- Չնաշխարհիկ
Իմ աքլարիկ,
Ձայնդ զիլ - զիլ,
Ոսկի ծիլ - ծիլ,
Երգերիդ մեջ
Բյուր ելևէջ։
- Կըկու քուրիկ,
Հուրիկ, բուրիկ,
Քո ձայնն էլ է
Լավ գեղգեղում,
Ծոր է տալիս
ՈԻ մըղմըղում․
Երգ եմ լսել
Ես շատ ու քիչ,
Բայց չեմ տեսել
Քեզ պես երգիչ։
- Ոսկեփետուր,
Անուշ իմ քուր,
Կուզեմ լսել
Ձայնդ անսպառ
Միշտ անդադար։
- Պուճպուճուրիկ,
Մի պուտ ջրիկ,
Կկու քուրի՜կ,
Երդվում եմ ես,
Որ լռում ես,
Էսքան պուճուր՝
Ըսպասելով
Իմ աչքերը
Կտրում են ջուր։
Որտեղի՞ց է
Քեզ էդպես ձայն,
Մաքուր, քնքուշ
ՈԻ զընգզընգան։
Դուք էդպես եք
Ամբողջ ցեղով,
Մի բուռ բան եք
Թեև տեղով,
Բայց ձեր երգը
Խիստ աջողակ,
Չունի՜, չունի՜
Ոչ մի սոխակ։
- Գոհ եմ քեզնից,
Ջիվան աքլար․
Խըղճով ասենք՝
Դու միալար
Լավ ես երգում
Դրախտահավից,
Թռչունների
Լավի լավից։
Ողջ աշխարհը
Խոսքիս վկա,
Քեզ պես երգիչ
Չըկա՜, չըկա՜։
Էստեղ ծիտը,
Ծիտիկ - միտիկ,
Ասավ. հլա
Սըրանց մտիկ,
Ինչ լավ գիտեն
Իրար եղել․
Ասա թողի՞ն
Պակաս տեղ էլ։
Է, լա՜վ, հերի՜ք
Իրար գովեք․
Աշխարհ գիտի,
Թե դուք ով եք։
Կկուն ու աքլարը - Աթաբեկ Խնկոյան
- Գրականություն
- 02.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել