• 21 նոյեմբեր, 2024
     Էշն ու Ուղտը

    Էշն ու Ուղտը

    Մի օր քարավանի մեջ Էշն ու Ուղտը խոսք են բացում։ Էշը Ուղտին ասում է.- Ո՛ւղտ ախպեր, արի փախչենք էս քարավանի միջից։
    Ուղտը համաձայնում է, Էշի հետ փախչում են, գնում մի ձորի մեջ ապրում։ Քարավանատերը ման է գալիս Էշին ու Ուղտին, չի գտնում։ Էշն ու Ուղտը էդ ձորի մեջ ուտում, խմում, գիրանում են։
    Մի օր Էշն ասում է.- Ո՛ւղտ ախպեր, քեֆս լավ է, պտի խաղ կանչեմ։
    Ուղտը ասում է.- Է՛շ ախպեր, գործ չունես, սուս կաց, կգան մեզ կբռնեն, կտանեն մի բեռի տեղ երկու բեռ կբարձեն։
    Էշն ասում է.- Չէ՛ որ չէ, պտի խաղ կանչեմ։
    Էշը որ զռռոցը սկսում է՝ ձորի գլխին մի ուրիշ քարավան է վեր եկած լինում, քարավանատերը ասում է.- Տղե՛րք, էս ի՞նչ անասունների ձեն է...
    Սրանք պարանները առնում են, իջնում ձորը, տեսնում են՝ Էշն ու Ուղտը լավ գիրացած, առոք-փառոք նստած են։ Վերցնում են, բերում մի բեռի փոխարեն երկուսը բարձում, ընկնում ճամփա։
    Գնում են, գնում, պատահում են մի վարար գետի։ Տեսնում են, որ Էշը չի կարող գետն անցնել։ Վերցնում են, դնում Ուղտի վրա։
    Ուղտը գնում է ջրի մեջտեղը կանգնում, ասում.- Է՛շ ախպեր, ոնց որ քո խաղ կանչելդ էր եկել, հիմի էլ իմ պար գալն է եկել, պտի պար գամ։
    Էշն ասում է.- Ո՛ւղտ ախպեր, Աստծու սիրուն, պար չգա՛ս, վեր կընկնեմ, կխեղդվեմ։
    Ուղտը չի լսում, սկսում է պար գալ, Էշին գցում է ջուրը, խեղդում, ասում.- Գնա՛, դու իմ գլխին շատ պատիժ կբերես։

    Մեռած խիղճը

    Մեռած խիղճը

    Նախորդը

    Ճամփորդներն ու եփած հավը

    Ճամփորդներն ու եփած հավը

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: