• 13 հունիս, 2024
     Օձի հեքիաթը

    Օձի հեքիաթը

    Ժամանակով մի հողագործ մարդ է լինում: Սա չորս-հինգ տղա Է ունենում, բոլորը մանր-խմորակեր, ինքն էլ՝ աղքատ ու խեղճ: Աշխատում էր, աշխատում՝ էլի սոված, ծարավ:
    Մի իրիկուն նստում է կնոջ մոտ, ասում.- Ա՛յ կնիկ, ես էգուց պիտի գնամ ղարիբության՝ աշխատելու:
    - Գնում ես, գնա՛, էստեղ մնում ես՝ ի՞նչ օգուտ:
    Մարդը առավոտը քնատեղից վեր է կենում, ճամփա ընկնում: Հինգ օր գնում է՝ հասնում մի քաղաքի, էդ քաղաքի մեջ ման է գալիս, տեսնում մի կին՝ պատշգամբում կանգնած: Երբ որ մոտենում է, էդ կինը ձեն է տալիս, ասում.- Ա՜յ տղա, վերև արի՜, վերև արի՜։
    Էս մարդը շատ է ուրախանում, ասում է.- Լա՛վ է, հարուստ կնիկ է, գործի կդնի:
    Գնում է բարձրանում պատշգամբը, կինն ասում է.- Արի՛ ներս:
    Էս մարդն ասում է.- Գործ կա՞, ասա անեմ, գամ ներս ի՞նչ անեմ:
    - Հլա արի՛ ներս, հետո:
    Սա ամոթից կարմրում է, մտնում է ներս, կուչ գալիս, կանգնում:
    Ասում է.- Խի՞ ես կանգնել, արի նստի՛։
    Թևից բռնում է նստեցնում, սկսում է հացի պատրաստություն տեսնել:
    Երբ որ հացը բերում է՝ իրար հետ նստում են, ուտում: Հացը ուտելուց հետո տղան ասում է.- Խանո՛ւմ, դե ինչ անելու եմ, ասա՝ վեր կենամ, անեմ:
    Ասում է.- Նստի՛, խոսենք դեռ:- Հետո ասում է.- Ա՛յ տղա, ինձ կառնե՞ս:
    Տղայի սարսափը բռնում է, ասում.- Խանո՛ւմ, էդ ի՞նչ ես ասում:
    Իսկույն վեր է կենում, որ գնա, աղջիկը ձեռը բռնում է.- Խի՞ ես վեր կենում,- ասում է:
    Ասում Է.- Խանո՛ւմ, ես մի աղքատ մարդ, էս տների տիրոջը ես ո՞նց առնեմ:
    Ասում է.- Բան չկա՛, ես քեզ կառնեմ:
    Տղան ասում է.- Չէ՛, չեմ առնի, ես վախենում եմ քեզանից:
    Ասում է.- Խի՞ ես վախենում, ինձ չե՞ս հավանում:
    Ասում է.- Հավանում եմ, համա էդ սիրունության, էդ հարստության տեր աղջիկը ո՞նց ինձ կառնի:
    Տղան վեր է կենում, ուզում է գնա:
    - Ա՛յ տղա, ո՞ւր ես գնում, ո՞ւր ես գնում:
    Տղան ականջ չի անում, գնում է իջևանատանը պառկում, տեսնում է՝ լուն մի կողմից, փայտոջիլը մյուս կողմից նեղում են, մինչև լույս քունը չի տանում:
    Ինքն իրեն ասում է. «Ափսո՜ս, նրան առած պիտի լինեի, հիմի փափուկ դոշակի վրա պառկած կլինեի: Առավոտը վեր կենամ, գնամ էլի էնտեղ: Երբ որ կանչեց՝ կառնեմ»:
    Էլի ման գալով գալիս է հասնում էդ պատշգամբի տակ. աղջիկը պատշգամբում կանգնած է լինում, դրան տեսնելուն պես կանչում է.
    - Արի՛ վերև, արի՛ վերև:
    Տղան գնում է վերև, էլի ամաչում է՝ գլուխը կախ կանգնում է պատշգամբում, ներս չի մտնում: Աղջիկը թևից բռնում տանում է ներս. բերում է հաց դնում, նստում են ուտում:
    Ուտում են, խմում, աղջիկն ասում է.- Ա՛յ տղա, արի ինձ առ, չես փոշմանի:
    Ասում է.- Ո՞նց առնեմ. էս տների տերը, էս կարողության տերը կարող է ազգական ունենա, գա ինձ սպանի:
    Ասում է.- Ո՛չ ազգական, ո՛չ բարեկամ, ո՛չ մի բան չունեմ. ա՛ռ, չես փոշմանի: Բացի էս տները, տասը հատ էլ խանութ ունեմ, մեկումը դու նստի առուտուր արա, ինը տուր վարձով:
    - Դե որ ասում ես՝ կառնեմ,- համաձայնում է տղան:
    Աղջիկը ուրախանում է, վեր է կենում ջուր դնում, դրան լողացնում, բերում մի մաքուր ձեռք շոր հագցնում, ասում.- Դե՛ գնա տերտերին կանչի, թող գա մեզ պսակի:
    Տղան վեր է կենում, վազում տերտերին կանչում, բերում: Տերտերը գալիս է պսակում, թողնում գնում:
    Աղջիկն ասում է.- Հիմի մենք էլանք մարդ ու կնիկ, մենակ մի բան եմ խնդրում. ես միս չեմ ուտում, միս մի՛ բերի տուն, սիրտդ կուզի՝ բազարումը առ, կեր:
    Տղան ասում է.- Շատ լա՛վ, չես ուտի՝ չեմ բերի:
    Վեր են կենում անկողին մտնում ու քնում: Քեֆը նրանց քե՜ֆն էր:
    Էդպես ապրում են երեք տարի:
    Երեք տարուց հետո խանութում նստած ժամանակ լուր է գալիս, թե Ստամբոլի կողմից մի մեծ վաճառական է եկել, բերածը բոլորը խաս ապրանք է: Էս տղան խանութը կողպում է, գնում էդ վաճառականի մոտ, որ տեսնի, թե ի՞նչ ապրանք է բերել:
    Գնում Է, բարև տալիս, նստում, ասում է,- Ի՞նչ թանկագին բան ես բերել, ուզում եմ կնոջս համար առնեմ:
    Ասում է.- Մի շատ լավ մարգարիտե շապիկ կա, տար թող տեսնի, թե վրովը կըլնի, կհավանի՝ վեր կալ, թե չէ՝ իմ ապրանքը ետ բեր:
    Վերցնում է տանում: Տանում կնոջը ցույց է տալիս, ասում.- Մի լավ բան եմ բերել քեզ համար:
    Ասում է.- Ի՞նչ ես բերել:- Երբ որ տեսնում է, ասում է.- Էս ես չեմ հագնի:
    Ասում է.- Խի՞, թանկ է՝ դրա՞ համար, ես էլ քեզ ղուրբան, մեր կարողությունն էլ:
    - Չէ՛,- ասում է,- ա՛յ մարդ, չե՛մ հագնի։
    Ասում է.- Չէ՛, պիտի հագնես:
    - Որ հագնեմ՝ կմեռնեմ, ուզում ես մեռնեմ՝ կհագնեմ:
    - Էդ ի՛նչ ես ասում, այ կնիկ, կտանեմ կտամ տիրոջը:
    Վերցնում Է տանում, վաճառականն ասում է.- Խի՞ բերեցիր, չհավանե՞ց, թե՞ նեղ էկավ:
    - Չէ,- ասում է,- չի ուզում, ասում է. «Որ հագնեմ՝ կմեռնեմ»:
    - Որ էտենց է, քո կնիկը օձ է:
    - Ի՞նչ ես ասում, ա՛յ մարդ, կնի՞կն էլ օձ կըլնի:
    - Միամի՜տ մարդ, էդ շապիկը որ չի հագնում, քո կնիկը օձ է: Քո կնիկը միս ուտում է՞:
    Ասում է.- Չէ՛:
    Ասում է.- Օձ է, որ օձ. ես ստամբոլցի եմ. ես երկինք, գետինք քննել եմ, ամեն ինչ գիտեմ: Քեզ վեց տարի ժամանակ է դրել, երեքը անց է կացել, մնացել է երեքը. հլա մի՛ վախենա, երեք տարուց հետո նոր կսպանի քեզ: Էտենց շատերին է արել, սպանել է, էդ կարողությունը հավաքել:
    Ասում է.- Վերև Աստված, ներքև դու, պիտի ինձ ազատես էդ անիրավի ձեռքից:
    - Երկյուղ մի՛ անի, կազատեմ: Էս երեք տարի է, իսկի միս տարե՞լ ես տուն:
    - Չէ՛։
    Ասում է.- Իրիկունը իրեն բան չասես, առավոտը կգնաս, ոչխարի մսի էն լավ տեղիցը կառնես, դուքանումը կպահես մինչև իրիկուն: Իրիկունը դիտմամբ մթնով կերթաս, կասես. «Ա՛յ կնիկ, էսօր մուշտարին շա՛տ շատ էր, ժամանակ չեղավ եփել տայի, առավոտվանից սոված եմ, էս միսը խորոված արա, ուտենք»: Կնիկդ խորոված կանի, դու զոռի, թող մի կտոր էլ ինքն ուտի, երբ որ կերավ՝ քնելու ժամանակ գնա դուրս, արի ներս. նա որ դուրս կգնա, ինչքան տանը ջուր կա՝ թափի, մի փարչի մեջ ջուր ածա, կախ տուր, դու գնա քու տեղը մտի, քնի: Չվախենաս, գիշերը երբ որ ծարավանա՝ կդառնա օձ, էն ժամանակ քո ջանը կսկսի սառել: Դու մի՛ վախենա, քեզ վնաս չի տա, թող վեր կենա գնա: Կգնա ջուր կխմի, կգա ետ, էլի կդառնա կնիկ, քո ծոցում կպառկի: Երբ որ լույսը բացվի՝ արի ինձ մոտ:
    Էդ տղան իրիկունը կնկանը բան չի ասում: Առավոտը շուտ գնում է ոչխարի միս առնում, բերում խանութում պահում, իրիկունը գալիս է տուն, կնոջն ասում.- էսօր մուշտարիս շատ շատ էր, միջոց չեղավ եփել տայի, մնաց. վեր կա՛ց, խորոված արա, ուտենք:
    Կինը վեր է կենում, օջախը վառում, խորոված անում, դնում մարդու առաջ, ինքը մի կողմ քաշվում, նստում:
    Ասում է.- Ա՛յ կնիկ, ես ուտեմ՝ բա դու էդտեղ նստե՞ս, ախր, մեղք բան է. սրա հոտը սաղ քաղաքը բռնել է, դու մի կտոր էլա չես ուտում:
    Ասում է.- Քեզ անուշ ըլնի՝ կե՛ր:
    Ասում է,- Ա՛յ կնիկ, մի կտոր էլ դու կեր:
    Կինն ամոթու մի կտոր ուտում է:
    Հացը հավաքում են, տեղերը գցում: Մարդը գնում է դուրս, գալիս: Կինը գնում է դուրս թե չէ՝ մարդը տան ջրերը թափում, մի փարչ ջուր լցնում, պատից կախում է, գալիս պառկում, քնում: Կինն էլ դրսից գալիս է քնում: Կեսգիշերին մարդը տեսնում է՝ մարմինը սառեց, սառելուն պես զարթնում է, տեսնում է՝ կինը օձ դառավ, տեղաշորից դուրս եկավ, սենյակի մեջ ֆշշալեն դե՛ս ման եկավ, դե՛ն ման եկավ, տեսավ՝ փարչը կախած է պատից, բարձրացավ խմեց, էլի վեր եկավ, մտավ տեղաշորի մեջ, դարձավ կին:
    Առավոտը էդ մարդը վեր է կենում, ուղիղ գնում էն վաճառականի մոտ, ասում.- Ոնց որ դու ասել էիր՝ էդպես էլ եղավ:
    Վաճառականն ասում է.- Ես էդպես էլ գիտեի:
    Տղան ասում է.- Վերև Աստված, ներքև դու, ինձ ազատի էդ անիրավի ձեռքից:
    Ասում է.- Մի՛ վախենա, կազատեմ: Էս իրեք տարվա մեջ քեզ համար իսկի գաթա թխե՞լ է:
    - Չէ՛։
    - Էս իրիկուն երբ որ տուն կգնաս՝ կասես. «Ա՛յ կնիկ, էս է երեք տարի է՝ քեզ առել եմ, մեկ օրից մեկ օր չասեցիր՝ մի գաթա թխեմ, մարդս ուտի: Սիրտս գաթա է ուզում. վեր կաց երկու հատ թխի»: Երբ որ թունդիրը կվառի, կսկսի թխելը՝ ոտիցը բռնի գցիր թունդիրը, խուփը դիր բերնին: Կես սհաթից հետո խուփը վեր կալ, կըլնի երկու հատ կուտ, մինը բեր ինձ, մինը՝ քեզ:
    Էդ տղան իրիկունը գնում է տուն, ասում.- Այ կնիկ, սիրտս գաթա է ուզում, էս երեք տարի է՝ գաթա չեմ կերել, վեր կա՛ց մի երկու հատ էլ գաթա թխի, ուտենք:
    - Շատ լա՛վ,- ասում է,- ա՛յ մարդ, դու ե՞րբ ուզեցիր՝ ես չթխեցի:
    Կինը առավոտը վեր է կենում, խմոր հունցում, թունդիրը վառում, ջուրը դնում կողքը, ձեռը տալիս է ջրին, տալիս գաթի գնդին, կռանում տալիս թունդրի կողին: Երկրորդը տալու ժամանակ մարդը դրա ոտներից բարձրացնում է գցում թունդիրը, խուփն էլ դնում բերնին: Մի կես ժամ համբերում է, հետո խուփը վերցնում, տեսնում է՝ բան չկա միջին, երկու հատ կուտ է: Կռանում է, մեկը հանում, ձեռները վառվում է, կուտը շպրտում է, դառնում է երկու կտոր: Կռանում է էն մյուսը հանում, դնում կողքին: Տեսնում է՝ ձեռները կեղտոտվել են, էն ամանի միջին ձեռները լվանում է, տեսնում է, որ ամանի ջուրը դառավ ոսկի, ամանն էլ դառավ ոսկի: Ետ է դառնում, տեսնում, որ կտերն էլ էն դառել ոսկի: Կտի կեսը
    վերցնում է տանում վաճառականին:
    Վաճառականն ասում է.- Ախր, դու մի հատ սաղը պըտի բերեիր:
    Ասում է.- Ներողություն, կեսն եմ բերել:
    Ասում է.- էս էլ բոլ է:
    Տղան վաճառականին շնորհակալություն է հայտնում, գնում տուն, մտածում. «Գնամ կնկանս, էրեխանցս վերցնեմ, բերեմ էստեղ մարդավարի ապրենք»:
    Առավոտը գնում է մի ձի առնում, մի ձեռք էլ՝ շոր, տունն ու խանութը փակում, ձին հեծնում գնում: Գնում է՝ իրիկունը մութն ընկնում է, հասնում է իրենց տուն: Դուռը ծեծում է:
    Կինը դուրս է գալիս, տեսնում մի ձիավոր՝ դռանը կանգնած, վախենում է:
    Ասում է.- Ա՛յ կնիկ, դուռը բաց արա:
    Ասում է.- Դու ո՞վ ես:
    Ասում է.- Չե՞ս ճանաչում, ես եմ, էլի, չե՞ս ճանաչում:
    Ասում է.- Չէ՛, ո՞վ ես:
    Ասում է.- Քո մարդն եմ,- ասում է ու ձիուց իջնում, մտնում ներս:
    Կինը տեսնում է, որ ճիշտ իր մարդն է, ասում է.- Բարով ես եկել, էս ո՞ւր մնացիր:
    Ասում է.- Ուշացա, համա բոլ փող եմ աշխատել, եկել եմ քեզ էլ, երեխանցն էլ տանեմ:
    Ասում է.- Ա՛յ մարդ, մենք էնտեղ չենք կարող ապրել, քաղաք է՝ ծախսներս շատ կըլնի, էստեղ գեղ է, ոնց ուզենք, էնենց կկառավարվենք:
    Ասում է.- Ա՛յ կնիկ, մի՛ վախի, էնքա՜ն աշխատել եմ, որ քո օխտը պորտն էլ ուտի՝ չի հատնի:
    Առավոտը վեր են կենում, ելած-չելածը բաշխում աղքատ հարևաններին, իրենք գնում իրենց նոր տունը:
    Նրանք հասան իրենց մուրազին, ով որ կարոտ է՝ նա էլ հասնի իր մուրազին:
    Երկնքից երեք հատ խնձոր ընկնի. մեկը՝՝ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ ականջ անողին:

    Անկտրել վարունգը

    Անկտրել վարունգը

    Նախորդը

    Աշխարհի գեղեցկուհին

    Աշխարհի գեղեցկուհին

    Հաջորդը

    Մեկնաբանել