• 21 նոյեմբեր, 2024
     Իրինա Թովմասյան,  Միսս Հայաստան 2001, շուկայագետ, բլոգեր

    Իրինա Թովմասյան, Միսս Հայաստան 2001, շուկայագետ, բլոգեր

    - Բարև Ձեզ Իրինա։ Մեր ֆորմատին համապատասխան, եկեք հարցազրույցը սկսենք Ձեր մանկությունից )) Ինչպիսի՞ն է եղել Ձեր մանկությունը և ի՞նչ գեղեցիկ հուշերով կկիսվեք մեզ հետ․․․ 

    - Երբ աչքերս փակում եմ, գալիս են մանկությանս ամենավառ հիշողությունները։ Շատ-շատ վառ հիշողություններից են հայրիկիս հետ կարուսել գնալը, մայրիկիս համեղ ուտեստները, գիշերը մայրիկին գրկած՝ պատմություններ պատմելը, օրինակ, թե ինչ է պատահել օրվա ընթացքում։
    Իսկ ամենավառ հիշողությունները քույրիկիս հետ են կապված, որովհետև գրեթե ամեն տեղ մենք միասին էինք։
    Երբ ետ եմ գնում, հիշում եմ, թե ինչպես Լուսինեին բերեցին տուն, ես չորս ու կես տարեկան էի։
    Մանկություն ասելով՝ հիշում եմ մայրիկիս պատրաստած «ալադիները», փորձում եմ այդ համը մինչև հիմա պահել հիշողության մեջ: Եվ կարող է պատահական պահի զանգենք, ասենք մայրիկիս, որ գալիս ենք, ալադիներ պատրաստի ))
    Մանկություն ասելիս՝ դրանք այն վառ հիշողություններն են, որոնք անընդհատ իմ աչքի առաջ պտտվում են, որոնք անթվարկելի են, շատ-շատ են, պայծառ ու վառ։ Եվ կապ չունեն մութ ու լույս տարիները, որովհետև այդ տարիները ես այնքան վառ եմ հիշում, չնայած որ ծնողներս փորձում էին այնպես անել, որ մենք չզգանք։ Կամ էլ երեխա էինք, միգուցե չէինք հասկանում, չէինք զգում ու այդ ամեն ինչը շատ հավես էր, նույնիսկ վառարանը, հավաքույթները․․․


    - Ինչպիսին են եղել Ձեր դպրոցական տարիները։
    - Դպրոցական տարիներն էլ էին շատ լավը, հետաքրքիր․․․ Եվ եթե իմ մասին խոսեմ, ապա ես կարծես դպրոցի ակտիվիստկաներից լինեի։ Ինչքան խմբակ, մրցույթներ կային՝ ես ամեն տեղ մասնակցում էի։
    Յոթերորդ դասարանում մասնակցեցի շարադրության մի մրցույթի, որի հաղթողներից մի քանիսը ստանում էին ուսման հնարավորություն Պատանի ժուռնալիստի դպրոցում։ Ես այդ հաջողակների մեջ էի, և այդ 3 տարին, իմ համար ամենահիշարժան տարիներն էին։
    Անհամբեր սպասում էի, թե երբ է դպրոցս ավարտվելու, որ ես ոտքով կամ տրանսպորտով հասնեի Պատանի ժուռնալիստի դպրոց։ Ամեն դասը այնքան լավ էին կազմակերպում և գրեթե ամեն օր մի հյուր էինք ունենում՝ հայտնի հյուր, հայտնի գրող։
    Իմ ամբողջ օրը հագեցած էր, որովհետև ես այդ տարիներին ոչ միայն ստանում էի ուսում՝ ուսումնական մասով, այլև արվեստի։ Ես ունեցա հնարավորություն ինքնուրույն ընդունվել Կանազ մշակույթային պալատ։ Յոթերորդ դասարանից ծնողներս վերջապես հնարավորություն տվեցին, որպիսի ինքնուրույն գնամ մինչև Կանազ։
    Ես այն կրծող սովորողներից չէի, չնայած շատ լավ եմ սովորել։ Դասերս կազմակերպված, արագ անում էի ու անցնում մնացած խմբակներին։ Գնում էի կարուձևի, ասմունքի, ֆրանսերենի, հայկական պարերի, ջազ բալետի խմբակներ։
    Գրեթե ամեն օր բեմի վրա էի․ կամ ասմունքում էի, կամ համերգի պար էինք բեմադրում․․․ Նույնիսկ ծնողներիս երբ ասում էի, թե կգաք համերգիս, ասում էին. «Դե լավ, ամեն օր ունես, արդեն հոգնեցինք»)))



    - Ակտիվ ու հետաքրքիր դպրոցական տարիներ․․․
    Իրինա, իսկ Ձեր կարծիքով, ինչքան կարևոր է աղջիկների համար ինքնուրույնությունը վաղ տարիքից։ Նաև շատ ենք հանդիպում, երբ աղջիկները ունենում են կոմպլեքսներ, ու խոսափում են ինքնուրույն լինելուց, հույսը դնելով մեծերի վրա։

    - Ես շատ բուռն ու շատ ակտիվ կյանք եմ ունեցել սկսած այդ շրջանից։ 
    Ինձ տրվեց ինքնուրույնության հնարավորություն՝ գործելու այնպես, ինչպես ես եմ ցանկանում, քանի որ ոչ մեկից կախման մեջ չէի, օրինակ, այլևս չէի անհանգստանում այն հարցում, թե ո՞վ կտանի ինձ խմբակ․․․
    Ես ինքնուրույն լցրեցի իմ օրը՝ ծայրից ծայր կարողանալով օգտագործել իմ ձևով, շատ ճիշտ ձևով։ Այդ շրջանը եղավ ինձ համար նաև կոմպլեքսներից ազատվելու շրջան։
    Ես ունեի մի քանի կոմպլեքսներ։ Բարձրահասակ էի և ֆիզկուլտուրայի ժամանակ առաջինն էի կանգնում՝ կոմպլեքսավորվում էի, մազերս կարճ էր կտրած, «Կառե», իսկ ես երազում էի երկար մազեր ունենալ։
    Ու ստացա ինքնուրույնության հնարավորություն` ծնողներիս կողմից ընտրված ճիշտ շրջում։ 
    Ինքնուրույն որոշումներ էի արդեն կայացնում, օրինակ, եթե մազերս ուզում եմ երկարացնեմ՝ երկարացնում էի, եթե հագնվեմ իմ ուզած տարբերակով՝ ապա հագնվեմ։
    Կոմպլեքսներս իսպառ վերացրեց նաև բեմը։


    - Ինչ է բեմը Ձեր համար։ Առհասարակ, արվեստի հետ շփումը ինչպես կարող է ազդել մարդու վրա։
    - Հասկացա, որ բեմը, արվեստի հետ շփումը, խմբակների հաճախելը՝ երեխային թույլ տալու բազմակողմանի զարգանալու պրոցեսը շատ-շատ կարևոր է ապագայի համար։
    Դա աշխատանք չի, հոբբի չի․․․
    Օրինակ կարուձևի խմբակ գնացել եմ, բայց երբեք չեմ էլ զբաղվել դրանով։ Սակայն միևնույն է, հիմա երեխաներս գեղեցիկ գործում են շյուղերով, այլ ձեռքի աշխատանքներ նույնպես անում են։ Եվ երբ իրենց մեկ-մեկ խորհուրդներ եմ տալիս, կամ օրինակ, ցույց եմ տալիս թաշկինակը, որտեղ «Ռոկոկո» էի ասեղնագործել, տեսնում եմ նրանց զարմացած ու հիացած աչքերը՝ ես հասկանում եմ, որ իզուր չէր այդ խմբակը։
    Իմ մեծ աղջիկը Ֆրանսիական համալսարանում է սովորում։ Տարիներ առաջ ֆրանսերենի խմբակ էի հաճախում։ Այդ տարիներին ֆրանսերենը շատ գործածվող չէր։
    Այնքան էի խոսում իմ աղջկա՝ Մեգգիի հետ, որ ֆրանսերենի համար գժվում եմ, որ այն շատ լավ լեզու է․․․ և հիմա Մեգգին Ֆրանսիական համալսարանում է սովորում։ Կարող էր և չսովորեր այնտեղ, ուղղակի ինքն էլ ինձ հետ հիանար այդ լեզվով և սովորեր։
    Յուրաքանչյուր բան իզուր չի։ 
    Իրինա Թովմասյան, Irina Tovmasyan, hoonch.am, Ирина ТовмасянԱյդ տարիներին նույնիսկ ֆրանսիական մշակույթը, այդ սիրուն լեզվով տարվելը ինձ այնքան էր հարստացրել, որ հղիության ընթացքում էլ գնում էի ֆրանսերենի դասընթացների՝ նորից սովորելու, վերհիշելու։ Դրանից ես լավ էի զգում և դա ինձ տալիս էր այնքան բավարարվածություն։
    Ոչ մի բան, ինչ սովորում ես իզուր չի․․․

    - Շատ հետաքրիր է․․․ Իսկ ինչ կասեք ուսանողական տարիներից։
    - Ուսանողական տարիներս չափից ավելի ակտիվ են եղել։ Երրորդ կուրսից ես երեխա եմ ունեցել, աշխատել եմ, սովորել եմ։
    Առաջին աշխատանքս եղել է քոլեջում երեխաներին անգլերեն, մաթեմատիկա և հայերեն սովորեցնելը և զուգահեռ թարգմանչուհի էի աշխատում։
    Երկու կրթություն ունեմ՝ անգլերենի թարգմանիչ մասնագետ և շուկայագետ։
    Ես սկսեցի աշխատել շուկայագիտությամբ ու որոշեցի Գիտությունների Ակադեմիայում նորից սովորել երկրորդ մագիստրոսի կոչման համար։ Շուկայագիտությունը իմ համար ծառայեց որպես հիմնական մասնագիտություն տարիներ շարունակ։

     

    Ինչպիսին է Ձեր ամուսնու մոտեցումը, երբ ունի գործունյա, ակտիվ կին և ինչո՞ւ չէ՝ արդեն փոքր տարիքում կայացած, ազատ, իրենց որոշումները կայացնող երեխաներ, իր վերաբերմունքը որպես տղամարդ...
    - Մենք ամուսնացած ենք գրեթե 19-20 տարի։ Այսքան տարվա մեջ էլ ինչպե՞ս պետք է նայի։ Ասեմ, որ սկզբում էլ էր շատ նորմալ նայում, որովհետև ինքը ինձ հանդիպել է այնպիսին, ինչպիսին ես արդեն կայի։ Այսինքն նույնիսկ այդ տարիքում ես արդեն շատ կայացած էի։
    Բավականին աշխատանքային փորձ ունեի։ Միշտ հպարտացել եմ իմ CV-ով, որովհետև ես այնքան աշխատանքային փորձ ունեի, որը կյանքի բերումով էր այդպես ստացվել։
    Աշխատել եմ վաղ տարիքից, քանի որ նաև պետք էր օգնություն մեր ծնողներին, և ես ու Լուսինեն սկսեցինք աշխատել և դա մեզ ավելի շատ ամրացրեց։
    Ես ամուսնուս ընդունեցի այնպիսին, ինչպիսին ինքը կար և ինքն էլ՝ ինձ։ Չեմ հիշում որևէ դեպք, երբ ինքը ինձ ոչ թե չքաջալերի, այլ մի բան էլ խանգարի։ Դավիթը համոզված է, որ ես ամեն ինչ ճիշտ կանեմ՝ որտեղ էլ լինեմ, ում հետ էլ առնչվեմ, ում հետ էլ աշխատեմ։ Նա ինձ վստահում է։ Մնացածը աշխատանքային պրոցես է։

    Իրինա Թովմասյան, Irina Tovmasyan, hoonch.am, Ирина Товмасян

    Մեզ մոտ եղել է մի շրջան, երբ ես ղեկավարում էի չափազանց մեծ կազմակերպություն, կարևոր պաշտոն ունեի։ Ամբողջ օրը գործուղումների էի լինում և երեկոյան՝ ուշ ժամի նոր ժողովն էր լինում։ Մեգգիիս շատ քիչ էի կարողանում տեսնել այդ շրջանում, բայց քանի որ նա ծնողներս մոտ էր, այլ ոչ դայակի, շատ հանգիստ էի։
    Ամուսինս էլ էր հանգիստ, քանի որ գիտեր, որ շատ բարձր աշխատավարձ եմ ստանում և որ շատ կարևոր էր այդ աշխատանքը ինձ համար։ Եվ քանի որ այդ աշխատանքից հաճույք էի ստանում և միայն աշխատավարձը չէր կարևոր ինձ համար, աշխատում էր բան չասել։ Իմ մի գործուղմանը հաջորդում էր մյուսը։ Ես դա այնքան եմ գնահատում և կարևորում։

    - Ինչպես գիտենք, Մեգգիին ունեցել եք վաղ տարիքում, իսկ Ալյային և Մարիային՝ ավելի հասուն տարիքում։ Ձեր կարծիքը՝ մայրանալ շուտ, թե ավելի հասուն տարիքում։
    - Անկեղծ ասեմ նայելով իմ Մեգգիին․ ես Մեգգիից փոքր էի, երբ իրեն ունեցա և չեմ պատկերացնում հիմա նրան որպես մայր, որովհետև դա մարդուց է։ Միգուցե իմ ծնողներն էլ էին նայում ինձ և չէին պատկերացնում, սակայն ես ներքուստ պատրաստ էի ու շատ էի ուզում մայրանալ։

    Սա մանր-մունր հարց չի, սա կարևոր և լուրջ հարց է ու ես բացարձակ չեմ ափսոսում, որ շուտ եմ ամուսնացել՝ 19 տարեկանում, և 20-ում երեխա եմ ունեցել։

    Երբ դու վաղ տարիքում ես երեխա ունենում՝ դու ուժերով լի ես։ Ես հիմա իմ փոքրիկների հետ այդպես չեմ կարողնում ժամանակ անցկացնել։ Այնպիսի օր չկար, երբ նույնիսկ 8-ին էի աշխատանքս վերջացնում, սակայն ամեն օր մենք Մեգգիի հետ գնում էինք կարուսելներ։ Ամեն օր մենք մի բան արել ենք։ Այժմ լինում են դեպքեր, որ ուզում եմ երբեմն տանը մնալ՝ էլի երեխաների հետ, բայց մնամ տանը։ Ես չեմ կարող ամեն օր գնալ կարուսել։ Եվ դա հենց նրանից էր գալիս, որ ես քսան տարեկան էի։ Ամեն դեպքում տարբերություն կա։

    Շատ ուրախ եմ, որ զգացել եմ և վաղ տարիքինը, և 30, 31 տարեկանում, երբ ունեցել եմ մյուս երեխաներիս՝ չնայած շատ մեծ էլ չէի, բայց շատ տարբեր էր։ Երբ հիմա համեմատական եմ տանում՝ էլի շատ տարբեր է։

    Իրինա Թովմասյան, Irina Tovmasyan, hoonch.am, Ирина Товмасян

    Մեգգիի հետ ընկերուհիներ ենք և եթե ես վաղ տարիքում չունենայի՝ այդպես չէր լինի։ Հիմա ես ունեմ և՛ ընկերուհի, և՛ երեխա։ Ես համարում եմ այդպես, որովհետև Մեգգին ինձ լրիվ ընկերուհի է՝ աշխարհի ամենամոտ, հարազատ ընկերուհին։ Ես էլ իր համար ընկեր, խորհրդատու, որին ինքն էլ է ընկալում որպես ընկեր։ Սա շատ կարևորում եմ, որովհետև ինձ էլ է հետաքրքիր, թե փոքրերի հետ ո՞նց է լինելու։ Ենթադրում եմ, երբ նրանք էլ լինեն Մեգգիի տարիքին՝ էլի էդ տեսակ կլինեմ, բայց մինչև չհասնենք էդ ժամանակահատվածին՝ չեմ իմանա))

    Երբ որ տեսնում եմ Մեգգիի շփումը փոքրերի հետ, մտածում եմ ինչքան լավ է, որ կա մեկը՝ ում խոսքը, ում խորհուրդը շատ կարևոր է ու լսում են իրենք։ Մեգգին միգուցե փոքր լիներ կամ մի քիչ տարբերությամբ լիներ՝ այդպես չլիներ, իսկ այսպես Մեգգին իրենց համար շատ կարևոր օրինակ է։ Մի խոսքով այն ինչ որ կա՝ ընդհանրապես շատ ճիշտ է։ 

    Երեխաներիս էլ եմ այդպես ասում. «Փորձե՛ք, որ հետո չասեք չենք փորձել»։

    Ավելի լավ է ռիսկով ամեն ինչ փորձեք՝ նույնիսկ կասկածելով, թե արդյո՞ք դա ճիշտ է, թե՞ ճիշտ չի։ Դա ձեզ փորձառություն կտա և հետո այն զգացողություն չի բերի, թե բա ո՞ր անեի լավ կլիներ․․․

    - Գեղեցկության մրցույթներ․․ երբ և ինչպես եք հայտնվել այդ իրականությունում․․․
    - Գեղեցկության մրցույթներով այժմ բացարձակ չեմ հետաքրքրվում, և ոչ էլ երեխաներն են մասնակցում, որովհետև եթե անկեղծ ասեմ, դեմ եմ մանկական գեղեցկության մրցույթներին։ Ես մի փոքր փորձ ունեցա, երբ մի անգամ թողեցի երեխաները մասնակցեն։ Մեկը երրորդ տեղը զբաղեցրեց, մյուսը չզբաղեցրեց։ Նրանք այդ ժամանակ փոքր էին, սակայն նրանք մեծ սթրես էին տանում բեմի վրա՝ որքան էլ ցույց չէին տալիս, որքան էլ սովոր էին բեմին․․․

    Իմ Մեգգին հինգ ու կես տարեկանից մասնակցել է գեղեցկության մրցույթներին։ Նա երեք մրցույթի մասնակցեց ու երեքում էլ առաջին տեղը զբաղեցրեց։ Եթե չզբաղեցներ էլ՝ նա սթրես չէր տանի։

    Սակայն այս պահին, որ ինձ հարցնեք, ես կասեմ որ դեմ եմ մանկական գեղեցկության մրցույթներին։

    Շախմատ, պար, արվեստի տարբեր ճյուղերին շատ կողմ եմ, որովհետև դրանք կոփում են երեխաներին։ Իսկ եթե նրանք տեղ չգրավե՞ն։ Գեղեցկության մրցույթում այդ ինչ պետք է աշխատեն, ի՞նչ պետք է գնան իրենց վրա փոխեն։ Դա կմնա իրենց մոտ որպես կոմպլեքսի ձևավորման դրդապատճառ։ Իսկ մնացած հաջորդ դեպքերում իրենք կաշխատեն ավելի լավ արդյունք ունենալ։ Գեղեցկության մրցույթի դեպքում ոչինչ չկա աշխատելու։ Երեխան կա այնպիսին, ինչպիսին որ կա և ինքը պետք է իմանա որ շատ սիրուն է, սիրուն է իր ձևով։ Պետք չէ անընդհատ երեխային ասել, որ դու ամենասիրունն ես, որովհետև չկա աղջիկ կամ կին, որոնք սիրուն չեն։

    Իսկապես, իմ աչքին էլ չկան այդպիսի կանայք։ Կան չխնամված, կան շատ գործառույթներով պայմանավորված կանայք, որոնք կարող են աշխատեն իրենց վրա և դառնան շատ հմայիչ, որովհետև սիրունությունը նեղ հասկացողություն չի, սիրունությունը իրենից շատ բաներ է ենթադրում, ինչպիսիք են բարությունը, հմայք։ Կանացի գեղեցկությունը ինձ համար շատ ավելի խորն է, քան միայն արտաքինը։

    Ես հայտնվեցի գեղեցկության մրցույթներում բավական մեծ տարիքում՝ 17 տարեկանում, երբ որ մոդելային առաջարկ ստացա երթուղային տաքսիում։ Համաձայնվեցի, փորձառություն էր։ 

    Այդ ընթացքում ես շատ ակտիվ էի, ամեն ինչ փորձում էի և ինչո՞ւ չէ․․․ Փորձեցի և շատ լավ ստացվեց։

    Մեկ ու կես տարի անընդհատ տարբեր ցուցադրությունների էի մասնակցում, նաև գումար էի վաստակում, չնայած նրան, որ այդ ժամանակ արդեն աշխատում էի։ Այդ ամեն ինչը ինձ համար շատ հավես էր ու շատ սիրուն։

    Իրինա Թովմասյան, Irina Tovmasyan, hoonch.am, Ирина Товмасян

    Հայաստանում այդ պահին մոդելային ասպարեզը շատ ակտիվ էր, անընդհատ ցուցադրություններ էին։ Դա նրանից էր, որ չկար սոցիալական հարթակներ և մարդիկ միայն այդ ձևով էին անում ցուցադրություններ, քանի որ այլ կերպ հնարավոր չէր ցուցադրել հավաքածուները։

    Այս փուլին հաջորդեց «Միսս Աշակերտուհի» մրցույթը, որտեղ երկրորդ տեղը զբաղեցրի, այնուհետև «Միսս Հայաստան» և «Միսս Եվրոպա» մրցույթները, վերջինում էլ վեցերորդ տեղը զբաղեցրի։

    Շատ լավ հիշողություններ էր և փորձառություն։ Մեկ ամիս մնացինք Բեյրութում, որտեղ շատ սիրուն էր և մեր հայ համայնքն էր շատ ակտիվ։ Ամեն տեղ գնում էինք ես, մայրս և ամբողջ կազմակերպչական թիմը։ Թույլ էր տվել ամեն երեկո մի տեղ գնալ, քանի որ հայ համայնքը ամենամեծն էր և կազմակերպում էր առիթներ ու հրավիրում։

    Այդ ժամանակվանից անցել է քսան տարի և մենք նրանց հետ պահել ենք կապը։ Մնացել ենք որպես շատ լավ ընկերներ։

    Ծնողներս ոչ թե ազատություն էին տալիս, նրանք նույնիսկ մեզ քաջալերում էին, որ գնանք մասնակցենք։

    Իմ շրջապատը մնացել է այնպիսին, ինչպիսին, որ կար։ Նույնը մնաց, որովհետև ես էլ չփոխվեցի ոչ մի տոկոսով։ Մրցույթը տվեց ինձ հպարտություն, պատասխանատվության զգացում, շատ սիրուն հիշողություններ, տվեց նախադրյալներ, որ ես այս գծով կարող եմ ավելի շատ գումար վաստակել և բնականաբար ավելի շատ առաջարկներ եղան։ Ոչինչ չփոխվեց, որովհետև ես էլ չփոխվեցի։ Ըստ ինձ քույրս էլ չփոխվեց, ինչպիսին կար, այդպիսին էլ մնաց։ Ոչինչ չազդեց իր վրա և ընդհանրապես եթե մարդը այդպիսին կա, նրա վրա ոչինչ չպետք է ազդի։ Մարդ պետք է կրթություն ստանա, անընդհատ զարգանա, բայց մարդկային ձևով պետք է ոչ մի ձևով արտացոլում չունենա, չփոխի։


    - Ինչպիսի՞ն է Ձեր երեխաների առօրյան։
    - Մեր երեխաները շատ զբաղված են այնպես, ինչպես ես էի ժամանակին զբաղված, բայց ոչ իմ ցանկությամբ։ Ցանկությունը իրենցն էր, որովհետև իրենք են ընտրել խմբակները և ես տարել եմ՝ որտեղ որ ուզել են։ Նույնիսկ, երբ ժամանակ չունեինք՝ ես տարել եմ, որպիսի իրենք ընտրություն կայացնեին այնտեղ, որտեղ իրենց լավ է։ Իմ երեխաները այն տեսակին են պատկանում, որ որտեղ էլ տանես՝ իրենք կասեն, որ լավ է։ Իրենց համար ամեն ինչն էլ լավ է ու հետաքրքիր։

    Նրանք հաճախում են գիմնաստիկայի, պարի, երգի, նկարչության խմբակներ, նաև գերմաներենի, մաթեմատիկա, մայրենիի և դաշնամուրի, որոնք տանն են պարապում մասնագետի հետ։ Կիրակի օրն էլ մեկ ժամով հաճախում են դիզայնի դպրոց և շուտով կավելանա լողը։
    Ալյա, Մարիա, Իրինա Թովմասյան, Irina Tovmasyan, hoonch.am

    Հնարավորինս էլ ավել տեղ չկա երեխաների մոտ, որ իրենք ազատ ժամանակ ունենան և զբաղվեն հեռախոսով կամ պլանշետով։ Իրենք չակերտների մեջ ունեն հեռախոս, որ իրենց ձեռքում չի նույնիսկ դպրոց կամ պարապմունքի գնալուց դա պահված է։ Գիրքը կարդում են երեկոյան տուն վերադառնալիս, տնայինները, պարապմունքները անում են և նոր ստանում իրենց հեռախոսները երևի մի քսան րոպե։ Կամ հեռախոսի փոխարեն ունենք հեռախոսով Netflix-ը, որով ընտրում ենք անգլերենով կամ ավելի շատ ռուսերենով ֆիլմ, քանի որ մեր դեպքում անգլերենը շատ լավ է, իսկ ռուսերենը՝ թույլ, կամ էլ գերմաներենով, քանի որ նրանք գերմաներեն էլ են սովորում։ Դա օգտակար մի բան է, որ երեկոյան նայեն և հանգստանան։

    Սա է մեր առօրյան։

    Նաև շատ եմ սիրում երեք աղջիկներիս հետ ոչ էլեկտրոնային սկուտեր վարել։ Հաճախ, երեկոյան, երբ եղանակը լավն է, մենք չորսով դուրս ենք գալիս զբոսանքի։ Չորսով ամբողջ քաղաքով պտույտ ենք տալիս։ Ես շատ եմ սիրում իմ սկուտերով գնալ տարբեր տեղեր, օրինակ միջոցառման)) Սկուտերս կանգնեցնում եմ և ներս մտնում։ Վարում եմ նույնիսկ շորիկով ))

    Մայրս անընդհատ ասում է ինձ, որ «ամոթ է, և բավական է այդ սկուտերը վարես, որ քեզ ամենուր ճանաչում են և գոնե սկուտերը մի վարի»։ Բայց ո՞վ է իրեն լսում)) Ես ուզում եմ, վարում եմ։ Եթե ուզեմ այդ պահին կանգնեմ կարկանդակ, փքաբլիթ ուտեմ, ես դա կանեմ։ Եթե ուզեմ փողոցում մի տեղ խոտին նստեմ՝ ես կնստեմ։ Իսկ ո՞վ ասաց, որ ամոթ բան կա դրա մեջ։ Ուզում եմ, անում եմ և ոչ մի վատ բան չկա դրա մեջ։ Դա է կարևոր, որ դու ոչ մեկին վատ բան կամ վնասող բան չես անում։ 


    - Ինչպես գիտենք հաճախակի ճամփորդում եք ընտանիքի հետ, երեխաների հետ, մենակ․․․ Կարո՞ղ եք հիշել էքստրեմալ, հիշվող ճանապարհորդական պատմություն...
    - Ամենաէքստրեմալը դա մեր աղջիկներով ճանապարհորդությունն էր։ Մի 6, 7 տարի առաջ էր, երբ մենք գնացինք Ստրասբուրգ։ Ես ու քույրս էինք՝ ընկերուհիներով։ Ստրասբուրգի կողքը կար Europa-Park, ինչպես Disneyland-ն է և համարվում է ամենաէքստրեմալներից։ Ես ու քույրս էքստրեմալ ատրակցիոններ շատ ենք սիրում, ինչպես և մեր երեխաները և ամուսինները։ 

    Եթե այս շարքը շարունակենք, ես ու Մեգգին մի անգամ գնացել էինք Իսպանիա՝ Aventura Park, որտեղ նույնպես կային ուժեղ ատրակցիոններ և դա էլ էր ինձ համար հիշվող ու առանձնահատուկ, որովհետև ես Մեգգիի հետ էի։ 

    Շատ հիշվող էր, երբ ես ու ամուսինս Մալդիվ մեկնեցինք․․․ Այդ ճանապարհորդությունը իսկական էքստրիմ էր․ մենք մասնակցում էինք դայվինգի շնաձկների հետ, քայլում էինք և մեր դիմացով կարող էր օձ անցնել, իսկ երեկոյան կերակրում էինք շնաձկներին նույն ափում, որտեղ լողանում էինք։
    Իրինա Թովմասյան, Irina Tovmasyan, hoonch.amԷքստրեմալ էր, երբ մեզ հետ սուզվում էր մարդ՝ ում ձեռքը չկար, որովհետև շնաձուկը կծել էր ու նա նորից սուզվում էր այդ նույն ջրերում․․․ 

    Էքստրեմալ էր, որ մեր տան մոտ դրված էր թունավոր մոծակների դեմ նախատեսված նյութ, որ պետք է ցանես, նոր նստես, որովհետև եթե խայթեն, պարզապես չես հասնի տուն ))) 

    Դա շատ էքստրեմալ, բնության հետ միաձուլված վիճակ էր, որին ես անհամբեր նորից կսպասեմ։ Հուսամ, որ էլի կլինի և կլինի իհարկե․․․


    - Ինչ խորհուրդ կտաք մեր հայ կանանց...
    - Ես ուզում եմ որ մեր հայ կանայք նախ իմանան, որ իրենք կարող են ամեն ինչ և այս պահին արդեն իսկ շատ բան են անում։ Նույնիսկ այն չաշխատող կինը, ով երեխա է պահում, նա շատ դժվար գործ է անում։ Ովքեր ունեն երեխա և աշխատում են՝ վստահ կարծում եմ կհաստատեն իմ ասածը, որ դա շատ բարդ է, պատասխանատու և գնահատվող երեխայի կողմից։

    Պարտադիր չէ, որ կողքից ինչ որ մեկը գնահատի։ Կարևոր է իրենք իմանան, որ շատ մեծ գործ են անում։ Եվ դա թող իրենց տա այնքան թևեր և ուժ, որ չվախենան ոչ մի դժվարությունից։

    Մեր հայ կանայք միևնույն ժամանակ կարող են անել ամեն ինչ։ Իրենք կարող են աշխատել, տան մաքրությունը ապահովել իրենց ձևով, իրենք կարող են երեխաներին մեծացնել։ Ո՞նց են կարողանում մեր հայ կանայք այդ ամեն ինչի միջից դուրս գան՝ ես էլ եմ զարմանում)) 

    Հիմա ինձ մոտ այնպիսի շրջան է, որ իմ դայակը երեք օր է գալիս՝ չնայած ես ամբողջ կյանքում դայակ եմ ունեցել, կամ ծնողներս են պահել երեխաներիս, և ես էլ եմ զարմանում, թե ո՞նց եմ այդ ամեն ինչը հասցնում, բայց հասցնում եմ։ Երբ հասկանում ես, որ պետք է անես՝ դու կարող ես դա հասցնել ու վախենալ ոչնչից պետք չի։ Անկեղծ ասած ես վախենում էի, մտածում էի առանց դայակ ի՞նչ եմ անելու։ Բայց ես էլ վախը հաղթահարեցի։

    Երբ դու գնում ես ուրիշ երկիր ապրելու՝ անմիջապես դայակ չի հայտնվում։ Բայց մարդիկ և աշխատում են, և երեխա են պահում և ուրիշ իրականությունում կարողանում են աշխատել։

    Իրինա Թովմասյան, Irina Tovmasyan, hoonch.am

    Հայաստանում մենք ունենք մեծ առավելություն, որովհետև մենք մեր տանն ենք, մեր երկրում ենք և դա պետք է մեծ ուժ ու թևեր տա։ Դա արդեն մեծ առավելություն է։ Մենք մեր երեխաներին մեծացնում ենք ապահով երկրում։ Սրանք փոքր մանրուքներ են, որովհետև պարզապես սիրունացնում են մեր կյանքը, երջանկացնում են։ Պետք է տեսնել փոքր բաները, որոնցից կարող են ստանալ այնքան էներգիա։

    Խորհուրդ կտամ կանանց, որ տանն էլ լինեն, չաշխատեն, բայց թող սուրճ եփեն և պատշգամբում խմեն՝ հաճույք ստանալով։ Ու թող մտածեն, որ շատերը չունեն տանը մնալու այդ հնարավորությունը։ Մարդ էլ կա չունի հնարավորություն տանը մնալու իր երեխայի կողքին, վայելելու երեխայի ամեն ինչը, որովհետև ինքը պետք է աշխատի։

    Եվ հնարավոր է մյուսի համար լավ է աշխատելը։ Նա էլ չի կարողանում պատկերացնել առավոտից երեկո երեխայի կողքը մնալը և չաշխատելը։

    Այսինքն ինչ կա այդ պահին՝ փորձեն ընդունել այնպես, որ դա իրենց երջանկություն բերի՝ նույնիսկ չսիրած գործով զբաղվելը, փոշեկուլ անելը, աման լվանալը։ Թող ֆիլմ միացնեն, երաժշտություն միացնեն, խորհուրդ եմ տալիս հաճույքով անել, որովհետև ամեն բանը, որ մեր կյանքից գնում է, գնում է անվերադարձ։

    Մինչև մենք մեզ երջանիկ չզգանք այն ամեն ինչով՝ ինչ մենք ունենք, մենք չենք կարողանա հասնել ավելիին։ Այդ սկզբնական ներդաշնակ վիճակն է պետք ապահովել, հետո նոր գնալ առաջ։

    Ամենակարևորը բոլորը առողջ լինեն, մարդկային կորուստներ չլինեն, պատերազմ չլինի։ Կարծում եմ այդպես պետք սկսենք մտածել ամեն դեպքում։ Վստահ եմ մեզ մոտ՝ Հայաստանում այդպես են մտածում վերջին տարիներից հետո։

    - Շնորհակալ ենք Իրինա, գեղեցիկ, բովանդակալից զրույցի համար։ Վստահ եմ, մեր ընթերցողները կգնահատեն և կհետևեն Ձեր խորհուրդներին։ 

     

    Սիրով hoonch.am թիմ՝
    Հարցազրույցը պատրաստեց՝ Աննա Տեր-Հովհաննիսյան

    Մելինդա Անտոնյան, թարգմանիչ և ուսուցիչ, Ստամբուլ

    Մելինդա Անտոնյան, թարգմանիչ և ուսուցիչ, Ստամբուլ

    Նախորդը

    Էրիկ Խաչատրյան, Rooqet վաճառքի, աութսորսինգային ընկերության հիմնադիր տնօրեն

    Էրիկ Խաչատրյան, Rooqet վաճառքի, աութսորսինգային ընկերության հիմնադիր տնօրեն

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: