Պատմական Հայաստանի Նախճավան-Նախիջևան աշխարհի տարածքում նստակեցությունը վկայվում է դեռևս նեոլիթյան շրջանից։ Իսկ քաղաքների առաջացումը այստեղ սկզբնավորվել է դեռևս մ.թ.ա. II-I հազարամյակներում: Այդպիսի հնօրյա քաղաքներ ու բերդաքաղաքներ են եղել, օրինակ, Շարուրի դաշտի Արբա, Թագավորանիստ (Շահթախտ), Մարակերտ, Նախճավանի դաշտում և նրա մերձակայքում՝ Նախճավան, Ճահուկ, Գողթնում՝ Տիգրանավան և այլ բերդերն ու բնակավայրերը: Իսկ վաղ և զարգացած միջնադարում այս պետական միավորման գավառներում առաջացել են մի շարք նոր՝ մեծ ու փոքր քաղաքներ, ոստաններ: Վերջիններիս առաջացումը սերտորեն կապված էր Հայաստանի ընդհանուր վերելքի, սոցիալ-տնտեսական հզորության ու մշակույթի աստիճանական զարգացման ու օտար տիրապետություններից երկրի ազատագրման, անկախության ու ազատության համար մղվող պայքարի հետ: Այդօրինակ պայմաններում են առաջացել վաղ միջնադարյան Երնջակ, Գիրան, Ազատ, Որդվար զարգացած և ուշ միջնադարյան Ջուղա, Ագուլիս, Շոռոթ քաղաքներն ու գյուղաքաղաքները:
Վերը թվարկված բոլոր քաղաքներն ու բերդաքաղաքներն էլ, որպես կանոն, հիմնված են Նախիջևանի տարածքով անցնող հին աշխարհի կարևոր առևտրական ու արքունի մայրուղիների վրա կամ էլ նրանց հանգուցակետերում և գավառների համար ծառայել են վարչաքաղաքական, մշակութային կենտրոններ: Ահա այսպիսի մի ուշագրավ քաղաք ու մշակութային կենտրոն է եղել գինևետ Գողթն գավառի միջնադարյան Ագուլիս քաղաքը:
Գողթն կամ Գոդթան գավառի մեծահամբավ ու հինավուրց Ագուլիս քաղաքը հին Հայաստանի ամենահին և աչքի ընկնող բնակատեղիներից մեկն է, որի անցյալը լի է դաժան փորձություններով ու եղելություններով: Պատմության մեջ բազմիցս հիշատակվող այս քաղաքը տարածված է եղել այժմյան Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանի Վերին և Ներքին Ագուլիս գյուղերի տարածքում՝ Որդվար կամ Որդուատ (այժմ՝ Օրդուբադ) քաղաքից 3-3,5 կմ դեպի արևմուտք։
Հայոց երկրի բազմաթիվ բնակատեղիների նման Ագուլիսը ևս փռված է լեռներով շրջապատված և հյուսիսից հարավ ձգվող մի ընդարձակ ձորի մեջ։
Քաղաքը մի հիասքանչ համայնապատկեր է ունեցել։ Այն ուշագրավ է ոչ միայն բազմաթիվ միջնադարյան հուշարձաններով, այյև բնության գեղեցիկ տեսարաններով: 1-1,5կմ լայնությամբ և ավելի քան 6-7 կմ երկարությամբ (Ստորին Ագուլիսը ևս), լեռնային կարկաչուն Ագուլիս գետակի ափերին, արևելքից ու արևմուտքից շրջապատված ժայռոտ, արևախանձ ու լերկ, բազմագույն քարաժայռերի փեշերին դարեր շարունակ ծվարել-գոյատևել է հնարմատ Ագուլիսը: Այն որպես Գողթնի գլխավոր կենտրոն ու բնակատեղի հիշատակվում է դեռևս V դարից: Օրինակ, Մեսրոպ Մաշտոցի վարքագիր պատմիչ Կորյունը Մաշտոցի Գողթն կատարած այցելություններից մեկի մասին նշում է, որ նա իր աշակերտների հետ «գնաց, իջավ Գողթնի Ռոտաստակը, իր առաջվա դաստակերտը» (Կորյուն, Վարք Մաշտոցի, աշխարհաբար թարգմանությունը ներածական ուսումնասիրությամբ, առաջաբանով և ծանոթագրություններով՝ Մ․Աբեղյանի, Եր․, 1962, էջ 103): Այստեղ Ռոտաստակը նշանավոր լեզվաբան Հր. Աճառյանի ստուգաբանությամբ նշանակում է «գլխավոր քաղաք, գավառի կամ նահանգի մայրաքաղաքը*, որն էլ հենց Ագուլիսն է (Հր․Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հատ V, Եր․, 1979․ էջ 146։ Ռոտաստակ բառի բացատրությունըտես նաև Н.Мар, Минмом географическое назшание Ъротастак в Истории Агафангела ("Записки вост. отдел. ИМП, руццк. арх. общество IX, 1894")):
Մեկնաբանել