• 09 նոյեմբեր, 2024
     Կախարդական սփռոցը

    Կախարդական սփռոցը

    Լինում է, չի լինում՝ մի թագավոր։ Էդ թագավորը երեք տղա է ունենում։ Փոքր տղան շատ խելոք է լինում։ Ինչ որ բան թագավորն ուզում էր աներ, փոքր տղայի հետ էր խորհուրդ անում։
    Մի օր կանչում է փոքր տղային, ասում.- Ձեզ պտի պսակեմ, ի՞նչ կասես։
    Փոքր տղան ասում է.- Թող քո ասածը լինի, ա՛յ հեր, համա մեզ պսակելուց առաջ ման արի, որ իրեք հարսնացուն էլ մի տանից բերես։
    Թագավորն ասում է.- Որդի՛, մի տանից իրեք աղջիկ շատ կա, համա պիտի իմ հավանածն ըլնեն։
    Տղան ասում է.- Դու գիտես, թող քո հավանածն ըլնեն։
    Վեզիրին կանչում են, թագավորն ասում է.- Վեզի՛ր, էսօր իմ պուճուր տղի հետ խորհուրդ եմ արել, որ տղեքիս պսակեմ։ Պուճուր տղես ասաց. «Իրեք աղջիկն էլ մի տանից ուզի»։ Հիմի վե՛ր, գնանք ման գանք, իրեք լավ աղջիկ ճարենք մի տանից։
    Վեզիրն ասում է.- Գնա՛նք, թագավորն ապրած կենա։
    Ձի են նստում, ընկնում քաղաքները, որ մի տանից երեք լավ հարսնացու ճարեն։ Ի՛ննչքան ման են գալիս, ի՛նչ տուն մտնում են, իրենց ուզածը չեն ճարում։
    - Վեզի՛ր,- ասում է թագավորը,- շատ ման եկանք, արի գնանք Ստամբուլ քաղաքն էլ պտտենք ու թողանք ետ դառնանք։
    Գնում են հասնում Ստամբուլ քաղաք։ Ստամբուլի մեջ էլ շատ ման են գալիս, էլի չեն գտնում։
    Ասում է.- Վեզի՛ր, եկել ենք Ստամբուլ, գնանք սրանց թագավորին էլ տեսնենք, նոր թողանք ու գնանք։
    Գնում են Ստամբուլի թագավորի մոտ հյուր։ Թագավորը բերում է հյուրերի համար սեղան գցում։ Երեք աղջիկ հյուրերին ուտելիք են մատուցում։
    Հաց են ուտում, վերջացնում, սկսում են զրուցել։
    Ստամբուլի թագավորն էդ թագավորին ասում է.- Ի՞նչ բանի համար եք եկել։
    Ասում է.- Թագավորն ապրած կենա, ես իմ պուճուր տղի հետ խորհուրդ արեցի, որ իրեք տղիս պսակեմ, ասեց. «Որ աղջիկ ուզես, իրեքը մի տանից ուզի»։ Հիմի դրա համար ենք քաղքեքաղաք ման գալիս։- Հետո հարցնում է Ստամբուլի թագավորին.- Թագավորն ապրած կենա, Էս աղջիկները, որ հաց են բերում, քո ի՞նչն են։
    Ասում է.- Էս իրեքն էլ իմ աղջիկներն են։
    Ասում է.- Ես իրեքին էլ հավանում եմ, կտա՞ս իմ իրեք տղին։
    Ասում է.- Իրեքն էլ քեզ փեշքեշ։
    Թագավորը ձեռը տանում է գրպանը, երեք հատ մատանի հանում, դնում սեղանի վրա, ասում.- Իրեք աղջկան էլ կանչի, գան։
    Երեք աղջիկներն էլ գալիս են, թագավորը յուրաքանչյուրի մատին մի մատանի է դնում, ասում.- Իրեքդ էլ էլաք ինձ հարս։
    Նորից կերուխում են անում, շնորհավորում դրանց նշանդրեքը։
    Թագավորն ասում է.- Մենք հիմի գնում ենք, մի ամսից հետո տղերքիս կվերցնեմ, կգամ հարսանիք կանենք, հարսներիս կտանեմ։
    Թագավորն ու վեզիրը գնում են իրենց երկիրը։ Տղաները դիմավորում են հորը, գալիս են պալատ։
    Թագավորն ասում է.- Աչքներդ լի՛ս, իրեքիդ էլ նշան եմ դրել Ստամբուլի թագավորի աղջկերանց հետ։ Մի ամիս ժամանակ եմ ուզել, որ մեր պատրաստությունը տեսնենք ու գնանք աղջկերանցը բերենք։
    Երեք ձեռք աղջկա շոր են կտրում, ամեն սարք ու կարգը հետը, երեք ձեռք էլ տղայի շոր։
    Թագավորն ասում է.- Վեզի՛ր, մի ամիսն անցավ, ժամանակն է, գնանք, տղերքին տանենք՝ մեր հարսներին բերենք, հինգ հարյուր էլ ձիավոր վերցրու, հետներս գան։
    Փոքր տղան ասում է.- Ա՛յ հեր, բոլորս որ գնանք՝ էս պալատը ո՞վ պիտի պահի։
    Թագավորն ասում է.- Մեկին կդնենք պահապան, կգնանք։
    Ասում է.- Անկարելի է, ես չեմ գա։ Ես կմնամ, դուք գնացեք բերեք։
    Թագավորն ասում է.-  Շատ լավ ես ասում, ա՛յ որդի, որ էդպես է, դու կաց։
    - Վեզի՛ր,- ասում է թագավորը,- էրկու տղիս տանենք էնտեղ պսակենք, պուճուր հարսիս էլ կբերենբ էստեղ կպսակենք։
    Փոքր տղան ասում է.- Որ Ստամբուլից դուրս գաք, կտենաք առաջին մի Կարմիր բլուր, տակին մի աղբյոււր։ Որ հասնեք էնտեղ՝ վեր չգաք, փորձանք կպատահի ձեզ։ Ես շատ եմ ման եկել էդ կողմերը, ամեն տեղն էլ գիտեմ։
    Թագավորն ասում է.- Շատ լավ, ա՛յ որդի, ինչպես ասում ես, էդպես էլ կանենք։
    Առավոտը ծեգին ընկնում են ճանապարհ։ Դափով-զուռնայով գնում են հասնում Ստամբուլ, թագավորի պալատի առաջ վեր գալիս։ Ստամբուլի թագավորը պատվով-փառքով ընդունում է սրանց, քեֆ-ուրախություն են սարքում, ուտում-խմում են։ Հետո էլ բերում են աղջիկներին կանգնեցնում, երեքին էլ հարսանեկան շորերը հագցնում։ Երկու տղան գալիս են երկու հարսի ձեռը բռնում, փոքր աղջիկը մենակ կանգնած է մնում։
    Ստամբուլի թագավորն ասում է.- Որ երկու տղա ունեիր, իրեք աղջիկ ինչի՞ էիր ուզում։
    Ասում է.- Իմ գլուխը, քո գլուխը վկա,որ իրեք տղա ունեմ, պուճուր աղջկանդ էլ պիտի տանեմ էնտեղ պսակեմ. պուճուր տղաս մնաց պալատում, էնտեղ հավատարիմ մարդ չունեինք։
    Երկու տղային պսակում են Ստամբուլի թագավորի երկու աղջկա հետ, փոքրին էլ վերցնում, առավոտը պատրաստվում են ճանապարհվելու։
    Ստամբուլի թագավորն ասում է.- Ա՛յ խնամի, թող նրանք ճամփա ընկնեն, արի մի-մի ղայֆա խմենք, կգնաս կհասնես։
    Նստում սուրճ են խմում, խոսում են դեսից-դենից, էս թագավորն ուշանում է, ասում է.
    - Դե՛, խնամի, մնաս բարի, ես գնամ, հասնեմ։- Ձեռ է տալիս ու ընկնում ճանապարհ։
    Հարսանքավորները գնում են, Ստամբուլից դուրս գալիս, Կարմիր բլուրի մոտ կանգնում։
    Վեզիրն ասում է.- Թագավորն ուշացավ, վեր եկեք, չադր խփեք, մինչև թագավորը գա։
    Վրանը խփում են, իջնում են ձիերից, կերակուր եփում, թագավորը գալիս է հասնում, ասում է.- Իզուր եք վեր եկել, չադրը քանդեք, բեռը բարձեք, գնանք։
    Վեզիրն ասում է.- Մութն ընկել է, էս վախտ ո՞ւր գնանք, առավոտը կգնանք։
    Ասում է.- Վեզիր, բա չլսեցի՞ր պուճուր տղես ինչ ասավ. «Կարմիր բլուրի մոտ չմնաք, փորձանք կպատահի»։
    Վեզիրը ասում է.- Թագավորն ապրած կենա, հինգ հարյուր ձիավոր մեր կշտին, ինչի՞ ես վախենում։
    Թագավորը համաձայնում է, ասում է.- Կացե՛ք, որ էդպես է։
    Լույսը բացվում է, առավոտյան վեր են կենում, ի՜նչ տեսնեն՝ մի աժդահա վիշապ վրանի շուրջը փաթաթվել, չորս բոլորը կտրել է։ Մտածում են՝ ի՞նչ անեն։
    Վեզիրն ասում է.- Սպանենք, անց կենանք։
    Վիշապն ասում է.- Ի՞նչ մտքի եք, ուզում եք պոչս պտտեմ՝ ձեզ էլ, հինգ հարյուր ձիավորին էլ վերջացնեմ։ Թագավորի պուճուր տղի խաթեր ձեզ խնայում եմ։
    Թագավորն ասում է.- Ճանապարհ տո՛ւր, գնանք։
    Վիշապն ասում է.- Քո պուճուր տղին պտի տաս ինձ, էդ պայմանով ձեզ կթողամ, գնացեք։
    Ասում է.- Կտա՛մ։
    Վիշապն ասում է.- Հիմի ձեզ ճանապարհ կտամ գնացեք, միայն թե՝ պուճուր տղիդ նշանածը պիտի մնա ինձ մոտ ամանաթ, մինչև տղիդ ղրկես։
    Թագավորը համաձայնում է, վիշապը ճանապարհ է տալիս, ամենքն էլ անց են կենում, փոքր տղայի նշանածը մնում է մոտը։
    Հաարսանքավորները մոտենում են թագավորի քաղաքին, լուր են տալիս փոքր տղային.- Աչքդ լի՛ս, թագավորն էկավ։
    Տղան վեր է կենում մի հարյուր ձիավորով գնում թագավորին ընդառաջ։
    Թագավորը որ տղային տեսնում է, լաց է լինում։
    Տղան ասում է.- Թագավորն ապրած կենա, փոխանակ ուրախանալու, ինչի՞ ես լաց լինում։
    Ասում է.- Նրա համար, որ քո պատվերը չպահեցինք։ Ես դրանց ճանապարհ գցեցի, խնամի թագավորի հետ մի քիչ զրույց արեցի, ետացա։ Եկա, տեսա, քո ասած Կարմիր բլուրի մոտ վեր եկել, չադր են տվել, նեղացա, ասեցի. «Բարձե՛ք, գնանք»։ Վեզիրն ասեց. «Ինչի՞ ես վախենում, գիշերը մնանք էստեղ, առավոտը գնանք»։ Ես էլ համոզվեցի, գիշերը մնացինք։ Առավոտը վեր կացանք, տեսանք՝ մի աժդահա վիշապ չադրի չորս կողմը բոլորել է։ Ուզեցանք վիշապին սպանենք, անց կենանք, վիշապն ասեց. «Ի՞նչ եք անում, ուզո՞ւմ եք, որ պոչս պտտեմ՝ ամենքիդ էլ սպանեմ, ձեզ բաշխեցի թագավորի պուճուր տղի խաթեր»։ Ասեցի. «Ճանապարհ տո՛ւր, գնանք»։ Ասեց. «Ճանապարհ կտամ, համա քու պուճուր տղին պիտի տաս ինձ»։ Ես էլ խոստացա։ Ամենքիս թողաց, էկանք, քո նշանածին պահեց մոտը ամանաթ։ Էդ պատճառով եմ լաց լինում։
    Փոքր տղան ասում է.- Իսկի էլ լաց մի լինի, երբ որ մեռնեմ, էն ժամանակ լաց կլինես, հիմի քեֆ արա։
    Էսպես քեֆ-ուրախությունով հարսներին բերում են տուն, երկու օր էլ հարսանիք անում։
    Փոքր տղան մի քանի օր հետո գալիս է հոր մոտ, ասում.- Թագավորն ապրած կենա, էս քո պալատը, էս էլ քո հարսները, ես գնամ վիշապի հավարին։
    Թագավորն ասում է.- Մի՛ գնա, վիշապը քեզ կվնասի, արի մի գնա, ինչ էլավ՝ էլավ։
    - Ես իմ գնալու դարդը չեմ, ա՛յ հեր, դու Ստամբուլի թագավորի առաջ ամոթով կմնաս։
    Փոքր տղան ընկնում է ճանապարհ, գնում հասնում է վիշապին։
    Վիշապն ասում է.- Բարով ես եկել, ա՛յ տղա, ի՛մ աչքին, ի՛մ գլխին, տեսնո՞ւմ ես, նշանածիդ ո՜նց եմ պահել։ Ինչ որ ասեմ, պիտի ինձ ականջ անես, որ քո նշանածը տամ՝ տանես։
    Ասում է.- Ասա՛ քո ծառայության տակ եմ։
    Ասում է.- Դե արի գլխիս նստի։
    Տղան գալիս է վիշապի գլխին նստում։
    Ասում է.- Ականջներիցս բռնի, չվախենաս, քեզ պիտի բարձրացնեմ երկինք։
    Վիշապը թռչում է դեպի երկինք, պտտում է, պտտում ու տղային երկնքի յոթ շերտն է հանում։
    Ասում է.- Մտիկ արա աջ կողմիդ վրա։
    Ասում է.- Մտիկ եմ անում։
    - Ի՞նչ է էրևում։
    - Քաղաք է էրևում, ծառ է էրևում։
    Ասում է.- Էդ Չինմաչին թագավորի քաղաքն է, օխտը հարկանի պալատը էրևո՞ւմ է։
    Ասում է.- Էրևում է։
    - Պալատի առաջին մի չինարի ծառ կա, էրևո՞ւմ է։
    - Էրևում է։
    Ասում է.- Վերևում մի աղջիկ է պտտում, էրևո՞ւմ է։ 
    Ասում է.- Էրևում է, կարմիր շորերը հագած պտտում է։
    Վիշապը մի քանի անգամ էլ պտտում է, հետո իջեցնում գետին։
    Ասում է.- Դե՛ գնա էն աղջիկը բեր ինձ համար՝ քու նշանածը կտամ քեզ։
    Մի հատ սփռոց է տալիս, ասում է.- Էս սուփրան կտամ քեզ, ինչ վախտ սովածանաս, կասես. «Սուփրա՛, բացվիր»։ Եվ ինչ սիրտդ ուզի, սուփրի մեջ կգտնես։
    Տղան վերցնում է էս սփռոցը, ընկնում ճանապարհ։ Գնում է, գնում, շատն ու քիչը ինքը գիտի, գնում է հասնում մի տեղ, տեսնում է երկու դև են գալիս, բռնում են տղային ասում.- Վաղուց է իսանի միս չենք կերել։
    Տղան ասում է.- Ես ձեզ որ կշտացնեմ, ինձանից ձեռ կքաշե՞ք։
    Ասում են.- Որ մեզ կշտացնես՝ քո մուրազն էլ կկատարենք։
    Ասում է.- Ի՞նչ կուտեք։
    Ասում են.- Օխտը հատ գոմեշ հազիվ մեզ կշտացնի։
    Տղան սփռոցը հանում է, ասում.- Սուփրա՛, բացվիր, օխտը հատ գոմեշ եմ ուզում։
    Սփռոցը բացվում է՝ յոթը հատ գոմեշը միջին։
    Դևերը հասնում են գոմեշներին, մաս-մաս անում, խժռում, մի կտոր էլ չեն թողնում միջին, բոլորը ուտում են։
    Ուտում պրծնում են, տղային հարցնում.- Ո՞ւր ես գնում։
    - Չինմաչին եմ գնում։
    Տանում են իրենց սահմանը անցկացնում, մի հատ մազ են տալիս տղային, ասում.- Նեղ տեղ ընկնես՝ մազը կրակ տուր։
    Տղան ճանապարհ է ընկնում, գնում։ Գնում է, գնում, տեսնում է մի զորք է գալիս՝ ո՛չ ծայր ունի, ո՛չ վերջ։ Մոտենում է տեսնում՝ բոլորը ձիավոր մրջյուն են, կապիկների զորքի դեմ կռվից հետ են դարձել, գալիս են։
    Գալիս են, էդ տղին բռնում, տանում իրենց թագավորի մոտ։
    Մրջյունի թագավորն ասում է.- Տարեք կերեք, ինչի՞ եք բերել։
    Տղան ասում է.- Թագավորն ապրած կենա, ձեզ որ կշտացնեմ, ինձանից ձեռ կքաշե՞ք։
    Ասում է.- Որ կշտացնես՝ ձեռք չենք տա։
    - Ձեր կերածն ի՞նչ է։
    - Մեր կերածը ցորեն է, գարի ու կորեկ։
    Ասում է.- Ինչքա՞ն կուտեք։
    Ասում է.- Հարյուր խալվար կուտենք։
    Սփռոցը հանում է, ասում.- Սուփրա՛, բացվիր, հարյուր խալվար ցորեն, գարի ու կորեկ բեր։
    Ամբողջ ուզածը գալիս է լցվում, մրջյունները կուշտ ուտում են։
    Մրջյունի թագավորը հանում է մի թել է տալիս տղային, ասում.- Հենց որ նեղն ընկնես, կփաթաթես մատիդ՝ քեզ կհասնենք։
    Վերցնում են տղային ճանապարհ գցում։
    Տղան գնում է, գնում, տեսնում է մի զորք է գալիս՝ սկիզբ ու վերջ չկա։ Մոտենում է տեսնում՝ բոլորը կապիկ են. մրջյունների հետ կռվել են ու ետ են գալիս։ Էդ տղային բռնում, տանում են իրենց թագավորի մոտ։
    Կապիկների թագավորն ասում է.- Ձեզ փեշքեշ է, տարեք դրան ինչ անում եք, արեք։
    Տղան ասում է.- Որ ձեզ կշտացնեմ՝ ինձանից ձեռ կքաշե՞ք։
    Ասում է.- Քեզ ձեռք չենք տա, հլա շնորհակալ կլինենք։
    - Ձեր կերածն ի՞նչ է։
    - Մեր կերածը նուշ է, ընկույզ ու կաղին։
    - Ինչքա՞ն կուտեք,- հարցնում է տղան։
    - Կուտենք վաթսուն խալվար։
    Սփռոցը հանում է, ասում է.- Սուփրա՛, բացվիր, վաթսուն խալվար նուշ, ընկույզ ու կաղին կուզեմ։
    Ինչ որ ուզել էր, գալիս լցվում է, կապիկները ուտում են շփշփալով, շնորհակալ լինում տղայից։
    Կապիկների թագավորը հանում է երկու մատանի տալիս տղային։ Մեկը էս ձեռի մատին է դնում, մեկը՝ էն ձեռի մատին, ասում է.- Էս մատանին ջրում դնես՝ կսառի, էն մեկը դնես՝ կհալի։- Տղային ճանապարհ են գցում։ Գնում է, գնում, հասնում է Չիմանչին քաղաքը։ Տեսնում է՝ մի վարար ջուր է գնում քաղաքի կողքով, վրան էլ կամուրջ չկա, որ անց կենա։ Միտք է անում. «Մեյմունի թագավորը էսենց էր ասում, մատանին փորձեմ, տեսնեմ»։
    Մատանին դնում է ջրի մեջ, ջուրը սառում է։ Վրայով անց է կենում էն կողմը։ Էն մի մատանին է դնում ջրի մեջ՝ ջուրը հալվում է։
    Տղան էստեղից գնում հասնում է մի քաղաք. ման է գալիս, մի պառավ է պատահում, ասում է.- Նանի՛, տեղ չե՞ս տա, գիշերը մնամ։
    Պառավն ասում է.- Աչքի՛ս վրա, որդի, համեցեք տուն։
    Տղան տուն է մտնում, սփռոցը հանում է, ուտելիք է ուզում, ամեն տեսակ ուտելիքներ լցվում են սեղանին։ Պառավը զարմանում է։ Հաց են ուտում ու զրուցում։ Տղան հարցնում է.- Նանի՛, էս ո՞ր քաղաքն է։
    Ասում է.- Չինմաչին թագավորի քաղաքն է։
    - Ի՞նչ տեսակ մարդ է էդ Չինմաչինի թագավորը,- հարցնում է տղան։
    Ասում է.- Լավ մարդ է, մի մինուճար աղջիկ ունի. ով գալիս է էդ աղջիկն ուզելու, դժվար խնդիր է տալիս, ով չկարաց տակից դուրս գա՝ գլուխը կտրում է։ Ա՛յ էդ մեկը վատ է անում։ Մի տղա էլ ուներ, էդ պատճառով հակառակվեց թագավորին, գլուխն առավ գնաց, կորավ։
    Տղան ասում է.- Նանի՛, ես կարա՞մ նրա խնդիրները գտնեմ։
    Ասում է.- Որդի՛, նրանից ձեռ վեր կալ։ Որ ինձ լսես՝ չես գնա, Էնքա՜ն մարդի գլուխ է կերել։
    Տղան ասում է.- Նանի՛, էսքան ճանապարհ եմ եկել, ի՛նչ ուզում է լինի, պտի գնամ։ Թե խնդիրները գտա՝ աղջիկը կտանեմ, թե չգտա՝ գլուխս թող կտրի։
    Պառկում են, ասում է.- Նանի՛, առավոտը ինձ շուտ վեր կացրու։
    Առավոտը լուսանում է, պառավը տղային վեր է կացնում։ Տղան գնում է թագավորի դռանը կանգնում։
    Դռնապանը հարցնում է.- Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում։
    Ասում է.- Ես թագավորի հետ գործ ունեմ։
    Գնում են թագավորին իմաց տալիս, ասում են.- Մի տղա է եկել, քեզ հետ գործ ունի։
    Ասում է.- Կանչեք ներս գա։
    Տղային բերում են թագավորի պալատը, յոթ անգամ գլուխ է տալիս, վրա ութին ձեռքերը կրծքին է դնում, կանգնում։
    - Հը՞,- ասում է,- ի՞նչ է ասելիքդ։
    - Իմ ասելիքն էն է, թագավորն ապրած կենա, որ եկել եմ աղջիկդ ուզեմ,- ասում է տղան։
    Ասում է.- Ա՛յ տղա, դու ափսոս ես, ոնց եկել ես՝ էնպես էլ գնա, քո արունքի տակ չմտնենք։
    Տղան ասում է.- Թագավորն ապրած կենա, բան չկա, նրանցից լավը չեմ, ես էլ եմ եկել քո աղջկա համար։
    Ասում է.- Ես խնդիրներ ունեմ, պիտի գտնես։
    Տղան ասում է.- Քու խնդիրներին պատրաստ եմ, կգտնեմ ու աղջիկդ կտանեմ։
    Թագավորը նազիր-վեզիրներին կանչում է, պալատականներին հավաքում, չինարի ծառի տակ նստեցնում։ Լիք բաժակով ջուր է բերում, տալիս տղային։ Չորս հատ ոսկե սինի է դնում ծառի չորսբոլորը, ասում.- Նազիր-վեզի՛ր, լա՛վ նայեք, էս տղեն ջրով լիքը բաժակը ձեռը պիտի բարձրանա ծառը, վեր գա. ջուրը չթափի՝ աղջիկս իրենն է, որ թափեց՝ գլուխը կտրելու եմ։
    Տղան ծառին է մոտենում, մատանին թաթախում է ջրի մեջ ու բարձրանում, ծառի գլխին նստում։
    Թագավորն ասում է.- Վե՛ր արի, լա՛վ բարձրացար։
    Գալիս նայում են, տեսնեն՝ սինու վրա ջուր թափվե՞լ է, թե՞ չէ։ Տեսնում են՝ երկու կաթիլ ջուր կա սինու վրա։ Տղան քրտնել էր, երկու կաթիլ ջուր էր ընկել։
    Թագավորն ասում է.- Տղա՛, վե՛ր արի, քո վերջն էկավ, թափվել է ջուրը։
    Տղան իջնում է ծառից, բաժակը տանում է տալիս թագավորին։
    Թագավորը հրամայում է.- Դահի՛ճ, տար սրա գլուխը կտրի, ջուրը թափվել է։
    - Ո՛չ,- ասում է տղան, քրտինքս է կաթել։
    Ասում է.- Անկարելի է, ջուրը թափվեց։
    Նազիր-վեզիրը մոտենում են, մատը տալիս են սկուտեղի միջի ջրին, ասում են.- Ճիշտ է, քրտինք է։
    Ասում են.- Ա՛յ տղա, գնա առավոտն արի, էսօր պրծար։
    Տղան գնում է պառավի տուն, պառավն ասում է.- Ա՛յ իմ աչքերը քոռանան, արի՛, արի նստիր։
    Լուրը հասնում է թագավորի աղջկան, թե.- Մի տղա բաժակը ձեռին ծառը բարձրացավ, ջուրը չթափեց։
    Առավոտը լուսանում է, տղան էլի գնում է թագավորի պալատը։
    Թագավորին ասում են.- Տղեն էկել է։
    Թագավորն ասում է.- Երեսուն փթանոց երկու պղինձ լիքը եղ կլցնեք, կտանեք կդնեք մի օթախի մեջ, կասեք. «Էս գիշեր մինչև լիսը պիտի ուտես. որ չուտես՝ թագավորը քո գլուխը պիտի կտրի»։
    Էդպես էլ անում են։ Տղան մի կտոր ուտում է, սիրտը տրորվում է, ասում է. «Է՜, թագավորը գլուխս պիտի կտրի»։ Հանկարծ միտն են ընկնում դևերը. մազը կրակին է տալիս թե չէ՝ մեկ էլ տեսնում է դուռը ճռռացնելով երկու դև ներս մտան.- Հ՞ը, թագավորի տղա, ի՞նչ է պատահել,- ասում են։
    Ասում է.- Տեսնո՞ւմ եք էս պղինձները, ձեզ կանչեցի, որ դրանց միջի եղն ուտեք։
    Ասում են.- Էս քառասուն տարի է՝ եղի համը չենք տեսել։- Մռութները կախում են մեջը, երկու պղինձն էլ մաքրում, լիզում։
    Դրանք գնում են, թագավորի տղան հանգիստ քնում է։
    Առավոտը լուսանում է, թագավորը վեր է կենում, նազիր-վեզիրին կանչում, ասում.- Էն բանիցը պրծավ, վաթսուն փութ եղը հազար հոգի չեն կարա ուտի, նա մենակ ո՞նց պիտի էս գիշեր ուտի վերջացնի։ Գնացեք բերեք գլուխը կտրեք։
    Գնում են, տղային վեր կացնում, բերում թագավորի մոտ։
    Ասում է.- Տղա՛, երեկ պրծար, էսօր ի՞նչ ես ասում։
    Ասում է.- Էսօր էլ կպրծնեմ, էգուց էլ։
    Գնում են տեսնում՝ կերել, պղինձները մաքուր սրբել է։
    Թագավորն ասում է.- Գնացեք օթախը նայեք, պահած կլինի, գտեք բերեք։
    Գնում են ման գալիս, բան չեն գտնում։ Գալիս են ասում.- Բան չկա, թագավորն ապրած կենա։
    Թագավորն ասում է.- Գնա դինջացի, իրիկունն արի, տղա՛։
    Լուրը հասնում է թագավորի աղջկան, էդ աղջիկը զարմանում է։
    Տղան գնում է պառավի մոտ, հանգստանում, իրիկունը վեր է կենում, գալիս։
    Թագավորին ասում են.- Տղան եկել է։
    Թագավորը նազիր-վեզիրին կանչում է, ասում.- Տասը խալվար հատիկ չափեք, բերեք, խառնեք իրար, օթախի մեջտեղ կիտեք։
    Հետո բերում են տղային, հրամայում է.- Էս կորեկը, էս գարին, էս ցորենը իրարից պիտի ջոկես, որ առավոտը չափեմ. թո ջոկեցիր՝ աղջիկս տարար, թե չջոկեցիր՝ գլուխդ անպատճառ պիտի կտրել տամ։
    Տղան մի բուռ վերցնում է, որ ջոկի կորեկի մի հատը ընկնում է մի պուճախը, մի հատ ցորեն էլ՝ մյուս պուճախը, ասում է. «Մինչև լիս մի բուռ չեմ կարա ջոկի»։ Հանկարծ մրջյուններին է հիշում։ Թելը հանում է, փաթաթում մատը, մեկ էլ տեսնում է՝ դուռը ճռռացրին մրջյունները եկան թափվեցին ներս։
    - Հը՞, ի՞նչ է պատահել, թագավորի տղա,- ասում են մրջյունները։
    Ասում է.- Խնդրում եմ էս գարին, էս ցորենը, էս կորեկը ջոկեք, համա չուտեք, ձեր բաժինը հետո կտամ՝ կուտեք ու կգնաք։
    Ինչքան մրջյուն կար՝ Մասիսից մինչև Արագած, գալիս են, հա՛ գալիս, ջոկում են ցորենը մի կողմ, գարին մի կողմ, կորեկը մի կողմ, մի հատ էլ չեն թողնում։
    Տղան դուրս է գալիս էդ սենյակից, սփռոցը հանում, մրջյունների համար ցորեն, կորեկ ուզում, գալիս են ուտում, լիանում ու գնում։ Ինքն էլ գլուխը դնում է ցորենի վրա, հանգիստ քնում։
    Լույսը բացվում է, թագավորը վեր է կենում նազիր-վեզիրին կանչում, ասում.- Դե հիմի բերեք տղի վիզը կտրեք։
    Գնում են տղային վերցնում, բերում։
    - Վիզը զարկե՛ք,- հրամայում է թագավորը։
    Տղան ասում է.- Թագավորն ապրած կենա, ինչի՞ ես իմ վիզը կտրում, ես ջոկել եմ, մարդ ղրկի՝ գնա տեսնի։
    Գնում են տեսնում, հաստատ որ ջոկված է, չափում են՝ ճիշտ է դուրս գալիս։
    Թագավորն ասում է.- Տղա՛, գնա, առավոտն արի։
    Լուրը հասնում է թագավորի աղջկան։ Թագավորի աղջիկն ասում է.- Տեսնես, էն տղեն որտե՞ղ է մնում։
    Ասում են.- Մի պառավի տանն է մնում։
    Թագավորի աղջիկն իր աղախնին մի բուռ ոսկի է տալիս, ասում.- Բերանիցդ բան չհանես, կգնաս պառավի տուն. պառավին կասես՝ էդ տղին աղջկա շորեր հագցնի, իրիկունը բերի ինձ մոտ։
    Էդ աղախինը վազեվազ գնում է պառավի տուն։ Պառավին ասում է.- Թագավորի աղջիկն ասում է. «Թող էդ տղին աղջկա շորեր հագցնի, բերի ինձ մոտ»։
    Պառավը իրիկունը տղային աղջկա շորեր է հագցնում, վերցնում տանում աղջկա պալատը։
    Դռնապանը դուռը բաց չի անում։
    Ասում է.- Իմ աղջիկը տանում եմ թագավորի աղջկանից ուսում առնի։
    Ասում է.- Խալխը ցերեկն է բերում, դու գիշերն ե՞ս բերում։
    Ասում է.- Հիմի պարապ էի, բերեցի։
    - Դե՛,- ասում է, տա՛ր։
    Վերցնում է տանում թագավորի աղջկա մոտ, ասում.- Իմ աղջկան ինչ կսովորեցնես՝ սովորեցրու, գիշերը չի կարա էստեղ մնա։
    Թագավորի աղջիկը հրամայում է.- Ամեն ղարավաշ գնա իր սենյակը, անփորձ աղջիկ է, խոսեցնեմ, տեսնեմ ի՞նչ կա։
    Դառնում է տղային ասում.- Դու էդ խնդիրները որ իմացար, էգուց էլ կարա՞ս իմանաս։
    Ասում է.- Չեմ իմանում, էգուց ի՞նչ խնդիր պիտի տա։
    Ասում է.- Լա՛վ լսիր, էգուց քառասուն աղջիկ պիտի բերի, քառասուն ձեռք սև շորեր հագցնի, սև ձիերին նստեցնի, սև քողերը պիտի գցի գլխներին, շարքով կանգնեցնի, քեզ պիտի հարցնի. «Իմ աղջիկը ո՞րն է»։ Ներքևի կողմիցը կհաշվես տասնինը, քսանը ես եմ, չշշկլես։
    Կանչում է պառավին.- Պառա՛վ, արի քու աղջիկը վեր կալ տար, էգուց իրիկուն էլի բեր։
    Լուսը բացվում է, տղան գնում է թագավորի մոտ։ Թագավորը նազիր-վեզիրին կանչում է, ասում.- Գնացեք քառասուն աղջիկ բերեք, քառասուն սև ձիերին նստեցրեք, սև շորերը հագցրեք, սև քողերը գցեք գլխներին։
    Գնում են էդպես անում, շարքով կանգնեցնում։
    Տղային հրամայում է.- Սրանց միջից պիտի գտնես, թե իմ աղջիկը ո՞ր մեկն է։
    Տղան մտքի միջին հաշվում է տասնինը, գնում է ճիշտ ձիու սանձը բռնում է, ասում է.- Է՛ս է քո աղջիկը։
    - Տղա՛,- ասում է թագավորը,- գնա, առավոտն արի։
    Տղան գնում է պառավի տուն, ասում.- Նանի՛, աղջկա շորերը հագցրու ինձ, տար թագավորի աղջկա մոտ։- Տանում է։
    Թագավորի աղջիկն ասում է.- Տղա՛, էգուց էլ կարմիր ձիերը կնստենք, կարմիր շորերը կհագնենք, կարմիր քողերը պիտի գցենք գլխներիս. ամենից վերջը ես կկանգնեմ, կգաս իմ ձիու սանձը կբռնես։
    Տղան վեր է կենում, գալիս պառավի տուն։
    Առավոտը գնում է թագավորի պալատ։
    Թագավորը իր նազիր-վեզիրի հետ դուրս է գալիս, հրամայում.- Գնացեք քառասուն աղջիկ բերեք, կարմիր ձիերին նստեցրեք, էստեղ շարքով կանգնեցրեք։- Էդպես էլ անում են։
    Ասում է.- Ա՛յ տղա, իմ աղջիկը ո՞րն է։
    Տղան գնում է վերջին ձիավորի սանձը բռնում, ասում է.- Է՛ս է քո աղջիկը, թագավորն ապրած կենա։
    Ասում է.- Տղա՛, էսօր էլ պրծար. գնա էգուց արի։
    Տղան գնում է պառավի տուն, աղջկա շորերը հագնում գնում թագավորի աղջկա մոտ։
    Թագավորի աղջիկն ասում է.- Էգուց էլ՝ սպիտակ ձիերը կնստենք, սպիտակ շորեր կհագնենք, սպիտակ քողերը կգցենք գլխներիս. ամենից առաջը ես կկանգնեմ, կգաս ձիու սանձը կբռնես, կքաշես թագավորի առաջը կկանգնեցնես։
    Տղան վեր է կենում գալիս պառավի տուն։ Լուսանում է, առավոտը գնում է թագավորի պալատ։
    Թագավորը դուրս է գալիս, հրամայում.- Գնացեք քառասուն աղջիկ բերեք, քառասուն ձեռք սպիտակ շոր հագրեք, սպիտակ ձիերին նստեցրեք, սպիտակ քողերը գցեք գլխներին, էստեղ շարքով կանգնեցրեք։
    Էդպես էլ անում են։ Թագավորը ասում է.- Իմ աղջիկը ո՞րն է, դե գտի բեր։
    Տղան գնում է առաջի ձիավորի սանձը բռնում, քաշում բերում թագավորի մոտ, ասում.- Թագավորն ապրած կենա, էս էլ՝ քո աղջիկը. վեց օր է ինձ տանջում ես, ես իմ կյանքը չխնայեցի քեզ համար, դու էլ քո աղջկան չպիտի խնայես ինձ համար։
    Թագավորը հրամայում է աղջիկներին, բոլորն էլ ձիերից վեր են գալիս։ Ասում է.- Քողներդ երեսներիցդ վեր կալեք, էդ տղին վերցրեք տարեք պալատը։
    Թագավորը գնում է տղայի մոտ, հարցնում.- Դու ի՞նչ տղա ես, իմ գաղտնիքները ոչ մեկն էլ չի իմացել, դու վեցն էլ ո՞նց իմացար։
    Ասում է.- Ա՛յ տղա, արի քեզ պսակեմ իմ աղջկա հետ, մնա ինձ մոտ։
    Տղան ասում է.- Խնդրում եմ ինձ ճանապարհ գցես, իմ պսակը իմ հերն էլ կանի։
    Ասում է.- Դո՛ւ գիտես։
    Առավոտը զորք ու զորապետով, մեծ հարստությամբ թաագավորը աղջկան ու տղային ճանապարհ է գցում։
    Տղան ասում է.- Թագավորն ապրած կենա, ոչ մի բան էլ ինձ պետք չէ, մենակ երկու ձի տուր, նստենք գնանք։
    Թագավորն ասում է.- Ա՛յ տղա, քեզ մի խնդիրք ունեմ. քսանհինգ տարեկան իմ տղան կորել է, ամեն բան դու գիտես, դու կարող ես իմ տղային գտնես, որ գտար, բերեցիր՝ իմ թագավորությունը քեզ հալալ ըլնի. դե բարի ճանապարհ, գնացե՛ք։
    Տղան ու աղջիկը գալիս են հասնում կապիկների երկիրը։ Գնում են սրանց թագավորի մոտ, թագավորն ասում է.- Բարով եկար, ա՛յ տղա, մեզ կշտացրու՝ քեզ ճանապարհ գցենք։
    Տղան սփռոցը հանում է, դրանց կշտացնում։
    Կապիկները տղային ու աղջկան ճանապարհ են գցում։
    Գնում են ձիավոր մրջյունների երկիրը հասնում։ Գնում են սրանց թագավորի մոտ։
    Թագավորն ասում է.- Բարով ես եկել, ա՛յ տղա, մեզ կշտացրու, քեզ ճանապարհ գցենք։
    Էստեղ էլ է տղան սփռոցը հանում, դրանց կշտացնում։ Դրանք էլ տանում են իրենց սահմանից հանում, ղրկում դևերի երկիրը։
    Դևերը գալիս են ասում.- Հա՛, թագավորի տղա, մուրազիդ հասար. սոված ենք, մեզ կշտացրու՝ քեզ բարի ճանապարհ։
    Սփռոցը հանում է, ասում.- Տասը գոմեշ լինի միջին։
    Տասը գոմեշ գալիս են կանգնում, դևերն ուտում են, լիանում։
    Դևերը վերցնում են տղային ու աղջկան, տանում իրենց սահմանից անց կացնում։
    Տղան ու աղջիկը գնում հասնում են վիշապին, որի մոտ տղայի հարսնացուն էր պահ տված։
    Վիշապն ասում է.- Ա՛յ տղա, ինչի՞ էդքան ուշացար։
    Ասում է.- Հազիվ որ բերեցի, շատ չարչարանք քաշեցի։
    Ասում է.- Էդ աղջիկը թող մնա ինձ մոտ, դու գնա նշանածին բեր, հրեն էնտեղ ծաղիկ է հավաքում։
    Տղան գնում է իր նշանածի մոտ, վիշապն ասում է.- Աղջի՛, մազերդ փաթաթի իմ վզովը։
    Աղջիկը փաթաթում է։
    Վիշապը ծղրտում է, մորթը պատռում, դուրս է գալիս մի քսանհինգ տարեկան տղա, էնտեղ կանգնում։
    Տղան ու հարսնացուն գալիս են սրանց մոտ։ Տղան թուրը քաշում է, որ էդ տղային սպանի։
    Էդ տղան ասում է.- Սպասի՛ր, ա՛յ տա, էս իմ քիրն է, բերեցիր իմ մոտ. շատերին էի ղրկել, որ բերեին, գնացել էին՝ չէին բաշարել. ես իմ քրոջը բաշխեցի քեզ։
    Տղան էլ ասում է.- Իմ նշանածը բաշխեցի քեզ։
    Նոր ձիերը նստում են երկու աղջիկ, երկու տղա գնում թագավորի մոտ։
    Լուրը հասնում է թագավորին.- Աչքդ լի՛ս, տղեդ եկավ։
    Թագավորը վեր է կենում, զորք ու զորապետով գնում տղայի առաջը։
    Չինմաչինի թագավորի աղջկան իր տղայի հետ պսակում է, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։
    Ժամանակ է անցնում։ Թագավորի տղան ասում է.- Չինմաչինի թագավորի տղին տանեմ հոր մոտ։
    Թագավորի տղան, Չինմաչինի թագավորի տղան ու հարսնացուն ճանապարհ են ընկնում, գնում։
    Գնում են, գնում, հասնում են Չինմաչինի թագավորի երկիրը։
    Գնում են թագավորի պալատի առաջ վեր գալիս, թագավորին լուր են տանում.- Աչքդ լի՛ս, որ տղեդ եկավ։
    Չինմաչինի թագավորը ուրախանում, աշխարհով մին է լինում։ Գալիս է իր փեսայի ճակատը համբուրում, ասում.- Ապրե՛ս, տղա, որ իմ որդուն ազատեցիր, ինձ հասցրիր։
    Չինմաչինի թագավորը տղային պսակում է էդ աղջկա հետ, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք են անում։
    Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

    Մարոն - Հովհաննես Թումանյան

    Մարոն - Հովհաննես Թումանյան

    Նախորդը

    Ձկնորսի տղան

    Ձկնորսի տղան

    Հաջորդը

    Մեկնաբանել