ՀՀ ազգային հերոս, Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատար Թաթուլ Ժորժիկի Կրպեյանը ծնվել է 1965-ի ապրիլի 21-ին, Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում, որը վերանվանվել է գյուղ Թաթուլ։
1972-1982թթ․ սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։
1985-1986թթ, սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Թալինի թիվ 76 պրոֆտեխնիկական ուսումնարանը:
1987-1990 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։
1987-1989 թվականներին Թաթուլը նաև եղել է Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ։
ԵՊՀ-ում սովորելուն զուգահեռ երգել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, հավաքագրել է բազմաթիվ ժողովրդական և ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր: Հիմնել է Երևանի պետական համալսարանի «Կարս» ազգագրական երգի-պարի համույթը:
1989 թվականին Թաթուլ Կրպեյանն ամուսնացել է Իրինա Բարսեղյանի հետ։ 1990 թվականի փետրվարի 20-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։
1990 թվականի սեպտեմբերին Թաթուլը մեկնում է Արցախ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի,ռուսական բանակի և ոստիկանական խմբավորումների։
Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։
1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչմանը։ Պարգևատրվել է նաև «Հայրենիք» շքանշանով։
Թաթուլն ասում էր.
-Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...- Թաթուլ Կրպեյան
Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս ասում է հետևյալը.
«Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»
2015 թվականի մարտի 18-ին Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի զբոսայգիներից մեկը վերանվանվեց Թաթուլ Կրպեյանի անվամբ:
2015 թվականի հոկտեմբերին նրա անվամբ անվանակոչվեց Երևանի թիվ 62 ավագ դպրոցը:
ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Մեկնաբանել