• 09 նոյեմբեր, 2024

    Էջմիածինը Հայաստանի քաղաքներից մեծությամբ 4-րդն է, հայտնի է նաև Վաղարշապատ անունով: Այն գտնվում է ՀՀ Արմավիր մարզում, մայրաքաղաք Երևանից 15-16 կմ հեռավորությամբ: Քաղաքը Վաղարշապատ կոչվելուց առաջ անվանվել է Վարդգեսավան, ըստ պատմության Տուհաց գավառից բաժանվելով Վարդգես Մանուկը, Քասախ գետով եկել է Շրեշ բլուր Երվանդ արքային խնամախոսելու, և այստեղ իր անվամբ հիմնել է Վարդգեսավանը։ Ավելի վաղ ժամանակներում Էջմիածինը կոչվել է նաև Արտիմեդ, որը հավանաբար պայմանավորված է եղել այստեղ գտվնող Արտիմեդ՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարով: Անահիտ աստվածուհու հեթանոսական տաճարների բեկորները հայտնաբերվել են 1950-ական թվականներին Մայր և Սուրբ Հռիփսիմե տաճարների պեղումների ժամանակ: Համաձայն Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», Վաղարշ Ա Արշակունու ժամանակից՝ մ.թ. 191-211 թթ., Սանատրուկ Բ-ի որդի Վաղարշ Ա թագավորը Վարդգեսավանը պատել է պարսպով, դարձրել թագավորանիստ քաղաք՝ վերանվանելով այն Վաղարշապատ կամ Նոր Քաղաք։ Միջին դարերում Վաղարշապատը համանուն վանքի անունով մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին։   1945 թվականին քաղաքը վերանվանվել է Էջմիածին և այդ անուն է կրել մինչև 1992 թվականը, երբ նորից վերանվանվեց Վաղարշապատ։

    Էջմիածինը Շարդենի փորագրությունում, 1670-ականներ

    . Էջմիածնի տարածքում կան 6 եկեղեցիներ. Մայր աթոռ սուրբ Էջմիածին  (ըստ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի, հիմնվել է Քրիստոսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 301-303 թթ.) Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում կառուցել են վկայարան, 5-րդ դարում պարսիկների կողմից ավերվելուց հետո վեչրակառուցվել է 618 թվականին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից) Սուրբ Գայանե եկեղեցի (կառուցվել է 630թ., Եզր կաթողիկոսի օրոք, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա) Սուրբ Շողակաթ եկեղեցի (ըստ ավանդության հիմնադրվել է այն տեղում, ուր Հռիփսիմյան քրիստոնյա նահատակների վրա «շող է կաթել»: Ենթադրվում է, որ այն կառուցվել է 6-7-րդ դարերում: Այժմյան տաճարը կառուցվել է 1694 թվականին) Սուրբ Մարիամ Աստվածածին (կառուցվել է Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք 1767 թ-ին) Զվարթնոց տաճար (կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք 643–652 թթ.)   Էջմիածնում է գտնվում Հայաստանի գլխավոր եկեղեցին Մայր Տաճարը, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնը: Քրիստոնեությունը որպես Հայաստանի պաշտոնական կրոն ճանաչելուց հետո այստեղ կառուցվում է Մայր տաճարը, իսկ Հռիփսիմյան կույսերի նահատակման վայրերում՝ նրանց նվիրված մատուռները։ Սակայն 5-րդ դարի կեսերից մինչև 7-րդ դարը Մայր աթոռը տեղափոխվում է Դվին: 7-րդ դարում Վաղարշապատում կառուցվում են Հռիփսիմեի (618 թ.) ու Գայանեի (680 թ.) եկեղեցիները, վերանորոգվում է Մայր տաճարը։ Իսկ Վաղարշապատից Արտաշատ տանող ճանապարհն կառուցվում է Զվարթնոց տաճարը (641-661) ու նրան կից կաթողիկոսական նստոցը: Վաղարշապատը 13-15 դարերից սկսած դառնում է հայոց հոգևոր կենտրոն, իսկ տաճարը այսուհետ պահպանում է մայր տաճարի առաջնային նշանակությունը։ Այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Մայր Տաճարը Ամենայն Հայոց կաթողիկոսների նստավայրն է։  

    Հայ ժողովրդի ծագումը

    Հայ ժողովրդի ծագումը

    Հաջորդը

    Մեկնաբանել