Ժամանակով
Ազգով - տակով,
Տնով - տեղով,
Ամբողջ ցեղով
Կատուներն են
Մկան որսկան:
Բայց էս կատուն,
Էս մեկն էսքան
Մրսկա՞ն, սսկա՞ն,
Ճպռո՞տ, քնկո՞տ,
Ծո՞ւյլ, ալարկո՞տ:
Չեմ բամբասում,
Մուկ չի որսում,
Դե համբերեք,
Գիշեր - ցերեկ
Խոնավ հողին
Ընկած կողին,
Աչքերն ընդհուպ,
Երկուսն էլ խուփ՝
Հա մռռում է, վերջում փնչում,
Լոկ բեղերն են վեր - վար թռչում:
Եվ մկները թաթիկ - տոտիկ
Պարում, երգում պոչին մոտիկ.
- Ա՛յ բրդոտիկ,
Բրդոտիկ,
Քնած հորթիկ,
Մի մեզ մտիկ,
Գանք քեզ մոտիկ,
Վերցնենք ոտիկ,
Հագցնենք վարտիք,
Կպցնենք գոտիկ,
Ա՜յ խորոտիկ,
Խորոտիկ:
Դնչից հեռու՝ չորս - հինգ մատ,
Դրին թասով լիքը կաթ:
Քիթը կաթի հոտն առավ,
Ասա՝ ծույլը ետ դառա՞վ,
Որ կաթիցը կում անի,
Անուշ, անուշ խում անի:
Չէ՜ , արևը գիտենա,
Նա ուզում է՝
Թասն իր դնչին մոտենա:
Ալարկոտը չգիտի՝
Չաշխատողը չի ուտի:
Ով ալարի,
Ոչ դալարի:
Մեկնաբանել