• 21 նոյեմբեր, 2024
     Ճպուռն ու մրջյունը - Խնկո Ապեր

    Ճպուռն ու մրջյունը - Խնկո Ապեր

    Թըռի-վռի մի ճպուռ,

    Ողջ ամառը շուռումուռ

    Երգեց, ճռաց, Ճըռճըռաց:

    Մին էլ ըհը, ձմեռը

    Փռեց իրա թևերը,

    Բացեց գորգը սպիտակ,

    Դաշտերն առավ ձյունի տակ:

     

    Անցան պայծառ օրերը,

    Էլ ո՞րն ասեմ, էլ որը,

    Երբ ամեն մի թփի տակ,

    Թե սեղան կար, թե օթյակ:

    Եկան օրեր ցրտաշունչ,

    Ճպուռն ընկավ լուռումունջ.

    Քաղցած փորին էլ ի՞նչ երգ,

    Ցուրտը տարավ ոտ ու ձեռք:

    Զընգր-զընգըր դողալով,

    Ծանր-ծանր սողալով,

    Նա մրջյունին ասում էր,

    Գլխիդ մատաղ, սանամեր,

    Մի ճար արա, շունչ առնեմ,

    Ցրտից, սովից չմեռնեմ.

    Կերակրիր, տաքացրու,

    Մինչև գարուն ապրեցրու:

    Ի՞նչ խաբար է, սանիկս,

    Զարմանում եմ, ջանիկս.

    Չաշխատեցի՞ր ամառը,

    Ասա, ի՞նչ էր պատճառը:

    Էդպես բանի, սանամեր,

    Էլ ժամանակ ո՞վ ուներ,

    Էն խոտերում բուրավետ

    Երգում էինք մերոնց հետ

    Ուրեմն` դո՞ւ:

    - Այո, ես…

    Ողջ ամառը դեն ու դես

    Երգում էի մշտապես:

    - Երգո՞ւմ էիր, շատ բարի

    Այժմ էլ բռնի վեր-վերի,

    Քամին ծափ տա` դու պարի:

    Խնկո Ապեր

    Բալես ունի հնդու-մաթա

    Բալես ունի հնդու-մաթա

    Նախորդը

    Գայլն ու գառը - Խնկո Ապեր

    Գայլն ու գառը - Խնկո Ապեր

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: