(Գրիմմ եղբայրների հեքիաթներից)
Մի մարդ երեք որդի ուներ և մի փոքրիկ տնակ, որի մեջ ապրում էին։
Որդիներից ամեն մեկն ուզում էր հոր մահվանից հետո տեր դառնալ տնակին։
Բայց հայրը բոլորին էլ սիրում էր և չէր իմանում՝ ի՞նչ անի, որ նրանք չնեղանան։
Երկար մտածեց հայրը, վերջապես մի օր նրանց իր մոտ կանչեց ու ասաց.
- Սիրելի որդիներս, գնացեք հեռու երկրներ, մարդամեջ դուրս եկեք, ամեն մեկդ մի արհեստ սովորեցեք։ Վերադառնալուց՝ կփորձեմ, ով իր արհեստում ավելի կատարելագործված լինի, իմ մահից հետո այս տանը նա կապրի։
Որդիները համաձայնվեցին, որոշեցին տուն վերադառնալու ժամանակը և ճանապարհ ընկան։
* * *
Մեծ որդին գնաց պայտար դարձավ։
Այնպիսի լավ պայտար դարձավ, որ թագավորի ձիերն ինքն էր պայտում և հաստատ համոզված էր, որ հայրը տնակն իրեն կտա։
Միջնեկ որդին գնաց վարսավիր դարձավ։ Այնպիսի լավ վարսավիր դարձավ, որ բոլոր իշխանավորներին ինքն էր սափրում և հաստատ համոզված էր, որ հայրը տնակն իրեն կտա։
Կրտսեր որդին էլ գնաց սուր գործածել սովորեց և հաստատ համոզված էր, որ հայրը տնակն իրեն կտա։
Վերջապես ժամանակը լրացավ, և որդիները տուն դարձան։
Բոլորն շտապում էին իրենց շնորհքը ցույց տալ հորը։
Մի օր, երբ նրանք նստած էին իրենց այգում, հանկարծ տեսան՝ մի նապաստակ է փախչում։
Վարսավիրն իսկույն վերցրեց թասն ու օճառը, վազեց նապաստակի հետևից, նրա դնչին օճառ քսեց ու հենց վազելիս երեսը սափրեց։
- Լա՛վ է, շատ լավ է,- ասաց հայրը։- Թող եղբայրներդ էլ իրենց շնորհքը ցույց տան, եթե բոլորից ճարպիկը դու լինես, տնակը քեզ կտամ։
Դրանից հետո տեսան, որ ճանապարհով մի կառք է սլանում։
Մեծ որդին վազեց, ձիերի հին պայտերը հանեց ու հենց վազելիս նրանց ոտքերին նոր պայտեր խփեց։
- Կեցցե՛ս դու,- ասաց հայրը,- դու էլ եղբորդ պես ճարպիկ ես։
Հենց այդ ժամանակ սկսեց անձրև գալ։
Կրտսեր որդին սուրը հանեց և սկսեց այնպես արագ պտտեցնել իր գլխավերևում, որ նրա վրա անձրևի ոչ մի կաթիլ չընկավ։
Հայրը, այս որ տեսավ, ասաց.
- Բոլորից ճարպիկը դու ես, տնակը քեզ եմ տալիս։
Մյուս եղբայրները գոհ մնացին հոր որոշումից։
Բայց որովհետև եղբայներն իրար շատ էին սիրում, շարունակեցին ապրել հոր տնակում և զբաղվել իրենց արհեստով։
Մեկնաբանել