• 21 դեկտեմբեր, 2024
     Մայրական սերը - Հայրապետ Հայրապետյան

    Մայրական սերը - Հայրապետ Հայրապետյան

    (կորեական հեքիաթ)

     

    1

    Հին ժամանակ մեր աշխարհում
    Մի չքավոր մարդ էր ապրում։
    Ծառա էր նա հարուստի մոտ,
    Լավ օրերի, կյանքի կարոտ։
    Նրա կինը բլիթ թխում,
    Տանում էր միշտ շուկա, ծախում։
    Ունեին մի փոքրիկ որդի՝
    Սիրելին էր նրանց սրտի։
    Տարիները տխուր, խաղաղ
    Անցնում էին միապաղաղ։
    Վաղ ծերացած չարքաշ կյանքից,
    Մարդը գնաց այս աշխարհից։
    Տղան դարձավ յոթ տարեկան,
    Մայրը իր մոտ կանչեց նրան.
    - Ի՛մ աչքի լո՛ւյս, իմ լավ բալա՛,
    Մի մայրիկիդ ականջ արա։
    Հայրդ կյանքից հեռանալիս՝
    Կանչեց իր մոտ ու ասաց ինձ.
    «Տղային տուր ուսումնարան,
    Գնա՛, դառնա մեծ գիտնական.
    Խեղճ չլինի նա մեզ նման,
    Որ ամենքը հարգեն նրան»։
    Գնա Կեսոն քաղաքը մեր,
    Որտեղ կան շատ գիտնականներ.
    Սովորիր դու տասը տարի,
    Հետո միայն ինձ մոտ արի։
    Տղան ելավ, գնաց քաղաք.
    Մայրը մնաց մեն ու մենակ։
    Սիրած որդու ջերմ կարոտից
    Մոր աչքերին քուն չէր գալիս.
    Հաշվում էր միշտ՝ էլի քանի
    Տարի, ամիս պիտի անցնի,
    Որ ետ դառնա սիրած որդին,
    Որ ցամաքի արցունքն աչքի։
    Բայց դեռ ո՜ւր էր տասը տարին,
    Որ տուն դառնար իր սիրելին։
    Մի իրիկուն, վիշտը սրտում,
    Իր որդուն էր հիշում տրտում,
    Մեկ էլ թակոց լսեց հանկարծ,
    Իր որդին էր հոգնած, դադրած։
    Ուզեց գրկել, կրծքին սեղմել,
    Բայց այդ չարավ, չժպտաց էլ։
    - Ինչո՞ւ դու շուտ վերադարձար,
    Մի՞ թե արդեն գիտուն դարձար։
    - Հոգնած եմ ես,- տղան ասաց,-
    Տուն եմ հասել, սոված տանջված,
    Բան տուր ուտեմ ու քնեմ ես,
    Առավոտյան կպատմեմ քեզ։
    Շատ էր ուզում մայրը բարի
    Որդուն գրկի ու համբուրի,
    Կերակուր տա, որ նա ուտի.
    Որդին էր չէ՞, սիրած որդին...
    Բայց չարավ այդ ու հարց տվեց.
    - Պատասխանիր, հանգիստ չեմ ես։
    Ունե՞ս այնքան դու գիտություն,
    Որ Սեուլում տաս քննություն։
    - Սովորեցի գիշեր-ցերեկ,
    Չծուլացա գործում երբեք,
    Ամեն բանի վարպետ դարձա,
    ժամկետից շուտ վերադարձա։
    - Դե, այժմ առ թուղթ ու վրձին
    Հիերոգլիֆներն այս առաջին
    Գրիր մաքուր ու գեղեցիկ,
    Իսկ ես նստեմ, թխեմ բլիթ,-
    Ասաց մայրը, գետնին նստեց
    Եվ ճրագը փչեց, մարեց։
    Ու քիչ հետո գոչեց մայրը.
    - Պատրաստ են իմ բլիթները։-
    Ասաց, ելավ լայսը վառեց
    Ու սիրելի որդուն դիմեց.
    - Գրածդ բեր՝ ցույց տուր, տեսնեմ։
    Լավ չես գրել, ես ի՞նչ անեմ։
    Գեղեցիկ չէ գրածը քո,
    Տգեղ է շատ ու անկանոն։
    Այժմ նայիր բլիթներիս,
    Չեն տարբերվում մեկը մեկից։
    Գեղեցիկ ու հարթ են նրանք,
    Կարծես թխված՝ ճրագի տակ։
    Վերադարձիր, գնա քաղաք,
    Էլ տուն չգաս անժամանակ։-
    Եվ աղաչեց տղան վշտոտ.
    - Թույլ տուր մնամ մինչ առավոտ,
    Անց եմ կացել սարեր, ձորեր,
    Քրտինք թափել, տանջվել, հոգնել,
    Էլ ուժ չունեմ անցնելու ես
    Դժվար ճամփան արևակեզ։
    - Դու հանգստի էլ ժամ չունես,
    Ուզես-չուզես պիտի քայլես։
    Այս բլիթներն առ ու գնա.
    Ճամփադ մեծ է, էլ մի՜ մնա։

     

    2

    Տղան բռնեց երկար ուղին,
    Աղի արցունք թափեց ճամփին.
    Գետակներն ու վայրը խոպան
    Կտրում էին նրա ճամփան,
    Եվ գազաններն ահեղ ոռնում
    Ճամփին մոտիկ անտառներում։
    «Մայրս ինձ հետ վարվեց շատ խիստ:
    Առաջվա պես չի սիրում ինձ»,
    Մտքովն անցավ վշտոտ տղի,
    Երբ տանջում էր նրան ուղին։
    Բայց երբ որ նա մյուս օրը
    Ուզեց ուտել բլիթները,
    Տեսավ՝ նրանք հարթ են, սիրուն,
    Մեկը մեկից չի տարբերվում։
    Եվ մտածեց, թե մայրն ինչպես
    Մթության մեջ բլիթ թխեց...
    «Ուրեմն նա վարպետ է մեծ,
    Իր գործը լավ գիտե, քան ես»։
    Հանգստացավ ու թափ առած
    Արագ քայլով դիմեց առաջ։

     

    3

    Հինգ տարուց ետ, մի իրիկուն
    Դիմավորեց մայրը որդուն։
    Որդին մորը գրկել ուզեց,
    Մայրը նրա ձեռքը բռնեց.
    - Սովորեցի՞ր դու ամեն բան,
    Թե՞ թողեցիր դժվար ճամփան։
    - Տղան առավ թուղթ ու վրձին,
    Լույսը մարեց նստեց գետնին
    Եվ խնամքով գրեց արագ
    Հիերոգլիֆներ բազում տասնյակ։
    - Հիմա, մայրի՛կ, լույսը վառիր,
    Գրածներս առ ու նայիր։
    Նայեց մայրը, որդուն գովեց,
    Ապա հուզված ձայնով գոչեց.
    - Ա՜խ, ինչքա՜ն եմ կարոտել քեզ,
    Եվ ինչքա՜ն եմ սպասել ես։
    Թող նայեմ քեզ, նայեմ կրկին,
    Թող, որ սեղմեմ քեզ իմ կրծքին...

     

    4

    Շատ տարիներ անցան կրկին,
    Տղան հասավ նպատակին,
    Դարձավ ուսյալ, մեծ գիտնական.
    Ժողովուրդը սիրեց նրան։
    Չկար մայրը, չկար վաղուց,
    Բայց մեր երկրում, թե երկրից դուրս,
    Ե՛վ գյուղերում, և՛ քաղաքում
    Նրան Էին գովում, երգո՞ւմ։
    Երբ հարց Էին տալիս նրան՝
    Ինչպե՞ս դարձար դու գիտնական,
    Պատասխան Էր տալիս տղան.
    - Փոքրիկ Էի դեռ՝ երեխա,
    Երբ մայրիկիս սերը քնքուշ
    Ինձ ներշնչեց եռանդ և ուժ։
    Աշխատեցի գիշեր-ցերեկ,
    Չծուլացա կյանքում երբեք,
    Եղա ազնիվ, պարտաճանաչ,
    Միշտ ձգտեցի դեպի առաջ...
    Ով սեր ունի աշխատանքի,
    Նա կհասնի նպատակին։

    Խանն ու հովիվը - Հայրապետ Հայրապետյան

    Խանն ու հովիվը - Հայրապետ Հայրապետյան

    Նախորդը

    Աքլորի, Լուսնի և Արեգակի հեքիաթը - Հայրապետ Հայրապետյան

    Աքլորի, Լուսնի և Արեգակի հեքիաթը - Հայրապետ Հայրապետյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: