Երկու հոտաղ դաշտի մեջ իրար հետ կռվելիս տեսնում են՝ իրենց հասակակից մի տղա է անցնում: Մոտենում են էդ տղային, ասում են.- Քեզ խնդրում ենք՝ արի մեզ հաշտեցրու:
Տղան ասում է.- Իմ աչքերը կապեք, որ չտեսնեմ կռվողների երեսը, կողմնապահություն չանեմ, թե չէ՝ չեմ գա:
Տղայի աչքերը կապում են, տանում են իրենց դատաստանը կտրում է, երկուսին էլ հանդիմանում է, հաշտեցնում, թողնում գնում: Էս լուրը տարածվում Է երկրի մեջ, թե՝ մի տղա էսպես-էսպես արդար դատաստան է անում:
Օրերից մի օր էս երկրի դատավորը մեռնում է:
- Ո՞ւմ անենք դատավոր, ո՞ւմ չանենք,- ասում են,- Էն արդար դատաստան անող տղային անենք:
Գնում են տղային գտնում, ասում.- Քեզնից ավելի ճշմարիտ ու արդար մարդ չկա, քեզ պետք է տանենք մեզ դատավոր դարձնենք:
Տղան ասում է.- Որ էդպես է՝ իմ երկու աչքն էլ պիտի հանեք, որ ես դատավորություն անեմ: Սաղ աչքերով մարդկանց երեսը կտեսնեմ՝ կողմնապահություն կանեմ, դատը կծռեմ:
Ինչքան փորձում են համոզել տղային, որ ետ կանգնի իր պահանջածից, չի լինում: Ստիպված տղայի աչքերը հանում են, տանում դարձնում իրենց դատավոր:
Առաջին անգամ երկու մարդ գալիս են գանգատ: Էս երկու մարդը օտարական են լինում, ուզում են գնալ իրենց երկիրը:
Տեղացիներն առարկում են.- Գնում եք՝ գնացեք,- ասում են,- համա ձեր դատած մալ ու դովլաթը չպիտի տանեք ձեզ հետ, էդ մալ ու դովլաթը մեր երկրի մեջ եք դատել:
Դատավորը հարցնում է տեղացիներին.- Էդ մարդիկ քանի՞ տարեկան էին, որ մտան մեր երկիրը:
- Քսան-քսանհինգ տարեկան կլինեին:
- Քանի՞ տարի է, որ էստեղ աշխատում են:
- Քսան-երեսուն տարի կլինի:
- Շատ լա՜վ,- ասում է դատավորը,- էդ մարդիկ իրենց կյանքը փչացրել են՝ էդ մալն ու դովլաթը դատել են: Ետ տվեք իրենց ջահելությունը, նրանք էլ իրենց մալն ու դովլաթը կթողնեն մեր երկրում:
Ժողովուրդը զարմանում ու հիանում է. «Ա՛յ քեզ արդար դատավոր»:
Արդար դատավորը
- Հայ գրականություն
- 13.06.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել