• 21 նոյեմբեր, 2024
     Խանն ու հովիվը - Հայրապետ Հայրապետյան

    Խանն ու հովիվը - Հայրապետ Հայրապետյան

    (թաթարական հեքիաթ)

    Մեզանից շատ հեռու, յոթ սարի հետևում, յոթ ձորի այն կողմում, յոթ գետի արանքում, լինում է, չի լինում, մի երկիր է լինում, այդ երկրում էլ՝ մի խան։
    Այդ խանն ունենում է մի աղջիկ՝ ծամերը թեթև, աչքերը արև, այնքան սիրուն, այնքան գեղեցիկ, որ արևին ասում էր.
    «Դու մի՛ դուրս գա, ես եմ դուրս գալու»։
    Երբ հասնում է աղջկա ամուսնության ժամանակը, հայրը որոշում է.
    «Ով որ իրար հետևից քառասուն սուտ ասի, աղջիկս նրան կտամ»։
    Այդ որ լսում են շահի, սուլթանի, բեկի ու խանի, հարուստ, անվանի մարդկանց որդիները, հեռու, մոտիկ տեղերից, գետերի, լեռների վրայով, ձորերի միջով, ձիով, նավակով, ուղտով, ոտով գալիս, հավաքվում են խանի պալատի դռանը։
    Հավաքվում են ու հերթի կանգնում, որ սուտ ասեն, խանի աղջկան տանեն։
    Եվ քառասուն օր, քառասուն գիշեր, շահի, սուլթանի խանի ու բեկի, հարուստ, անվանի մարդկանց որդիները ստեր են ասում, բայց խանը ոչ մեկի ասածները չի հավանում։
    Մնում է մի աղքատ հովիվ, որ մահակը ձեռքին, տրեխները ոտներին, կանգնել էր պատի տակ։
    - Մոտ արի, ա՛յ չոբան,- բարկացած ասում է խանը,- սաղն ի՞նչ արեց, որ կաղն ինչ անի։ Ասա՛, տեսնեմ ի՞նչ ես ասում։
    - Խանն ապրած կենա,- սկսում է հովիվը,- ես մեն ու մենակ հազար երամակի պահապան եմ։ Ամեն մի երամակում չորս հազար ձի կա։ Նրանց հաշիվն իմանալու համար ցերեկով ձիերի ականջներն եմ հաշվում, գիշերը՝ ոտները։
    Մի առավոտ էլ վեր կացա, ձիերի ականջները հաշվեցի, տեսա՝ մատակը չկա, գիշերն էլ ոտները հաշվեցի, տեսա՝ էլի նույն մատակը չկա։
    Չկա ու չկա։
    Մտրակս ցցեցի գետնին, բարձրացա ու կանգնեցի ծայրին։
    Թեև մտրակս այնքան էլ երկար չէր, բայց Բաղդադ քաղաքը երևում էր, իսկ մատակը չէր երևում։
    Նայեցի, տեսա, որ Արազի այն ափին մատակս արածում է։ Մի սև քուռակ էլ, պոչը ցից արած, դունչը բարձրացրած, դեսուդեն է վազվզում։
    Գլխի ընկա, որ մատակը քուռակ է ծնել։
    Վազելով հասա Արազ։
    Մատակը որ ինձ տեսավ, խրխնջաց, բաշը թափ տվեց, եկավ Արազի ափին կանգնեց։
    Բայց Արազի վրա կամուրջ չկար, ո՞նց անցնեի։
    Մտրակս էլ, հո գիտես, այնքան էլ երկար չէր։ Երկար չէր, բայց Արազի լայնքով մեկ կլիներ։
    Մտրակիս մի ծայրը դրեցի Արազի այս ափին, մինն էլ՝ այն ափին, բարձրացա մտրակի վրա ու գետն անցա։
    Գետն անցա, քուռակը հեծա ու ետ դարձա։ Մատակն էլ հետևից եկավ։
    Մեկ էլ հանկարծ գետից մի նապաստակ դուրս եկավ ու սկսեց գետափի խոտերի միջից ձկներ բռնել ու նախաճաշ անել։
    Քուռակին մտրակեցի, որ նապաստակին հասնեմ։
    Երեք օր ու գիշեր քուռակը վազում էր նապաստակի հետևից։ Երրորդ օրը մթնշաղին հասանք նապաստակին։
    Մտրակիս կոթը նշան բռնեցի ու կրակեցի։ Նապաստակն ընկավ։
    Քուռակից իջա, մորթին քերթեցի և սկսեցի ճարպ հանել։ Ամանիս մեջ միայն չորս փութ տեղավորվեց։ Մնացածը թափեցի։
    Ձիերին նապաստակի տապակած մսով կերակրեցի, ինքս էլ գարի կերա և սկսեցի և սկսեցի տրեխներս ճարպով մաքրել։
    Մաքրեցի, մաքրեցի, մի տրեխս պլպլացրի, ճարպը վերջացավ, մյուս տրեխս մնաց կեղտոտ։
    Պառկեցի ու քնեցի։
    Գիշերվա մի ժամանակ զարթնեմ, տեսնեմ ի՜նչ կռիվ, ի՜նչ աղմուկ.
    - Կորի՛ր այստեղիվ, մաքուր հիմար,- գոչում էր կեղտոտ տրեխս։
    - Հեռացիր աչքիցս, կեղտոտ շուն,- գոռում էր մաքուր տրեխս։
    Գնում էին, գալիս ու իրար տալիս։
    «Էս լավ չի,- մտածեցի ես,- եթե մինչև առավոտ այսպես գնան ու գան, իրար տան, երկուսն էլ կքրքրվեն, ոտաբոբիկ կմնամ»։
    Վեր կացա, հազիվ իրարից բաժանեցի, մաքուր տրեխս դրեցի բարձիս տակ, կեղտոտին թողեցի գետնին ու կրկին պառկեցի։
    Առավոտյան վեր կացա, մաքուր տրեխս բարձիս տակից հանեցի, հագա, ուզում էի մյուսն էլ հագնել, տեսնեմ՝ չկա։
    Երևի կեղտոտ տրեխս խռովել էր փախել։
    Երկու ոտիս մի տրեխ հագած ճամփա ընկա, որ գնամ կեղտոտ տրեխս գտնեմ։
    Գնացի, գնացի, շատն ու քիչն էլ հայտնի չէ, տեսա մի տան մեջ հարսանիք կա։
    Պատուհանից նայեցի՝ տեսնեմ կեղտոտ տրեխս հյուրերին միս է բաժանում։
    Ես նրան աչքով արի, նա՝ ինձ։
    Ներս մտա։ Բարև տվի, բարև առա ու մարդկանց կողքին նստեցի։
    Հյուր եմ, որ հյուր եմ։
    Կեղտոտ տրեխս  ինձ համար միանգամից տասնհինգ աման յուղոտ միս բերեց։
    - Անուշ արա, աղա՛ ջան, անուշ արա,- խնդրում էր նա։
    Սոված փոր, միս ու սխտոր... Կերա, ի՜նչ կերա։
    Եղանակը տաք էր, միսն աղի, ծարավեցի։
    Ճամփա ընկա դեպի Արազ։
    Քրտինքը գետի նման վրայիցս թափվում էր ու քչքչալով ճամփով հոսում։
    Հասա Արազ։
    Շոգից շունչս կտրվում էր՝ իսկ Արազը սառել էր։
    Նայեմ՝ տեսնեմ ափին երկաթե լինգեր կան։ Ամենից երկար ու ամենից ծանր լինգը վերցրի ու ընկա սառցի ջանին։
    Թրա՛խկ հա թրա՛խկ, չրա՛խկ հա չրա՛խկ... Բան դուրս չեկավ։
    Ահագին երկաթե լինգը կոտրվեց, իսկ սառույցը չկոտրվեց։
    Փափախս վեր կալա, քրտինքս սրբեցի ու ճակատս՝ թրը՛խկ սառցին։
    Սառույցը կոտրվեց։
    Մի կուշտ ջուր խմեցի և ետ դարձա, որ էլի գնամ հարսանքատուն։
    Տեսա՝ մի քանի վաճառական, էշերին խուրմա բարձած տանում են Բաղդադ, որ ծախեն։
    - Բարո՛վ, ախպերացու,- ձայն տվեց վաճառականը։
    - Հազար բարին,- պատասխանեցի ես։
    - Ի՞նչ նորություն կա։
    - Ողջությո՛ւն, դո՞ւք ինչ նորություն ունեք։
    - Մենք մի մեծ նորություն ունենք. մեր առաջ երկու ոտին մի տրեխ հագած, կեսգլխանի մի հիմար մարդ է կանգնած։
    Ձեռքս տանեմ ճակատիս՝ տեսնեմ, ճիշտ որ, գլխի կեսը չկա։ Ճակատս որ խփել էի սառցին, գլխիս կեսը պոկվել էր։
    Ես դարձա, վազեվազ հասա Արազ, ջրի միջից գլխիս կեսը հանեցի, տեղը դրի և ահա ողջ ու առողջ եկել եմ աղջիկդ առնեմ։
    Խանը ծիծաղում է.
    «Այսպիսի սուտասան ճարպիկ փեսան միշտ պետք կգա», մտածում է խանը, աղջիկը հովվին տալիս ու քառասուն օր, քառասուն գիշեր հարսանիք անում։
    Հարսանիքը որ վերջացավ, հեքիաթս էլ պրծավ։

    Նապաստակն ու ոզնին - Հայրապետ Հայրապետյան

    Նապաստակն ու ոզնին - Հայրապետ Հայրապետյան

    Նախորդը

    Մայրական սերը - Հայրապետ Հայրապետյան

    Մայրական սերը - Հայրապետ Հայրապետյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: