք Ֆրանսիայում։

    - Ողջույններս, ես եմ շնորհակալ, որ կա նման հարթակ և ինձ նման մարդկանց հնարավորություն է տրվում խոսելու, ցույց տալու Սփյուռքն ու Սփյուռքի հային։ 

    Ֆրանսիա տեղափոխվել եմ ընտանիքիս հետ 13տ. հասակում։ Ծնողներիս որոշումն է եղել Ֆրանսիա տեղափոխվելը, ինչի համար անչափ շնորհակալ եմ իրենց, չնայած մեր անցած դժվարություններին՝ երկու ամիս կայարանի նստարաններին գիշերելուն, մորս քաղցկեղով հիվանդանալուն և այլ հարցերին, որոնց բախվել ենք Ֆրանսիա տեղափոխվելուն զուգահեռ և ընթացքում։

    Տասնմեկ տարի է անցել, շատ լավ չեմ հիշում, թե ինչպես ենք կարողացել այդքան արագ հավաքվել, գուցե չեմ հիշում շատ լավ միայն այն պատճառով, որ ունեցել եմ շատ հոգատար ծնողներ, որոնք կյանքի մեծ և լուրջ հարցերով ինձ չեն ծանրաբեռնել և հնարավորինս արել են, իմ և եղբորս անհոգ մանկության համար։ Շատ ճիշտ ժամանակ, շատ բարդ որոշում են կայացրել իրականում, հետ հայացք գցելով եմ հասկանում, որ դա լավագույն որոշումն էր, որ մեզ համար կայացրել են։ Տեղափոխվելը եղել է շատ արագ, ես ավարտել եմ ուսումնական տարիս և մենք տեղափոխվել ենք։ Իրենց որոշումը հանգեցրել է նրան, որ այսօր ես երկու հայրենիք ունեմ՝ Հայաստանն ու Ֆրանսիան։ Ֆրանսիան նման է որդեգրած ծնողի, ով ինձ համար ոչինչ չի խնայել, իսկապես չի խնայել, լավ պահել ու մեծացրել է, հրաշալի ուսում է տվել ու չի տարբերել իր կենսաբանական զավակներից: Հայաստանն էլ՝ իմ « կենսաբանական» ծնողն է, այսօր ոչ այնքան մեծ հնարավորություններով, բայց որին ես սիրում եմ, որն իմ ինքնության մի մասն է կազմում և գենետիկան է։ 

    Քալաշյան Մարիա, Ֆրանսիա, Սփյուռք

    - Ինչ կրթություն եք ստացել Հայաստանում, ապա Ֆրանսիայում։

    - Հայաստանում, սկզբնական շրջանում սովորել եմ՝ «Ա. Խալաթյան վարժարանում», ապա շարունակել եմ կրթությունս «Մայակովսկու» անվան թիվ 7 հիմնական դպրոցում, մինչև Ֆրանսիա տեղափոխվելը։

    Տեղափոխվելով Ֆրանսիա, մի քանի ամսում լեզուն սովորելուց հետո, ընդունվել եմ դպրոց և ավարտել միջնակարգ կրթությունս։ Այնուհետև ընդունվել եմ Ֆրանսիայի լավագույն ավագ դպրոցներից մեկը, որտեղ սովորել եմ «Լեզվի և Գրականության» բաժնում։ Միակ օտարականն էի ու շատ բարդ էր անկեղծ ասած, իմ սովորած ֆրանսերենը՝ դպրոցի մակարդակի էր և ինձ պետք էր կատարելագործվել՝ հասկանալու համար մեծանուն գրողներին։

    Բարդ էր, բայց հանձնվելու պատճառ չդարձավ ու ամեն երեկո, դասերից հետո, տանը մի փոքր արտասվելուց հետո, հասկանում էի, որ շարունակում եմ, պետք է դիպլոմս ստանամ և ստացա։ Ուսումս ավարտելուց հետո կարճ ժամանակով տեղափոխվել եմ Լիոն քաղաք, սովորել՝ Université Lumière Lyon 2 համալսարանում, վեց ամիս հետո, հետ եմ վերադարձել իմ քաղաք՝ Դիժոն և շարունակել ուսումս՝ «Իրավունքի, ֆինանսների և քաղաքագիտության» ճյուղով։ 

    Մարիա Քալաշյան, Ֆրանսիա, Maria Kalashyan- Ի՞նչ հայկական համայքներ կան Ֆրանսիայում, և ինչքանով եք Դուք ներգրավված համայնքներում։

    - Ֆրանսիայում, հայկական համայնքը շատ մեծ է և շատ ավելի ավտիվ է գործում մեծ քաղաքներում՝ Լիոն, Փարիզ, Մարսել … բայց նաև պառակտված է։ Տարբեր համայնքներ կան, ասոցիացիաներ, կրթօջախներ։ Կստեմ, եթե ասեմ, որ բոլոր համայնքներն ու ասոցիացիաները միասին են աշխատում։

    Հայ համայնքը մշտապես կրել է հայրենիքի՝ Հայաստանի դեմքը, բոլորը բաժանվում են կուսակցությունների միջև ու բոլորն առանձին-առանձին կան, գոյություն ունեն ու գործում են։ Կան անձինք, համայնքներ, որոնց գլխավոր նպատակը՝ պառակտումն է, որոնք «հայրենասեր» հայերի անվան տակ, ֆինանսավորվում են անձանց կողմից, որոնք Հայաստանում են։ Վերոնշյալ անձինք էլ՝ Ռուսաստանի Դաշնության։ Ժամերով կարելի է խոսել համայնքային խնդիրների մասին։ Ի ուրախություն բոլորիս, Սփյուռքում կան հայ մարդիկ, առանձին-առանձին, Ազնավուրի նման, որոնք սիրում են Հայաստանը։ 

    Այս պահին, ես որոշ դեպքերում համագործակցում եմ «Հայկական Շարժում» անվանումը կրող համայնքի հետ, որը կենտրոնացած է Փարիզում ։ Երբեմն նաև մեր քաղաքի հայկական համայնքի հետ, երբ կան համագործակցության եզրեր, սիրով ընդունում եմ առաջարկները։ Հիմնականում, Հայաստանի հետ կապը պահում եմ ինքս, իմ միջոցներով, առանց որևէ խորը ներգրավվածություն ունենալու համայնքում, անում եմ դա սրտացավորեն, մեծ սիրով և պատասխանատվությամբ։ Ուսումս, քաղաքական զբաղվածությունս (ես նաև Էմանուել Մակրոնի կուսակիցն եմ), թույլ չեն տալիս ավելի ակտիվ լինել և մեծ ժամանակ հատկացնել համայնքային կյանքին։ 

    Մարիա Քալաշյան, Ֆրանսիա, Էմմանուել Մակրոն

    - Իսկ Ձեր քաղաքում հայկական դպրոցներ, մշակույթի կենտրոններ կա՞ն։

    - Մեր քաղաքը շատ մեծ չէ, հետևաբար դժվար կլիներ և փոքր ինչ անիմաստ՝ ստեղծել մշակութային կենտրոններ։ Դպրոց եղել է, որը հայկական ասոցիացիայի մի մասն է կազմել։ Պարի դպրոց է եղել համայնքում և հայերեն լեզվի դասեր, շաբաթական 1-2 օր, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում։ Հիմա ասոցիացիան կա փաստաթղթերով, սակայն չի գործում ։ 

     

    - Շարունակելով հետաքրքրվել Ֆրանսիայով, ինչպիսի հայկական կոթողներ, կառույցներ կան)))։

    - Ֆրանսիայում կան բազմաթիվ հայկական եկեղեցիներ, տարբեր քաղաքներում։ Եղել է անգամ, որ լքված հին եկեղեցին, հոգևորականի շնորհիվ, կարողացել են վերցնել, վերանորոգել, օրհնել և դարձնել հայկական։ Հայկական հուշարձաններ կան, խաչքարեր։ Հայաստանի ու հայի անունը կրող փողոցներ ու պողոտաներ կան Ֆրանսիայում։ 

    Ինչպես նշեցի, այստեղ նաև հայկական դպրոցներ կան, որոնք հիմնականում մեծ քաղաքներում են, հայկական խմբակներ՝ պարի, երգի … 

    Հրաշալի շատ ծրագրեր կան իրականում ու այնքան շատ են, որ գուցե չհասցնեմ բոլորից տեղյակ լինել։ Եվրոպայում ամենամեծ հայ համայնքը՝ Ֆրանսիայում է։ Հայկականի պակաս չունենք այստեղ, համեմատած մնացած Եվրոպական պետությունների։ Եթե հայրենասեր ես ու որևէ կերպ ուզում ես մասնակցել ինչ-որ լավ, հայամետ գործի՝ անկասկած կգտնես ինչ անել։ 

    Մարիա Քալաշյան, Ֆրանսիա

    - Մի քիչ խոսենք Ձեր կյանքից, աշխատանքից։

    - Իմ կյանքը, երիտասարդ տարիքիս համեմատ, լի է մեծ իրադարձություններով։ Ես դեռ ուսանող եմ, բայց մեծ քայլեր եմ արել քաղաքական ասպարեզում։ Ուսումս կավարտեմ, եթե ամեն բան իմ պլանավորածի պես գնա՝ կդառնամ աշխարհի այն քիչ հայ կանանցից, ովքեր միջազգային ավտանգության ուղին են ընտրում։ 

    Կար ժամանակ, երբ Դեղին Բաճկոնավորների ցույցերի կազմակերպիչ էի, այսօր՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակիցն եմ։ Կոտ Դոր դեպարտամենտում, Է. Մակրոնի՝ «Վերածնունդ» անվանումը կրող կուսակցության դեպարտամենտի ժողովի անդամ եմ, նաև ԵՄՀ (Երիտասարդները Մակրոնի հետ) շարժման, ուսանողական կյանքի մարզային պատասխանատուն եմ։ Շատ հետաքրքիր ծրագրերի վրա եմ աշխատում իմ կուսակիցների հետ։

    Շատ հաճախ ԱԺ-ում և ԵԽ-ում դրվում են քննարկման այն ծրագրերը, որոնց վրա, կուսակիցներիս հետ միասին, աշխատել եմ։ Կարելի է ասել, որ ակտիվորեն մասնակցում եմ Ֆրանսիայի ապագայի կերտմանը և պայքարում, որ գալիք սերունդներն ավելի լավ ապագա ունենան ։ 

     

    - Ինչպես եք պահպանում հայերեն գիրն ու խոսքը օտարության մեջ։

    - Այնքան բարդ է պահել հայերեն գիրն ու խոսքն այն դեպքում, երբ դրանք օգտագործում ես միայն շատ նեղ շրջանակներում ։ Քանի որ իմ առօրյա լեզուն՝ ֆրանսերենն է, գտել եմ այլ ալտերնատիվ տարբերակ, որպեսզի չկորցնեմ այն, ինչը կորցնելն աղետ կլինի ինձ համար ։ Ես շատ ակտիվ եմ սոցիալական հարթակներում և գրառումներս հիմնականում հայերենով են ։ Բացի այդ, շատ եմ կարդում իմ հայրենակիցներին, ուստի շատ խնդրում եմ, որ ճիշտ գրեն, ճիշտ խոսեն ։ Իրենք ինձ համար, հայերենս պահելու միակ միջոցն են և ես հենց իրենցից էլ շատ սովորում եմ ։ Բացի այդ, Հայաստանից գրքեր եմ պատվիրում, նվեր ստանում մեր ժամանակակից գրողների կողմից, ինչն ինձ օգնում է ։ Ի վերջո, եթե ես չպահեմ իմ մայրենի լեզուն, ո՞վ է պահելու ։ 

    Մարիա Քալաշյան, Ֆրանսիա, hoonch.am

    - Մարիա, իսկ ի՞նչ նախասիրություններ, հոբբիներ ունեք։

    - Իմ կյանքի գլխավոր նախասիրությունը պտտվում է քաղաքականության շուրջ։ Ժամանակիս մեծ մասը կենտրոնանում է հենց դրա վրա։ Քաղաքականությունից դուրս՝ առողջ ապրելակերպի կողմնակից եմ, սպորտով եմ զբաղվում։ Ժամանակ կար, երբ եղբորս հետ բոքսի էի հաճախում, ինքնապաշտպանություն սովորելու համար, իսկ հիմա, ուղղակի մարզասրահ եմ գնում։ Երաժշտություն եմ շատ սիրում, ավագ դպրոցում խորացված նաև երաժշտության դասեր ունեի կոնսերվատորիայի մասնագետների հետ։ Այդ ժամանակ սովորեցի նվագել հարվածային գործիքներ և մնացի սիրահարված։ Հիմա, տանն արդեն կիթառ ունեմ, սինթեզատոր, զբաղվում եմ …  և ինձ խոսք եմ տվել, որ պետք է հարվածային գործիքներ ևս ունենամ, որպեսզի կատարելագործեմ երաժշտական հմտություններս։ 

    Ճամփորդել ևս շատ եմ սիրում՝ կայարաններն ու օդանավակայաններն իմ տարերքն են։ Քաղաքական զբաղվածությանս շրջանակներում, Ֆրանսիայով շատ եմ ճամփորդում, իսկ արձակուրդներին՝ փորձում եմ ճամփորդել Ֆրանսիայից դուրս։ Դա օգնում է տեսնել այլ մարդկանց, ծանոթանալ այլ մշակույթների հետ, ըստ երկրի՝ ճիշտ գնահատել նաև կյանքն ու բոլոր այն հնարավորությունները, որոնք այսօր կան իմ առջև։ Ճամփորդելը՝ տալու և վերցնելու մասին է, մենք տալիս և վերցնում ենք մշակույթ, ապրելակերպ, արժեքներ … 

    Մարիա Քալաշյան, Ֆրանսիա, hoonch.am- Ինչպես եք պատկերացնում Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդումը։

    - Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման համար պետք է առաջին հերթին, որ խանգարող բոլոր հանգամանքները վերանան։ Ես գիտեմ, որ միլիոնների մեջ թաղված և այլ հոգեբանություն, արժեքներ ունեցող մարդկանց, որոնց հայրենիքն իրականում պետք չէ, փոխել չենք կարող։ Դրա համար ասածս կվերաբերվի հասարակ մահկանացուներիս՝ պետք չէ գնալ բոլոր նրանց հետևից, որոնց ծնկները Հայաստան ասելիս չեն ծալվում և Հայաստան ասելիս, աշխարհը նրանց տունը չի դառնում։ 

    Հայաստան-Սփյուռք կապը կարող է ամրապնդել յուրաքանչյուրն իր հայ լինելով, գեղեցիկ հայերենն ու հայոց մշակույթը պահելով։ Ինտեգրվել այլ երկրում, չի նշանակում ուրանալ այն հողը, որի վրա մայրդ քեզ լույս աշխարհ է բերել։ Շատ քիչ հայեր կան, որ Ֆրանսիայում այնքան ինտեգրված են, որքան ես։ Ի վերջո, ինձ մոտ ստացվում է պահել Հայաստանի հետ կապը, քանզի ես Սփյուռքը համայքով չեմ եզրագծում։ Ես կարողանոմ եմ, այլք ևս կարող են մեծ ցանկության դեպքում։ Սփյուռքը՝ անհատն է, ես եմ, դու ես … 

    Իրականում Սփյուռքի խնդիրները միայն դրսում ապրող հայերից չեն գալիս, արմատները՝ հենց Հայաստանում են, որոնց վրա աշխատել է պետք։ Հայաստանին Սփյուռքը շատ պետք է։ Իշխանությունները պետք է սկսեն ավելի լավ ճանաչել Սփյուռքն ու փորձեն ներգրավվել Հայաստանի զարգացմանը նպաստող ծրագրերում։ Գիտեմ, որ հիմա շատ աշխատանքներ են տարվում, բայց անելիքներ դեռ շատ կան։ 

    Մարիա Քալաշյան, Ֆրանսիա, hoonch.am- Ինչ խորհուրդ կտաք հայերին Հայստան նում, ինչու չէ Սփյուռքում։

    - Ես ուզում եմ, որ իմ հայրենակիցները չմոռանան թե որտեղից են եկել, ով են և ինչ արժեք ունի այն հողը, որի համար մեր կոկորդը փորձում են կրծել ու թե այդ հողն արժեք չունենար, մենք հավերժ խաղաղ կապրեինք։ 

    Կյանքը ոչինչ մեզ գեղեցիկ սկուտեղի վրա չի մատուցելու։ Գիտեմ, պատմությունը շատ անարդար է գտնվել մեր հանդեպ ու յուրաքանչյուրն իր մեջ կրում է այդ զգացումը։

    Մենք հայ ենք ու կոտրվելը մեզ գենետիկորեն չի պատկանում։ Կոտրվելով, մենք կկորցնենք մի ամբողջ հայրենիք։ Մինչ կկոտրվենք, մեր կողքին ապրող սոված ոհմակներն ատամները սրած կսպասեն հարմար պահի։ Ուստի խորհուրդս մեկն է իմ հայրենակիցներին՝ չկոտրվե’լ, հնարավորինս շատ դասեր քաղել։ Մենք այն բախտավորներից ենք, որ համտեսել ենք անկախությունն ու դրա համար երիտասարդ սերունդների կյանքի գնով վճարել։ 

    Պետք է սովորենք տեսնել սեփական սխալները, որի արդյունքում հայտնվել ենք բարդ իրավիճակում, բայց նաև չմոռանանք, որ Հայաստանը միայն վատ օրեր չէ, որ ունեցել է։ Մենք ունեցել ենք պատմական գեղեցիկ շրջաններ, իսկ այդ շրջանների միակ կերտողը՝ հայն է եղել, թե’ Հայաստանից և թե’ Սփյուռքից։

    Վերջերս հատկապես, շատ հուսահատ սպասում ենք, որ օտարը մեզ օգնի։ Մեր երկրի միակ օգնող ձեռքը՝ հայինն է։ Պետք է բոլորս Հայաստանին մեկնենք այդ ձեռքը։ 

     

    - Շնորհակություն Մարիա, անչափ հետաքրքիր հարցազրույցի համար։ Հուսով եմ, Ձեզ կտեսնեմ նաև Հայաստանում, և կկարողանանք միմյանց ձեռք բռնելով, աջակցելով հզորանանք ու հասնենք մեծ բարձրունքների, հնարավորինս ամրապնդելով Հայաստան-Սփյուռք կապը։ 

     

    Սիրով hoonch.am թիմ՝

    Հարցազրույցը պատրաստեց՝ Աննա Տեր-Հովհաննիսյան

    Աբրահամ Մելիքյան, դհոլահար, դհոլի ուսուցիչ

    Աբրահամ Մելիքյան, դհոլահար, դհոլի ուսուցիչ

    Նախորդը

    Ռուբինա Գրիգորյան, ArmMod Fashion հիմնադիր, Kids Fashion Day համահիմնադիր

    Ռուբինա Գրիգորյան, ArmMod Fashion հիմնադիր, Kids Fashion Day համահիմնադիր

    Հաջորդը

    Մեկնաբանել