Կոմիտասը ո՞նց է դիմացել Ցավին...
ու գրել է... գրել է... երգել է..
...Սիրտս նման է էն փլած տներ,
Կոտրեր գերաններ, խախտեր է սներ,
Բուն պիտի դնեն մեջ վայրի հավքեր...
__________Ա՜յ, տո լա՛ճ տնավեր....
Իմ սիրտը հիմա քար է` պապանձ, գիր ու երգ մեջը խեղդված...
Տեսնում եմ միայն վտանգն ու մասշտաբը` արհավիրքի, դառել եմ թույն` վշտի թույն...
ու չգիտեմ ինչ անել, ինչով օգնել, ինչպես լինել, ինչպես ապրել...
Էս կյանքն ինչի՞ մասին էր, ախր, որ էդպես էլ չապրեցինք:
Հազիվ աղոթքս եմ մրմնջում անդադար...
Ամենասրբուհի` Մայր Աստվածածին, Քրիստոսի մոտ բարեխոսիր, եղած ժողովրդին պահիր ու պահպանիր արհավիրքից, վիրավոր Արցախն ու Հայաստանը պահիր ու պահպանիր, մեր անգետ, անխնա, անհավատ ու գոռոզ էությունը ներիր ու հնարավորություն տուր` ԼԻՆԵԼՈՒ և քո լույսով ապրելու.... Քո սիրով ամրացրու մեզ ու Հայրենիքը փրկելու ուժ տուր, ճանապարհ ու հնարավորություն տուր...
Ու ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆ տուր մեզ` անտեսներիս, մտածելու կարողություն` անգետներիս, պայքարելու ուժ` հուսահատվածներիս, և խաղաղություն` քաոսի մեջ մոլորվածներիս:
Նահատակված զինվորներին հավերժ շնորհակալությամբ ու խոնարհումով հիշելու կարողություն, ողջերին` փորձանքից ու թշնամու գնդակից պաշտապանելու քո Օրհնությունը տուր:
Ու ներիր... ներիր... ներիր...
Նազենի Հովհաննիսյան
Մեկնաբանել