• 21 նոյեմբեր, 2024
     Խրճիթում, Հովհաննես Թումանյան

    Խրճիթում, Հովհաննես Թումանյան

    Մանուկները գոռում-գոչում,
    Լալիս էին աղեկեզ.
    - Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
    Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։

    Հիվանդ նանը տեղի տակին
    Ծանր տընքաց տըխրալի.
    - Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ,
    Ապին գնաց հաց բերի։

    - Չէ՛, խաբում ես, սուտլիկ նանի,
    Դու ասացիր՝ քարափին
    Երբոր զարկի շողքն արևի
    Հաց կըբերի մեր ապին։

    Արևն եկավ անց էլ կացավ,
    Մենք սոված ենք դեռ էսպես.
    Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
    Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։

    - Հաց չի գտել ձեր ապին դեռ,
    Տուն չի գալի սևերես.
    Քիչ էլ կացեք, իմ բալիկներ,
    Հիմի այնտեղ կերթամ ես...

    Մի մեծ ապի կա երկնքում,
    Նա շատ ունի այնտեղ հաց...
    Նա ձեզ այնքան շատ է սիրո՜ւմ...
    Նա չի թողնիլ ձեզ սոված...

    Կերթամ այնտեղ, նրան կասեմ,
    Որ սոված եք, իմ բալեք,
    Ձեզ համար շատ-շատ հաց կուզեմ,
    Որ դուք ուտեք, լաց չըլեք...

    Ասավ, սեղմեց սովալըլուկ
    Զավակներին իր լանջին,
    Ու շըրթունքի վըրա դալուկ
    Սառավ համբույրը վերջին։

    Կըռներն էլ ետ չըբացվեցան
    Բազմաչարչար մայրիկի.
    Աչքը փակեց ու հավիտյան
    Գընաց, որ հաց ուղարկի։

    Մանուկները գոռում, գոչում,
    Լալիս էին աղեկեզ.
    - Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
    Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։

    1893

    Սասունցի Դավիթը, Հովհաննես Թումանյան

    Սասունցի Դավիթը, Հովհաննես Թումանյան

    Նախորդը

    Կաքավի գովքը, Հովհաննես Թումանյան

    Կաքավի գովքը, Հովհաննես Թումանյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: