• 21 դեկտեմբեր, 2024
     Մոզին

    Մոզին

    Լինում է, չի լինում՝ մի մարդ ու կին: Սրանք երեխա չեն ունենում: Էս մարդն ու կինը շատ առատաձեռն են լինում: Ոչ մի բան նրանց աչքին չէր երևում. «Է՜հ, ինչների՞ս է պետք էսքան ունեցվածքը,- ասում են,- երբ մենք երեխա չունենք, որ նրանով ուրախանանք»:
    Օրերից մի օր մի դերվիշ է գալիս սրանց տուն: Կինը վերցնում մի մեծ ամանով բաժին է տալիս դերվիշին:
    Դերվիշն ասում է.
    - Ա՛յ քուր, ինչի՞ ուրիշները թասով են բաժին տալիս, դու մեծ ամանով ես տալիս:
    - Է՜հ, ի՞նչ անեմ, իմ ախպեր,- ասում է կինը,- շեն օջախ ենք, տուն ու դուռը լիքը, ուտող չունենք, ժառանգ չունենք, ո՞ւմ համար եմ պահելու:
    Դերվիշը գրպանից երեք խնձոր է հանում, տալիս էդ կնոջը, ասում.- Էս խնձորները վերցրու, երեք օրից հետո մեկ-մեկ կեր, դեռ տարին չանցած՝ տղա կունենաս:
    Կինը խնձորները վերցնում տանում է թարեքին' շարում, իրիկունը գալիս է տուն, մտիկ է տալիս էդ սիրուն խնձորներին, սիրտը թրթռում է, չի կարենում համբերի, վերցնում է մի խնձորի թշից մի լավ կծում: Է՛ն տեսակ լավն է լինում խնձորը, որ բերնի ջուրը գնում է, վերցնում է երեք խնձորն էլ ուտում:
    Անց է կենում ինն ամիս, ինն օր, ինը ժամ, էս կինը պառկում, մի հորթ է բերում:
    Ուրախանալու փոխարեն խեղճ կինը սև ու սուգ է նստում: Ո՞վ լաց կլինի՝ էս կնիկը, ո՞վ լաց չի լինի՝ էս կնիկը: Գիշեր-ցերեկ աղի-արտասուք է թափում, էս դերվիշին անիծում, հա՛ անիծում:
    Մի տարի չանցած՝ էս կնոջ մարդը մեռնում է: Հորթը մեծանում, մոզի է դառնում, առավոտները գնում է հանդը արածում, իրիկունները գալիս է մորը «բարի իրիկուն» ասում ու կրակի մոտ մեկնվում, քնում:
    Էսպես անց է կենում երեք տարի: Մի իրիկուն Մոզին մորն ասում է.- Ա՛յ մեր, ես արդեն հասակս առել եմ, պետք է հարս բերես: Առավոտը շուտ վեր կկենաս, կգնաս թագավորի մոտ, կասես. «Իմ Մոզին քո աղջկանն ուզում է»:
    Մայրը մնում է զարմացած, ոչ մի խոսք չի ասում: Հետո մտածում է. «Կա-չկա՝ էստեղ մի բան կա, թե չէ իմ Մոզին ո՞նց սիրտ կաներ թագավորի աղջկանն ուզելու»: Իրիկունը վեր է կենում, ճամփա ընկնում դեպի թագավորի տուն:
    Գնում նստում է թագավորի խնամախոսի քարի վրա: Թագավորի նազիր-վեզիրը գալիս են, ուզում են վեր կացնեն, սա վեր չի կենում: Ասում է՝ գնացեք թագավորին իմաց տվեք, որ եկել եմ իր աղջկանն իմ Մոզու համար հարս տանեմ: Թագավորը հրաման է տալիս, որ էդ պառավին իրեն մոտ բերեն: Պառավին տանում են թագավորի ապարանքը:
    - Ի՞նչ ասելիք ունես, ա՛յ կին,- հարցնում է թագավորը քաղցրությունով:
    - Թագավորն ապրած կենա,- ասում է կինը,- իմ Մոզին աղջկանդ ուզում է:
    - Շա՜տ լավ, թող ուզի,- ասում է թագավորը,- համա երեք բան կա, թե որ կատարեց՝ լավ, աղջիկս իրեն հալալ, թե չէ՝ գլուխը կտրելու եմ: Գնա քո Մոզուն ասա, որ ինձ մի ոսկի սինի ղրկի՝ ոսկով լիքը, ոսկե սինով էլ ծածկած:
    Էս կինը վեր է կենում, փոր ու փոշման տուն գալիս:
    Իրիկունը Մոզին հանդից տուն է գալիս, տեսնում, որ մայրը ունքերը կիտած, տխուր ու տրտում նստել է օջախի կողքին:
    - Բարի իրիկուն, ա՛յ մեր, ինչի՞ ես էդպես ունքերդ կիտել, ի՞նչ ասավ թագավորը:
    - Ո՞նց ունքերս չկիտեմ, ա՛յ որդի, ախր, մեր ի՞նչ բանն է թագավորի աղջիկ ուզելը. էն տեսակ պայման է դնում, որ մեր տուն ու տեղը ծախենք էլ, չենք կարող նրա ուզածը տալ:
    - Ասա տեսնեմ, ինչ է ուզել, ա՛յ մեր:
    - Թագավորն ուզում է մի ոսկի սինի՝ ոսկով լիքը, ոսկե սինով էլ ծածկած:
    - Հենց դրա համա՞ր ես դարդ անում, դրա բանը հեշտ է,- ասում է Մոզին,- իրիկունը քնելիս վերցրու մի պղինձ սինի, մի սև փող դիր մեջը, մի ուրիշ պղնձի սինով էլ ծած-
    կի, դիր շորի ծալքի վրա, առավոտը մինչև իմ վեր կենալը ո՛չ ծալքին կմոտենաս, ոչ էլ սինուն ձեռք կտաս:
    Ոնց որ ասել էր Մոզին, մայրը էդպես էլ անում է:
    Մթնում է, քնում են:
    Առավոտը վեր են կենում, տեսնում, որ պղնձե սինիները ոսկի են դառել, միջի սև փողն էլ դառել է ոսկի, լցվել, սինու կողքերից ներքև է թափվում:
    Մոզին զուռնա-դհոլով ճամփա է ընկնում դեպի թագավորի ապարանքը: Թագավորը յոթն օր, յոթ գիշեր հարսանիք է անում, պսակում իր աղջկանը Մոզու հետ ու ճամփու դնում:
    Հասնում են իրենց տուն: Գիշերը քնելուց առաջ հարսը տեսնում է, որ փեսան մոզու կաշին հանեց, դրեց մի կողմ, մի տղա դուրս եկավ, որ նայելիս արեգակի նման մարդու աչք է ծակում: Աղջիկը շատ է ուրախանում: Քնում են: Առավոտը տղան վեր է կենում, էլի հագնում իր կաշին, դառնում մոզի, գնում հանդն արածելու:
    Էսպես անց է կենում մի օր, երկու օր, երեք օր, աղջիկը շատ է աղաչում-պաղատում մարդուն, որ կաշին չհագնի, մարդը չի լսում: Աղջիկը նրա ջգրու մի գիշեր վեր է կենում, մարդուց թաքուն՝ կաշին թոնրի մեջ գցում, վառում:
    Առավոտը մարդը վեր է կենում, ման գալիս, կաշին չի գտնում. է՛ս պուճախ՝ կաշի, էն պուճախ՝ կաշի, չկա ու չկա: էդ որ տեսնում է մարդը՝ աղունիկ է դառնում, դուրս թռչում:
    Կինը երեք խնձոր է վերցնում ու նրա հետնից ճամփա ընկնում: Շատ է գնում, թե քիչ, տեսնում է՝ ճամփին մի երեխա:
    - Ա՛յ տղա, մարդ չե՞ս տեսել դեսը գնալիս,- հարցնում է:
    - Չէ՛, - ասում է տղան,- չեմ տեսել, համա առավոտը դեսը մի աղունիկ էր թռած գնում:
    Կնիկը խնձորներից մեկը տալիս է էդ տղային ու ճամփան շարունակում:
    Շատ է գնում, թե քիչ, տեսնում է՝ մի ջահել մարդ ճամփովը գալիս է:
    - Ա՛յ ախպեր,- ասում է,- դեսը մարդ չե՞ս տեսել գնալիս:
    - Չէ՛, ա՛յ քուր,- ասում է էդ մարդը,- չեմ տեսել, համա կեսօրին դեսը մի աղունիկ թռած գնում էր:
    Կինը խնձորներից մեկն էլ տալիս է էդ մարդուն ու ճամփան շարունակում:
    Շատ է գնում, թե քիչ, մի պառավ մարդու է պատահում ճամփի մեջտեղը նստած:
    - Ապի՛,- ասում է,- դեսը մարդ չե՞ս տեսել գնալիս:
    - Չէ՛, աղջիկս,- ասում է էդ հալիվորը,- համա նոր մի աղունիկ էր թռած գնում, որ մի քիչ արագ գնաս՝ հետևից կհասնես:
    Կինը վերջին խնձորն էլ սրան է տալիս ու գնում:
    Շատ է գնում, թե քիչ, տեսնում է՝ հրես իր մարդը աղունիկ դառած, թռած գնում է: Նրան տեսնելն ու իրեն աղունիկ դառնալը մեկ է լինում: Մարդու հետևից որ հասնում է մարդը մի անտակ ծովի մեջ է ընկնում, կինն էլ՝ նրա հետևից: Երկուսն էլ իրար գտնում են ու ծովի տակին ուրախ, երջանիկ ապրում:
    Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

    Քնած թագավորը

    Քնած թագավորը

    Նախորդը

    Հազարան բլբուլ

    Հազարան բլբուլ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: