• 22 դեկտեմբեր, 2024
     Գայլ Վահան - Հայրապետ Հայրապետյան

    Գայլ Վահան - Հայրապետ Հայրապետյան

    (պատմական պոեմ)

     

    Ա

    Մուշեղ իշխանը, ցեղից Մամկունի,
    Մարզպան էր վաղուց երկրում հայրենի։
    Հաղթանդամ էր նա և լայնաթիկունք,
    Հասակը՝ բարդի, սևորակ աչք-ունք։
    Նրա աղեղը, երկար, հաստափոկ,
    Չէր կարող ձգել աշխարհում ոչ ոք։
    Քանի՜-քանի նենգ ու չար թշնամի
    Մտել էր Տարոն՝ թալանի, տանի,
    Բայց քաջ Մուշեղի թուրը երկսայրի
    Պաշտպան էր կանգնել երկրին հայրենի։
    Բայց ի՞նչ կա արդյոք հավիտենական
    Վառ արևի տակ թարմ ու տևական.
    Ձմռան օրերը, մռայլ ու լալկան,
    Եկան, հերոսի գլխին էլ իջան։
    Մտածում էր նա. ո՞ր քաջը պիտի
    Մահվանից հետո իրեն հաջորդի,
    Որ սանձահարվի վայրագ թշնամին...
    Ու կանչեց իր մոտ նա Գայլ Վահանին։
    Վահան իշխանն էլ քաջ էր, անվեհեր,
    Թշնամու առաջ վիզը չէր թեքել,
    Իբրև անսահման քաջության նշան
    «Գայլ անունն էին պարգևել նրան։
    - Որդյա՛կ իմ, Վահան,- քաջ Մուշեղն ասաց,-
    Իմ անցյալ կյանքը հայտնի է քեզ քաջ։
    Տարիքս հարյուր քսան է արդեն,
    Ոչ մի թշնամի չի հաղթել ինձ դեռ։
    Ութսունևերեք մարտ եմ ես մղել,
    Բոլոր մարտերում հաղթող եմ եղել։
    Մեր հայրենիքի պատիվը, որդի՛ս,
    Միշտ բարձր եմ դասել ես ամեն բանից։
    Ով հայրենիքի համար է մեռնում,
    Նա հուր-հավիտյան անմահ է մնում։
    Հիմի ես ծեր եմ, թույլ ու դողդոջուն,
    Ձայնս մարտերում ուժեղ չի հնչում։
    Դու ես, սիրելի՛ս, օգնականը իմ,
    Ինքդ էլ գիտես, որ ժառանգ չունիմ։
    Իմ որդին մեռավ քսան տարեկան,
    Որ հայրենասեր ու քաջ էր այնքան։
    Իշխիր մեր երկրին իմ մահից հետո,
    Եվ այնուհետև՝ ժառանգները քո։
    Գիտցիր, ի՛մ կտրիճ, որ արքան պարսից
    Վաղուց, շատ վաղուց թշնամի է ինձ։
    Ուղարկել է նա Միհրան իշխանին,
    Որ գա, տիրանա Տարոնո երկրին,
    Հուր ու սուր փռի, արյուն, արտասուք
    Եվ գերի տանի թե՛ մայր, թե՛ մանուկ,
    Շղթա դնի իմ ոտքին ու ձեռքին,
    Տանի Պարսկաստան, մատնի տանջանքի։
    Նենգ, խարդախ է նա, զորքերն՝ անհամար.
    Մի չար պատուհաս մեր երկրի համար։
    Այսպես ասացի Միհրանին այն նենգ.
    «Հայոց աշխարհից ելեք, հեռացեք։
    Նա, ով որ ութսուն հազարին հաղթեց,
    Քեզ էլ կհաղթի, ի՞նչ մի բան է մեծ»։
    Չեմ ուզում թափվի ես անմեղ արյուն,
    Ավեր, կոտորած լինի մեր երկրում։
    Գնա նրա մոտ, ասա ու խոսիր,
    Քո իմաստությամբ նրան համոզիր։
    - Ես էլ, ո՜վ իշխան, հա՛յր իմ թանկագին,
    Չեմ դավաճանի իմ հայրենիքին։
    Ես էլ մեռնելը սրբազան մարտում
    Ամեն մի բանից վեր եմ համարում։
    Թեև ութսունութ տարեկան եմ ես,
    Բայց դեռ կռվում եմ ջահելների պես։
    Շատ միհրաններ են եկել, գնացել,
    Արյան հեղեղ է մեր երկրով անցել,
    Բայց մեր աշխարհի ժողովուրդը քաջ
    Երբեք չի չոքել թշնամու առաջ։
    Երդվում եմ, իշխա՛ն, պատվով իմ երկրի,
    Որ պարսիկը մեր հողին չի տիրի։

     

    Բ

    Ասաց Վահանն, ելավ իսկույն
    Քաջ Մուշեղից բաժանվեց
    Եվ մի դեսպան պարսից իշխան
    Միհրանի մոտ ուղարկեց։
    Երբ դեսպանը գնաց հասավ
    Իշխանական վրանին,
    Գլուխ տվեց, այսպես ասավ
    Պարսից իշխան Միհրանին.
    - Իշխանը մեր՝ Քաջն Վահան,
    Պատվիրեց ինձ՝ ասեմ քեզ.
    Արի հաշտվենք, ել ու գնա,
    Մի՛ սպառնա զորքով մեզ։-
    Եվ բորբոքվեց Միհրանը չար
    Ու հայհոյեց դեսպանին.
    - Գնա շուտով, ասա նրան,
    Ձեր նորաբուս իշխանին.
    Մինչև որ դու շղթայակապ
    Ինձ չհանձնես Մուշեղին,
    Չե՛մ հեռանա այս աշխարհից,
    Ես ոսոխն եմ ձեր ցեղի։-
    Երբ ստացավ Վահանը քաջ
    Պատասխանը Միհրանի,
    Մտքում դրեց՝ ելնի գնա
    Պարսից զորքը կոտորի։
    Մուշեղին նա տարավ, փակեց
    Ամրոցի մեջ Ողական,
    Իսկ Միհրանին նամակ գրեց
    Եվ ուղարկեց մի դեսպան։
    «Քա՛ջդ Միհրան, վեհ ու անպարտ,-
    Գրել է նա նամակում,-
    Այսօրվանից իմ տիրոջ հետ
    Մի պայման եմ ես կնքում.
    Կհանձնեմ քեզ ես Մուշեղին՝
    Ոտն ու ձեռը շղթայված,
    Թե ինձ հանձնես այս երկիրը
    Մատանիով հաստատված։
    Ես էլ շուտով կգամ քեզ մոտ
    Թև ու թիկունք լինելու,
    Ինձ թշնամի իշխաններից
    Անհագ վրեժ լուծելու»։
    Կարդաց Միհրանն այս նամակը,
    Տվեց իսկույն պատասխան.
    - Գնա՛, ասա քո տիրոջը՝
    Համաձայն եմ ես, իշխան։

     

    Գ

    Ընդառաջ գնաց Միհրանը զորքով,
    Ընդունեց նրան մարտական կարգով։
    - Այսուհետև մենք եղբայր ենք, Վահա՛ն,
    Ո՞ր քաջը կելնի էլ մեր հանդիման,-
    Ասաց Միհրանը, ժպիտը դեմքին,
    Նստելով հայոց իշխանի կողքին։-
    Դու նախ տիրացիր Աստղոն ամրոցին,
    Կազմ ու պատրաստ է վաղուց այրուձին։
    - Ո՛չ, տե՛ր իմ Միհրան, չի լինի այդպես,
    Արդեն ամեն ինչ մտածել եմ ես։
    Պետք է տիրանալ նախ Օձ քաղաքին,
    Այնտեղ է պահված Մուշեղի ոսկին։
    Տուր ինձ չորս հազար ընտիր այրուձի...
    Չի մնա տեղում մոխիրը Օձի։
    - Թող այդպես լինի, եղբա՛յր իմ անգին,
    Հավատում ես ես քո ասած խոսքին։-
    Այրուձին առավ փութով սլացավ
    Եվ Օձ քաղաքի դարբասին հասավ։
    Տեսան՝ փոքիկ է դարբասը, նեղլիկ,
    Չեն կարող անցնել խմբովին մարդիկ։
    Եվ զորքը մեկ-մեկ անցավ դարբասով։
    Դիմավորեցին նրան մերկ սրով.
    Մերկացրին նրանց, մորթեցին մեկ-մեկ,
    Կտրած քթերը լցրին պարկի մեջ։
    Սուրհանդակ գնաց իշխան Միհրանին,
    Թե Օձ քաղաքը դիմադրեց զորքին,
    Ուղարկիր էլի այրուձի, որ մենք
    Գրոհի գնանք, քաղաքը տիրենք։
    Եվ երկու հազար այրուձի կրկին
    Գնաց ու հասավ նույն Օձ քաղաքին։
    Այդ երկու հազար այրուձին վերստին
    Արժանի եղավ ճիշտ նույն վիճակին։
    «Ցնծա՛, եղբա՛յր իմ, Օձին տիրեցինք,
    Մեր ուժի առջև ի՞նչն է անառիկ։
    Վեց հազար հոգու հարվածների տակ
    Հսկա քաղաքը դարձավ ավերակ։
    Ունենալու ենք ցնծության հանդես,
    Պետք է անպատճառ գաս ու մասնակցես։
    Փա՜ռք մեզ ստեղծող անմահ Որմիզդին»,
    Այսպիսի նամակ հասավ Միհրանին։
    Ելավ Միհրանը ցնծությամբ լցված,
    Հայոց իշխանի պալատը գնաց,
    Գրկեց, համբուրեց մեր քաջ Վահանին։
    Եվ ուրախության, խնդության պահին
    Քթերով լիքը պարկերը բերին,
    Պարսիկ իշխանի առջևը դրին։
    Միհրանը գոչեց.- Այս ի՞նչ է, իշխա՛ն,
    Ասա, այս ի՞նչ է, տուր ինձ պատասխան։
    - Չե՞ս ճանաչում դու. քթերն են զորքիդ.
    Թե կուզե՞ս հաշվիր՝ ճիշտ վեց հազար քիթ։
    Դու ուզում էիր Մուշեղ իշխանին
    Շղթայված հանձնել պարսից արքայի՞ն.
    Դու կարծում էիր իմ երակներում
    Նենգ դավաճանի արյո՞ւնն է եռում,
    Դու կարծում էիր, թե մենք օտարին,
    Նենգ բռնակալին կլինենք գերի՞...
    Ա՛ռ քեզ, մարդակե՛ր, ա՛ռ, մի զարկ էլ քեզ,
    Դու էլ չքացիր քո զորքերի պես։-
    Ասաց ու տեգը մի զարկով ուժգին
    Մեխեց բռնակալ Միհրանի կրծքին,
    Ապա գլուխը մարմնից զատեց,
    Պարսից արքային «նվեր» ուղարկեց։

     

    Դ

    Երբ որ տեսավ Խոսրով արքան
    Գլուխը իր իշխանի,
    Կատաղություն իջավ վրան
    Եվ մտածեց՝ ի՞նչ անի։
    Ապա կանչեց մի զորավար.
    «Գնա՛,- ասաց,- քա՛ջ Վախթանգ,
    Շուտով հասիր դու Հայաստան,
    Տարոնն արա քարուքանդ»։
    Վախթանգն ելավ, կարգի բերեց
    Իր զորքերն ու զորական,
    Եվ երեսուն հազար հոգով
    Գնաց հասավ Հայաստան։
    Երբ Վախթանգը եկավ հասավ
    Ապահունյաց գավառին,
    Մի այսպիսի նամակ գրեց
    Հայոց Վահան իշխանին.
    Քաջաբազուկ և արի,
    Դու եկ ու իմ ասածները
    Ճշմարտությամբ կատարիր։
    Թեև Միհրան եղբորորդուս
    Մահվան վրա վշտացա,
    Բայց քո հզոր իմաստության,
    Խելքի վրա զարմացա։
    Խաղաղությամբ ու սիրով եմ
    Այս աշխարհը ես եկել,
    Կարող ես դու այսուհետ էլ
    Կառավարել անարգել։
    Միայն թե եկ ու երդում տուր,
    Որ հարկ կտաս արքունի,
    Միշտ կլինես հեզ, հնազանդ,
    Մեր արքային արժանի»։
    «Ողջո՜ւյն պարսից մեծ իշխանին,
    Անմիտ, ստոր, թույլ ու վատ,-
    Այսպես գովեց Վահանը իր
    Ախոյանին զորավար։-
    Թեև Միհրան եղբորորդուդ
    Մահվան վրա խնդացի,
    Բայց քո ստոր անմտության
    Վրա սաստիկ ես լացի։
    Թե մտել ես երկիրը մեր
    Ուրախությամբ ու սիրով,
    Ինչո՞ւ ամրոց ես կառուցում,
    Զորք ես բերել հազարով։
    Քեզ նման նենգ, ստոր մարդիկ
    Շատ են անցել մեր երկրով,
    Անցել են շատ թշնամիներ՝
    Նիզակներով, սրերով։
    Մեր արյունը գետ է դարձել,
    Դիակներն էլ՝ սար ու լեռ,
    Ամայացել են բազմաթիվ
    Քաղաքներ ու ավաններ.
    Բայց հայը միշտ դուրս է եկել
    Սուր ու վահանը ձեռքին,
    Պաշտպանել է հայրենիքն իր,
    Չի խանարհվել օտարին.
    Գիտեմ, որ դու խաբում ես ինձ,
    Բայց ահ չունեմ քեզանից,
    Ել ու գնա, թե չես ուզում
    Մահ ստանալ ինձանից»։

     

    Ե

    Բարկացավ սաստիկ Վախթանգը իշխան,
    Կազմեց այրուձի թվով ութ հազար
    Եվ հրամայեց, որ շուտով գնան
    Տարոնը անեն գետնին հավասար։
    Գուժկաններ եկան Արջունց իշխանից,
    Թե պարսից զորքը Տարոն է գալիս։
    Սուրհանդակ գնաց Վահան իշխանից
    Հարևան բոլոր հայ իշխաններին,
    Թե՝ «Չար թշնամին կռվի է գալիս,
    Եկեք միասին քշենք օտարին։
    Ավելի լավ է՝ թող մեռնենք կանգնած,
    Քան թե կյանք վարենք միշտ ծնկի եկած»։
    Քաջն Վահանին օգնության եկան,
    Առած այրուձի, զորք ու զորական,
    Հաշտենից իշխանն երեք հազարով,
    Արջունց իշխանը երկու հազարով,
    Պալունյաց իշխանն երեք հազարով,
    Եղնուտա իշխանն իր հինգ հազարով,
    Որդին՝ Սմբատը, իր վեց հազարով։
    Դուրս եկավ Վահանն անվեհեր ու քաջ,
    Կանգնեց բովանդակ զորքերի առաջ,
    Ասաց,- Լսեցե՛ք, զորք ու զորական,
    Քաջերի համար պարտություն չկա։
    Վտանգի տակ է հայրենիքը մեր,
    Սուրբ արյան գնով պետք է պաշտպանել։
    Եվ այս սրբազան ու ահեղ մարտում
    Դուք չխնայեք անարգ թշնամուն։-
    Այրուձին իսկույն առաջ սլացավ,
    Գետի ջրերը ճեղքեց ու անցավ։
    Բորբոքվեց մի թեժ, կատաղի կռիվ,
    Սարսեց ու դողաց թշնամին անթիվ։
    Իսկ երբ Հաշտենից իշխանը արի,
    Կտրեց գլուխը նենգ զորավարի,
    Հինգ հարյուր հոգի մահից ազատված
    Փախան՝ զենքերը դաշտերում թողած։

     

    Զ

    Ելավ կատաղած Վախթանգը կրկին
    Սաստիկ հրաման տվեց իր զորքին.
    - Ասո՛ւր զորավար, տար տասը հազար,
    Տարոնը դարձրու գետնին հավասար։-
    Եկավ Ասուրը կատաղած, ցասկոտ
    Եվ բանակ դրեց Մեղտի գետի մոտ։
    Վեց հազար զինվոր և որդուն առած՝
    Վահանն Ասուրի զորքի դեմ գնաց։
    Առավոտ էր դեռ տոթաշունչ ամռան,
    Երբ որ զորքերը իրար դեմ առան։
    Միայն Մեղտին էր անցքերին վկա,
    Սակայն արյունոտ դեպքին անզգա,
    Հրաժեշտ էր տալիս ու երգում երգեր.
    - Մնաք բարով, իմ սիրունիկ ափեր։-
    Խառնվեցին իրար աղաղակ ու կանչ,
    Ձիերի խրխինջ, թրերի շառաչ...
    - Ա՛յ դու կատաղի, չարաբարո Գա՛յլ,
    Ա՛յ դու անամոթ ու դավաճան այր,
    Գիտես՝ արքային պիտի ծառայես,
    Ինչո՞ւ ես տանջում թե՛ քեզ և թե՛ մեզ։
    Ուզես թե չուզես, հարկ պիտ վճարես,
    Թե չվճարես, կսատկես շան պես,-
    Ձայն տվեց Ասուրն այսպես Վահանին,
    Հայոց զորքերի քաջ զորավարին։
    - Այո՛, գայլ եմ ես, չարամի՛տ Ասուր,
    Իմ առջև թե՛ դու, թե՛ մի քոսոտ ուլ։
    Որքան զորք բերեք դուք իմ հանդիման,
    Գայլի պես կուտեմ առաջվա նման,-
    Պատասխան տվեց Ասուրին Վահանն
    Ու սլանալով հարձակվեց վրան,
    Սակայն Վահանի տեգից սարսափած՝
    Ասուրը իսկույն սլացավ, գնաց։
    Նրա դեմ ելավ Վահանի որդին։
    - Այդ ո՞ւր ես փախչում, այ՛ դևի որդի։
    - Հեռու ինձանից, ա՛յ հարճի որդի,
    Մանուկի հետ ո՞նց դուրս գամ ես մարտի։
    - Դու մահ կստանաս այդ մանուկից հենց,-
    Գոչեց Սմբատը և թուրը պտտեց։
    Ասուրի ձիու գլուխը թռավ,
    Ինքն էլ գլորվեց ու գետին ընկավ։
    Եվ քաջ Սմբատի թրի հարվածով
    Ասուրի գլուխն էլ գլորվեց դաշտով։
    Հենց այդ միջոցին ձայն լսվեց հեռվից.
    - Ո՞ւր ես, ի՛մ որդյակ, տե՛ս, նեղում են ինձ,
    Տասը հոգի են դուրս եկել իմ դեմ,
    Ուժս չի պատում՝ նրանց դեմ կռվեմ։-
    Եվ սրաթռիչ արծվի նման
    Գնաց Սմբատը նրանց հանդիման,
    Ասուրի որդու գլուխը կտրեց,
    Թշնամու զորքը կոտորեց, ցրեց։
    Նոր թափ ստացավ Վահանը կրկին,
    Փախուստի մատնեց թշնամու զորքին։
    Եվ ութ հազարից միայն քչերը
    Փախան, երբ իջավ խավար գիշերը։
    Իջավ խավարը մութ ու սևորակ,
    Արյուն ու դիակ առնելով իր տակ։
    Եվ գիշերային խավարի միջում
    Կույր բուն էր միայն հուսահատ ճչում,
    Մեղտին էր անվերջ հոսում ու երգում,
    Վիրավորները ցավերից տնքում։
    Երբ որ Վահանը տուն վերադարձավ,
    Ողջ ժողովուրդը ընդառաջ ելավ։
    Պարով ու երգով շրջան կազմեցին։
    Փառքի ու գովքի երգեր երգեցին.
    «Սարերից վայրի
    Գազաններ իջան,
    Պարսից լեշերը
    Կերան, գիրացան։
    Կզաքիսն այնքան
    Մարդու միս կերավ,
    Որ մի ահագին
    Արջի չափ դարձավ։
    Անգղներն այնքան
    Կերան, կշտացան,
    Որ էլ վերանալ
    Չկարողացան։
    Հպարտ աղվեսը
    Շատ միս ուտելուց
    Ուռեց ու դարձավ
    Մի հսկա առյուծ։
    Գայլը շատակեր
    Այնքան միս լափեց,
    Որ գետին ընկավ
    Եվ իսկույն պայթեց։
    Մկներն էլ այնքան
    Լեշեր կրեցին,
    Որ ոտիկները
    Իսպառ մաշեցին...
    Կեցցե՛ մեր հզոր
    Իշխան Գայլ Վահան,
    Տարոնո երկրի
    Հերոս աննման...»















    Կռունկն ու սագը - Հայրապետ Հայրապետյան

    Կռունկն ու սագը - Հայրապետ Հայրապետյան

    Նախորդը

    Ցողիկն ու Շողիկը - Հայրապետ Հայրապետյան

    Ցողիկն ու Շողիկը - Հայրապետ Հայրապետյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: