• 26 դեկտեմբեր, 2024
     Խաբված ծիտիկը - Հայրապետ Հայրապետյան

    Խաբված ծիտիկը - Հայրապետ Հայրապետյան

    (պարսկական հեքիաթ)

    Ասում են, թե մեզանից հեռու, շատ հեռու աշխարհում մի պստիկ ծիտիկ կար։
    Մի օր, ծառից ծառ, ճյուղից ճյուղ թռչելիս, ծիտիկի ոտը փուշ մտավ։
    Ծիտիկը թռավ գնաց հացթուխ Ալու մոտ։
    - Հացթուխ Ալի, ա՛յ հացթուխ Ալի, քո սփռոցը հացով լիքն է, քո կաթսան մսով լիքն Է։ Արի ոտիս փուշը հանիր, ես գնամ դպրոց, գամ։
    Հացթուխ Ալին ծտի ոտից փուշը հանեց, դրեց թոնրի կողքին, ինքը գնաց, որ խմոր հունցի։
    Եկավ, տեսավ փուշն ընկել է թոնիրը՝ այրվել։
    Ծիտիկը դպրոցից վերադարձավ ու ասաց.
    - Հացթուխ Ալի, ա՛յ հացթուխ Ալի, իմ փուշը տուր։
    Հացթուխը թե՝
    - Փուշդ ընկել է թոնիրը՝ այրվել։
    Ծիտիկը թե՝
    - Հիմի ես ծուխ կանեմ, հիմի ես մուխ կանեմ, քո մի աչքը կհանեմ, իմ մի աչքը կհանեմ…
    - Դու ծուխ մի՛ անի, դու մուխ մի՛ անի, քո մի աչքը մի՛ հանի, իմ մի աչքը մի՛ հանի։ Փշիդ փոխարեն քեզ մի լավ գաթա կտամ։
    Ծիտիկը գաթան առավ, տարավ տվեց իր մորաքրոջը։
    - Մորաքույր ջան, մորաքույր, գաթաս առ, պահիր, պահպանիր, ես գնամ դպրոց, գամ։
    Մորաքույրը գաթան առավ ու կերավ։
    Ծիտիկը դպրոցից եկավ ու ասաց.
    - Մորաքույր ջան, մորաքույր, իմ գաթան տուր։
    - Ծիտիկ ջան, ծիտիկ, քո գաթան այնքան յուղոտ էր, քո գաթան այնքան փափուկ էր, իսկ և իսկ պառավի ատամների համար էր։ Կերա,- պատասխանեց մորաքույրը։
    Ծիտիկը թե՝
    - Հիմի ես ծուխ կանեմ, հիմի ես մուխ կանեմ, քո մի աչքը կհանեմ, իմ մի աչքը կհանեմ…
    - Դու ծուխ մի՛ անի, դու մուխ մի՛ անի, քո մի աչքը մի՛ հանի, իմ աչքը մի՛ հանի։ Գաթայիդ փոխարեն մի ուլիկ կտամ։
    Ծիտիկը ուլիկն առավ, տարավ իր տատի մոտ։
    - Տատի ջան, տատի, այս ուլիկը տար ձեր բակում կապիր, ես գնամ դպրոց, գամ։
    Այդ օրը տատիկենց տանը հարսանիք կար, ուլիկին մորթեցին, հարսանիք արին։
    Ծիտիկը դպրոցից եկավ ու ասաց.
    - Տատի ջան, տատի, ուլիկս տուր։
    - Ծիտիկ ջան, ծիտիկ, քո ուլիկն այնքան չաղլիկ էր, քո ուլիկն այնքան փափլիկ էր, որ մորթեցինք, հարսանիք արինք։
    Ծիտիկը սազը վերցրեց, նստեց կտրի ծայրին, երգեց ու ասաց.

    Ուլիկիս մսով տատիկս
    Հարսանիք արավ,
    Տոտիկները թմբուկի համար
    Փայտիկներ արավ,
    Ուլիկիս մսով տատիկս
    Հարսանիք արավ,
    Աչիկները սենյակի համար
    Հայելի արավ։
    Ուլիկիս մսով տատիկս
    Հարսանիք արավ,
    Փափուկ փոստը թոռնիկի համար
    Տաք մուշտակ արավ։
    Ուլիկիս մսով տատիկս
    Հարսանիք արավ,
    Կարճլիկ պոչը, սրբելու համար,
    Նա ավել արավ։
    Ուլիկիս մսով տատիկս
    Հարսանիք արավ,
    Ականջները ուտելու համար,
    Նա գդալ արավ...

    Մեկ էլ ծիտիկի ձեռքից սազը վայր ընկավ, ծիտիկը փախավ, հեքիաթն էլ վերջացավ։

    Ուրախ Հրայրը և սագի սայլը - Հայրապետ Հայրապետյան

    Ուրախ Հրայրը և սագի սայլը - Հայրապետ Հայրապետյան

    Նախորդը

    Երեք եղբայր - Հայրապետ Հայրապետյան

    Երեք եղբայր - Հայրապետ Հայրապետյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: