• 10 դեկտեմբեր, 2024
     Ահարոն Պետրոսյան, Roots Classic Dance Studio

    Ահարոն Պետրոսյան, Roots Classic Dance Studio

    - Բարև Ձեզ Ահարոն։ Ի՞նչ եք առաջինը հիշում, երբ Ձեզ հարցնում են մանկությունից։ Ինչ վառ դրվագներ կամ առանձնահատուկություններ կարող եք նշել։

     - Բարև Ձեզ։ Նախ հիշում եմ առաջին դպրոցս, հետո հիշում եմ տեղափոխվելս պարարվեստի ուսումնարան։ Եվ առաջինը մի դրվագ եմ հիշում։ Հին դպրոցում հայտնի էի որպես պարտաճանաչ և լավ սովորող աշակերտ։ Առհասարակ տարրական դասարաններում չեմ ունեցել 3 և 4 գնահատական և մի անգամ 2 էի ստացել։

    Ու դա համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ պետք է դուրս գայի դպրոցից, տեղափոխվեի Պարարվեստի քոլեջ։ Եվ ոչ ոք չէր հավատում, որ ես պարզապես գնում եմ քոլեջում ուսումս շարունակելու։ Բոլորը կարծում էին, որ 2 եմ ստացել, վատ եմ զգացել ինձ և այդ պատճառով դպրոցս եմ փոխում))

     

    - Ինչքանով է ճիշտ, երբ երեխան բակային խաղերը փոխարինում է ուսմամբ։

    - Չգիտեմ իմ մասնագիտության ուրիշ անհատների մոտ ինչպես է դա եղել։ Կարծում եմ, որ կարևոր է այն, ինչով որ զբաղվում ես բակային խաղերի փոխարեն՝ քեզ հոգեբանական տրավմայի չբերի։

    Կարևոր է, որ ցանկացած տարիքում քեզ դուր գա այն, ինչով զբաղվում ես՝ լինի դա բակային խաղ, սպորտ, թե բալետ։ Ես շատ եմ սիրել մասնագիտությունս հենց սկզբից և երբեք չեմ փոշմանել, որ խաղերի փոխարեն բալետով եմ զբաղվել։ Թե ինչքանով է դա ճիշտ կամ սխալ՝ ամենքն իր համար է որոշում։

    Գիտեք, «մանկություն չունենալը», բակում չխաղալը մեր մասնագիտության դեպքում ունի մի մեծ առավելություն՝ սովորաբար, երբ երեխան դպրոցն ավարտում է, այդ ժամանակ նոր մտածում է, թե ինչ է ուզում դառնալ, ինչ մասնագիտություն է ուզում ձեռք բերել։ Իմ, և առհասարակ բալետի արտիստների դեպքում այլ է՝ մենք դպրոցն ավարտում ենք արդեն որպես մասնագետ։ Եվ կարող ենք միանգամից անցնել աշխատանքի։

    Ահարոն Պետրոսյան, Roots Classic Dance Studio, Պարահունչ- Ինչպես է բալետը նպաստում մարդու էության զարգացմանը։

    - Կարծում եմ նախ երաժշտությունն է նպաստում մարդու էության զարգացմանը։ Իսկ վերջինս պարի անբաժան մասն է կազմում։ Դե, քանի որ բալետը պարում են բացառապես և հիմնականում դասական երաժշտության ներքո, իսկ արդեն հայտնի է, թե դասական երաժշտությունը որքան օգուտներ ունի մարդու նյարդային համակարգի և ուղեղի զարգացման վրա՝ պարզ է, որ բալետն էլ նույն կերպ է ազդում մարդու վրա։ Հանգստացնում է, օգնում է կենտրոնացում ձեռք բերել, միանգամից մի քանի գործողություն կատարել, ուղեղն աշխատում է ծանրաբեռնված՝ փորձելով կառավարել ամբողջ մարմինը, մարմնի առանձին մասերը և այդ թվում նաև խաղալ, վերապրել դերը։

    Բալետն աշխարհ է, որտեղ ինքդ քո վրա ես աշխատում, քո գործիքը քո մարմինն է, ի տարբեություն գրեթե բոլոր մասնագիտությունների։

    Ինքդ քեզ կատարելագործելով հասնում ես հաջողությունների։

    Ահարոն Պետրոսյան, Roots Classic Dance Studio, Պարահունչ

    - Ինչ է Ձեզ համարը բեմը։

    - Բեմն ինձ համար կատարելության հասնելու ուղին է։ Տարիներով փորձասրահում պարելուց հետո նոր կարող ես դուրս գալ, երբ արդեն գրեթե կատարելապես տիրապետում ես դերին/պարին։

    Պարարվեստի քոլեջը հղկում է քեզ, հետո ուղարկում է Օպերայի թատրոն, թատրոնում հղկվելով հայտնվում ես հենց Օպերայի բեմում։

    Հանդիսատեսի համար այդ բեմը միայն սահմանափակ տարածք է։ Երբ դու բեմի վրա ես, այն քեզ համար սահմաններ չունի։ Նայել բեմին և նայել բեմից՝ 2 տարբեր աշխարհներ են։

    Բեմի վրա գտնվելով՝ դու ապրում ես այլ աշխարհում, որն անգամ երկրագնդի վրա չէ, հասցե չունի։ Գրեթե 15-17 տարի պարել եմ բեմում, բայց ամեն անգամ սրտի թրթիռ եմ զգացել․ կարծես առաջին անգամն է եղել։

    Բեմը նաև բերում է գերազանց պատասխանատվություն հանդիսատեսի առաջ։

     

    - Որն է Ձեր ամենամեծ բեմը՝ իր կարևորությամբ։

    - Ինձ համար շատ յուրահատուկ է հենց Օպերայի թատրոնի բեմը։ Եղել եմ շատ երկրներում, շատ բեմեր եմ տեսել ու ամենատարբեր մեծության։ Բայց այստեղ ես տանն եմ։

    Ահարոն Պետրոսյան, Roots Classic Dance Studio, Պարահունչ

    - Որպես մանկավարժ, ինչպես եք վերաբերվում երեխաների վաղ տարիքից բալետով զբաղվելուն և բեմ դուրս գալուն։

    - Վերաբերմունքս դրական է, եթե վաղ տարիքը համարենք 3-5 տարեկանը, սակայն դա այն բալետը չէ, որը մենք տեսնում ենք բեմի վրա։ Այս տարիքի բաիկներին (մինչև 7 տարեկան) մենք նախապատրաստում ենք բալետին՝ միտքը, կազմակերպվածությունը, դիսցիպլինան, մարմինը հղկելով։

    Անշուշտ, 3 տարեկան երեխան նույն ծանրաբեռնվածությամբ և ծրագրով չի կարող պարել, չի կարելի։ Մեզ մոտ՝ Roots Classic Dance Studio-ում, 3 տարեկանում այլ բան ենք սովորեցնում, 4-6 տարեկանում՝ մկաններն ենք պատրաստում, 7-8 տարեկաններն արդեն այլ ծրագրով են անցնում, 9-ից սկսած արդեն անցնում ենք բուն բալետին, և դա երեխայի մոտ ստացվում է ավելի հեշտ, երբ նախորդող բոլոր փուլերն անցել է, սովոր է դասական երաժշտությանը, ներկայացումներ է դիտել։

    Վաղ տարիքում, քիչ պարապած երեխային բեմ դուրս հանող պարուսույցը խաբում է և՛ ինքն իրեն, և՛ ծնողին, և՛ երեխային։ Այդ տարիքի երեխան պատրաստ չէ դեռ։

    Roots-ում բեմ սկսել ենք դուսր գալ տարիներ հետո։ Մեր ծնողներին այդ առումով հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել՝ իրենք գիտակցաբար և համբերատար սպասեցին, և նոր սկսել ենք մասնակցել համերգներին։

    Ի դեպ, առաջին մեր բեմելը հենց Ձեզ մոտ է եղել` «Պարահունչի» առաջին համերգին։ Առաջինը Ձեզ հետ գաղափարակից լինելու, հայկական արվեստի թվայնացման գործում մասնակից լինելու հնարավորությունը չցանկացանք բաց թողնել և ավելի արագացրինք դեպի բեմ մեր ճուտիկների ճանապարհը։ Ձեզ շնորհակալ ենք այս առաքելությունն իրականացնելու համար։

     

    - Անչափ շնորհակալ ենք համագործակցության համար։ Մեզ համար շատ կարևոր էր Ձեր և մեր առաջին բեմերը համատեղելը)))

    Ի դեպ, ինչպես գիտեմ, բեմից հեռացել եք վնասվածքի պատճառով։ Երբ եք հայտնաբերվել վնասվածքը, և ինչ հետք է թողել դա Ձեր կյանքի վրա։

    - Իրականում վնասվածքիս մասին տեղեկացվել եմ շատ պատահաբար՝ Օպերայի թատրոնում հերթական փորձի ժամանակ։ Օդում մի պտույտ կատարելուց հետո ընկա մեջքի վրա, քանի որ ողնաշարի հատվածում սուր ցավ զգացի։ Մոտ 10 րոպե չէի կարողանում շարժվել, ոչինչ անել։ Անգամ ձեռքիս մատները շարժելիս ողնաշարս ցավում էր։ Սկսեցինք բուժումները, որոնց ընթացքում պետք է ոչինչ չանեի, ինչին թատրոնի ղեկավարությունը դեմ էր։

    Չնայած, որ տրավմաս աշխատանքային էր, այնուամենայնիվ պետք էր բժշկից թուղթ ներկայացնել, ինչի համար պետք էր պառկել հիվանդանոցում։ Դե, քանի որ դա ևս ենթադրում էր բացակայել աշխատանքից՝ ես հասկացա, որ ժամանակն է թատրոնից հեռանալու։ Այնուհետև ընդունվեցի Մոսկվայի թատրոններից մեկում՝ Նատալյա Սացի անվան թատրում որպես բալետի արտիստ, սակայն որոշեցի այդտեղ չմնալ, այլ ժամ առաջ մտածել հետագա անելիքներիս մասին․ չէ՞ որ այս տրամվայով երկար շարունակել միևնույն է, չէի կարող։

    Այդ ժամանակ կնոջս հետ միասին որոշեցինք բացել Հայաստանում առաջին բալետային ստուդիան․ այդ ժամանակ չկար միայն բալետի ստուդիա։ Վնասվածքի թողած հետքը դրական էր, իրականում։

    Դուրս գալով մի աշխարհից, ես ընկա մի այլ աշխարհ, ուր փոխանցում եմ իմ հավաքած ամբողջ փորձը հրաշք փոքրիկներին։ Հեռացել եմ, բայց հեռու չեմ գնացել սիրելի բալետից։ Ես համարում եմ, որ ոչինչ պատահական չի լինում այս կյանքում։

    Դասավանդելը, այս պահին, ավելի կարևոր է ինձ համար, քան բեմում պարելը։

    Ահարոն Պետրոսյան, Roots Classic Dance Studio, Պարահունչ

    - Հիմա արդեն որպես մանկավարժ, արդյոք լրացնում է այն բեմը ու պարելը։

    - Մասամբ վերևում պատասխանեցի այս հարցին։ Դրանք իրար զուգահեռ են՝ դասավանդում ես այն մտքով, որ որոշ բալիկներին կարող ես տանել այն գեղեցիկ աշխարհ, որտեղ ինքդ ես եղել։ Մի ուրիշ զգացողություն է, երբ փորձավարի հետ կանգնում եմ և բեմի մյուս կողմից նայում փոքրիկներին։

    Ակամայից հիշում եմ իմ առաջին բեմելը՝ փորձավարների հուշումները։ Նորից հանգեցի այն մտքին, որ հեռու չեմ գնացել իմ ոլորտից։

     

    - Դասավանդում եք և փոքրերի, և մեծերի՝ սիրողական խմբեր, նաև անհատական, մամա-բալիկ։ Ինչպես եք կազմում ծրագրերը, որ համապատասխանի բոլորին։

    - Սիրողական դասերն ավելի թեթև ենք կազմում, որպեսզի թե՛ մեծ, թե՛ փոքր կարողանան պարապել։ Տարբերությունը երաժշտական չափի մեջ է։ Մամա+բալիկ խմբում դասերն ավելի խաղերի միջոցով են, 2 տարեկան փոքրիկներին չենք ստիպում պարապել, եթե չեն ուզում։ Այստեղ ավելի շատ գործում է այն չգրված օրենքը, որ երբ երեխան տեսնում է մայրիկին պարելիս՝ ինքն էլ է ցանկանում։ Անհատական ծրագիրն ամբողջությամբ կազմվում է հիմնվելով հաճախողի նպատակի վրա՝ նիհարել, ճկուն լինել, շպագատ նստել, պատրաստվել քննություններին, ողնաշարն ուղղել կամ այլ նպատակներ։

    Ահարոն Պետրոսյան, Roots Classic Dance Studio, Պարահունչ

    - Բալետը ինչպես է ազդում մարդու վրա, հոգեբանորեն, նաև կեցվածքի առումով։

    -Ինչպես նշեցի պատասխաններից մեկում, բալետն օգնում է հավաք լինել, կենտրոնացումը չկորցնել, միանգամից մի քանի գործողություն կատարել, բալետով զբաղվող անձն ինքնավստահ է դառնում ավելի։ Կեցվածքի առումով, կարծում եմ, պարզ է))) Սլացիկ մարմին, ուղիղ մեջք, երկար վիզ, ձիգ ոտքեր-ձեռքեր-որովայն, առողջ և ուղիղ ողնաշար։ Այս ամենը բալետով զբաղվող մարդկանց տարբերում են մնացած բոլորից։ 

     

    - Ինչ է տալիս բալետը երեխաներին։

    - Գիտեք, անկախ նրանից երեխան կդառնա բալերինա, բալետի արտիստ, թե ոչ․ բալետով զբաղվող երեխան ձեռք է բերում սեր դասականի, արվեստի հանդեպ։ Բնավորությունը հղկվում է, դառնում է համբերատար, աշխատասեր, ինչ-որ տեղ նաև համառ՝ լավ իմաստով (հաճախ մի շարժում կատարելության հասցնելը շատ ջանքեր ու համառություն է պահանջում), ավելի առողջ, դիմացկուն է դառնում, ճկուն, սլացիկ կազմվածք է ձեռք բերում։

     

    - Կան արդյոք ֆիզիկական նորմեր բալետ պարելու համար (հասակ, քաշ, կառուցվածք)։ Նաև ինչպես ծնողը կարող է հասկանալ, արդյոք երեխան ունի տվյալներ բալետում հաջողությունների հասնելու համար։

    - Իդեալական աշխարհում այսպես է․ Բալերինայի ստանդարտ քաշը հիմնականում 50 կգ է: Իսկ ռուսական բալետի դպրոցներում իդեալական քաշը հաճախ որոշվում է «Հասակ – 122» բանաձևով։ Օրինակ եթե 167 սմ հասակ ունի, ապա 167-122, որպեսզի ստանանք նրա իդեալական քաշը։ Այս պարագայում կլինի 45 կգ կլինի։ Բալերինայի հասակը գնահատելիս կարևոր է ոտքերի և իրանի երկարության հարաբերակցությունը։ Այս ցուցանիշը հաշվարկվում է նստած և կանգնած դիրքերում՝ օգտագործելով «Նստած բարձրություն/կանգնած բարձրություն x 100%» բանաձևը:

    Իդեալում, այս ցուցանիշը պետք է լինի 49-53% միջակայքում: Տղամարդկանց պարագայում ամեն ինչ քիչ ավելի պարզ է՝ հասակը հիմնականում չի գերազանցում 180սմ-ը, իսկ քաշն այդ դեպքում՝ 65-68 կգ։

    Ահարոն Պետրոսյան, Roots Classic Dance Studio, Պարահունչ- Ինչպես ծնողը ընտրի երեխայի համար բալետի ուսուցիչ, ընդհանրապես ուսուցիչ։

    - Դրա մասին Roots Dance-ի մեր էջում անգամ հրապարակում ունեինք։ Նախ պիտի բալետի պարուսույցը լինի հենց բալետի արտիստ, երկրորդ՝ մանկավարժ կրթությամբ և փորձով։

    Մեզ մոտ շատ կարևոր են նաև մարդկային հատկանիշները՝ երեխաներին մեր բալետի ստուդիայում չեն խփում, նրանց վրա չեն գոռում, չեն վիրավորում։ Այ այսպես պիտի ընտել պարուսույց։ Դե իհարկե նաև փորձնական դասին բալիկի հետ ներկա գտնվելով։ Ընդհանրապես ուսուցիչը և դասատուն տարբեր տերմիններ են ըստ իս։ Ուսուցիչները մեծ դեր ունեն երեխայի կազմավորման, հետևաբար նաև ազգի ձևավորման հարցում։ 

     

    - Ինչ խորհուրդ կտաք ծնողներին, ինչպես հասկանան իրենց երեխայի մոտ կա՞ բալետի աշխարհում հայտնվելու տվյալներ, կարիք։

    -Փորձը ցույց է տալիս, որ այժմյան երեխաները չեն սպասում, որ ծնողը հասկանա, այլ իրենք են բարձրաձայնում, որ ուզում են գնալ բալետի։ Իսկ այն ծնողներն, ովքեր փորձում են հայտնաբերել հակում դեպի բալետը, խորհուրդ կտամ ուշադիր լինել, մուլտեր նայել միասին բալետի մասին՝ «Балерина», «Делай ноги», «Балетные туфельки», «Барби» և այլ մուլտֆիլմեր։

    Նաև եթե երեխան ուզում է բալետով զբաղվել՝ պետք չէ նրան սկզբից կոմպլեքսավորել, թե միգուցե չհամապատասխանի նորմերին կամ վախեցնել պուանտների պատճառած ցավով (որն իրականում ճիշտ տեղեկատվություն չէ)։

    Կարծում եմ սիրողական բալետն ունի անթիվ օգուտներ, որը երեխան կքաղի, եթե զբաղվի դրանով։ Իսկ մասնագիտացված դասերն արդեն այլ են՝ այլ պահանջներով։ Բայց ամեն դեպքում պետք է անել առաջին քայլը՝ բերել ստուդիա։  Հետագան արդեն երեխան ինքն է որոշում)))

    Ահարոն Պետրոսյան, Roots Classic Dance Studio, Պարահունչ 

    - Ինչ նպատակներ ունեք ապագայում։

    - Նպատակները շատ են և իրագործվում են հերթով։ Բայց առաջնայինը՝ ստուդիայի միջոցով հայտաբերել տաղանդավոր երեխաներին և օգնել նրանց գտնել իրենց տեղը բալետի աշխարհում։ Իսկ այն մարդանց, ովքեր կարծում են, թե ուշացել են, ցույց տալ, որ իրենց երազանքը ևս իրականանալի է։

     

    - Ինչ կմաղթեք մեր հասարակությանը 2024 թվականին։

    -Համերաշխություն, համբերատարություն մեկը մյուսի հանդեպ, իմաստություն։ Երևի այդքնանը բավական է))

    - Շնորհակալություն հետաքրքիր, ուսուցողական հարցազրույցի համար։ Ձեզ մաղթում ենք բազում հաջողություններ, հաղթանակներ, նվաճումներ․․․

    Աբրահամ Մելիքյան, դհոլահար, դհոլի ուսուցիչ

    Աբրահամ Մելիքյան, դհոլահար, դհոլի ուսուցիչ

    Նախորդը

    Մեկնաբանել