• 21 դեկտեմբեր, 2024
     Ընկույզն ու որդը - Աթաբեկ Խնկոյան

    Ընկույզն ու որդը - Աթաբեկ Խնկոյան

    Այգում կային զանազան պտղատու ծառեր՝ ընկուզենի, տանձենի, խնձորենի, թզենի: Ընկուզենու կանաչ ճյուղերից կախվել էր փոքրիկ ընկույզը ու օրորվում էր: Մոտեցավ նրան ծերունի որդն ու ասավ.
    - Սիրուն ընկուզիկ, թող բունդ մտնեմ, քիչ հանգստանամ, ապրենք միասին: Դու դեռ փոքր ես, քեզ կօրորեմ, հեքիաթներ կասեմ ու քեզ կուրախացնեմ:
    - Մի՛ թողնի այդ թափառականին քո տունը: Ո՞վ գիտե դրա տունն ու բունը, վարքն ու բարքը, - ասացին փոքրիկ ընկույզին նրա եղբայրները:
    - Այդ ձեր բանը չի, ի՞նչ եք խոսում իզուր տեղը. ես ինձ համար, դուք՝ ձեզ համար, - պատասխանեց ընկուզիկը և հյուր ընդունեց ծերունի որդին:
    Ագահ և չարամիտ որդը ծակեց ընկույզի կեղևը, ներս մտավ, միջուկը կերավ, դատարկեց, նստեց ու երգեց.
    - Մի նոր ընկույզ ես գտա,
    Ծակեցի ու ներս մտա,
    Կերա, կերա կշտացա,
    Դատարկ մնաց՝ վշտացա:
    Այդպես երգում և ծափ էր տալիս ավազակ որդը դատարկ կեղևի մեջ: Ծափ էր տալիս ու ասում.
    - Դուրս գամ ծառը չափչփեմ.
    Տեսնես ում կխաբխբեմ,
    Ինձ որդ կասեն, ծերուկ որդ,
    Լեզուս քաղցր, շողոքորթ:
    Փոքրիկ, անփորձ ընկույզը զոհ էր գնացել չար, ավազակ որդին… Քամին էր միայն մեջը վզվզում, իսկ հարևանները նայում էին նրան ու ափսոսում:

    Սերոբը - Աթաբեկ Խնկոյան

    Սերոբը - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Գայլի խոստովանանքը - Աթաբեկ Խնկոյան

    Գայլի խոստովանանքը - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: