- Բարև Մարիա ջան։ Ինչպե՞ս ես։ Մի քիչ կպատմես քո մասին, ինչպես գիտեմ, եկել ես Հայաստան Հալեպից, կպատմես պատճառները։
- Բարև Աննա ջան, լավ եմ, շնորհակալություն։ Այո, եկել եմ Հալեպից, 2018 թվականին պատերազմի պատճառով։ Երբ պատերազմը հասավ մեր քաղաքին, ու արդեն հրթիռակոծում էին, ամենուր հրդեհներ էին, չնայած որ հայրս չէր ցանկանում հեռանալ, բայց հասկացանք, որ այլևս մնալ չենք կարող, և որոշեցինք տեղափոխվել Հայաստան։ Եղբայրներս բնակվում են Կանադայում, բայց այնտեղ տեղափոխվել էին մինչև պատերազմը։
- Երբ ես կատարել քո առաջին քայլերը դեպի մոդելային աշխարհ։
- Սիրիայում մոդելային աշխատանք ընդհանրապես չկա։ Այնտեղ ավելի փակ է ամեն ինչ, նկարահանումներ, գովազդներ չկան։ Ընտանիքները չեն թողնում իրենց աղջիկներին զբաղվել մոդելային գործով, այնտեղ դա ամոթ է։
Բայց երբ հեռուստացույցով տեսնում էի արաբական բարձրահասակ աղջիկների դեֆիլեները, միշտ մտածում էի, որ կգա մի օր, որ ես էլ լինեմ այնտեղ։ Միարժամանակ հասկանում էի, որ Սիրիայում դա բացառվում է։
Երբ եկա Հայաստան, տեսա, որ այստեղ հնարավոր է իրականացնել երազանքս։
Այո, դժվար էր, ընտանիքս դեմ էր։ Բայց երբ տեսան, որ ես շատ եմ ուզում, պայքարում եմ, համոզվեցին։ Ծնողներս ընդունեցին, որ սա էլ մասնագիտություն է, ու համարձակ մասնագիտություն, որ ամեն մարդ չի կարող լինել այս ոլորտում։ Այստեղ ամեն ինչ պետք է մարդու մեջ լինի, բնական, պետք է սիրես, որ կարողանաս։
Սկսեցի կամաց-կամաց․․․ Գնացի «Ատեքս» նորաձևության կենտրոն, ու այդպես սկսվեց իմ մոդելային ճանապարհը։
Ցանկանում եմ առանձնացնել Լյուսի Հայրապետյանին, ում ես երբեք, ինչքան էլ անցնի, չեմ կարող մոռանալ։
Մի օր ես պարզապես գրեցի նամակ Լյուսիին, ու հարցրեցի, որտեղ կարող եմ դիմել մոդելային աշխատանքի կամ սովորելու համար, ու նա ինձ խորհուրդ տվեց գնալ «Ատեքս» նորաձևության կենտրոն, տվեց բոլոր կոնտակտները ու այսպես ես սկսեցի․․․
- Բացի Miss Gold Model Armenia 2022 մրցույթից, այլ մրցույթների մասնակցե՞լ ես։
- Դիմել եմ «Միսս Հայաստան» մրցույթին, բայց քասթինգը չանցա։ Այլ մրցույթների էլ եմ դիմել, բայց միշտ հիասթափվում էի․․․ Հույսս չէի կտրում, մտածում էի, այսօր կլինի, կամ վաղը, բայց կլինի․․․
- Իսկ ինչե՞ս մասնակցեցիր Miss Gold Model Armenia 2022 մրցույթին։
- Ես գնացել էի «Ջեք Թեքեյան» մոդելային դպրոց, պայմաններին ծանոթանալու համար ու եթե հնարավոր է, աշխատեմ որպես մոդել։ Այդ ժամանակ ինձ տեղեկացիրն մրցույթի մասին, բացատրեցին, որ սա մոդելային մրցույթ է, ոչ թե գեղեցկության, այլ է ֆորմատը։ Ինձ հետաքրքրեց, որոշեցի դիմեմ։
Միևնույն ժամանակ դեռ կասկածում էի, բայց հենց այդ օրը աշխատանքիս վայրում ինձ ազատ օր տվեցին, ու կարծես ինչ որ բան ինձ ասում էր, որ գնամ։
Ու ես մասնակցեցի քասթինգին։ Լսեցի ժյուրիին, նրանց նկատառումները․․․ Այո, իմ քաշը մի քիչ ավել էր, ու ես քասթինգը անցնելուց հետո 12կգ նիհարեցի 4 ամիսների ընթացքում )))
Ժյուրիի անդամների մեկ խոսքը, որ ցանկալի է, որ մի քիչ նիհարեմ, իմ համար ճակատագրական էր։ Այդ օրից հետո ես ամեն առավոտ գնում եմ մարզվելու, փոխել եմ սնունդը, սնվում եմ ավելի առողջ ու թեթև։
Վերջին քասթինգի ժամանակ, ժյուրին նկատեց, որ նիհարել եմ, ու անգամ հարցրեցին, ինչպես եմ դա արել։ Դա այնքան կարևոր էր իմ համար․․․ Նշանակում էր, որ ես կարողանում եմ հաղթահարել ու հասնել իմ ուզածին։
- Ինչ տվեց քեզ Miss Gold Model Armenia 2022 մրցույթը։
- Մրցույթի ժամանակ բավականին նկարահանումներ եղան, նոր ընկերներ, ծանոթություններ, գիտելիքներ․․․
- LadyBlog.am-ը, լինելով Miss Gold Model Armenia 2022 մրցույթի ինֆորմացիոն հովանավորը, պորտալում կազմակերպել էր մրցույթ, որտեղ առավելագույն՝ +12․000 ձայնով, հաղթեցիր Մարիա ջան, և այս հոլովակն ու հոդվածը մեր նվերն է քեզ։ Կկիսվե՞ս տպավորություններով։
- Շատ շնորհակալ եմ LadyBlog.am-ից, Ձեզանից, մրցույթը կազմակերպելու համար։
Այս մրցույթով ես հասկացա, որ իմ ընկերները, սփյուռքահայ բարեկամները իմ հետ են, ու ավելի քան 12,000 մարդ իմ կողքին է։ Անգամ իմ դպրոցական ընկերները, որոնց հետ շփվում եմ քիչ, միայն սոցիալական էջերով, իմ հետ են, իմ կողքն են․․․
Դա շա՜տ կարևոր է իմ համար։ Այս թիվը իմ համար մեծ իրադարձություն էր, որը ես երբեք չեմ մոռանա։
- Դու նաև նվաճեցիր Միսս Մեդիա տիտղոսը։ Ինչ էիր զգում այդ պահին։
- Ամենակարևոր պահը այն էր, որ իմ հայրենիքում, իմ հայ ազգը ծափահարում էր ինձ, դա անմոռանալի է։ Կարևոր չէ տիտղոսը, հայրենի հողի վրա ամեն հաղթանակ մեծ նշանակություն ունի։
- Եթե հնարավոր լինի, կվերադառնա՞ս Հալեպ։
- Կարոտել եմ տունս, կգնամ, բայց չեմ մնա այնտեղ։ Հայաստանն է հիմա իմ տունը, այստեղ դու օտար չես, այստեղ ամեն ինչ ջերմ է։
Առաջին օրը որ եկանք, ու ամեն տեղ լսում էինք հայերեն, դա արդեն անփոխարինելի, մեծ բան էր, որը չես կարող փոխել։
- Սիրայում խոսում եք հայերեն, թե՞ արաբերեն։ Ինչպիսին էր այնտեղ կենցաղը, մի քիչ կպատմե՞ս Մարիա ջան։
- Ունեինք համայնքներ, որտեղ բոլորս հայերեն էինք խոսում, բայց օրինակ, խանութ գնալուց, արաբերեն էինք խոսում։
Սովորել եմ հայկական դպրոցում մինչև 9-րդ դասարան, մասնակցել եմ շատ խմբակների, մեզ սովորեցնում էին հայրենասիրություն, պատմություն, օրինակ Շուշիի գրավումը։
Հալեպում արաբերենով սովորել եմ բիզնես քոլեջում, հաշվապահություն մոտ 3 տարի։ Պատերազնի ժամանակ դպրոցը հրդեհեցին, հիշում եմ, որ աղջիկներով իջանք քոլեջի պահեստը, շատ էինք վախեցել, անգամ չէինք կարողանում խոսել։ Ու ես որոշեցի, որ այլևս չեմ գնա այնտեղ սովորելու։
- Իսկ Հայաստան ինչպես եկաք։
- Պատերազմը շատ դաժան էր, ամեն ինչ այրվում էր․․․ Մեկ էլ տեսնում էիր, կողքիդ տունը հրդեհ է, մարդիկ մահանում էին․․․ կորցրեցի մի քանի ընկերուհիներ, ամենուր սարսափ էր․․․
Մեզ շատ օգնեցին․․․ Շատ օգնեց Պատվելի Հարություն Սելիմյանը, ու այդ օգնությունը ևս ես երբեք չեմ մոռանա ու միշտ շնորհակալ կլինեմ․․․
- Շնորհակալ ենք Մարիա ջան մեր պրոեկտներում մասնակցության համար, մաղթում ենք քեզ բազում հաջողություններ ու մեծ սեր․․․
Մեկնաբանել