Կառ փուշը գլուխը տնկած, փշերը փռած, փշերը սրած, ուռած ու փքված ինքն իրեն
ասում էր.
- Ես այս դաշտի իշխանն եմ, ո՞վ կհամարձակվի ինձ ձեռք տալ: Ես քանի-քանի քիթ եմ
ծակե,լ քանի կովի, եզան ու գոմեշի լեզու կծել: Քանիսի ձեռքից, քանիսի ոտքից արյուն եմ
հանել:
Ճիշտ որ, եթե ես իմ քաջությունները համրելու լինեմ, քաջերի քաջն եմ, խաների խանն
եմ: Իսկ ինչ կանեմ սրանից հետո, էն էլ ես գիտեմ: Ես վճռել եմ ով մոտիցս անցնի՝
Քաշեմ, մաշեմ, աղեմ, դաղեմ,
Լեզվի միջին փուշս թաղեմ,
Թո՛ղ թրթռան, թո՛ղ մրմռան,
Ես ծիծաղեմ, ես հռհռամ:
Երբ կովերն անցնում էին կառ փշի մոտով, խեթ-խեթ նայում էին նրան ու միմյանց
զգուշացնում.
- Չմոտենաս էս հպարտին, կծել գիտե, կծան է, չես կարող դու բերանդ առնել, ոչ
տրորել, ոչ ծամել...
Ոչխարներն ասում էին.
- Բուրդներս կքաշի, թող կորչի էս կառը, գլուխը մեծ քարը:
Խոզն ասում էր.
- Արմատդ կքանդեի, քեզ կհանեի, բայց չարժե, որ դունչս կեղտոտեմ: Գնա կորի, ո՞վ
պետք է փորի:
Բայց կառ փուշը գլուխը տնկած` իր երգն էր երգում.
Քաշեմ, մաշեմ, աղեմ, դաղեմ,
Լեզվի միջին փուշս թաղեմ,
Թո՛ղ թրթռան, թո՛ղ մրմռան,
Ես ծիծաղեմ, ես հռհռամ:
Ու մեկ էլ եկավ էշը, վիզը երկարացրեց, ըռխեց փշի ցից գլուխը, լամեց-լամլմեց, ծամեց-ծամծմեց, կուլ տվեց ու ասավ.
- Փշի գերեզմանը էշի փորն է:
Գայլի խոստովանանքը - Աթաբեկ Խնկոյան
- Հայ գրականություն
- 06.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել