• 27 հուլիս, 2024
    fff  Հայկ Աղաջանյան. Արթուրը նույնիսկ քարով էր խփում ինձ, որ չքնեմ

    Հայկ Աղաջանյան. Արթուրը նույնիսկ քարով էր խփում ինձ, որ չքնեմ

    Tert.am-ը գրում է.

    Հայկ Աղաջանյանը ծառայության է մեկնել որպես պայմանագրային զինծառայող՝ բժիշկ: Սեպտեմբերի 27-ին Հայկն արթնացել է արկերի ձայներից: Երկու ընկերների հետ շտապել են դիրքեր՝ վիրավորներին օգնելու: Ճանապարհին հակառակորդը թիրախավորել է շտապօգնության մեքենան:

    «Մեքենայից իջանք, ու զգացինք, որ մեզ վրա արդեն կրակում են: Մենք զենքի ձայն ենք լսում, ու պատկերացնում էինք, թե որքան են մեզ մոտեցել: Կրակահերթից զոհվեց ընկերս՝ Յուրին: Սողեսող փորձեցինք մոտենալ, որ օգնենք, այդ ժամանակ էլ վիրավորվեցինք: Յուրիին էլ արդեն անհնար էր օգնել: Մենք իրար էլ չէինք կարողանում օգնել: Իմ ձեռքերն էին վիրավոր, ընկերոջս՝ Արթուրի ոտքերը: Նաև ձեռքիս զարկերակն էր շատ լուրջ վնասվել», - պատմում է Հայկ Աղաջանյանը:

    Շոկային վիճակից Հայկը որոշ ժամանակ ցավ չի զգացել: Հետո արդեն վիճակն սկսել է բարդանալ: Փրկվելու հույսն ամեն րոպե ավելի աննշան էր դառնում:

    «Անցավ մոտավորապես 20 րոպե ու ցավը սկսեց ուժեղանալ: Փորձեցի ինքս իմ ցավը մեղմացնել, շարժվեցի, ու այս անգամ արդեն կրակեցին մեջքիս: Ցավից գալարվում էի: Չգիտեմ՝ ինչ հրաշքով եմ ողջ մնացել», - պատմում է Հայկը:

    Հայկը պատմում է, որ այդ պահին երազում էին՝ միայն թե վերջին գնդակը լինի: Բայց պատերազմն ունի ի՛ր կանոնները, որտեղ երազանքները թիթեռի կյանք ունեն: Միանգամից 5 տանկ հայտնվում է Հայկի ու Արթուրի դիմաց՝ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Հայկն ու ընկերը հայտնվում են կյանքի ու մահվան սահմանագծին՝ բառի ամենաուղիղ իմաստով:

    «Մեզ գլորեցինք մի կողմ, տանկերն անցամ մեր կողքով: Այդ ժամանակ գիտակցեցինք, որ փրկության հույս չկա: Գիտակցեցինք, որ արդեն իրենց տարածքում ենք: Մեր տեղը ոչ ոք չգիտեր ու մեզ մոտ կապի միջոցներ չկային», - պատմում է Հայկը:

    Հայկի ու ընկերոջ տեղը ոչ ոք չի իմացել: Կապի միջոցներ էլ չեն ունեցել: Անհույս ու անօգնական վիճակը շարունակվել է մոտ 3 ժամ: Հենց այդ ընթացքում էլ սկսվել է մահվան դեմ իրական պայքարը: Այն, ինչ պատմում է Հայկը, ո՛չ ֆիլմերից է, ո՛չ էլ գրքերից:

    «Ես ու ընկերս իրարից մի փոքր հեռու էինք: Արթուրը նույնիսկ քարով էր խփում ինձ, որ չքնեմ: Արթուն մնամ: Հենց այդպես էլ կյանքս փրկել է», - հիշում է Հայկը:

    Հայկին ու ընկերոջն օգնության են հասել ու տեղափոխել Ստեփանակերտ: Հայկի ձեռքը վիրահատել են մոտ 10 ժամ: Հայկն ասում է՝ պատերազմն իրենից շատ բան խլեց, բայց նաև սովորեցրեց ամենակարևորը. «Սկսեցի գնահատել կյանքի ամեն մի վայրկյանը, որովհետև եթե ժամանակին կարևորել ենք որոշ բաներ, հիմա հասկանում եմ, որ դրանք աննշան ու անկարևոր են եղել», - ասում է Հայկը:

    Հայկը խոստովանում է՝ իրեն փրկել է ծնողներին նորից տեսնելու հույսը: Երեք երկար ձգվող ժամերը Հայկն անցկացրել է միայն նրանց մասին մտածելով: Մահին հաղթել է, բայց գլխավոր հաղթանակը դեռ առջևում է:

    Հայկն ասում է՝ հետագա սերունդներին պատերազմ չպիտի ժառանգենք: 

     

    Ավիացիոն մահափորձ 9 դրվագով

    Ավիացիոն մահափորձ 9 դրվագով

    Նախորդը

    Պատերազմից այն կողմ

    Պատերազմից այն կողմ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: