Չալիկ աքլորը,
Արևն ու Լուսին
Բնակվում էին
Վաղուց միասին։
Բնակվում էին
Նրանք երկնքում,
Ամպից կառուցված
Մի ապարանքում։
Սակայն Լուսինը
Չար էր, կռվարար,
Աքլորի հետ էր
Վիճում անդադար։
Մի օր էլ սաստիկ
Բարկացած պահին
Գլխիցը բռնեց
Ու նետեց գետին։
Երբ որ տուն եկավ
Արևը հոգնած,
Աքլորը չկար,
Լուսնյակին ասաց.
- Որտե՞ղ է, ասա՛,
Չալիկ աքլորը,
Հանգիստ չես տալիս
Դու մեր եղբորը։
-Ի՞նչ ես պաշտպանում
Անպետք աքլորին,
Գլխից բռնեցի,
Նետեցի գետի՛ն։
- Դու ոչ ոքի հետ
Վարվել չգիտես,
Քեզանից վաղուց
Ձանձրացել եմ ես։
Հենց այսօրվանից
Դու՝ գիշերները
Լույս տուր աշխարհին,
Ես՝ ցերեկները
Որ երբե՛ք, երբե՛ք
Մենք չհանդիպենք։
2
Բայց աքլորը
Մինչև օրս էլ
Իր եղբորը
Չի մոռացել։
Երբ արևի
Շողը փայլուն
Լուսաբացին
Բույնն է մտնում,
Աքլորն իսկույն
Թառից իջնում,
Բակն է թռչում,
Ուրախ ճչում.
- Ծուղրուղո՜ւ,
Իմ սիրելի
Կարմիր արև,
Բարև՜, բարև։-
Իսկ երբ մութն է
Իջնում կամաց,
Լուսնի լույսը
Փայլում հանկարծ,
Աքլորն իսկույն
Փախչում է տուն,
Որ չտեսնի
Իր թշնամուն։
Մեկնաբանել