• 21 նոյեմբեր, 2024
     Ժանտախտ - Աթաբեկ Խնկոյան

    Ժանտախտ - Աթաբեկ Խնկոյան

    Կենդանյաց մեջ խիստ ժանտախտ էր,
    Չմեռնելը շատ մեծ բախտ էր:
    Ճգնաժամ էր օրհասական,
    Ու ձայն տվեց առյուծ արքան.
    - Կենդանինե՛ր ինչքան որ կան,
    Թող հավաքվեն, գահիս մոտ գան:
    Է՜, արքայի հրաման էր,
    Ժանտախտի պես դաժան բան էր:
    Սարսուռ ընկավ դաշտ ու անտառ,
    Գազանները լեղապատառ
    Մեծ ու փոքր, բազմատարազ,
    Արջ ու հովազ,
    Վագր ու վարազ,
    Չար բորենի, աղվես ու գայլ,
    Մեկ էլ էշը վսեմափայլ,
    Հավաքվեցին առյուծի դեմ։
    Արքան գոչեց. - Ես ձեզ հետ եմ,
    Ի՜մ իշխաններ, ես լավ գիտեմ,
    Որ ձեր սրտից արյուն կերթա,
    Եթե բանը այսպես գնա,
    Այս ժանտախտին, ականջը խուլ,
    Ամբողջ ցեղով կգնանք կուլ:
    Ինձ լսեցեք, բան եմ ասում.
    Ո՞ւմ մեղքիցն է այսպես ցասում:
    Աշխարհն առավ ցեղիս լացը,
    Հա՜ վառվում է չորն ու թացը:
    Եկեք, խնդրեմ, անկեղծորեն
    Խոստովանենք, որըս անօրեն
    Բան ենք բռնել,
    Մեծ մեղք գործել:
    Մեկն ես, որ ձեր գլխավորն եմ,
    Ձեր ամենից մեղավորն եմ.
    Քանի անմեղ գառ ու ոչխար
    Ուղարկել եմ մթին աշխարհ,
    Ու հովվին էլ լեղապատառ
    Ինչպես արել ճոթ ու պատառ:
    Սա իմ մեղքն է, ճիշտն եմ ասում.
    Որ բերել է այսպես ցասում:
    Մեղքերը, - ասին արջ ու հովազ,
    Չար բորենին, վագր ու վարազ
    Հետո և գայլ:
    Վերջը էշը վսեմափայլ
    Ասավ. - Սա է միակ մեղս,
    Արտի մոտով անցած տեղս,
    Հակառակ է չարը բարուն,
    Ես մի բերան զարկի գարուն…
    Աղվեսն այստեղ՝ լսեց, լսեց,
    Ոտքի կանգնեց, մի ճառ խոսեց.
    - Առեք, - ասավ, - սուլթան ու խան,
    Առեք նույնպես և իմ մեղան.
    Ես ամենից մեղավոր եմ,
    Բայց թե կացեք տեղավորեմ.

     

    Մեր արքան վես,
    Մեր արքան հեզ,

     

    Խոստովանեց իր մեղքը մեզ,
    Բայց թե խղճով եկեք դատենք,
    Մեղքը վարձքից խելքով զատենք:
    Լինի արքա՝
    Սովա՞ ծ ման գա,
    Չուտե ոչխա՞ր...
    Փուլ գաս, աշխարհ...
    Ո՜չ, տեր արքա,
    Ինչ ոչխար կա,
    Քեզ է տրված փայ ու բաժին,
    Այ, ինչ ասեմ ես այն գժին,
    Այն անտաշին,
    Կոպիտ էշին,
    Գարու կանաչ արտը պոկե,
    Մեղքն ու վարձքը նա չջոկե
    Ու մեր ցեղին այսպես պատժե,
    Չէ՜ , պետք է դա կյանքով տուժե...
    Տեղից թռան գազանները,
    Դունչն ու թաթիկ լիզանները,
    Խելոք էշին գետին դրին,
    Քթից բերին կերած գարին:

     

     

     

    Գայլն ու շները - Աթաբեկ Խնկոյան

    Գայլն ու շները - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Անծեղն ու առյուծը - Աթաբեկ Խնկոյան

    Անծեղն ու առյուծը - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: