• 21 դեկտեմբեր, 2024
     Գրելու դժվարություններ

    Գրելու դժվարություններ

    Վատ ձեռագիր, մեծ քանակությամբ սխալներ, սեփական մտքերը շարադրելու անկարողություն՝ սա միայն խնդիրների փոքրիկ մասն է, որի հետ բախվում են երեխաները, ուսուցիչները և ծնողները։ Վերջին տարիներին բավական շատ են երեխաները, ովքեր դժվարություններ են ունենում գրելու գործընթացի յուրացման հարցում։ Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ դրա համար։

    Մեր շրջապատում, վստահ, կան երեխաներ, ովքեր ավարտելով տարրական դասարանները, չեն հիշում ինչպես են գրվում տառերը, բազմաթիվ սխալներ են անում նույնիսկ արտագրության ժամանակ։ Ճիշտ գրված թելադրությունները և փոխադրությունները նրանց համար անհաղթահարելի խնդիրներ են։ Կատարված հետազոտությունները վկայում են, որ տարրական դասարանների աշակերտների 40-60%ը դժվարանում են գրելու ուսուցման գործընթացում։ Փաստացի տարրական դպրոցի ավարտին նրանց մոտ ձևավորված չեն տարրական տեխնիկական հմտությունները, սա նշանակում է՝ անհնար է դրա հետագա կատարելագործումը և ձևավորումը։

    Գրելու դժվարություններ, ՀԱՍԿԴպրոցում ուսուցման առաջին իսկ օրվանից արմատապես փոխվում է երեխայի ամբողջ առօրյան։ Սա նոր միջավայր է․ նոր դեմքեր, վարքի նոր ձև, նոր համակարգային գործունեություն՝ ուսում։ Սա նաև որոշակի ժամանակ է նստարանի առջև և բարդագույն մտավոր աշխատանք։ Եվ, չնայած նրան, որ ուսուցման սկզբի հետ մեկտեղ փոփոխվում են և մեծանում պահանջները՝ երեխաների մեծամասնությունը հաջող կերպով հաղթահարում են առաջացող դժվարությունները։

    Ուսուցման գործընթացում առանձնակի դժվարություններ են դիտվում գրելիս, հատկապես՝ առաջին դասարանցիների պարագայում։ Գրելու ուսուցման դժվարությունների հաղթահարումը չափազանց կարևոր է, քանի որ գիրը համարվում է հենքային հմտություն, առանց որի գրեթե անհնար է հետագա ուսուցումը։

    Գրելու դժվարություններ, ՀԱՍԿԲնական է, որ գրելու դժվարությունները բարդացնում են ուսումնական գործընթացը, և որպես կանոն, ո՛չ ուսուցիչները, ո՛չ ծնողները, ո՛չ ինքը՝ երեխան, չեն բավարարվում ուսուցման արդյունքներով։ Բացի այդ, երեխան մշտապես ունենում է անվստահության զգացում, նրան նեղացնում է ուսուցչի և ծնողի դժգոհությունը։ Եվ որպես հետևանք՝ նման երեխաների մոտ հաճախ զարգանում են նևրոզի դրսևորումներ, որոնք էլ ավելի վատթարացնում են իրավիճակը, էլ ավելի են նվազեցնում գրելու հմտությունները յուրացնելու հնարավորությունները։

    Երեխաների մոտ առաջանում է տհաճության զգացում, էսպես կոչված «ծույլիկ» երեխաների շարքերին են նրանց դասում՝ առանց գիտակցելու, որ այս երեխան ոչ թե չի սովորում կամ ծուլանում է սովորել, որ այս երեխային այնքան էլ հաճելի չէ, երբ ամբողջ դասարանի առջև բարձրաձայնվում և երբեմն էլ ծաղրվում են նրա սխալները և բացթողումները, այս երեխան ունի որոշակի խնդիրներ, որոնք պետք է հաղթահարել։

    Դեպքեր ենք ունենում, որ, այո, մանկավարժական բարձիթողության հետևանք են հենց այս գրելու դժվարությունները, երբեմն էլ ծուլության, բայց եկեք չմոռանանք, որ ոչ մի երեխայի հաճելի չէ, երբ ընկերները բարձր գնահատականներ են ստանում, իսկ ինքը՝ միայն նախատանք։

    Պատճառները ավելի հստակ պատկերացնելու համար, նախ ավելի ճիշտ կլինի խոսենք դրսևորումներից։

    Ինչպե՞ս են դրսևորվում գրելու դժվարությունները։

    Ինչպե՞ս կարող են ծնողը կամ ուսուցիչը նկատել, որ երեխան ունի գրելու դժվարություններ։

    Գրելու դժվարություններ, ՀԱՍԿԴրանցից մի քանիսին արդեն անդրադարձ արեցինք, բայց այնուամենայնիվ, մի փոքր էլ մանրամասնենք։

    Գրելու դժվարությունները կարող են արտահայտվել.

    • Տետրի թղթի վրա կողմնորոշվելու դժվարություն, այս դեպքում նաև դժվարանում են գտնել տողի սկիզբը, պահել տողը, մշտապես տատանվում են տառերի ուղղությունները և բարձրությունները, տառերի մասնիկները չեն համապատասխանում իրենց չափերով, բառում տառերը մեկուսացվում են, գրությամբ նման տառերի փոխարինումներ, ձեռագիր տառերը փոխարինվում են տպատառերով։
    • Կայուն կերպով գրում են տառերը հայելային, այսինքն՝ նույն տառը շրջված, թվերի դեպքում, կարող է լինել նաև հակառակ գրեն, օրինակ՝ «6»-ը՝ «9»
    • Ձայնավորների բացթողումներ և փոխարինումներ
    • Բառում տառերի հաջորդականության խախտում
    • Բառում վանկերի տեղափոխություններ կամ բացթողումներ
    • Բառը առանձին պատկերացնելու դժվարություն, որի հետևանքով բառերը, հաճախ սա պատահում է օժանդակ բայերի դեպքում, գրում են միասին, և այլն։

    Առողջ և ներդաշնակ եղեք․․․


    Տարածելիս խնդրում եմ պահպանել հեղինակային իրավունքը

    Հեղինակ՝ լոգոպեդ, ՀՄՀԱ համահիմնադիր Աննա Մալխասյան
    ՀԱՍԿ սոցիալ-կրթական աջակցության կենտրոն
    Հասցե՝ ք. Երևան, Արամ Խաչատրայն 4
    Հեռ. 099084851

    Ինչո՞ւ են երեխաներն այդքան սիրում թաքնվել և թաքցնել․․․

    Ինչո՞ւ են երեխաներն այդքան սիրում թաքնվել և թաքցնել․․․

    Նախորդը

    Հաղորդակցման զարգացումը 0-3 ամսականներում

    Հաղորդակցման զարգացումը 0-3 ամսականներում

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: