Ծաղկեվանք` Արագածոտնի մարզում, Արա լեռան քարանձավներից մեկում փորված գողտրիկ վանք, որը տանում է այլ իրականություն․․․
Ըստ ավանդույթի, Ծաղկեվանքը Կույս Վառվառայի մահարձանն է համարվում։
Իսկ ըստ Վատիկանի՝ Սուրբ Վառվառան առասպելական կերպար է, կամ իր դաժան հոր ձեռքով սպանված աղջիկ՝ քրիստոնեություն ընդունելու համար․․․․
Սակայն ժողովրդի մեջ կա մի պատում, ըստ որի Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում Արա լեռան ստորոտում գտնվող գյուղերից մեկում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Սակայն լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, որը գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։
Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։
Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։ Աղբյուրը, պարունակելով ցինկի մեծ քանակություն, իրոք ունի առողջարար հատկություն։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։
Մեկնաբանել