(ժողովրդական)
Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։
Քո բուն հյուսած ծաղիկներով
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես, կելնես երգ ու տաղով.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։
Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։
Երբ կըկանգնես մամռոտ քարին,
Սաղմոս կասես ծաղիկներին,
Սարեր, ձորեր զվարթ կանես,
Դարդի ծովեն սիրտս կըհանես.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։
1907
Կաքավի գովքը, Հովհաննես Թումանյան
- Գրականություն
- 28.07.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել