Ժամանակով մի մարդ է լինում։ Սա շատ աղքատ է լինում։ Ունեցած-չունեցածը մի կով է լինում։ Ամեն օր կովը կթում, կաթը դնում է պատուհանին ու գնում իր բանին։
Մի անգամ էլ գալիս է, տեսնում ի՜նչ՝ պուտուկի մեջ կաթ չկա, ու մի ոսկի է դրած։
Ոսկին վերցնում, ասում է.- Մի պուտուկ կաթի փոխարեն մի ոսկի, էս լավ բան է։
Էլի կովը կթում ու պուտուկով կաթը դնում է պատուհանին։
Կաթը տալիս, ոսկին առնում էր, կաթը տալիս, ոսկին առնում էր, ու էսպես ապրում էր։
Բավական ժամանակ է անցնում, օրը մի ոսկի առնելով էս մարդը հարստանում է, ինքն իրեն ասում. «Ես ի՞նչ պիտի անեմ էսքան փողը, գնամ ման գամ, աշխարհք տեսնեմ»։
Կանչում է տղին, ասում է.- Որդի՛, ես էսպես հարստացա, դու էլ ինձ պես խելոք եղիր, որ հարստանաս։
Ու ինքը վեր է կենում, ճամփա ընկնում հեռու երկրներ։
Տղան հոր ասածի պես էլ անում է՝ օրը մի ոսկի է ստանում։
Անցնում է մի երկու օր, տղան պուտուկով կաթը դնում է իր տեղն ու ինքն իրեն ասում. «Մի տեսնեմ, թե էս ոսկին դնողն ո՞վ է»։
Մեկ էլ տեսնում է՝ պատից մի մեծ օձ դուրս եկավ, կաթը կերավ, ոսկին թողեց ու էլի պատի ծակը մտավ։
- Հը՜մ,- ասում է,- ուրեմն՝ ոսկիները էս պատի մեջն են։ Օձին կսպանեմ ու ինչ կա-չկա՝ կվերցնեմ, էլ ի՜նչ եմ ամեն օր նեղություն քաշում։
Մյուս օրը մի սուր քար է առնում ձեռը, գնում էլի իր տեղը թաքնվում։ Օձը գալիս է, որ կաթը ուտի, քարով խփում է օձին, քարը կպչում է պոչին, պոչը կտրում։ Օձը թռչում, փաթաթվում է տղի վիզը։ Տղան գոռում է, մինչև մարդիկ հասնում են՝ օձը փախչում է, մտնում պատի մեջ։ Տղան ընկնում է գետնին, տեղնուտեղը մեռնում։
Բոթը հասնում է հոր ականջը, թողնում է հեռու երկրները, գալիս հայրենիք։
Շատ ախ ու վախ է անում, շատ կսկիծ քաշում տղի վրա, բայց էլ ո՞ւր։ Գնում, մտնում է գոմը, իրեն տեղը կանգնում ու կանչում օձին.- Հե՜յ, օձ ախպեր, դո՛ ւրս արի, անցածն անցած է, էլի մենք ախպեր ենք։
Մի քիչ սպասում է, մեկ էլ տեսնում է՝ Օձը քարի տակից գլուխը մի փոքր դուրս է հանել, ասում է.- Չէ՛, Մարդ արարած, չէ՛, գնա՛ քո բանին, քանի որ քո տղի մահվան ցավը սրտիդ մեջն է, իմ պոչիս ցավն էլ՝ իմ սրտի մեջ, մենք է՛լ իրար ախպեր չենք լինի։
Օձն ու մարդը
- Գրականություն
- 05.07.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել