«Կորցրեց խոսելու ունակությունը», «Լեզուն պապանձվեց», «Լեզուն կապ ընկավ»․․․
Սրանք արտահայտություններ են, որոնք մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ լսել կամ գործածել է։ Բայց քչերս ենք պատկերացնում, որ նման վիճակ կարող է իրականում լինել և այն նույնիսկ ստացել է իր անվանումը մասնագիտական տեսանկյունից։ Սա վիճակ է, երբ խոսքային ապարատի ֆունկցիոնալությունը և խոսքի ընկալումը պահպանված է, սակայն ինչ-որ հոգեբանական կամ ֆիզիոլոգիական պատճառներով անձը դադարում է խոսել։
Մեր երկրում տիրող իրավիճակով պայմանավորված վերջին տարիների ընթացքում ավելի հաճախ են դիմում լոգոպեդին այն գանգատով, որ մեծահասակը չի խոսում կամ չի ցանկանում խոսել, ամեն ինչ հասկանում է, գիտակցում, ընկալում, պարզապես չի պատասխանում հարցերին կամ առավելագույնը պատասխանում է մեկ պարզ բառով, ինքնաբուխ խոսքի նախաձեռնությունը բացակայում է։ Հարազատները նշում են նաև օրգանական վնասվածքների, տրավմաների կամ որևէ այլ խանգարման բացակայություն։ Այս վիճակն անվանում ենք մուտիզմ։ Այն համարում ենք վարքային և հուզական խանգարում, որն ամենից հաճախ հանդիպում ենք 3-9 տարեկան երեխաների շրջանում։ Սակայն մեծահասակները ևս կարող են լինել այս խմբում։
Պարզ է, որ վերոնշյալ իրավիճակում հոգեբանական ներազդեցության հետևանքի հետ գործ ունենք՝ սթրես, վախ, դեպրեսիա և այլն։ Սա անվանում ենք հոգեծին մուտիզմ՝ վիճակ, որի առկայության դեպքում անձը կորցնում է խոսելու ունակությունն ուժեղ հոգեկան տրավմայից, շոկից հետո։ Այսպիսի վիճակի տևողությունը կարող է տարբեր լինել՝ մի քանի վայրկյանից մինչև մի քանի շաբաթ և նույնիսկ ամիս։
Նման վիճակի հաղթահարումը միայն համալիր մոտեցման մեջ է։ Դրա շուրջ լավ կլինի աշխատեն հոգեբանը, լոգոպեդը, նյարդաբանը, որոշ դեպքերում հոգեբույժը, ընտանիքը, հարազատները և տվյալ անձին շրջապատողները։ Այս վիճակը ինքնահոսի թողելու պարագայում անձի մոտ կարող է առաջացնել մեկուսացում, ցածր ինքնագնահատական և սոցիալական տագնապային խանգարումներ։
Եթե Ձեր շրջապատում կան նման խնդիր ունեցող մարդիկ, ապա լավ կլինի ստեղծեք հանգիստ միջավայր տվյալ անձի շուրջ։ Նման անձիք մշտապես կարիք ունեն ապրումակցման և քնքշանքի։ Լավ կլինի չպնդեք, որ նա որևէ կերպ պատասխանի Ձեզ կամ նախաձեռնի զրույց։ Սկզբնական ժամանակահատվածում փոքրիկների դեպքում ցանկալի է ստեղծել իրավիճակներ, որոնցում երեխան ստիպված չէ խոսել, սա ապահովում է երեխայի համար հարմարավետության զգացում, որից հետո կարելի է ստեղծել խաղային իրավիճակներ, որոնք դրական հույզեր կպարգևեն փոքրիկին։ Այնուհետև ակտիվ խաղերի և շարժախաղերի ժամանակ կարող եք ինքներդ գործածել մեկ բառ, որը կբնութագրի Ձեր հույզն այդ պահին՝ առանց երեխայից նույնը պահանջելու։ Առաջարկում եմ զուգահեռ ստաղծել իրավիճակներ, որպեսզի երեխայի մոտ ցանկություն առաջանա որևէ բառ կամ ժեստ Ձեզ հետ փոխանակելու։ Էսպիսի քայլերի հաջորդականությունը կարող են վերականգնել խոսքի բնականոն զարգացման ընթացքը նմանատիպ իրավիճակներում։ Լավ կլինի պահեք հանգստություն և դիմեք մասնագետների աջակցությանը։
Առողջ և ներդաշնակ եղեք․․․
Տարածելիս խնդրում եմ պահպանել հեղինակային իրավունքը
Հեղինակ՝ լոգոպեդ, ՀՄՀԱ համահիմնադիր Աննա Մալխասյան
ՀԱՍԿ սոցիալ-կրթական աջակցության կենտրոն
Հասցե՝ ք. Երևան, Արամ Խաչատրայն 4
Հեռ. 099084851
Մեկնաբանել