Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին.
Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե՛ս -
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես:
Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա՛
Դաշտ է տեղը և չկա քար քարի վրա:
Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:
Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ՝ ամեն գիրք:
Գերված ենք մենք - ո՛չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:
Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ:
Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը` սուրբ է ամեն քար:
Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,
Արևի պես, երկիր իմ, կվառվես վառման:
Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:
Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:
Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին - Վահան Տերյան
- Հայ գրականություն
- 25.04.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել