• 21 դեկտեմբեր, 2024
     Քեֆ անողին քեֆ չի պակսիլ - թարգմանություններ

    Քեֆ անողին քեֆ չի պակսիլ - թարգմանություններ

    Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Նա սովորություն ուներ շորերը փոխել և զբոսնել Բաղդադում՝ իմանալու համար, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր, դերվիշի շոր հատած, անցնում է մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Հետաքրքրվում է ու ներս մտնում։ Տեսնում է՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի առաջ կարպետի վրա նստոտել եմ տան տերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։ — Խաղաղություն ձեզ, ուրա՜խ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տան տիրոջը։ — Բարով եկար, դերվի՛շ բաբա, համեցե՛ք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տան տերը։ Դերվիշին էլ նստեցնում են իրենց հետ ու շարունակում են քեֆը։ Ուշ գիշերով տան տերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու արձակում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տան տիրոջը հարցնում է. — Անունդ ի՞նչ է, բարեկա՛մ։ — Հասան։ — Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արվեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվի՛շ բաբա,— պատասխանում է տան տերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ՝ երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված է ուղարկում, ավելի լավ։ — Անպակաս լինի ուրախությունդ, Հասա՛ն, բայց եթե հանկարծ եկամուտիդ աղբյուրը կտրվի, ի՞նչ պիտի անես։ —Ինչո՞ւ է կտրում, դերվի՛շ բաբա: — Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք. հանկարծ հրամայեց, որ էլ փինաչիությունը չպիտի լինի։ — Է՜հ, թագավորն էլ ուրիշ հոգս չունի՞, որ ընկնի փինաչիների ետևից... կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, այն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվի՛շ բաբա։ Աստված ողորմած է. քեֆ անոդին քեֆ չի պակսի։ — Աստված տա, որ այդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։ Դերվիշն առավոտյան գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե՝ թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան. էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։ Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։ Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաք շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։ — Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։ Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։ Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են հեռանում։ Մնում են տան տերն ու հյուրը։ — Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։ — Ի՞նչ պատահեց։ — Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց՝ մեր արհեստն արգելեց... — Ի՞նչ ես ասում,— զարմանում է հյուրը։ — Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։ — Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ՝ մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։ — Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի, էն ժամանակ ի՞նչ ես անելու։ — Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբ որ կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։ — Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ով Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։ Գ Առավոտը վաղ ամբողջ Բադդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում. ջուրը աստծունն է և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։ Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության և երգի ձայներ։ Ներս է մտնում։ — Ա՛յ, դերվիշ բաբա, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմել։ — Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում ձասանի կողքին։ Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տան տերը։ — Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։ — Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել, ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։ — Հապա ի՞նչպես է, որ դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։ — Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա. օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։ — Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատական լինեիր դու, —բացականչեց դերվիշը։ — Վա´հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։ — Ինչո՞ւ չի կատարվի, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն ու բաժանվեցին։ Դ Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը. — Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը։ — Ես եմ,— պատասխանեց զարմացած Հասանը։ — Թագավորի հրամանով հետևիր մեզ։ Ուղիղ պալատը տարան Հասանին։ Հայտնեցին, որ թագավորն իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։ Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։ Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե՝ գնա, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։ Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու։ Գնաց մոտեցավ Հասանի տանը։ Ականջ դրեց։ Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը։ Հասանը քեֆ է անում դարձյալ։ Ներս մտավ։ — Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի է՛, երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։ — Ի՞նչ ես ասում։ — Աստված վկա։ — Եվ երևի շատ փող է տվել... — Չէ՜, ինչ փող. մի գրոշ չտվին։ Դատարկ տուն ղրկեցին։ — Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում։ — Նստի՛ր, ասեմ որտեղից։ Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա պողպատի շեղբը (մեջը) ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ, ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։ — Հա´, հա´, հա´,— ծիծաղեց դերվիշը։— Լավ անելը՝ լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե՝ կտրի էս հանցավորի գլուխը՝ ի՞նչ ես անելու։ — Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ,— բարկացավ Հասանը։ — Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է. չե՞ս կարող մի լավ բան ասել... Ու շատ վշտացավ Հասանը։ Սիրտը երկյուղ ընկավ, ամբողջ գիշերը չկարողացավ քնի։ Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։ — Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։ — Ապրած կենաս, մեծ թագավոր,— պատասխանեց սարսափած Հասանը,— ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։ Փորձված մարդիկ շատ կան քո պալատում, հրամայիր մի ուրիշը կտրի... — Ես քեզ եմ հրամայում,— սաստեց թագավորը,— եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ... Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք. — Տեր աստված, արդարն ու մեղավորը դու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը.. Ասավ, դուրս քաշեց թուրը... Փա՜յտ։ Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։ Էստեղ ձարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։ Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։ Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորեցնի ուրախ ապրել աշխարհքում։


    Սուտլիկ որսկանը - թարգմանություններ

    Սուտլիկ որսկանը - թարգմանություններ

    Նախորդը

    Կիկոսի մահը

    Կիկոսի մահը

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: