… Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ բոլոր մարդիկ արդար չեն, բոլորը անկեղծ չեն: Բայց սովորեցրեք նրան նաև այն, որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կա նաև հերոս, որ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի դիմաց կգտնվի նաև նվիրված առաջնորդ:
Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, կգտնվի նաև ընկեր: Ես գիտեմ, դրա համար ժամանակ կպահանջվի, բայց եթե կարող եք, սովորեցրեք նրան, որ վաստակած մեկ դոլարը շատ ավելի արժեքավոր է, քան գտած հինգը:
Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, ինչպես նաև վայելել հաղթանակները: Եթե կարող եք, հեռու պահեք նրան նախանձից, սովորեցրեք ոչ բարձր ծիծաղելու գաղտնիքը: Օգնեք նրան հասկանալ, որ մեծամիտներին ու գոռոզներին հաղթելը ամենահեշտ գործն է: Եթե կարող եք, սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով:
Տվեք նրան նաև ազատ ժամանակ, որ նա կարողանա մտորել հավերժ գաղտնիքների` երկնքի թռչունների, արևի շողերի մեջ թռչող մեղուների և բլուրների կանաչ լանջերին ծաղկող ծաղիկների մասին:
Սովորեցրեք նրան դպրոցում, որ անհաջողություն կրելը շատ ավելի պատվաբեր Է, քան խարդախության դիմելը: Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ասում է, որ ինքը սխալվում է: Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ:
Փորձեք տղայիս ուժ տալ, որպեսզի նա չհետևի ամբոխին, երբ բոլորը հարում են հաղթած կողմին: Սովորեցրեք նրան լսել բոլոր մարդկանց, բայց սովորեցրեք նրան նաև, որ այն, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:
Սովորեցրեք նրան, որ արցունքների մեջ ոչ մի ամոթ բան չկա: Եթե կարող եք, ապա սովորեցրեք ծիծաղել տխրության մեջ: Սովորեցրեք նրան ծիծաղել ցինիկների վրա և զգուշանալ բոլորին չափից շատ հաճոյանալուց:
Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ՝ հոգին: Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, այլ կանգնել և պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:
Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն հատկանիշները:
Թույլ տվեք նրան քաջ լինել, որպեսզի նա դառնա անհանդուրժող վատ բաների հանդեպ: Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ:
Սովորեցրեք նրան հավատալ ինքն իրեն, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ:
Սա հեշտ գործ չէ, բայց տեսեք, թե ինչ կարող եք անել… Իմ տղան այնքան լավն է...
Աղբյուրը՝ համացանց
Մեկնաբանել